ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-641 (ՎԴ)
քաղաքացիական գործերով 2007 թ.
վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 06-2822/2006
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2007 թվականի մարտի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հակոբ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 08.08.2006 թվականի թիվ 06-2822 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ Հակոբ Խաչատրյանի հայցի ընդդեմ Արթիկի նոտարական տարածքի նոտար` Աիդա Մկրտչյանի, «Դուստր Ստեֆանիա» ՍՊԸ-ի (այսուհետ` նաև ընկերություն) տնօրեն Սուրեն Բաբոյանի և Ժաննա Խլղաթյանի` 14.09.2005 թ. կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել 14.09.2005 թվականին «Դուստր Ստեֆանիա» ՍՊԸ-ի տնօրեն` Սուրեն Բաբոյանի և Ժաննա Խլղաթյանի միջև կնքված և նոտարական կարգով վավերացված` Արթիկ քաղաքի Գ. Նժդեհի փողոց թիվ 8 հասցեի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, և դրա հիման վրա գնորդին տրված սեփականության իրավունքի վկայականը:
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 15.06.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 08.08.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հակոբ Խաչատրյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն` դատարանի վճիռը վերանայելու հիմք է:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 02.02.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով վիճելի պայմանագրի կնքման լիազորություն սահմանող լիազորագիրն անվավեր է ճանաչվել: Այս հանգամանքը գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձանց հայտնի չի եղել, իսկ հայտնի լինելու և դատարանին ներկայացվելու պարագայում կկայացվեր այլ վճիռ, քանի որ անձի սեփականությունը հանդիսացող գույքի ճակատագիրը որոշելու բացառիկ լիազորությունը պատկանում է միմիայն այդ գույքի սեփականատիրոջը: Առուվաճառքի գործարքի կնքման լիազորություն սահմանող` 26.11.2004 թվականի լիազորագրի անվավերության պայմաններում վճռի հիմքում դրված` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը ենթակա չէ կիրառման:
Հետևաբար, վիճելի գործարքի կնքման հիմքում դրված լիազորագիրը դատարանի կողմից անվավեր ճանաչելը սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք է, և վճռի բեկանման հիմք է հանդիսանում:
Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 08.08.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության, կամ բեկանել նշված վճիռը և փոփոխել այն` անվավեր ճանաչելով 14.09.2004 թվականի առուծախի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված` Ժ. Խլղաթյանի սեփականության իրավունքի գրանցումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) «Դուստր Ստեֆանիա» ՍՊԸ-ի միանձնյա հիմնադիրն է Հակոբ Խաչատրյանը, որն էլ հանդիսանում է ընկերության բաժնեմասի 100%-ի սեփականատերը:
2) 26.11.2004 թվականին Հրանտ Խաչատրյանը ընկերության տնօրեն Հակոբ Խաչատրյանի անունից, սակայն առանց վերջինիս գիտության, որպես ընկերության միակ մասնակցի ներկայացուցիչ` միանձնյա որոշում է կայացրել ընկերության սեփականությունն հանդիսացող Արթիկ քաղաքի Գ. Նժդեհի փողոց թիվ 8 հասցեի «Ագրոբանկի» նախկին շենքը վաճառելու մասին:
3) Նույն օրը ընկերության գործադիր տնօրեն Սուրեն Բաբոյանը և գնորդ Ժաննա Խլղաթյանը կնքել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Նշված առուվաճառքի պայմանագիրը նոտարական կարգով վավերացվել է:
4) 26.11.2004 թվականի լիազորագրի և ընկերության ընդհանուր ժողովի արձանագրության մասին «Դուստր Ստեֆանիա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Հակոբ Խաչատրյանը տեղյակ չի եղել:
5) 23.01.2006 թվականին Անիի տարածքի նոտար Ռ. Մինասյանը վերացրել է իր կողմից վավերացված` 26.11.2004 թվականի լիազորագիրը:
6) Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 02.02.2007 թվականի վճռով Հակոբ Խաչատրյանի անունից Հրանտ Խաչատրյանին տրված վիճելի` 26.11.2004 թվականի լիազորագիրն անվավեր է ճանաչվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմք են գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց:
Սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցապահանջների մերժման հիմքում վերաքննիչ դատարանը դրել է 26.11.2004 թվականի լիազորագիրը, որը պարունակում էր «ընկերության գործունեությունը տնօրինելու» լիազորություններ:
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած 07.02.2007 թվականի վճռով նշված լիազորագիրն անվավեր է ճանաչվել:
Առուվաճառքի գործարքի կնքման լիազորություն սահմանող` 26.11.2004 թվականի լիազորագրի անվավերության պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի կիրառելի չլինելու վերաբերյալ բողոքի հիմքի փաստարկը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված վճիռը սույն գործի համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի իմաստով էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք է:
Վճռաբեկ դատարանը հիշյալ եզրահանգմանն եկավ հետևյալ հիմնավորմամբ:
Վկայակոչված նոր երևան եկած հանգամանքով հաստատվում է այն փաստը, որ «Դուստր Ստեֆանիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքը վաճառվել է առանց ընկերության միակ մասնակցի` Հակոբ Խաչատրյանի համաձայնության:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճելի գործարքը «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի իմաստով խոշոր գործարք է համարվում, նման գործարքի կնքման համար անհրաժեշտ էր ընկերության միակ մասնակցի համաձայնությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 315-րդ հոդվածի համաձայն, եթե անձի` գործարք կնքելու լիազորությունները սահմանափակված են պայմանագրով կամ իրավաբանական անձի մարմնի լիազորությունները` նրա կանոնադրությամբ և դա կնքելիս նման անձը կամ մարմինը դուրս է եկել այդ սահմանափակումների շրջանակներից, դատարանը կարող է գործարքն անվավեր ճանաչել այն անձի հայցով, ի շահ որի սահմանված են սահմանափակումները, միայն այն դեպքերում, երբ կապացուցվի, որ գործարքի մյուս կողմը գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար նշված սահմանափակումների մասին:
Սույն գործով հաստատված փաստերը վկայում են, որ ընկերության մասնակիցը համաձայնություն չի տվել նման գործարքի կնքմանը, և հետևաբար ընկերության գործադիր մարմինը վիճելի անշարժ գույքը վաճառելու իրավասություն չի ունեցել: Այն հարցի պատասխանը, թե գիտե՞ր արդյոք Ժաննա Խլղաթյանը խոշոր գործարքների կնքման վերաբերող սահմանափակման մասին թե՞ ոչ, կամ պե՞տք է արդյոք նա ակնհայտորեն իմանար այդ մասին, հնարավոր է պարզել միայն գործի նոր քննության արդյունքներով:
Վճռաբեկ դատարանը սույն գործի նոր քննության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է համարում նշել, որ վերաքննիչ դատարանը նոր քննության ընթացքում պետք է սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջը քննի որպես սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջ: Այս դիրքորոշումը Վճռաբեկ դատարանը հիմնավորում է հետևյալ պատճառաբանությամբ:
Սույն քաղաքացիական գործով հայցադիմումը ներկայացվել է 02.05.2005 թվականին: Այդ պահին դեռևս առկա չի եղել Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը սեփականության իրավունքի գրանցման վկայականների անվավեր ճանաչման վերաբերյալ քաղաքացիական գործերով: Նշված իրավական դիրքորոշումն արձանագրված է Վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի թիվ 1920 (ՎԴ) որոշմամբ (տես քաղաքացիական գործն ըստ հայցի ըստ Սիսիանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Շահեն Սարգսյանի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սիսիանի ստորաբաժանման, Կորյուն Օհանյանի` պայմանագիրը լուծելու, Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին):
Քանի որ մինչ այդ դիրքորոշումը ձևավորված դատական պրակտիկայից ելնելով անձինք սեփականության իրավունքի գրանցման վկայականների վիճարկման տակ ըստ էության ենթադրել են սեփականության իրավունքի գրանցման վիճարկումը, իսկ սույն գործով Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման ուղղակի կիրառումը (սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու մասով գործի վարույթը կարճելու ձևով) հայցվորին գործի նոր քննության ընթացքում կզրկի սեփականության իրավունքի գրանցումը փաստացի վիճարկելու հնարավորությունից, ապա վերաքննիչ դատարանը սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջը պետք է քննի որպես սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջ:
Այսպիսով, սույն բողոքի հիմքի առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 08.08.2006 թվականի վճիռը բեկանելու բավարար հիմք է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 08.08.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ