ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/5438/05/25
Վարչական գործ թիվ ՎԴ/5438/05/25 2025 թ.
Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող` Հ. Բեդևյան
զեկուցող` Ք. Մկոյան
Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
2025 թվականի դեկտեմբերի 15-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Աշտարակ համայնքի ավագանու և Աշտարակ համայնքի ղեկավարի` ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ավագանու 30.06.2008 թվականի նիստի արձանագրությունը մասնակի, այն է` ***(1) գտնվող բաղնիքի շենքը (կադաստրային ծածկագիր` ***(2)` 267 քմ հողատարածքով (կադաստրային ծածկագիր` ***(3)) ուղիղ վաճառքով 426.168 ՀՀ դրամ մնացորդային արժեքով Անահիտ Լագզյանին վաճառելու մասին 5-րդ կետի մասով, անվավեր ճանաչելու, ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ղեկավարի 21.08.2008 թվականի Անահիտ Լագզյանին Սասունիկ համայնքի սեփականություն համարվող ***(4) գտնվող բաղնիքի շենքը (կադաստրային ծածկագիր` ***(5))` 267 քմ հողատարածքով (կադաստրային ծածկագիր` ***(6)) ուղիղ վաճառքով վաճառելու մասին թիվ 73 որոշումն անվավեր ճանաչելու, և որպես հետևանք` Սասունիկ համայնքի, ի դեմս լիազորված անձ Նարեկ Տեր-Գուլանյանի, և Անահիտ Լագզյանի միջև 25.09.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի մասին պայմանագիրը, Անահիտ Լագզյանի անվամբ 06.10.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական` ***(7)), Անահիտ Լագզյանի և ամուսնու եղբոր` Հովհաննես Տեր-Գուլանյանի միջև 24.08.2023 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի մասին պայմանագիրը, Հովհաննես Տեր-Գուլանյանի անվամբ 13.09.2023 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական` ***(8)), Հովհաննես Տեր-Գուլանյանի և «Կրեդիտ կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի միջև 20.01.2025 թվականին կնքված հիփոթեքի, գրավի թիվ 25-01-0004-01 պայմանագիրը, «Կրեդիտ կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի անվամբ 23.01.2025 թվականին կատարված անշարժ գույքի գրավի իրավունքի պետական գրանցումը (վկայական` ***(9)) անվավեր ճանաչելու պահանջների մասին,
__________________
1) Հանդիսանում է անձնական տվյալ
2) Հանդիսանում է անձնական տվյալ
3) Հանդիսանում է անձնական տվյալ
4) Հանդիսանում է անձնական տվյալ
5) Հանդիսանում է անձնական տվյալ
6) Հանդիսանում է անձնական տվյալ
7) Հանդիսանում է անձնական տվյալ
8) Հանդիսանում է անձնական տվյալ
9) Հանդիսանում է անձնական տվյալ
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ավագանու 30.06.2008 թվականի նիստի արձանագրությունը մասնակի, այն է` ***(10) գտնվող բաղնիքի շենքը (կադաստրային ծածկագիր` ***(11))` 267 քմ հողատարածքով (կադաստրային ծածկագիր ***(12)) ուղիղ վաճառքով 426.168 ՀՀ դրամ մնացորդային արժեքով Անահիտ Լագզյանին վաճառելու մասին 5-րդ կետի մասով, ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ղեկավարի 21.08.2008 թվականի Անահիտ Լագզյանին Սասունիկ համայնքի սեփականություն համարվող ***(13) գտնվող բաղնիքի շենքը (կադաստրային ծածկագիր` ***(14))` 267 քմ հողատարածքով (կադաստրային ծածկագիր` ***(15)) ուղիղ վաճառքով վաճառելու մասին թիվ 73 որոշումը, որպես հետևանք` անվավեր ճանաչել Սասունիկ համայնքի, ի դեմս լիազորված անձ Նարեկ Տեր-Գուլանյանի, և Անահիտ Լագզյանի միջև 25.09.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի մասին պայմանագիրը, Անահիտ Լագզյանի անվամբ 06.10.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական` ***(16)), Անահիտ Լագզյանի և ամուսնու եղբոր` Հովհաննես Տեր-Գուլանյանի միջև 24.08.2023 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի մասին պայմանագիրը, Հովհաննես Տեր-Գուլանյանի անվամբ 13.09.2023 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական` ***(17)), Հովհաննես Տեր-Գուլանյանի և «Կրեդիտ կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի միջև 20.01.2025 թվականին կնքված հիփոթեքի, գրավի թիվ 25-01-0004-01 պայմանագիրը, «Կրեդիտ կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի անվամբ 23.01.2025 թվականին կատարված անշարժ գույքի գրավի իրավունքի պետական գրանցումը (վկայական` ***(18)): Հայցադիմումին կից ներկայացվել է միջնորդություն` Հովհաննես Տեր-Գուլանյանի անվամբ 13.09.2023 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման կատարումը կասեցնելու մասին:
__________________
10) Հանդիսանում է անձնական տվյալ
11) Հանդիսանում է անձնական տվյալ
12) Հանդիսանում է անձնական տվյալ
13) Հանդիսանում է անձնական տվյալ
14) Հանդիսանում է անձնական տվյալ
15) Հանդիսանում է անձնական տվյալ
16) Հանդիսանում է անձնական տվյալ
17) Հանդիսանում է անձնական տվյալ
18) Հանդիսանում է անձնական տվյալ
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Տ. Սանթրոսյան) (այսուհետ` Դատարան) 21.04.2025 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը` Հովհաննես Տեր-Գուլանյանի անվամբ 13.09.2023 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման կատարումը կասեցնելու մասին, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.06.2025 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 21.04.2025 թվականի «Վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը (ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը և 83-րդ հոդվածի 4-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է սույն գործով հայցադիմումով ներկայացված փաստական հիմքերը, մասնավորապես այն, որ հայցվորը չի կարող այլ կերպ, քան Հովհաննես Տեր-Գուլանյանի անվամբ 13.09.2023 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման (վկայական` N ***(19))` որպես վարչական ակտի կատարումը կասեցնելու օրենսդրական հնարավորությունն օգտագործելու միջոցով կանխել այնպիսի գործողություններ, որոնք կարող են զգալի վնաս պատճառել կամ անհնարին դարձնել հայցվորի իրավունքների պաշտպանությունը: Հետևաբար, համաչափության սկզբունքի տեսանկյունից հայցվորի կողմից հայցվող միջոցը պիտանի և անհրաժեշտ է վարչական ակտի կատարումը կասեցնելու նպատակներին հասնելու համար, ինչպես նաև չափավոր է ձեռնարկվող միջամտության և հետապնդվող նպատակի միջև ողջամիտ հավասարակշռությունն ապահովելու առումով, քանի որ դրանով պահպանվում է վիճելի իրավահարաբերության մեջ փաստացի առկա վիճակը:
__________________
19) Հանդիսանում է անձնական տվյալ
i
Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ կատարված այն եզրահանգումը, որ «արդեն իսկ կատարված իրավունքի պետական գրանցումը չի էլ կարող ենթադրել դրա կատարման կասեցման հնարավորություն», հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով 01.09.2023 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի, ի մասնավորի` նշված հոդվածի հիմքով իրավունքի պետական գրանցման` որպես վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումներին:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքարկվող դատական ակտում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, ուստի սույն դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` իրավունքի պետական գրանցման` որպես վարչական ակտի կասեցման վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով` ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը և (կամ) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:
Տվյալ դեպքում օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու, և ըստ այդմ` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի միատեսակ կիրառությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման` որպես վարչական ակտի կատարումը կասեցնելու առանձնահատկությանը` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Արդար դատաքննության իրավունքը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է որպես յուրաքանչյուրի` իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք: Սահմանադրական այս դրույթից ակնհայտ է, որ արդար դատաքննության իրավունքը չի սահմանափակվում դատարան դիմելու իրավունքի պարզ ամրագրմամբ: ՀՀ Սահմանադրությունը նաև պարտավորեցնում է բավարարել դատական պաշտպանության միջոցի արդյունավետության իմպերատիվ պահանջը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք վճիռներում հայտնել է դիրքորոշում առ այն, որ դատական պաշտպանության իրավունքը կլիներ անիրական, իսկ դատական պաշտպանության ընթացակարգը` անարդյունավետ, եթե ներպետական օրենսդրությունը թույլ տար վերջնական և պարտադիր բնույթ ունեցող դատական ակտերին մնալ չկատարված` ի վնաս մի կողմի: Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` եթե պետությունը չի երաշխավորում վերջնական դատական ակտերի ի կատար ածումը, դա հանգեցնում է այնպիսի իրողության, որն անհամատեղելի է իրավունքի գերակայության սկզբունքի հետ, որը պայմանավորվող պետությունները պարտավորվել են պահպանել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան երաշխավորելիս: Մեկնաբանելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ արդար դատաքննության իրավունքը ներառում է ոչ միայն վեճն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու, այլ նաև կայացված դատական ակտը կատարելուն ուղղված գործուն և արդյունավետ կառուցակարգեր կիրառելու անհրաժեշտություն (տե՛ս Խաչատրյաններն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 01.03.2010թ. վճիռը, կետ 66, Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 07.05.2002թ. վճիռը, կետ 34, Հորնսբին ընդդեմ Հունաստանի 19.03.1997թ. վճիռը, կետ 40):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն իր 13.09.1989 թվականի «Վարչական գործերով ժամանակավոր դատական պաշտպանության վերաբերյալ» թիվ (89) 8 հանձնարարականով արձանագրել է, որ դատարանների կողմից կիրառվող ժամանակավոր պաշտպանության միջոցները կարող են լինել վարչական ակտի կատարումը ամբողջությամբ կամ մասնակի կասեցնելու, վարչական ակտի ընդունման պահին կամ հետագա ցանկացած ժամանակ եղած դրությունը ամբողջությամբ կամ մասնակի վերականգնելու և վարչակազմի վրա դատարանի լիազորություններից բխող ցանկացած պարտականություն դնելու միջոցով: Նույն հանձնարարականով նշվել է, որ եթե վարչական ակտը վիճարկվում է դատարանում և դատարանը դեռևս չի հրապարակել իր որոշումը, հայցվորը կարող է դիմել նույն կամ նման իրավասություն ունեցող այլ դատարան` վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կիրառելու համար: Վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կիրառելու խնդրանքով դատարան դիմելու իրավունք ունեն նաև շահագրգիռ անձինք: Նույն հանձնարարականով նաև նշվել է, որ վարչական ակտից պաշտպանվելու ժամանակավոր միջոցներ կարող են կիրառվել մասնավորապես, երբ վարչական ակտի կատարումը կարող է ծանր վնաս հասցնել, որը վերականգնելը մեծ ջանքեր կպահանջի, և եթե prima-facie առկա են վարչական ակտի առոչնչության վերաբերյալ ապացույցներ:
Իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովելու գործուն կառուցակարգերից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ մի կողմից` վիճարկման հայցի, մյուս կողմից` մյուս հայցատեսակների առնչությամբ հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակների ընտրության հարցում օրենսդրի տարբերակված մոտեցումն իր հիմքում ունի օբյեկտիվ չափանիշ. նման տարբերակված մոտեցումը պայմանավորված է նրանով, որ վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ դատական ակտերը, որպես կանոն, իրենց բնույթով ինքնակատարվող դատական ակտեր են, և Օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակը, ելնելով նշված իրողությունից, նպատակ է հետապնդում ապահովել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը` դատական պաշտպանությունը չդարձնելով ինքնանպատակ:
ՀՀ սահմանադրական դատարանը, 29.12.2020 թվականի թիվ ՍԴԱՈ-248 որոշմամբ արձանագրել է, որ վիճարկման հայցի պարագայում օրենսդիրը չի նախատեսել հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն, սակայն սահմանել է հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության մեկ այլ եղանակ: Մասնավորապես, վիճարկման հայցի դեպքում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է օրենքի ուժով` վիճարկման հայցով հայցադիմումը վարույթ ընդունելն ինքնին հիմք է հանդիսանում տվյալ վարչական ակտի կատարումը կասեցնելու համար (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված բացառություններով): Նշված կարգավորման տրամաբանությունը, ի թիվս այլնի, կայանում է նրանում, որ վիճարկման հայցի բավարարման դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելով վիճարկվող վարչական ակտը պարզապես կորցնում է իր իրավաբանական ուժը: Այլ կերպ ասած` նշված տեսակի հայցի բավարարման դեպքում կայացվելիք վերջնական դատական ակտի կատարումը, որպես այդպիսին, պայմանական բնույթ է կրում, քանի որ այն չի ենթադրում միջնորդավորված որևէ գործողություն և, այդպիսով, չի առաջացնում կատարման հետ կապված այնպիսի դժվարություններ, որոնք բնորոշ են դասական իմաստով կատարում ենթադրող դատական ակտերին: Վերոգրյալը հաշվի առնելով` վիճարկման հայցի պարագայում ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսել է ոչ թե հայցի ապահովման միջոցի, այլ` նախնական իրավական պաշտպանության կիրառման հնարավորություն` այն է վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցում, դրանով իսկ որոշակի իրավական երաշխիքներ տրամադրելով հայցվորին` արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման ենթատեքստում:
i
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնին համապատասխան` վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցվում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու փաստի ուժով: Միաժամանակ, նշված ընդհանուր կանոնից նույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերով սահմանված են բացառություններ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը: Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները): (տե՛ս, «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է դատարանի որոշմամբ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմքերը, այն է` վիճարկվող վարչական ակտը կասեցնելու մասին միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմքերին, նշել է, որ օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար:
Այսինքն, վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե
- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ
- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:
(...) Ընդ որում, վերոնշյալ հիմքերից որևէ մեկի հնարավոր առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես` «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Այսինքն, դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության:
Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը նախատեսել է հիմնավոր կասկածի ենթադրությամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու հնարավորություն, եթե այն հայցվորին զգալի վնաս կհասցնի, կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի բացահայտմանը, եզրահանգել է, որ «հիմնավոր կասկած» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, և այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլև այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձևավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: Այլ կերպ ասած` «հիմնավոր կասկած» եզրույթը ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործողության հնարավոր վրա հասնելու և իրավական հետևանք առաջացնելու առումով: Ընդ որում, «կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին:
i
(...) Կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետևության հանգել այդ փաստի` սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ և հավանական է: Այնուամենայնիվ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքն` պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված (տե՛ս, Սոֆիա Խաչատրյանը և Սիրվարդ Խաչատրյանն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկվող ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս հայցվորից պահանջվում է ներկայացնել փաստեր և փաստարկներ վիճարկվող վարչական ակտի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի կամ դատական պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ, իսկ դատարանի պարտականությունն է նշված միջնորդության քննարկման շրջանակներում գնահատել այդ հիմնավոր կասկածի առկայության/բացակայության հարցը:
Անդրադառնալով «վարչական ակտի կատարման կասեցում» հասկացության բովանդակությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել այդ հասկացության բովանդակությունը բացահայտել կասեցմամբ հետապնդվող իրավական նպատակի համատեքստում, այն է` նախնական պաշտպանության միջոցի կիրառմամբ ապահովել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունը` հայցվորի դատական պաշտպանությունը չդարձնելով ինքնանպատակ:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի կատարման կասեցումը ենթադրում է կասեցման ժամանակահատվածում դրա գործողության ժամանակավոր դադարեցում, որպիսի պայմաններում այդ ժամանակահատվածում տվյալ վարչական ակտն իրավական հետևանքներ առաջացնել չի կարող, և ըստ այդմ` բացառվում է հայցվորին այդ ակտի գործողության արդյունքում վնաս պատճառելու և (կամ) դատական պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությունը: Վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը ենթադրում է այնպիսի գործողություններ կատարելու արգելք, որոնք կատարելու իրավազորությունը բխում է տվյալ վարչական ակտից: Ընդ որում, այդ արգելքները կարող են վերաբերել ինչպես վարչական ակտի հասցեատիրոջը, այնպես էլ իրավասու վարչական մարմիններին:
Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում «վարչական ակտի կատարման կասեցում» հասկացության բովանդակությունը պայմանավորված է, ի թիվս այլնի, նրանով, թե ինչ գործի կարգավորման նպատակով է տվյալ վարչական ակտն ընդունված: Այլ կերպ` այն սահմանափակումները և (կամ) արգելքները, որոնք բխում են տվյալ կոնկրետ վարչական ակտի կատարումը կասեցնելուց, սերտորեն կապված են դրա բնույթի և կարգավորման առարկայի հետ:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) հիմնական հասկացությունները սահմանող 2-րդ հոդվածի համաձայն` պետական գրանցումը նույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից իրականացման ենթակա պարտադիր գործառույթ է, որն ուղղված է պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման, դադարման և սահմանափակումների ճանաչման, ինչպես նաև պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների հավաքագրման, մատչելիության, օբյեկտիվության, անընդհատության ու միասնականության ապահովմանը:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «պետական գրանցումն ընդգրկում է`
1) գույքի նկատմամբ սեփականության, օգտագործման, հիփոթեքի, հողամասի կառուցապատման, սերվիտուտի, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գույքային իրավունքների, այդ թվում` անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների գրավի ծագման, դադարման, փոխանցման, փոփոխման պետական գրանցումը.
2) գույքի տնօրինման, օգտագործման կամ տիրապետման իրավազորությունների նկատմամբ սահմանափակումների, ինչպես նաև գույքային իրավունքների իրականացման սահմանափակումների կիրառման, փոփոխման, դադարման պետական գրանցումը»:
Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները համարվում են գրանցված գրանցման մատյանում սահմանված գրառումները կատարելու և պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հաստատվելու պահից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրավունքի պետական գրանցումից հետո գրանցված իրավունքի սուբյեկտներին տրամադրվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական, որը հաստատում է գրանցման ներկայացված իրավունքի պետական գրանցման իրականացման փաստը:
Վերոհիշյալ նորմերի բովանդակությունից բխում է, որ իրավունքի պետական գրանցումը, օժտված լինելով վարչական ակտին բնորոշ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հատկանիշներով, վարչական ակտ է, ուժի մեջ է մտնում գրանցման մատյանում սահմանված գրառումները կատարելու և պետական գրանցման իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից հաստատվելու պահից, որպիսի փաստը հաստատվում է իրավունքի պետական գրանցման վկայականով:
ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը որպես անշարժ գույքի նկատմամբ ցանկացած հիմքով սեփականության իրավունքի ծագման պահ է ճանաչում այդ իրավունքի պետական գրանցման պահը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածը որպես պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահ է ճանաչում այդ իրավունքի պետական գրանցման պահը, եթե այդպիսի իրավունքն օրենքով ենթակա է գրանցման: Բացի գործարքից, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ գլխի դրույթները որպես գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման հիմք են ճանաչում, ի թիվս այլնի, նաև անձի կողմից իր համար նոր անշարժ գույքի ստեղծումը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 173-րդ հոդված), ձեռքբերման վաղեմությունը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդված): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 173-րդ և 187-րդ հոդվածները համապատասխանաբար նշված հիմքերով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը ևս պայմանավորում են այդ իրավունքի պետական գրանցման պահով:
Հիմք ընդունելով նշված իրավակարգավորումները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սեփականության իրավունքի պետական գրանցումը վարչական ակտ է, որի հիմքով ծագում է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքը նույն հոդվածի 1-ին մասով սահմանված այն բացառությունների շրջանակում է, երբ դատարանի հայեցողությանն է թողնված նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքի (հիմքերի) առկայության պայմաններում վարչական ակտի կատարումը կասեցնելը: Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված բացառությունն է այն դեպքը, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները):
Հաշվի առնելով, որ իրավունքի պետական գրանցումը վիճարկելու դեպքում գրանցման` որպես վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձը վիճարկում է իրավունքի պետական գրանցման հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ.
- օրենսդիրը նախատեսել է իրավունքի պետական գրանցման` որպես վարչական ակտի կատարումը կասեցնելու իրավական հնարավորություն,
- դատարանը կարող է իրավունքի պետական գրանցման` որպես վարչական ակտի կատարումը կասեցնել Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքի/հիմքերի առկայության դեպքում:
Ըստ այդմ` հայցվորից պահանջվում է իրավունքի պետական գրանցման կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությամբ ներկայացնել փաստեր և փաստարկներ վիճարկվող իրավունքի պետական գրանցման` որպես վարչական ակտի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի կամ դատական պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ, իսկ դատարանի պարտականությունն է նշված միջնորդության քննարկման շրջանակներում գնահատել այդ հիմնավոր կասկածի առկայության/բացակայության հարցը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավունքի պետական գրանցումը վիճարկելու վերաբերյալ հայցադիմումին կից ներկայացնելով միջնորդություն վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ և դրանով ներկայացնելով զգալի վնասի և/կամ իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի վերաբերյալ փաստարկներ` հայցվորը հայցում է ոչ թե իրավունքի պետական գրանցման կասեցում, այլ իրավունքի պետական գրանցման` որպես վարչական ակտի կատարման կասեցում: «Իրավունքի պետական գրանցման վարույթի կասեցում» և «իրավունքի պետական գրանցման կատարման կասեցում» հասկացություններն էապես տարբերվում են. առաջին դեպքում խոսքը վերաբերում է մինչև վարչական ակտի ընդունումը տեղի ունեցող գործընթացին, երկրորդ դեպքում` վարչական ակտի ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո տեղի ունեցող գործընթացին: (տե՛ս, «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լուսինե Սարգսյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ելնելով վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի` արդյունավետ դատական պաշտպանություն ապահովելու նպատակից` Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ իրավունքի պետական գրանցման, որպես վարչական ակտի կատարման, կասեցումը ենթադրում է վիճարկվող վարչական ակտի հասցեատիրոջ կողմից այնպիսի գործարքներ կնքելու արգելք, որոնք կնքելու իրավազորությամբ գրանցված իրավունքի իրավատերն օժտվում է տվյալ իրավունքի պետական գրանցման` վարչական ակտի ընդունման ուժով: Իրավունքի պետական գրանցման, որպես վարչական ակտի կատարման, կասեցումը ենթադրում է նաև այդ գործարքները վավերացնելու, դրանց հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու` իրավասու մարմիններին ուղղված արգելք: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը շեշտադրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը, որպես դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովող գործուն կառուցակարգ, հավասարապես կիրառելի է նաև հետևանքների վերացման ածանցյալ պահանջի շրջանակում վիճարկվող վարչական ակտերի նկատմամբ:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ավագանու 30.06.2008 թվականի նիստի արձանագրությունը մասնակի, այն է` ***(20) գտնվող բաղնիքի շենքը (կադաստրային ծածկագիր` ***(21))` 267 քմ հողատարածքով (կադաստրային ծածկագիր` ***(22)) ուղիղ վաճառքով 426.168 ՀՀ դրամ մնացորդային արժեքով Անահիտ Լագզյանին վաճառելու մասին 5-րդ կետի մասով, ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ղեկավարի 21.08.2008 թվականի Անահիտ Լագզյանին Սասունիկ համայնքի սեփականություն համարվող ***(23) գտնվող բաղնիքի շենքը (կադաստրային ծածկագիր` ***(24))` 267 քմ հողատարածքով (կադաստրային ծածկագիր` ***(25)) ուղիղ վաճառքով վաճառելու մասին թիվ 73 որոշումը, որպես հետևանք` անվավեր ճանաչել Սասունիկ համայնքի, ի դեմս լիազորված անձ Նարեկ Տեր-Գուլանյանի, և Անահիտ Լագզյանի միջև 25.09.2008 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի մասին պայմանագիրը, Անահիտ Լագզյանի անվամբ 06.10.2008 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական` ***(26)), Անահիտ Լագզյանի և ամուսնու եղբոր` Հովհաննես Տեր-Գուլանյանի միջև 24.08.2023 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի մասին պայմանագիրը, Հովհաննես Տեր-Գուլանյանի անվամբ 13.09.2023 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական` ***(27)), Հովհաննես Տեր-Գուլանյանի և «Կրեդիտ կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի միջև 20.01.2025 թվականին կնքված հիփոթեքի, գրավի թիվ 25-01-0004-01 պայմանագիրը, «Կրեդիտ կոնցեպտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի անվամբ 23.01.2025 թվականին կատարված անշարժ գույքի գրավի իրավունքի պետական գրանցումը (վկայական` ***(28)):
__________________
20) Հանդիսանում է անձնական տվյալ
21) Հանդիսանում է անձնական տվյալ
22) Հանդիսանում է անձնական տվյալ
23) Հանդիսանում է անձնական տվյալ
24) Հանդիսանում է անձնական տվյալ
25) Հանդիսանում է անձնական տվյալ
26) Հանդիսանում է անձնական տվյալ
27) Հանդիսանում է անձնական տվյալ
28) Հանդիսանում է անձնական տվյալ
Հայցադիմումին կից ներկայացվել է միջնորդություն` Հովհաննես Տեր-Գուլանյանի անվամբ 13.09.2023 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման կատարումը կասեցնելու մասին (հավելված, գ.թ. 24-27):
Դատարանը 21.04.2025 թվականի որոշմամբ մերժել է Հովհաննես Տեր-Գուլանյանի անվամբ 13.09.2023 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունն այն հիմնավորմամբ, որ «Դատարանն արձանագրում է, որ հայցվոր կողմը վիճարկվող պետական գրանցման կատարումը կասեցնելու վերոգրյալ երկու հիմքերի առկայությունը հիմնավորել է այն փաստարկով, որ կարող է ***(29) գտնվող բաղնիքի շենքը և 267 քմ հողատարածքը օտարվել:
__________________
29) Հանդիսանում է անձնական տվյալ
Դատարանը նախ և առաջ փաստում է, որ առկա չէ նշված գույքը օտարելու իրական վտանգ, բացի այդ նշված գույքի օտարումը որևէ կերպ չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության և չի կարող զգալի վնաս պատճառել հայցվորին: Միևնույն ժամանակ, Դատարանն արձանագրում է, որ միջնորդությամբ չի ներկայացվել վերը նշված օտարման և հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ վերջինիս իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող որևէ փաստարկ, մինչդեռ Դատարանի մոտ վարչական ակտի կատարումը կասեցնելու հիմքերի առկայության վերաբերյալ հիմնավոր կասկած ձևավորվում է միջնորդություն ներկայացնողի ծանրակշիռ փաստարկների հիման վրա, որոնցով հայցվորը պետք է հիմնավորի իրեն զգալի վնաս պատճառվելու կամ իր իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու և միջնորդությամբ ներկայացված փաստարկների միջև ողջամիտ, հիմնավոր պատճառահետևանքային կապի առկայությունը»:
Վերաքննիչ դատարանը 27.06.2025 թվականի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 21.04.2025 թվականի «Վիճարկվող վարչական ակտի կատարումն կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողել է անփոփոխ` արձանագրելով հետևյալը. «Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Հովհաննես Հայկազի Տեր-Գուլանյանի անվամբ 2023 թվականի սեպտեմբերի 13-ին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման (վկայական թիվ ***(30)) կասեցման անհրաժեշտությունը հայցվորը պայմանավորում է ***(31) գտնվող բաղնիքի շենքի (կադաստրային ծածկագիր` ***(32)) և 267 քմ հողատարածքի (կադաստրային ծածկագիր` ***(33)) օտարման հնարավորության հետ, մինչդեռ, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ նշյալ փաստարկը կրում է տեսական, ենթադրական բնույթ` պահանջելով կոնկրետ ապացույցների և փաստարկների ներկայացում, ինչը տվյալ դեպքում տեղի չի ունեցել: Իսկ արդեն իսկ կատարված իրավունքի պետական գրանցումը չի էլ կարող ենթադրել դրա կատարման կասեցման հնարավորություն:
__________________
30) Հանդիսանում է անձնական տվյալ
31) Հանդիսանում է անձնական տվյալ
32) Հանդիսանում է անձնական տվյալ
33) Հանդիսանում է անձնական տվյալ
Ընդ որում, ***(34) գտնվող անշարժ գույքի նկատմամբ 23.01.2025 թվականին գրանցվել է «Կրեդիտ Կոնցեպտ ՈւՎԿ» ՓԲ ընկերության գրավի իրավունքը /գ.թ. 56-57/, այսինքն, առկա է սահմանափակում:
__________________
34) Հանդիսանում է անձնական տվյալ
Այս առումով հատկանշական է, որ, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության հիմքում պետք է դրվեն այնպիսի հանգամանքներ` փաստարկված և ապացույցներով ապահովված, որոնք ուղղակիորեն կստեղծեն հիմնավոր կասկած այն մասին, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը զգալի վնաս կպատճառի հայցվորին կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Այլ կերպ ասած, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական գործիքի կիրառումը հայցող կողմը պետք է ներկայացնի իր միջնորդությունը հիմնավորող ապացույցներ և փաստարկներ, որոնք ոչ թե կհուշեն օբյեկտիվ իրականության մեջ առկա իրողության տեսականորեն հնարավոր զարգացման վարկածի մասին, այլ կհարուցեն «հիմնավոր կասկած» այն մասին, որ վիճարկվող վարչական ակտը չկասեցնելու դեպքում իրեն զգալի վնաս կպատճառվի կամ անհնարին կդարձվի նրա իրավունքների պաշտպանությունը»:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իրավունքի պետական գրանցումը, օժտված լինելով վարչական ակտին բնորոշ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հատկանիշներով, վարչական ակտ է, և հաշվի առնելով, որ իրավունքի պետական գրանցումը վիճարկելու դեպքում գրանցման` որպես վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձը վիճարկում է իրավունքի պետական գրանցման հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտը` օրենսդիրը նախատեսել է իրավունքի պետական գրանցման` որպես վարչական ակտի կատարումը կասեցնելու իրավական հնարավորություն, և դատարանը կարող է իրավունքի պետական գրանցման` որպես վարչական ակտի կատարումը կասեցնել Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքի/հիմքերի առկայության դեպքում:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի եզրահանգումը «արդեն իսկ կատարված իրավունքի պետական գրանցումը չի էլ կարող ենթադրել դրա կատարման կասեցման հնարավորություն», հիմնավոր չէ և չի բխում վերոգրյալ իրավական մեկնաբանությունից:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.
ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետևանքով:
i
Տվյալ դեպքում բողոքաբերը վկայակոչել է թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումն այն մասին, որ իրավունքի պետական գրանցման, որպես վարչական ակտի կատարման, կասեցումը ենթադրում է վիճարկվող վարչական ակտի հասցեատիրոջ կողմից այնպիսի գործարքներ կնքելու արգելք, որոնք կնքելու իրավազորությամբ գրանցված իրավունքի իրավատերն օժտվում է տվյալ իրավունքի պետական գրանցման` վարչական ակտի ընդունման ուժով: Իրավունքի պետական գրանցման, որպես վարչական ակտի կատարման, կասեցումը ենթադրում է նաև այդ գործարքները վավերացնելու, դրանց հիման վրա իրավունքի պետական գրանցում կատարելու` իրավասու մարմիններին ուղղված արգելք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերանայելով Դատարանի 21.04.2025 թվականի «Վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը, ըստ այդմ` ՀՀ գլխավոր դատախազության կողմից հայցադիմումին կից ներկայացված միջնորդության հիմնավորվածության վերաբերյալ Դատարանի եզրահանգմանը գնահատական տալով հանդերձ` Վերաքննիչ դատարանն անընդունելի է համարել իրավունքի պետական գրանցման, որպես վարչական ակտի կատարման, կասեցումը` փաստացի շեղվելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումից:
Իրացնելով օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը` Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի կասեցման ինստիտուտը ենթակա է կիրառման իրավունքի պետական գրանցման, որպես վարչական ակտի, իրավաչափությունը վիճարկելու գործերով` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, ինչն էական նշանակություն կունենա նշված իրավանորմի ուժով վիճարկվող ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննելու գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ հարկ է համարում անդրադառնալ` Հովհաննես Տեր-Գուլանյանի անվամբ 13.09.2023 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման կատարումը կասեցնելու` հայցվորի կողմից ներկայացված միջնորդության հիմնավորվածությանը` պարզելու համար այն բավարարելու փաստական հիմքերի առկայությունը:
Դատարան ներկայացրած միջնորդությամբ հայցվորը, որպես վիճարկվող վարչական ակտը կասեցնելու անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորում, փաստարկել է, որ Հովհաննես Տեր-Գուլանյանի անվամբ 13.09.2023 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման` որպես վարչական ակտի կատարումը չկասեցնելը կարող է զգալի վնաս պատճառել հայցվորին կամ անհնարին դարձնել հայցվորի իրավունքների պաշտպանությունը, քանի որ կարող է հանգեցնել ***(35) գտնվող շենքի և 267 քմ հողատարածքի օտարման:
__________________
35) Հանդիսանում է անձնական տվյալ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկվող ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս` հայցվորից պահանջվում է ներկայացնել փաստեր և փաստարկներ` վիճարկվող վարչական ակտի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի կամ դատական պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ, իսկ դատարանի պարտականությունն է նշված միջնորդության քննարկման շրջանակներում գնահատել այդ հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցը:
Տվյալ դեպքում հայցվորի կողմից ներկայացված փաստարկները բավարար չեն վիճարկվող վարչական ակտի կատարմամբ իրեն պատճառվելիք զգալի վնասի առկայության վերաբերյալ, ինչպես նաև իր իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու հիմնավոր կասկած ձևավորելու, ըստ այդմ նաև` այդ ակտի կատարումը կասեցնելու եզրահանգման գալու համար:
Այսպիսով, հայցվորի կողմից չեն ներկայացվել հիմնավորումներ և ապացույցներ վարչական ակտի կատարմամբ վերջինիս զգալի վնաս պատճառվելու, ինչպես նաև իր իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու հանգամանքների առկայության վերաբերյալ հիմնավոր կասկած ձևավորելու և վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու համար:
Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում այդուհանդերձ չի հիմնավորվում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու, ինչպես նաև նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու առնչությամբ հիմնավոր կասկածի առկայությունը:
Վերոհիշյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ առկա չէ Հովհաննես Տեր-Գուլանյանի անվամբ 13.09.2023 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցման` որպես վարչական ակտի կատարումը կասեցնելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմաններից որևէ մեկը, որպիսի պայմաններում հայցվորի միջնորդությունը ենթակա է մերժման:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` Հ. Բեդևյան
Զեկուցող` Ք. Մկոյան
Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ administrative-cases-intermediate/3088