Սեղմել Esc փակելու համար:
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅ ...

 

29.05.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի մայիսի 4-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.11-1.18-րդ կետերով.

«1.11) Ուսուցման ազգային ռեեստր` լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների, ուսուցում իրականացնողների, դասընթացներին մասնակցած, գնահատված և վկայագրված անձանց, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատում և ճանաչում անցած անձանց, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերի, դասընթացների ընթացքի նկատմամբ մշտադիտարկում իրականացնող, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքները գնահատող անձանց տվյալների ազգային շտեմարան` անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջներին համապատասխան.

1.12) համեմատելի չափանիշներ` որոշակի մասնագիտության չափորոշչի կամ ծրագրի ուսումնառության արդյունքներով, զբաղմունքի նկարագրով կամ պաշտոնի անձնագրով սահմանված որոշակի կարողությանը ներկայացվող պահանջներ.

1.13) ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատում և ճանաչում` անձի կարողությունների և սահմանված որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության փաստը պաշտոնապես հավաստելու գործընթաց.

1.14) անձի փաստացի կարողություններ` անձի որոշակի գիտելիքներ, կարողություններ, ընկալումներ ու հմտություններ` անկախ դրանք ձեռք բերելու եղանակից.

1.15) գնահատում` անձի փաստացի կարողությունները հավաստող վկայությունները սահմանված չափանիշներին համապատասխանության համադրության գործընթաց.

1.16) ուսումնառություն` ֆորմալ, ոչ ֆորմալ կամ ինֆորմալ միջավայրում տեղի ունեցող գործընթաց, որի միջոցով անձը յուրացնում է տեղեկություններ, գաղափարներ և արժեքներ` ձեռք բերելով գիտելիք, կարողություն, հմտություններ կամ փորձառություն.

1.17) պատվիրատու` պետական մարմին կամ ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը հայտագրել է որոշակի գիտելիք, կարողություն, հմտություն ձեռք բերելու, կատարելագործելու, լրացնելու, արդիականացնելու ցանկությունը կամ անհատական ու որոշակի խմբի կարիքը.

1.18) մուտքային պահանջ` լրացուցիչ կրթական ծրագրի մասնակցի համար պատվիրատուի սահմանած կրթության որոշակի աստիճանի, զբաղմունքի, կարողության, իմացության, ստաժի և այլ առանձնահատուկ նախապայմանների առկայություն.»:

 

i

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.8-րդ մասերով.

«3.1. Լրացուցիչ կրթություն (ուսուցում) կարող է իրականացնել Ուսուցման ազգային ռեեստրում որպես ուսուցում իրականացնող գրանցված ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ: Ուսումնական հաստատությունները և միջազգային հավատարմագրում ունեցող ուսումնական կենտրոններն իրենց կրթական ծրագրերի շրջանակում կարող են Ուսուցման ազգային ռեեստրում գրանցվել պարզեցված ընթացակարգով:

3.2. Լրացուցիչ կրթական ծրագրին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք, ով բավարարում է տվյալ դասընթացի մուտքային պահանջները:

3.3. Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման, իրականացման և վկայագրման գործընթացը համակարգում, ինչպես նաև Ուսուցման ազգային ռեեստրը վարում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված կազմակերպությունը:

3.4. Լրացուցիչ կրթական ծրագրերը կազմակերպվում, իրականացվում և վկայագրվում են հետևյալ փուլերով.

1) կատարելագործելու, լրացնելու, արդիականացնելու, նոր ձեռք բերելու ենթակա կարողությունների, գիտելիքների ու հմտությունների կարիքի գնահատում` ըստ մասնակցի նպատակների, պատվիրատուի կարիքների և պաշտոնի նկարագրի պահանջների.

2) պատվերի կամ առաջարկության հայտագրում.

3) լրացուցիչ կրթական ծրագրի փորձաքննություն` ըստ հայտագրված պատվերի կամ առաջարկության.

4) լրացուցիչ կրթական ծրագրի երաշխավորություն` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից. 

5) երաշխավորված ծրագիրն իրականացնող կազմակերպության (կամ անհատի) ընտրություն` պատվիրատուի կամ մասնակիցների (ունկնդիրների) ազատ ընտրությամբ.

6) երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրի իրականացման ընթացքի մշտադիտարկում` Ուսուցման ազգային ռեեստրում ընդգրկված անկախ մասնագետներից ձևավորված մասնագիտական խմբի կողմից.

7) վկայագրում` պետական նմուշի միասնական փաստաթղթի (վկայականի և ներդիրի) շնորհում` երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրով սահմանված ուսումնառության արդյունքները ձեռք բերած մասնակցին (ունկնդրին):

Վկայականի ներդիրը համարվում է տվյալ փաստաթղթի անբաժանելի մասը և առանց վկայականի վավեր չէ:

3.5. Լրացուցիչ կրթության վկայականի, վկայականի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

3.6. Լրացուցիչ կրթական ծրագրի կազմակերպման կամ իրականացման գործընթացում սույն հոդվածի 3.4-րդ մասի 6-րդ կետով սահմանված գործընթացում խախտումներ արձանագրվելու դեպքում լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնողը պարտավոր է սահմանված ժամկետում վերացնել արձանագրված խախտումը: Եթե սահմանված ժամկետում խախտումը չի վերացվում, ապա մինչև երկու տարի ժամկետով ապաակտիվացվում է Ուսուցման ազգային ռեեստրում լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնողի բազաների (հաշվառման համարանիշի) օգտագործումը:

Սույն մասի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումների տեսակները, դրանք վերացնելու ժամկետները, ինչպես նաև Ուսուցման ազգային ռեեստրում լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնողի բազաների (հաշվառման համարանիշի) օգտագործումն ապաակտիվացնելու և վերաակտիվացնելու կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

3.7. Սույն հոդվածի 3.1-ին, 3.2-րդ և 3.4-րդ մասերով սահմանված փուլերը պարտադիր են այն կազմակերպությունների և մասնակիցների (ունկնդիրների) համար, որոնք`

1) ցանկանում են ստանալ պետական նմուշի միասնական փաստաթուղթ.

2) ցանկանում են կատարել այնպիսի աշխատանք կամ զբաղեցնել այնպիսի պաշտոն, որի համար օրենքներով սահմանված է մասնագիտական ուսուցման վկայական կամ դրան հավասարեցված փաստաթուղթ ունենալու պահանջը:

3.8. Պետական նմուշի միասնական փաստաթուղթ (վկայական և ներդիր) ստացած անձինք գրանցվում են Ուսուցման ազգային ռեեստրում:».

2) 4-րդ մասից հանել «, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման կարգը» բառերը:

 

i

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին հոդվածով.

 

«Հոդված 26.1. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը և ճանաչումը

 

1. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումը և ճանաչումը կամավոր գործընթաց է, որը կազմակերպվում, իրականացվում և հավաստագրվում է սույն օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթներով:

2. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացնում են Ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության մասնագետները կամ ֆիզիկական անձինք (գնահատողները)` սահմանված պահանջներին համապատասխանելու և տվյալ մասնագիտական խմբում ընդգրկվելու միջոցով:

3. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների ճանաչման համակարգով գնահատված ու ճանաչված արդյունքները կարող են հիմք հանդիսանալ աշխատաշուկա մուտք գործելու և կոնկրետ աշխատանք կատարելու կամ զբաղմունք իրականացնելու համար:

4. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքները գնահատելու, ճանաչելու, հավաստագրելու աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացը համակարգում, ինչպես նաև Ուսուցման ազգային ռեեստրը վարում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված կազմակերպությունը:

5. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումը, ճանաչումը և հավաստագրումը կազմակերպվում ու իրականացվում են հետևյալ փուլերով.

1) թեկնածուի հայտի գնահատման և ճանաչման գործընթաց.

2) անձի գիտելիքների, փաստացի կարողությունների և որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության համադրում, գնահատում.

3) ընդհանրական գնահատում, եզրակացություն.

4) գնահատման արդյունքների պաշտոնական ճանաչում և հավաստագրում` պետական նմուշի միասնական փաստաթղթի (հավաստագրի և ներդիրի) շնորհում:

Հավաստագրի ներդիրը համարվում է տվյալ փաստաթղթի անբաժանելի մասը և առանց հավաստագրի վավեր չէ:

6. Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Հավաստագրի և հավաստագրի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

8. Պետական նմուշի միասնական փաստաթուղթ (հավաստագիր և ներդիր) ստացած անձինք գրանցվում են Ուսուցման ազգային ռեեստրում:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 6.1-ին կետը «կարգը» բառից հետո լրացնել «, ներառյալ պետական նմուշի վկայականի և դրա ներդիրի ձևը» բառերով.

2) 6.2-րդ կետի «ուսուցման» բառը փոխարինել «ուսումնառության» բառով, իսկ նույն կետը «կարգը» բառից հետո լրացնել «, ներառյալ պետական նմուշի հավաստագրի և դրա ներդիրի ձևը» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-9.10-րդ և 12.1-ին կետերով.

«9.1) հավաստում է անձի կարողությունների և սահմանված որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության փաստը` սույն օրենքով սահմանված ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման գործընթացների միջոցով.

9.2) սահմանում է սույն օրենքի 36-րդ հոդվածի 6.1-ին և 6.2-րդ կետերով սահմանված կարգերի գործարկումը համակարգող, կազմակերպող ու օժանդակող կազմակերպության ընտրության կարգը և ըստ սահմանված պահանջների` ընտրում համապատասխան կազմակերպությունը, որը հանդես է գալիս սոցիալական գործընկերների անունից (պետության, գործատուների և արհմիությունների).

9.3) սահմանում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման ենթակա մասնագիտությունների ցանկը և դրանց ներդրման ժամանակացույցը` ըստ որակավորման աստիճանների.

9.4) ստեղծում է Ուսուցման ազգային ռեեստրը` ընտրված համակարգող կազմակերպության հետ պայմանագրային պատվիրակման հիման վրա.

9.5) հաստատում է Ուսուցման ազգային ռեեստրի վարման կարգը, այդ թվում` սույն օրենքի 3.4-րդ մասի 6-րդ կետով սահմանված գործընթացում արձանագրված խախտումների տեսակները, դրանք վերացնելու ժամկետները, ինչպես նաև Ուսուցման ազգային ռեեստրում լրացուցիչ կրթական ծրագիր իրականացնողի բազաների (հաշվառման համարանիշի) օգտագործումը ապաակտիվացնելու և վերաակտիվացնելու կարգը.

9.6) սահմանում է լրացուցիչ կրթության վկայականի, վկայականի ներդիրի և հավաստագրի, հավաստագրի ներդիրի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգը.

9.7) երաշխավորում է լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերը.

9.8) հաստատում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատում և ճանաչում անցկացնող գնահատողների ցանկը.

9.9) հաստատում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատում և ճանաչում անցած անձանց ցանկը և վավերացնում տրամադրվող հավաստագիրն ու ներդիրը.

9.10) սահմանում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման գործընթացի կազմակերպման, իրականացման, ճանաչման և հավաստագրման ընթացակարգային և մեթոդաբանական փաստաթղթերը, գնահատողներին և գնահատում իրականացնելու կենտրոններին ներկայացվող պահանջները, կողմերի իրավահարաբերություններն ապահովող պայմանագրի հիմնական պայմանները, գործընթացի կողմերի գործառույթները, լիազորությունները և պարտականությունները.».

 «12.1) սահմանում է հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, հաշվառման և պահպանման կարգերը.»:

 

Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված 26-րդ հոդվածի 3.7-րդ մասի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում սկսած 2023 թվականի սեպտեմբերի 1-ից` ըստ ոլորտների (բնագավառների) Կառավարության սահմանած ժամանակացույցին համապատասխան, բայց ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարի 1-ը:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման, ճանաչման և հավաստագրման գործընթացը ներդրվում է համաձայն Կառավարության հաստատած գործողությունների պլանի և ժամանակացույցի` սկսած 2024 թվականի հունվարի մեկից` տարեկան առնվազն երեք մասնագիտության (զբաղմունքի) համար:

4. Սույն օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներով նախատեսված նոր խմբագրությամբ Օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածներով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման ժամկետ սահմանել մինչև 2023 թվականի հունիսի 1-ը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. մայիսի 19
Երևան
ՀՕ-127-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 մայիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ 04.05.2022
N ՀՕ-127-Ն օրենք