Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 55-ՐԴ, 56- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                          Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                                              թիվ ԵԴ/24298/02/22

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/24298/02/22      2026 թ.

    Նախագահող դատավոր` Դ. Սերոբյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Գ. Հակոբյան

զեկուցող Ն. Հովսեփյան

                  Ա. Աթաբեկյան

             Ս. Մեղրյան

               Ա. Մկրտչյան

                 Է. Սեդրակյան

             Վ. Քոչարյան

 

2026 թվականի մարտի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ՕՍՏ-ՇԻՆ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ «ՄՈՒՇ ԹԱՈՒԵՐՍ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Կազմակերպության հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 89.165.717 ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 88.578.125 ՀՀ դրամ և 88.578.125 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 03.12.2024 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը` հակընդդեմ ապահովում կիրառելու մասին, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.01.2025 թվականի որոշմամբ Կազմակերպության բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Վերաքննիչ դատարանի 21.02.2025 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2025 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 29.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Էմանուել Անանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ, 55-րդ, 56-րդ, 66-րդ, 368-րդ, 370-րդ և 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել, որ Էմանուել Անանյանը սույն գործով գրեթե սկզբնական փուլից հանդիսանում է Կազմակերպության ներկայացուցիչը, ով մշտապես մասնակցել է գործով դատական նիստերին, ներկայացրել է գրավոր առարկություններ, միջնորդություններ, վերաքննիչ բողոքներ, որոնք մշտապես քննության են ենթարկվել և երբևէ կասկածի տակ չեն դրվել նրա լիազորությունները:

Բողոքաբերի համար անընդունելի է Վերաքննիչ դատարանի այն վերլուծությունը, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված լիազորագրով Է. Անանյանը չունի դատական ակտը բողոքարկելու լիազորություն:

Վերաքննիչ դատարանի` «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ստանալուց հետո Էմանուել Անանյանի կողմից փոստային ծառայության միջոցով կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որին կից ներկայացված լիազորագրում նշված է ներկայացուցչի` դատական ակտը բողոքարկելու լիազորությունը, որն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 21.02.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ, 56-րդ, 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական ու արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս Ալ-Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

i

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Ըստ Եվրոպական դատարանի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը: Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն` Եվրոպական կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն 6-րդ հոդվածի երաշխիքներից (...) (տե՛ս Ստարոշչկն ընդդեմ Լեհաստանի թիվ 59519/00 գանգատով Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, կետ 125):

Դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին անդրադարձ է կատարել նաև Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում` այդ կապակցությամբ հայտնելով որոշ սկզբունքային իրավական դիրքորոշումներ: Մասնավորապես, անդրադառնալով սահմանադրորեն երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` Սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

Մեկ այլ, այն է` 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է:

Ըստ Սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման` դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:

Բացի այդ, Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Բողոքարկման իրավունքի և այդ համատեքստում նաև դատարանի մատչելիության վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական դատավարության մասնակիցներն են գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված փաստաթղթերի բնօրինակները դատարանի ստուգելուց հետո կարող են վերադարձվել այն ներկայացրած անձին` դատարանի հաստատած պատճենները կցելով գործի նյութերին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ` դատական ակտը բողոքարկելու:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` (...) ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ է տվել նոր խախտումներ:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու դատարան` իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար: Դրանում ի նկատի ունենալով նաև բողոքարկման իրավունքը` օրենսդիրը սահմանել է, որ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք: Անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչի կարգավիճակին` օրենսդիրը նշել է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցներ են գործին մասնակցող անձանց ներկայացուցիչները և վերջիններս գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձինք են:

Միևնույն ժամանակ օրենսդիրն անդրադարձել է քաղաքացիական դատավարության շրջանակներում ներկայացուցչի միջոցով գործին մասնակցող անձի հանդես գալու կարգին` նշելով, որ գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել ներկայացուցչի միջոցով և այդ դեպքում` ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթղթի բնօրինակը դատարանի ստուգելուց հետո կարող է վերադարձվել այն ներկայացրած անձին` դատարանի հաստատած պատճենը կցելով գործի նյութերին:

Վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը, միաժամանակ ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը, և նման պայմանների չպահպանման դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է: Այն դեպքում, երբ բողոք ներկայացրած անձը բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ է տվել նոր խախտում, նման բողոքի ընդունումը մերժվում է:

Օրենսդիրը նշել է, որ դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ` դատական ակտը բողոքարկելու, որի կատարման համար լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

i

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտերի բողոքարկման իրավունքը անձի` Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

i

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), (տե՛ս, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը):

Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը կարևորելով դատավարական ներկայացուցչությունը, որպես դատական պաշտպանության արդյունավետ միջոց, սահմանել է վերաքննիչ բողոքին պարտադիր կցել ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը (լիազորագիրը), եթե վերաքննիչ բողոքը բերվել է (ստորագրվել է) ներկայացուցչի կողմից (տե՛ս, Հարություն Բետխեմյանն ընդդեմ Հայկ Բետխեմյանի, Գրիգոր Բետխեմյանի, Ալվարդ Բետխեմյանի թիվ ԵԴ/33311/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.04.2021 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 03.12.2024 թվականի որոշմամբ Կազմակերպության հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է (գործի հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 150-154):

Դատարանի նշված որոշման դեմ Կազմակերպության ներկայացուցիչ Էմանուել Անանյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք (գործի հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 6-13):

Վերաքննիչ դատարանի 29.01.2025 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) վերաքննիչ բողոքը «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի անունից ստորագրել է Էմանուել Անանյանը, մինչդեռ և՛ սույն գործի նյութերում, և՛ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերի ցանկում բացակայում է «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի կողմից վերաքննիչ բողոքը ստորագրած անձ` Էմանուել Անանյանին տրված բնօրինակ լիազորագիր, որը հիմք կհանդիսանար վերաքննիչ բողոքը ստորագրած անձի լիազորությունները հավաստելու համար:

Ինչ վերաբերում է սույն քաղաքացիական գործի նյութերում առկա «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի կողմից Էմանուել Անանյանին 30.06.2022թ. տրված լիազորագրին, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված լիազորագիրը հիմք չի հանդիսանում սույն վերաքննիչ բողոքը ստորագրած անձ Էմանուել Անանյանի լիազորությունները հաստատելու համար, քանի որ այն պատճենի տեսքով է: (...)»: (գործի հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 18):

Վերաքննիչ դատարանը 21.02.2025 թվականին կայացրել է «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում հետևյալ պատճառաբանությամբ` «(...) բողոք բերող անձի կողմից 12.02.2025թ. և 13.02.2025թ. կրկին ներկայացված վերաքննիչ բողոքներում բողոք բերող անձի կողմից թույլ է տրվել նոր խախտում, այն է` վերաքննիչ բողոքը ստորագրած փաստաբան Էմանուել Անանյանին դատական ակտը բողոքարկելու լիազորություն չի վերապահվել, մասնավորապես, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքներին կցված «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի կողմից վերաքննիչ բողոքը ստորագրած անձ` Էմանուել Անանյանին 02.09.2024թ. տրված լիազորագրերով փաստաբան Էմանուել Անանյանին չի վերապահվել դատական ակտը բողոքարկելու լիազորություն: (...)»: (գործի հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 85):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով վերը նշված հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու կապակցությամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վերաքննիչ դատարանի 29.01.2025 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո Կազմակերպության ներկայացուցիչ Էմանուել Անանյանը Դատարանի 03.12.2024 թվականի որոշման դեմ կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք` դրան կից ներկայացնելով Կազմակերպության տնօրենի կողմից 02.09.2024 թվականին երեք տարի ժամկետով տրված լիազորագիր, որով Էմանուել Անանյանը լիազորվել է Կազմակերպության և վերջինիս տնօրենի անունից հանդես գալու (...) ՀՀ դատական բոլոր ատյաններում` (...) վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում` կատարելով մի շարք դատավարական գործողություններ, այդ թվում` ստորագրել և /կամ/ ներկայացնել վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ:

Քննարկվող պարագայում, Դատարանի 03.12.2024 թվականի «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի ներածական մասում նշված է «Բողոք բերող` թիվ ԵԴ/24298/02/22 քաղաքացիական գործով պատասխանող «Մուշ Թաուերս» ՍՊ ընկերություն», իսկ հաջորդ տողում առանձին նշված է «Պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Էմանուել Սերգեյի Անանյան», ավելին` վերաքննիչ բողոքը ստորագրել է Էմանուել Անանյանը, ով հանդես է գալիս Կազմակերպության տնօրենի կողմից 02.09.2024 թվականին տրված լիազորագրի հիման վրա: Նշված լիազորագիրը ներկայացվել է վերաքննիչ բողոքին կից: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպությունը Դատարանի 03.12.2024 թվականի «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը բողոքարկելու իր իրավունքը նպատակ է ունեցել իրացնել ներկայացուցչի, տվյալ դեպքում` Էմանուել Անանյանի միջոցով, որպիսի հանգամանքով պայմանավորված էլ Էմանուել Անանյանը Կազմակերպության անունից` վերջինիս կողմից 02.09.2024 թվականին տրված լիազորագրի հիման վրա, ներկայացրել է վերաքննիչ բողոք` բողոքի ներածական մասում նշելով իր անունը` որպես Կազմակերպության ներկայացուցիչ: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ լիազորագրում առկա «ստորագրել և /կամ/ ներկայացնել վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ» ձևակերպումը իր բովանդակությամբ համընկնում է դատական ակտի բողոքարկման լիազորության էությանը և տվյալ իրավիճակում չի կարող մեկնաբանվել այլ կերպ:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ սույն գործով Դատարանի 03.12.2024 թվականի «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է նշված որոշումը Կազմակերպության անունից բողոքարկելու իրավունք ունեցող անձի` Էմանուել Անանյանի կողմից, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել առ այն, որ սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է դրա իրավունքը չունեցող անձի կողմից, որպիսի պատճառաբանությամբ էլ անհիմն կերպով մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումը:

Ինչ վերաբերում է լիազորագրի բնօրինակի հետ կապված վճռաբեկ բողոքում բերված փաստարկներին, ապա այս մասով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ քննարկվող որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է ոչ թե այն հիմքով, որ բողոքին կից ներկայացված լիազորագիրը բնօրինակի տեսքով չի ներկայացվել, այլ այն հիմքով, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված Կազմակերպության կողմից վերաքննիչ բողոքը ստորագրած անձ` Էմանուել Անանյանին 02.09.2024 թվականին տրված լիազորագրով վերջինիս չի վերապահվել դատական ակտը բողոքարկելու լիազորություն, ուստի վճռաբեկ բողոքով բարձրացված այդ հարցին չի անդրադառնում:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, 21.02.2025 թվականին կայացնելով «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ և 372-րդ հոդվածները` միաժամանակ սահմանափակելով Կազմակերպության` Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 21.02.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար: Ընդ որում նշված որոշումը վերացնելու դեպքում Կազմակերպության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ենթակա է վարույթ ընդունման, եթե բացակայեն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այլ հիմքեր, կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքեր:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կազմակերպության կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված է եղել նաև վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, որին Վերաքննիչ դատարանն իր 21.02.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ անդրադարձ չի կատարել` պատճառաբանելով, որ «Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ բողոք բերող անձի կողմից ներկայացված միջնորդությանը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը նշված պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու պայմաններում Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում նշված միջնորդությանը»:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.02.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Գ. Հակոբյան

Զեկուցող Ն. Հովսեփյան

Ա. Աթաբեկյան

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421204298489

 

pin
Վճռաբեկ դատարան
13.03.2026
N ԵԴ/24298/02/22
Որոշում