ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Կենտրոն և Նորք-Մարաշ Քաղաքացիական գործ թիվ 3-210 (Ա)
համայնքների առաջին ատյանի դատարանի վճիռ 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ 2-2032/2006 թ.
Նախագահող դատավոր` Մ. Մարտիրոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
2007 թվականի մարտի 2-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 25.07.2006 թվականի թիվ 2-2032 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Սպանդարյան-1 հարկային տեսչության (այսուհետ` տեսչություն) հայցի ընդդեմ Արմեն Մկրտչյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է պատասխանողից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 100 000 ՀՀ դրամ:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 25.07.2006 թվականի թիվ 2-2032 վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Արմեն Մկրտչյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք է հանդիսանում վարչական իրավախախտման գործի քննության մասին պատասխանողի պատշաճ ծանուցված լինելը:
Ա. Մկրտչյանը թեև նախազգուշացված է եղել սուտ բացատրություն տալու համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի հատկանիշներով պատասխանատվության մասին, սակայն վարչական պատասխանատվությունից խուսափելու համար արհեստական ապացույցներ ստեղծելու նպատակով քաղաքացիական գործի ընթացքում սուտ բացատրություններ է տվել` թաքցնելով պատշաճ կարգով ծանուցված լինելու հանգամանքը:
Այդ կապակցությամբ 2006 թվականի հոկտեմբերի 2-ին քրեական գործ է հարուցվել «Հայպեռլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի նկատմամբ: 25.09.2006 թվականին կազմված «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության փոստատար Գնել Գաբրիելյանի, «Հայարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության պահակ Հրանտ Նիկողոսյանի, «Հայպեռլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` նաև ընկերություն) հաշվապահ Մ. Հակոբյանի, ընկերության տնօրեն Ա. Մկրտչյանի բացատրությունների համաձայն` «Հայպեռլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա. Մկրտչյանը ստացել է 03.04.2006 թվականի թիվ 100, 06.04.2006 թվականի թիվ 212, 07.04.2006 թվականի թիվ 519 և 20.04.2006 թվականի թիվ 946ա անդորրագրերին համապատասխան պատվիրված նամակները:
Տվյալ փաստը սույն գործի համար հանդիսանում է էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 25.07.2006 թվականի թիվ 2-2032 վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.
Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը պատասխանին կից ներկայացնելով Կենտրոն քննչական բաժնի թիվ 61205206 քրեական գործի վարույթը կարճելու մասին 21.02.2007 թվականի որոշումը` խնդրել է ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը մերժել` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 25.07.2006 թվականի թիվ 2-2032 վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, քանի որ իր կողմից կատարված արարքում բացակայել է հանցակազմը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 2006 թվականի ապրիլի 3-ի թիվ 100 անդորրագրով հարկային մարմինը պատվիրված նամակ է ուղարկել Ա. Մկրտչյանին` ծանուցելով որպես վարչական պատասխանատվության ենթարկվողի 2006 թվականի ապրիլի 6-ին ներկայանալու մասին` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմելուն ու քննարկմանը մասնակցելու համար: Ա. Մկրտչյանը չի ներկայացել, որից հետո կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 91 արձանագրությունը, որը պատվիրված նամակով նույն օրը` 2006 թվականի ապրիլի 6-ին, թիվ 212 անդորրագրով ուղարկվել է Ա. Մկրտչյանին:
2) 2006 թվականի ապրիլի 7-ին 519 անդորրագրով կրկին անգամ պատվիրված նամակ է ուղարկվել Ա. Մկրտչյանին` ծանուցելով որպես վարչական պատասխանատվության ենթարկվող անձի 2006 թվականի ապրիլի 10-ին ներկայանալու համար` վարչական իրավախախտման գործի վերաբերյալ քննարկմանը և որոշման կայացմանը մասնակցելու համար: Ա. Մկրտչյանը կրկին չի ներկայացել, որից հետո կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 029009 որոշումը, որով Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1821-րդ հոդվածով նա 100 000 ՀՀ դրամ գումարի չափով վարչական տույժի է ենթարկվել: 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 946ա անդորրագրով որոշման օրինակը պատվիրված նամակով ուղարկվել է Ա. Մկրտչյանին` ի գիտություն:
3) 25.09.2006 թվականին կազմված բացատրության արձանագրությունում «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության փոստատար Գնել Գաբրիելյանը նշել է, որ 03.04.2006 թվականի թիվ 100, 06.04.2006 թվականի թիվ 212, 07.04.2006 թվականի թիվ 519 և 20.04.2006 թվականի թիվ 946ա անդորրագրերին համապատասխան պատվիրված նամակները հանձնել է հասցեատիրոջը:
4) 25.09.2006 թվականին կազմված բացատրության արձանագրությունում «Հայարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության պահակ Հրանտ Նիկողոսյանը նշել է, որ 03.04.2006 թվականի թիվ 100, 06.04.2006 թվականի թիվ 212, 07.04.2006 թվականի թիվ 519 և 20.04.2006 թվականի թիվ 946ա անդորրագրերին համապատասխան պատվիրված նամակները հանձնել է կամ տնօրեն Ա. Մկրտչյանին, կամ նույն կազմակերպության հաշվապահ Մ. Հակոբյանին:
5) 25.09.2006 թվականին կազմված բացատրության արձանագրությունում «Հայպեռլիտ» բաց բաժնետիրական ընկերության հաշվապահ Մ. Հակոբյանը նշել է, որ 04.04.2006 թվականի թիվ 192 անդորրագրով ստացված նամակը ինքն է ստորագրել և ստացել փոստատարից, ապա` հանձնել Ա. Մկրտչյանին: Իսկ 03.04.2006 թվականի թիվ 100, 06.04.2006 թվականի թիվ 212, 07.04.2006 թվականի թիվ 519 և 20.04.2006 թվականի թիվ 946ա անդորրագրերին համապատասխան պատվիրված նամակները ստացել են ընկերության աշխատակիցները և կրկին հանձնել տնօրեն Ա. Մկրտչյանին:
6) 25.09.2006 թվականին կազմված բացատրության արձանագրությունում «Հայպեռլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա. Մկրտչյանը նշել է, որ 03.04.2006 թվականի թիվ 100, 06.04.2006 թվականի թիվ 212, 07.04.2006 թվականի թիվ 519 և 20.04.2006 թվականի թիվ 946ա անդորրագրերին համապատասխան պատվիրված նամակներն ստացվել են «Հայպեռլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ: Նշված նամակներին զբաղված լինելու պատճառով ինքը ժամանակին չի ծանոթացել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման համար հիմք են գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց:
25.09.2006 թվականին կազմված «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության փոստատար Գնել Գաբրիելյանի, «Հայարդնախագիծ» բաց բաժնետիրական ընկերության պահակ Հրանտ Նիկողոսյանի, «Հայպեռլիտ» բաց բաժնետիրական ընկերության հաշվապահ Մ. Հակոբյանի, «Հայպեռլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա. Մկրտչյանի բացատրություններում արձանագրված` Ա. Մկրտչյանի կողմից 03.04.2006 թվականի թիվ 100, 06.04.2006 թվականի թիվ 212, 07.04.2006 թվականի թիվ 519 և 20.04.2006 թվականի թիվ 946ա անդորրագրերին համապատասխան պատվիրված նամակները ստացված լինելու հանգամանքը սույն գործի համար հանդիսանում է էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք, քանի որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 25.07.2006 թվականի թիվ 2-2032 վճռի պատճառաբանական մասում նշված է, որ տեսչության կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելիս խախտողից բացատրություն չի վերցվել, Ա. Մկրտչյանը չի ստորագրել արձանագրությունը, և առկա չէ նշում ստորագրելուց հրաժարվելու մասին, վարչական իրավախախտման գործը քննվել է խախտողի բացակայությամբ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածով նախատեսված գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց հիմքը:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանի այն փաստարկին, որ բողոքը ենթակա է մերժման այն պատճառով, որ Ա. Մկրտչյանի արարքում բացակայել է հանցակազմը, ապա Վճռաբեկ դատարանը սույն գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ գտնում է, որ սույն գործի տեսանկյունից էական է ոչ թե տվյալ անձի կողմից սուտ ցուցմունք տալու հանգամանքը, այլ` տվյալ գործի համար նոր երևան եկած այն հանգամանքը, որ «Հայպեռլիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը պատշաճ ծանուցված է եղել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 25.07.2006 թվականի թիվ 2-2032 վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան` նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ