ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով Քաղաքացիական գործ թիվ 3-553 (ՎԴ)
վերաքննիչ դատարանի վճիռ 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ 05-2303/2005 թ.
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
Դատավորներ` Դ. Խաչատրյան
Վ. Ավանեսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
2007 թվականի մարտի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Աննա Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի օգոստոսի 02-ի թիվ 05-2303 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ` ըստ հայցի Անուշ Կարապետյանի ընդդեմ Աշոտ Աբրահամյանի` իրավունքի խախտումը վերացնելու, մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու` իրեն ու իր երեխային վեճի առարկա հանդիսացող բնակարանում բնակեցնելու և որպես վնասի հատուցում գումար բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Անուշ Կարապետյանը պահանջել է վերացնել իրավունքի խախտումը, վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը` իրեն ու իր երեխային բնակեցնել վեճի առարկա հանդիսացող բնակարանում և որպես վնասի հատուցում Աշոտ Աբրահամյանից բռնագանձել 2 420 (երկու հազար չորս հարյուր քսան) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 2005 թվականի հունիսի 17-ի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2005 թվականի օգոստոսի 02-ի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աննա Հովհաննիսյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված` անձի դատաքննությանը մասնակից դարձվելու իրավունքը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Աննա Հովհաննիսյանը Երևանի 26 Կոմիսարների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1989 թվականի մայիսի 20-ի թիվ 10/7 որոշմամբ Ա. Աբրահամյանի հետ միասին ճանաչվել է «Ժամագործ-2» բնակարանային շինարարական կոոպերատիվի բնակարանի փայատեր և 1989 թվականի հունիսի 30-ին գրանցվել է նշված բնակարանում, իսկ սեփականաշնորհման պահից բնակարանը հանդիսացել է ընդհանուր համատեղ սեփականություն:
Վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել Աննա Հովհաննիսյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, սակայն վերջինիս չի ներգրավել դատաքննությանը:
Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2005 թվականի օգոստոսի 02-ի վճռի` Անուշ Կարապետյանին և Դավիթ Աբրահամյանին բնակարանում բնակեցնելու մասը, այդ մասով դատական ակտը փոփոխել և հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Արաբկիրի տարածքային բաժնի 2006 թվականի ապրիլի 27-ի թիվ 39 տեղեկանքի համաձայն` Աշոտ Աբրահամյանի և Աննա Հովհաննիսյանի ամուսնության գրանցումը կատարվել է 1988 թվականի սեպտեմբերի 02-ին, իսկ ամուսնությունը լուծվել է 1992 թվականի օգոստոսի 21-ին:
2) Երևանի 26 Կոմիսարների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1989 թվականի ապրիլի 20-ի թիվ 10/7 որոշմամբ Ա. Աբրահամյանը կնոջ հետ միասին ճանաչվել է «Ժամագործ-2» բնակարանային շինարարական կոոպերատիվի Երևանի Գայդարի 12 շենքի թիվ 57 բնակարանի փայատեր և 1989 թվականի մայիսի 30-ին հաշվառվել է նշված հասցեում (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
3) Երքաղխորհրդի գործկոմի 1996 թվական սեպտեմբերի 04-ի թիվ 16/3 որոշման հիման վրա` Երևանի Գայդարի 12 շենքի թիվ 57 բնակարանը սեփականաշնորհվել է և 1997 թվականի հունվարի 05-ին տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
4) Վերաքննիչ դատարանի կողմից Աննա Հովհաննիսյանին 2005 թվականի օգոստոսի 02-ի դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ, Վերաքննիչ դատարանը գործը քննել է նրա բացակայությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով Անուշ Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ Աննա Հովհաննիսյանի` իրավունքի խախտումը վերացնելու, մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու` իրեն ու իր երեխային վեճի առարկա հանդիսացող բնակարանում բնակեցնելու և որպես վնասի հատուցում գումար բռնագանձելու պահանջներով: Վերաքննիչ դատարանը, բավարարելով հայցը, վճռել է հայցվորին որդու` Դավիթ Աբրահամյանի հետ բնակեցնել Երևան քաղաքի Գայդարի 12 շենքի թիվ 57 բնակարանում, Աշոտ Աբրահամյանից բռնագանձել 2 420 (երկու հազար չորս հարյուր քսան) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որպես վնասի փոխհատուցում:
Սույն վեճի նկատմամբ կիրառելի «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 1999 թվականի հունվարի 1-ին) 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բնակարանային, բնակշինարարական և այլ կոոպերատիվների այն անդամը, որը լրիվ մուծել է իր փայը բնակարանի կամ իր օգտագործմանը տրված այլ շինության համար, ձեռք է բերում այդ գույքի սեփականության իրավունք:
Երևանի 26 Կոմիսարների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1989 թվականի մայիսի 20-ի թիվ 10/7 որոշման հիման վրա` Աննա Հովհաննիսյանի և Աշոտ Աբրահամյանի վեճի առարկա հանդիսացող բնակարանի փայատերեր ճանաչվելը և նշված բնակարանի սեփականաշնորհումը հիմք են տալիս հանգելու հետևության, որ Աննա Հովհաննիսյանը «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով նշված բնակարանի նկատմամբ ձեռք է բերել համատեղ սեփականության իրավունք (տես` «Արարատ բանկ» փակ բաժնետիրական ընկերություն ընդդեմ Միսակ Ադուլյանի, Մարի Ադուլյանի, երրորդ անձ` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշ տարածքային ստորաբաժանման, Նաիրա Ադուլյանի, 02.03.2007 թ., քաղաքացիական գործ թիվ 3-52/ՎԴ (բնակարանի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու, բաժնի չափը որոշելու, դատավճռով սահմանված գումարի բռնագանձումն այդ բաժնի վրա տարածելու, ընդհանուր գույքից այն առանձնացնելու և հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջներով)):
Փաստորեն, վերը նշված բնակարանի համասեփականատեր Աննա Հովհաննիսյանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:
i
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տես` Գյումրու քաղաքապետարան ընդդեմ Ֆելիքս Թորոսյան, 17.11.2006 թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով)):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
Ինչ վերաբերվում է բողոք բերած անձի` դատական ակտը փոփոխելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով նրա կողմից վկայակոչված իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա: Այդ իսկ պատճառով դրանք չեն կարող հանդիսանալ Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա, և հետևաբար դատական ակտը փոփոխելու հիմք:
Այսպիսով, սույն բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի օգոստոսի 02-ի վճռի` Անուշ Կարապետյանին և Դավիթ Աբրահամյանին բնակարանում բնակեցնելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի օգոստոսի 02-ի վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ