ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 26-Լ
i
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԽՈՇՏԱՆԳՄԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՏԵՍԱԳՐՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ, ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏԵՍԱԳՐՄԱՆՆ ԱՌՑԱՆՑ ՀԵՏԵՎԵԼՈՒ, ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 17-Լ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԻՐՏԵԿ |
25.07.2022 թիվ 26-Լ հրամանի վերնագրում գրված է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2020 թվականի մարտի 31-ի N 17-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» բառերը, սակայն հրամանի տեքստում նշված հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին դրույթ չկա |
i
Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 5.1-ին հոդվածի 8-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ, 37-րդ հոդվածները և ղեկավարվելով ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել
1) Մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումներում տեղադրված տեսագրող համակարգերի տեխնիկական բնութագրերը` համաձայն N 1 հավելվածի.
2) Մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումներում տեղադրված տեսագրող համակարգերի միջոցով իրականացվող տեսագրությունների պահպանման և օգտագործման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) Տեսագրմանն առցանց հետևելու, տեսագրություններին հասանելիություն ունեցող ոստիկանության ծառայողների շրջանակը` համաձայն N 3 հավելվածի:
2. Ոստիկանության ստորաբաժանումներում սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված տեխնիկական բնութագրերին համապատասխան տեսագրող համակարգերի տեղադրումից (ընդունում-հանձնումից) հետո տվյալ համակարգերը պատշաճ շահագործելու և սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված տեխնիկական բնութագրերին համապատասխանությունն ապահովելու համար պատասխանատվություն է կրում տվյալ ստորաբաժանման ղեկավարը:
3. Սահմանել, որ ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերի կամ ելքերի մոտ իրականացվող տեսագրությունները պահպանվում են տվյալ ստորաբաժանման տեսագրող (MVR) սարքում, որի տեխնիկական սպասարկման համար պատասխանատու ստորաբաժանում է Ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը, իսկ կառավարման համար` Ոստիկանության շտաբը.
4. Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված հարցաքննությունների տեսաձայնագրությունները ոչնչացվում են սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում:
5. Հրամանի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Ֆիդանյանին:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ Վ. ՂԱԶԱՐՅԱՆ
25 հուլիսի 2022թ.
Երևան
Հավելված N 1
ՀՀ ոստիկանության պետի
2022 թ. հուլիսի 25-ի
թիվ 26-Լ հրամանի
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԽՈՇՏԱՆԳՄԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՏԵՍԱԳՐՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ
1. Սույն հավելվածում ամրագրված պահանջները ներկայացվում են մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերին ու ելքերին տեղադրված տեսագրող համակարգերին:
2. Տեսագրող համակարգը կազմակերպվում է տեսագրող սարքից և տեսախցիկներից:
3. Տեսագրող սարքը պետք է ունենա համապատասխան քանակի տեսախցիկների մուտքեր, կախված տվյալ ստորաբաժանման շենքի կառուցվածքային առանձնահատկություններից:
4. Տեսագրող սարքը պետք է ունենա համապատասխան ծավալի կոշտ սկավառակ` ապահովելով տեսագրությունների պահպանումը երեք ամիս ժամկետով:
5. Տեսախցիկները տեղադրվում են Ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերի և ելքերի այն հատվածներում և այնպիսի անկյան տակ, որ հնարավոր լինի հստակ ֆիքսել անձի մուտքը (ելքը) ոստիկանության տվյալ ստորաբաժանում:
6. Տեսախցիկները պետք է ունենան տեխնիկական այնպիսի բնութագրեր, որոնք գիշերային կամ վատ տեսանելիության պայմաններում կապահովեն տեսագրման բարձր որակ:
7. Տեսագրող համակարգը պետք է համապատասխանի տեխնիկական միջոցի կիրառման նպատակին, վայրի, տարածքի ընդհանուր մակերեսին, սենյակի կառուցվածքին:
8. Տեսագրությունն իրականացվում է գունավոր եղանակով:
9. Յուրաքանչյուր տեսագրություն ինքնաշխատ կերպով պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը` ստորաբաժանում, օր, ամիս, տարեթիվ, ժամ, րոպե, վայրկյան, տեսախցիկի համար, տեղադրման վայր:
10. Տեսագրմանն առցանց հետևելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ծառայող պետք է ունենա իր առանձին օգտանունը և գաղտնաբառը:
11. Տեսագրությունները պահպանվում են ստորաբաժանումների տեսագրող (MVR) սարքերում, որոնց հասանելիությունները պետք է կարգաբերված լինեն հետևյալ եղանակով`
1) առցանց դիտում.
2) տեսագրությունների դիտարկում և վերբեռնում.
3) ադմինիստրատոր:
12. Տեսագրությունը վերբեռնելուց հետո համապատասխան ծրագրային ապահովման միջոցով պետք է մշակվի այն` մթնեցնելով տեսանյութում երևացող այլ անձանց դեմքերը և տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը:
13. Տեսագրող համակարգերի տեղադրումից առաջ Ոստիկանության յուրաքանչյուր ստորաբաժանման համար առանձին Ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության կողմից կազմվում է մանրամասն տեխնիկական բնութագիր` տվյալ ստորաբաժանման շենքային առանձնահատկություններից ելնելով:
14. Տեսագրող սարքում ամրագրված ամսաթիվը, ժամը և րոպեն պետք է համապատասխանի Ոստիկանության կենտրոնական ժամային սերվերի տվյալներին:
15. Տեսագրող համակարգերի համար օգտագործվող սարքերի (համակարգիչ, տեսախցիկ, միջանկյալ սերվեր, ցանցային կոմուտատորներ) էլեկտրասնուցումը պետք է իրականացվի անխափան սնուցման սարքերի միջոցով:
Հավելված N 2
ՀՀ ոստիկանության պետի
2022 թ. հուլիսի 25-ի
թիվ 26-Լ հրամանի
ԿԱՐԳ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ԽՈՇՏԱՆԳՄԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՏԵՍԱԳՐՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են մարդու իրավունքների պաշտպանության, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դեպքերի կանխարգելման և բացահայտման նպատակով ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերին ու ելքերին տեղադրված տեսագրող համակարգերի միջոցով իրականացվող տեսագրությունների պահպանման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:
2. Ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերին ու ելքերին տեղադրված տեսագրող համակարգերի (այսուհետ` տեսագրող համակարգ) միջոցով տեսագրություններն (այսուհետ` տեսագրություն) իրականացվում են անընդհատ: Իրականացվող տեսագրություններն առցանց փոխանցվում են Ոստիկանության տվյալ ստորաբաժանումում գտնվող տեսագրող (MVR) սարքի հիշողություն և այնտեղ պահպանվում երեք ամիս:
3. Տեսագրող (MVR) սարքերում պահպանվող տեսանյութերը չեն կարող փոխանցվել այլ անձի, բացառությամբ «Ոստիկանության մասին» օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված դեպքերի:
4. Տեսագրող (MVR) սարքերում առկա տեսագրությունները «Ոստիկանության մասին» օրենքի համաձայն` տրամադրվում են.
1) քրեական վարույթն իրականացնող մարմնին.
2) Մարդու իրավունքների պաշտպանին` իր իրավասությունների սահմաններում սկսված քննարկման շրջանակում.
3) ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի անդամներին:
5. Տեսագրող (MVR) սարքերում պահպանվող տեսագրությունների տրամադրման գործընթացը ապահովվում է Ոստիկանության շտաբի կողմից:
6. Տեսագրությունը ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի անդամներին տրամադրվում է գրավոր դիմումը Ոստիկանությունում մուտքագրվելուց հետո հինգ օրվա ընթացքում:
7. Տեսագրությունը քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
8. Տեսագրությունը Մարդու իրավունքների պաշտպանին` իր իրավասությունների սահմաններում սկսված քննարկման շրջանակում, տրամադրվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներում:
9. Տեսագրությունը ստանալու վերաբերյալ` սույն կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված անձանց կողմից ներկայացված դիմումը Ոստիկանությունում ստացվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Ոստիկանության շտաբի կողմից պարզվում է տեսագրության մեջ նախնական քննության տվյալների առկայության հավանականությունը և անհրաժեշտության դեպքում 2 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր հարցում է ներկայացվում համապատասխան քրեական վարույթն իրականացնող մարմնին` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով գրավոր թույլտվություն ստանալու համար: Այդ մասին գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով տեսագրությունը տրամադրելու հետաձգման պատճառները:
10. Եթե քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվում է տեսագրության տրամադրման վերաբերյալ բացասական կարծիք, ապա դրա տրամադրումը մերժվում է:
11. Տեսագրությունը կարող է տրամադրվել նաև սույն կարգի 4-րդ կետում չնշված անձանց (իրենց վերաբերող մասով)` համապատասխան դիմումը Ոստիկանությունում մուտքագրվելուց հետո, «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և ժամկետներում` երրորդ անձանց անձնական տվյալները ապանձնավորելուց հետո:
12. Տեսագրությունները պահպանելու համար սահմանված ժամկետները լրանալու դեպքում դրանք ենթակա են ոչնչացման:
13. Տեսագրությունների ոչնչացումը իրականացվում է ինքնաշխատ եղանակով դրանց պահպանության համար սույն կարգի 2-րդ կետով սահմանված ժամկետների ավարտի օրվան հաջորդող օրը` ժամը 24.00-ից ոչ ուշ:
14. Տեսագրությունը սույն կարգի համաձայն որևէ անձի տրամադրելու և տրամադրումը մերժելու մասին տեղեկությունները հաշվառվում են Ոստիկանության շտաբի կողմից:
Հավելված N 3
ՀՀ ոստիկանության պետի
2022 թ. հուլիսի 25-ի
թիվ 26-Լ հրամանի
ՏԵՍԱԳՐՄԱՆՆ ԱՌՑԱՆՑ ՀԵՏԵՎԵԼՈՒ, ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
1. Ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերին ու ելքերին տեղադրված տեսագրող համակարգերի միջոցով իրականացվող տեսագրմանն առցանց հետևելու իրավունքն ունեն`
1) Ոստիկանության պետը.
2) Ոստիկանության պետի տեղակալները.
3) Ոստիկանության շտաբի պետը կամ նրա կողմից լիազորված ոստիկանության այլ ծառայող.
4) Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը կամ նրա կողմից լիազորված ոստիկանության այլ ծառայող.
5) Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետը կամ նրա կողմից լիազորված ոստիկանության այլ ծառայող.
6) Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը կամ նրա կողմից լիազորված ոստիկանության այլ ծառայող.
7) Ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը և ստորաբաժանման հերթապահը:
2. Ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերի ու ելքերի տեսագրություններին դրանց պահպանման ողջ ժամանակահատվածում կարող են հասանելիություն ունենալ (դիտել կամ ստանալ) ոստիկանության հետևյալ ծառայողները`
1) Ոստիկանության շտաբի պետը կամ նրա կողմից լիազորված ոստիկանության այլ ծառայող.
2) Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը կամ նրա կողմից լիազորված ոստիկանության այլ ծառայող.
3) Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը կամ նրա կողմից լիազորված այլ ծառայող.
4) Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետը կամ նրա կողմից լիազորված ոստիկանության այլ ծառայող.
5) Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի անդամ հանդիսացող ոստիկանության ծառայողները:
3. Սույն հավելվածի 2-րդ կետում նշված անձինք ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերի ու ելքերի տեսագրությունները դիտելու և (կամ) ստանալու նպատակով պաշտոնական գրությամբ դիմում են Ոստիկանության շտաբի պետին` ներկայացնելով հիմնավորումներ համապատասխան տեսագրությունը դիտելու (ստանալու) անհրաժեշտության վերաբերյալ:
4. Տեսագրությունը դիտելու և (կամ) ստանալուց հետո Ոստիկանության շտաբի պետը (կամ նրա կողմից լիազորված ծառայողը) հավաստիանալով տեսագրությունը` դիմող ոստիկանության ծառայողի կողմից դիտելու (ստանալու) անհրաժեշտության մեջ, 2 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս համար ապահովում է տեսագրության հասանելիություն` միաժամանակ նախազգուշացնելով անձնական կամ նախնական քննության տվյալների հրապարակման համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին (ՀՀ Քրեական օրենսգրքի 483-րդ հոդված, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.17-րդ հոդված): Եթե գրությամբ ներկայացված չեն տեսագրությունը դիտելու կամ ստանալու անհրաժեշտության հիմնավորումներ, ապա հասանելիության ապահովումը գրավոր եղանակով մերժվում է:
Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 28 հուլիսի 2022 թվական: