ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
ԹԻՎ 4-Լ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի «Նախարարությանը ենթակա մարմինների ենթակայությունը սահմանելու մասին» թիվ 580-Ա որոշման 1-ին կետի 6.1-րդ ենթակետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը:
3. Մասնավոր պահնորդական կազմակերպությունների նկատմամբ հսկողության իրականացման, լիցենզավորման գործընթացի, ինչպես նաև զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության գործառույթներն իրականացվում են Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության մասնագիտացված ծառայությունների կողմից` մինչև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններն ուժի մեջ մտնելը:
4. Սույն հրամանի հավելվածի 25-րդ կետի 1-ին, 8-րդ, 10-րդ, 26-րդ կետի 1-4-րդ ու 6-9-րդ, ինչպես նաև 28-րդ կետի 2-րդ ենթակետերով նախատեսված ստորաբաժանումները շարունակում են համապատասխանաբար քաղաքականության մշակման, դրա իրականացման նկատմամբ հսկողության, պլանավորման, միջազգային համագործակցության, Ոստիկանության ստորաբաժանումների գործունեության նկատմամբ վերահսկողության, փորձաքննությունների կատարման, Ոստիկանության ծառայողների կողմից ենթադրյալ խախտումների դեպքերով ծառայողական քննության իրականացման, նման խախտումների հայտնաբերման, Ոստիկանության գործունեության իրավական, ֆինանսատնտեսական ապահովման, գնումների, Ոստիկանության կադրերի ընտրության, տեղաբաշխման, վերջիններիս ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստության աշխատանքների իրականացման, փաստաթղթաշրջանառության, գաղտնիության ռեժիմի ապահովման, հասարակայնության հետ կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու շահագործման ոլորտների գործառույթների իրականացումը` մինչև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններն ուժի մեջ մտնելը:
5. Ոստիկանության բժշկական վարչությունը, դրան ենթակա պոլիկլինիկան, հիգիենիկ համաճարակային հսկողության կենտրոնը, Ոստիկանության բժշկական հանձնաժողովը շարունակում են իրենց գործունեությունը մինչև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-461-Ն օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասում նշված իրավական ակտն ուժի մեջ մտնելը:
6. Ոստիկանության պետին` սույն հրամանի 4-րդ կետով սահմանված գործառույթներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը դադարեցնելու համար Ոստիկանության կանոնադրության փոփոխություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հաստատմանը մինչև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը, իսկ 5-րդ կետում նշված ստորաբաժանումների գործունեությունը դադարեցնելու համար` մինչև տվյալ կետում նշված իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը:
7. Պարեկային ծառայությունը վերակազմավորել գլխավոր վարչության իրավունքով Ոստիկանության պարեկային ծառայության:
8. Դադարեցնել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, դրան ենթակա բաժինների, բաժանմունքների, խմբերի գործունեությունը:
Վ. ՂԱԶԱՐՅԱՆ
«14» 03 2023թ.
ք. Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
ներքին գործերի նախարարի
2023թ. մարտի 14-ի
թիվ 4-Լ հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը (այսուհետև` Ոստիկանություն) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը (այսուհետև` Նախարարություն) ենթակա մարմին է:
2. Ոստիկանությունը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
3. Ոստիկանությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրերի, օրենքների, իրավական այլ ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:
4. Ոստիկանության անվանումն է`
1) հայերեն` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն.
2) ռուսերեն` Полиция Министерства внутренних дел Республики Армения.
3) անգլերեն` Police of the Ministry of Internal Affairs of the Republic of Armenia.
4) ֆրանսերեն` Police du Ministere de l'interieur de la Republique d'Armenie:
5. Ոստիկանությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն, ռուսերեն ու անգլերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր:
6. Ոստիկանությունը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
7. Ոստիկանության կառուցվածքում ընդգրկվում են Ոստիկանության պետի, Ոստիկանության պետի տեղակալի, Ոստիկանության պետի օգնականի պաշտոնները և կառուցվածքային ստորաբաժանումները:
8. Ոստիկանության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նալբանդյան 130:
II. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
9. Ոստիկանության նպատակներն են`
1) մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, հասարակության և պետության շահերի պաշտպանությունը հակաիրավական ոտնձգություններից.
2) իր լիազորությունների սահմաններում օրինականության և իրավակարգի պահպանումն ու պաշտպանությունը:
10. Ոստիկանության խնդիրներն են` ապահովել`
1) մարդու անվտանգությունը` օրենքով նախատեսված դեպքերում.
2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը.
3) հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական վարույթի շրջանակներում հետաքննության իրականացումը.
4) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը.
5) սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը.
6) օրենքով նախատեսված դեպքերում ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս, օգնություն ցույց տալը:
III. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Ոստիկանության գործառույթներն են`
1) օպերատիվ իրավիճակի շուրջօրյա վերահսկումը և կառավարումը, հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումների ու հաղորդումների ընդունումը, գրանցումը, հաշվառումը և դրանց համապատասխան ընթացք տալը, իրավախախտման (պատահարի) վայրի պահպանությունը.
2) օպերատիվ-հետախուզական, քրեադատավարական և վարչաիրավական գործունեության իրականացումը, ինչպես նաև ապացուցողական և վարույթային այլ գործողությունների կատարմանն օժանդակությունը.
3) անդրազգային և կազմակերպված այլ հանցավորության դեմ պայքարի գերատեսչական ուղղությունների ու մարտավարության մեխանիզմների մշակումը և իրականացումը.
4) ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերի շրջանակներում օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների կամ միջազգային կազմակերպությունների հետ օպերատիվ բնույթի տեղեկատվության փոխանակման նպատակով անմիջական հաղորդակցության և համատեղ միջոցառումների իրականացումը.
5) քննությունից, դատից, պատիժը կրելուց խուսափող անձանց, քաղաքացիական գործերով պատասխանողների (պարտապանների), հափշտակված գույքի հետախուզման, անհայտ կորած, մերձավոր ազգականների հետ կապը կորցրած անձանց հայտնաբերման կազմակերպումը և իրականացումը, չճանաչված դիակների, հիվանդության կամ տարիքի պատճառով իրենց մասին տեղեկություն հայտնել չկարողացող անձանց ինքնության պարզումը.
6) ոչ հոժարակամ հետազոտությունից կամ բուժումից կամ ոչ հոժարակամ հոսպիտալացումից խուսափող անձանց, օրենքով սահմանված կարգով և դեպքերում, բժշկական կամ հոգեբուժական կազմակերպություն տեղափոխելը.
7) իրավախախտումների կանխարգելման նպատակով հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, ալկոհոլիզմով տառապող հիվանդների, թմրամոլությամբ հիվանդների, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ հիվանդություններով տառապող անձանց նկատմամբ առողջապահական մարմինների հետ համատեղ հսկողության ապահովումը, հոգեկան առողջության խնդիր ունեցող կամ հոգեկան առողջության խնդիր ունենալու մեջ կասկածվող անձանց` օրենքով սահմանված կարգով հոսպիտալացնելու կամ հետազոտելու վերաբերյալ առողջապահական մարմիններ միջնորդություններ ներկայացնելը.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձերբակալված և կալանավորված անձանց պահելու և ուղեկցելու կազմակերպումն ու իրականացումը.
9) օրենքով սահմանված դեպքերում և կարգով վկաների, տուժողների, քրեական դատավարության այլ մասնակիցների, դատավորների, դատախազների, քննիչների, պաշտպանության ենթակա այլ անձանց կյանքը, առողջությունը և (կամ) գույքը պաշտպանելու ուղղությամբ օրենքով նախատեսված միջոցների ձեռնարկումը.
10) իր իրավասության սահմաններում մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության ապահովումը, ինչպես նաև հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի պաշտպանության ապահովումը.
11) պետական պահպանության ենթակա շենքերի, կարևորագույն օբյեկտների, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող այլ օբյեկտների պահպանության իրականացումը, այդ թվում` պայմանագրային հիմունքներով.
12) իրեն հանձնված տիրազուրկ գույքի, գտանքի և գանձերի պահպանությունն ապահովելու ուղղությամբ անհետաձգելի միջոցների ձեռնարկումը` մինչև դրանք համապատասխան պետական մարմիններ կամ պաշտոնատար անձանց հանձնելը, առանց հսկողության մնացած կենդանիների պահպանության ապահովման և սեփականատիրոջը գտնելու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.
13) գտնված և Ոստիկանություն հանձնված փաստաթղթերի, իրերի, թանկարժեք և այլ գույքի պահպանության ապահովումը, օրենքով սահմանված կարգով դրանք օրինական տիրապետողին վերադարձնելու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.
14) հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողի անունից լիազորագրի հիման վրա գործողությունների կատարումը` անշարժ գույքի տարածք ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ.
15) հասարակական վայրերում, ընտրական տեղամասերում, դատական նիստերի ընթացքում (դատարանների միջնորդությամբ) հասարակական կարգի պահպանության ապահովումը.
16) մարզական, մշակութային և այլ հանրային միջոցառումների անցկացման ժամանակ (բացի բարեգործական և պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներից) պայմանագրային հիմունքներով հասարակական կարգի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը.
17) մինչև դաստիարակչական հսկողության հանձնելը կամ այլ իրավասու մարմին ներկայացնելը` առանց հսկողության թողնված անչափահասներին պահելը.
18) ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների կիրառումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողության իրականացումը, ընտանիքում բռնություն գործադրած անձանց կանխարգելիչ հաշվառումն ու հաշվառված անչափահասների մշտադիտարկումը, ինչպես նաև ընտանիքում բռնություն գործադրած անչափահաս անձի` վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ուղղորդումը.
19) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը, ճանապարհապարեկային և պարեկային ծառայության կազմակերպումն ու իրականացումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցների ուղեկցումը.
20) թույլտվություններ տալը (ուժը կորցրած ճանաչելը), ինչպես նաև օրենքով նախատեսված սահմանափակ շրջանառություն ունեցող իրերի և առարկաների (զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող և թունավոր նյութեր, ինչպես նաև դրանց բաղադրիչներ և այլն) շրջանառության նկատմամբ հսկողության իրականացումը.
21) հանրապետության տարածքում շրջանառությունն արգելված զենքի` օրենքով սահմանված կարգով անհատույց առգրավումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչնչացումը.
22) Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա մի մասում հայտարարված ռազմական կամ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, արտակարգ իրավիճակների կանխման և վերացման ուղղությամբ պետական միասնական միջոցառումների իրականացմանը, համաճարակների ժամանակ կարանտին միջոցառումների անցկացմանը մասնակցելը.
23) տեխնածին և տարերային աղետների, խոշոր վթարների ու հրդեհների, զանգվածային անկարգությունների, այլ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, ինչպես նաև արտակարգ այլ պատահարների և հատուկ միջոցառումների ժամանակ բնակչության փրկության, առանց հսկողության մնացած գույքի պահպանության և հասարակական կարգի ապահովման աշխատանքներում Ոստիկանության համակարգի ծառայողների ներգրավումը, անհետաձգելի միջոցառումների ձեռնարկումը.
24) իր իրավասության սահմաններում զորահավաքային առաջադրանքների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման կազմակերպումը, ռազմական դրության պայմաններում և խաղաղ ժամանակ ծագած արտակարգ իրավիճակներում Ոստիկանության ծառայությունների մարտունակության բարձրացման համալիր միջոցառումների մշակումն ու իրականացումը.
25) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը Ոստիկանության զորքերի մասնակցության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովումը.
26) հանցավորության և այլ իրավախախտումների վերլուծությունը, ծնող պատճառների և նպաստող պայմանների վերհանումը, դրանց վերացման համար միջոցների ձեռնարկումը, քրեածին իրավիճակի զարգացման կանխատեսումը.
27) հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեմ պայքարի, հասարակական կարգի ու հասարակական անվտանգության ապահովման գործում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ համագործակցությունը.
28) վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված, հետախուզվող անձանց, ինչպես նաև քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների ու փաստաթղթերի հաշվառումը և դրանց վերաբերյալ օրենքով սահմանված կարգով տեղեկությունների տրամադրումը.
29) պետական հաշվառումների իրականացումը, այդ թվում` օպերատիվ, հետախուզական, քրեագիտական, վիճակագրական և այլ տեղեկատվական շտեմարանների ձևավորումը, վարումն ու օգտագործումը, ոստիկանության ստորաբաժանումների տեղեկատվական սպասարկումը և օրենքով սահմանված դեպքերում տեղեկատվության տրամադրումը.
30) Ոստիկանության արխիվային գործի կազմակերպումը և վարումը.
31) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացումը:
IV. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
12. Ոստիկանության կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը (այսուհետ` Նախարար):
13. Նախարարը`
1) հաստատում է Ոստիկանության կանոնադրությունը, այդ թվում` կառուցվածքը.
2) օրենքով նախատեսված գործունեության ոլորտին և խնդիրներին համապատասխան` սահմանում է Ոստիկանության գործունեության հիմնական ուղղությունները.
3) իրականացնում է Ոստիկանության գործունեության վերահսկողությունը.
4) լսում է Ոստիկանության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.
5) վերահսկողություն է իրականացնում Ոստիկանությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
6) Ոստիկանության պետի առաջարկությամբ հաստատում է Ոստիկանության հաստիքացուցակը.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Ոստիկանության գործունեությունը ղեկավարում է Ոստիկանության պետը, ով ի պաշտոնե համարվում է Ներքին գործերի նախարարի տեղակալ:
15. Ոստիկանության պետին Նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
16. Ոստիկանության պետն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
17. Ոստիկանության պետը հաշվետու է Կառավարությանը, Վարչապետին և Նախարարին:
18. Ոստիկանության պետն իր տեղակալների, իր օգնականների, Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների անմիջական ղեկավարն է:
19. Ոստիկանության պետը`
1) պատասխանատու է Ոստիկանության առջև դրված նպատակների, խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով.
3) Ոստիկանության գործունեության առանձին բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների և կառուցվածքային տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգումը վերապահում է իրեն կամ Ոստիկանության պետի տեղակալներին.
4) հաստատում է Ոստիկանության ներքին կարգապահական կանոնները.
5) իր իրավասության սահմաններում ընդունում է իրավական ակտեր, արձակում է հրամաններ, տալիս հանձնարարականներ և ցուցումներ.
6) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալների և ստորաբաժանումների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.
7) հաստատում է Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.
8) նախարարի համաձայնությամբ` Ոստիկանության կառուցվածքի և հաստիքների քանակի սահմաններում ստեղծում է Ոստիկանության ենթակառուցվածքային ստորաբաժանումներ.
9) Ոստիկանության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկման և առանձին ընթացիկ խնդիրների լուծման նպատակով կարող է ստեղծել հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր, որոշել դրանց գործունեության շրջանակները.
10) սահմանված կարգով նախարարի քննարկմանն է ներկայացնում Ոստիկանության գործունեությանն ու աշխատանքի կազմակերպմանը վերաբերող իրավական ակտերի նախագծեր և առաջարկություններ.
11) Ոստիկանության գործունեությանն օժանդակելու համար խրախուսում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների պետական կառավարման մարմինների ղեկավարներին կամ այլ պաշտոնատար անձանց, քաղաքացիներին, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց.
12) կիրառում է խրախուսանքի տեսակներ և կարգապահական տույժեր.
13) լսում է Ոստիկանության պետի տեղակալների, իր օգնականի, կառուցվածքային ստորաբաժանումների, տարածքային կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների գործունեության արդյունքները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները.
14) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
20. Ոստիկանության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Ոստիկանության պետի տեղակալներից մեկը:
21. Ոստիկանության պետի տեղակալներին Ոստիկանության պետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Նախարարը:
22. Ոստիկանության պետի տեղակալը`
1) գործում է Ոստիկանության պետից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքներն (գործունեությունն) իրեն հանձնարարված ոլորտում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներին փոխանցում է Ոստիկանության պետի հանձնարարականները, ապահովում է Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային կառուցվածքային ստորաբաժանումների կողմից Ոստիկանության պետի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին զեկուցելով Ոստիկանության պետին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Ոստիկանության պետին ներկայացնում է առաջարկություններ:
23. Ոստիկանության պետի տեղակալը կատարում է Ոստիկանության պետի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:
V. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
24. Ոստիկանությունը բաղկացած է Ոստիկանության կենտրոնական ապարատից, դրա անմիջական ենթակայության կառուցվածքային ստորաբաժանումներից, ոստիկանության` Երևան քաղաքի և մարզային վարչություններից ու դրանց ենթակա ստորաբաժանումներից:
25. Ոստիկանության կենտրոնական ապարատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`
1) Ոստիկանության շտաբը.
2) Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը.
3) Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունը.
4) Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը.
5) Ոստիկանության զորքերը.
6) Ոստիկանության օպերատիվ-փնտրողական վարչությունը.
7) Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն.
8) Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունը.
9) Ոստիկանության «ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն).
10) Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը.
11) Ոստիկանության պարեկային ծառայությունը.
12) Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը:
26. Ոստիկանության կենտրոնական ապարատի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`
1) Ոստիկանության իրավաբանական վարչությունը.
2) Ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչությունը.
3) Ոստիկանության տնտեսական վարչությունը.
4) Ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունը.
5) Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը.
6) Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժինը.
7) Ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչությունը.
8) Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը.
9) Ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը.
10) Ոստիկանության բժշկական վարչությունը:
27. Ոստիկանության կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`
1) Ոստիկանության զորքերին ենթակա գնդերը, գումարտակները.
2) Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությանը ենթակա գնդերը, բաժինները, բաժանմունքները, ռազմականացված ջոկատները.
3) Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությանը ենթակա առանձին ոստիկանության կարանտին վաշտը.
4) ճանապարհային ոստիկանությանը ենթակա բաժինները, գումարտակները, վաշտերը, բաժանմունքները.
5) Ոստիկանության պարեկային ծառայության գլխավոր վարչությանը ենթակա շարային ստորաբաժանումները.
6) Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնին ենթակա ստորաբաժանումները:
28. Ոստիկանության կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության աջակցող մասնագիտական ստորաբաժանումներն են`
1) Ոստիկանության բժշկական վարչությանը ենթակա, պոլիկլինիկան, հիգիենիկ համաճարակային հսկողության կենտրոնը, ոստիկանության բժշկական հանձնաժողովը.
2) Ոստիկանության տնտեսական վարչությանը ենթակա բաժինները, բաժանմունքները:
29. Ոստիկանության կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների պետերը Ոստիկանության կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն են:
30. Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունները և դրանց ենթակա ստորաբաժանումները հիմնական մասնագիտական կառուցվածքային տարածքային ստորաբաժանումներն են: Դրանք են`
1) Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը.
2) Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժինը.
3) Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժինը.
4) Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժինը.
5) Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժինը.
6) Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժինը
7) Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժինը.
8) Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժինը.
9) Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժինը.
10) Ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժինը.
11) Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժինը.
12) Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունը.
13) Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժինը.
14) Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժինը.
15) Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժինը.
16) Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժինը.
17) Ոստիկանության Արարատի մարզային վարչությունը.
18) Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժինը.
19) Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժինը.
20) Ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժինը.
21) Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունը.
22) Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժինը.
23) Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժինը.
24) Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժինը.
25) Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժինը.
26) Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունը.
27) Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժինը.
28) Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժինը.
29) Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժինը.
30) Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժինը.
31) Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժինը.
32) Ոստիկանության Լոռու մարզային վարչությունը.
33) Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժինը.
34) Ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժինը.
35) Ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժինը.
36) Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժինը.
37) Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժինը.
38) Ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժինը.
39) Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժինը.
40) Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունը.
41) Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժինը.
42) Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժինը.
43) Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժինը.
44) Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժինը.
45) Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը.
46) Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժինը.
47) Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժինը.
48) Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժինը.
49) Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժինը.
50) Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժինը.
51) Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժինը.
52) Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժինը.
53) Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունը.
54) Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժինը.
55) Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժինը.
56) Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժինը.
57) Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժինը.
58) Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունը.
59) Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժինը.
60) Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժինը.
61) Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժինը.
62) Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը
63) Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժինը.
64) Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժինը.
65) Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժինը.
66) Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը:
VI. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
31. Ոստիկանությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
32. Ոստիկանության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ոստիկանության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
33. Ոստիկանությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Կառավարությունը:
34. Ոստիկանությունը տիրապետում, օգտագործում է իրեն հանձնված գույքը:
Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 15 մարտի 2023 թվական: