Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

ԹԻՎ 5-Լ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի «Նախարարությանը ենթակա մարմինների ենթակայությունը սահմանելու մասին» N 580-Ա որոշման 1-ին կետի 6.1-րդ ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը:

3. Փրկարար ծառայության տնօրենին` Կադրերի վարչության գործունեությունը դադարեցնելու համար Փրկարար ծառայության կանոնադրության փոփոխություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հաստատմանը մինչև Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրը:

 

Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

«14» 03 2023թ.

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարի

2023թ.03.14-ի

Թիվ 5-Լ հրամանի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը (այսուհետ` Փրկարար ծառայություն) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը (այսուհետ` Նախարարություն) ենթակա մարմին է:

2. Փրկարար ծառայությունը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Փրկարար ծառայությունը գործում է Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և սույն կանոնադրության հիման վրա:

4. Փրկարար ծառայության անվանումն է`

1) հայերեն` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն.

2) ռուսերեն` Спасательная служба Министерства внутренних дел Республики Армения.

3) անգլերեն` Rescue Service of the Ministry of Internal Affairs of the Republic of Armenia,

4) ֆրանսերեն` Service de sauvetage (Le service du sauvetage) du Ministere de l'interieur de la Republique d'Armenie:

5. Փրկարար ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք ու ձևաթղթեր: խորհրդանիշ: Փրկարար ծառայությունը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Փրկարար ծառայության կառուցվածքում ընդգրկվում են Փրկարար ծառայության տնօրենի, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի, Փրկարար ծառայության տնօրենի օգնականի պաշտոնները և կառուցվածքային ստորաբաժանումները:

7. Փրկարար ծառայության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղ., Ա. Միկոյան 109/8:

 

II. ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Փրկարար ծառայության նպատակն է մարդկանց, նյութական և մշակութային արժեքների փրկության, պաշտպանության կամ պաշտպանության նախապատրաստման նպատակով համապատասխան միջոցառումների իրականացումը:

9. Փրկարար ծառայության խնդիրներն են`

1) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կատարման համար մշտական պատրաստականության ապահովումը.

2) արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ` մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պաշտպանությունը, նյութական և մշակութային արժեքների փրկությունը և պաշտպանությունը.

3) արտակարգ իրավիճակների կանխմանը, հնարավոր հետևանքների նվազեցմանն ու վերացմանը մասնակցությունը:

 

III. ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

10. Փրկարար ծառայության գործառույթներն են`

1) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

2) աղետների ռիսկերի նվազեցման, արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագրերի ու պլանների կատարումը.

3) փրկարար ուժերի և փրկարարական ստորաբաժանումների ու կազմավորումների գործունեության համակարգումը.

4) իր լիազորությունների շրջանակներում արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը, արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների նվազեցման ու վերացման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը, իրականացումը և համակարգումը.

5) քաղաքացիական պաշտպանության և փրկարարական ստորաբաժանումների գործունեության համակարգումը.

6) մարդասիրական (հումանիտար) արձագանքման կազմակերպմանը մասնակցությունը.

7) Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության և ռազմական գործողությունների պայմաններում քաղաքացիական պաշտպանության և փրկարական ստորաբաժանումների փոխադրումն անհրաժեշտ մարտական պատրաստականության վիճակի, պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածի, ինչպես նաև «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.

8) Զինված ուժերի գլխավոր շտաբի հետ Փրկարար ծառայության` պատերազմի ժամանակ գործելու և զորահավաքային պատրաստականության խնդիրների համաձայնեցումը.

9) իր իրավասությունների շրջանակներում մասնակցությունը սահմանամերձ տարածքներում հակառակորդի ուժերի հակազդմանը, մարտական գործողությունների և զենքի կիրառման հետևանքներից բնակչության պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների ու այլ կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը.

10) արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների, ինչպես նաև իրականացվող միջոցառումներին լիազորված մարմինների` ըստ փոխհամագործակցության պլանների ներգրավման համակարգումը.

11) աղետների ռիսկերի նվազեցման, արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներին արձագանքման ռազմավարությունների, ծրագրերի, պլանների, մեթոդական փաստաթղթերի կատարման ապահովումը.

12) արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեղեկատվության հաշվառումը.

13) Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված բնակչության պատսպարման համար նախատեսված պաշտպանական կառույցների` ապաստարանների և հակաճառագայթային թաքստոցների հաշվառումը և դրանց պահպանման վիճակի պարբերաբար ճշտումը, ակնադիտական ուսումնասիրությունների անցկացումը.

14) Հայաստանի Հանրապետությունում առկա փրկարարական և հակահրդեհային գույքի ու տեխնիկայի հաշվառումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավումը.

15) տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հակահրդեհային ծառայությունն եք ի արտագնա հակահրդեհային տեխնիկայի հաշվառումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավումը.

16) բնակչության պաշտպանության կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կազմակերպումը.

17) կառավարման մարմինների, կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման գործընթացի պլանավորումը, կազմակերպումը և իրականացման ապահովումը, ինչպես նաև վիճակի բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

18) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին առաջարկություն ներկայացնելը.

19) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում ուսումնավարժությունների, վարժանքների, մարզումների` այդ թվում նաև միջազգային, կազմակերպումը, իրականացումը և մասնակցությունը դրանց անցկացմանը.

20) Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում միջազգային մարդասիրական արձագանքման համակարգի ներգրավման պարագայում փրկարար ուժերի ներդաշնակ աշխատանքի կազմակերպումը.

21) փրկարարական կազմավորումների գրանցամատյանի վարումը.

22) անհատական պաշտպանության միջոցների և քիմիական հետախուզության սարքերի պիտանելիության որոշումն ու եզրակացության տրամադրումը.

23) արտակարգ իրավիճակներում ճառագայթային, քիմիական և մանրէաբանական հսկողության համակարգի աշխատանքների համակարգումն ու մասնակցությունը շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացմանը, ճառագայթային, քիմիական, կենսաբանական միջադեպերի արձագանքման կազմակերպումը, վարակված տարածքներում փրկարարական աշխատանքների իրականացման անվտանգության կազմակերպումը և վերահսկումը.

24) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում իրականացվող միջոցառումներին կառավարման մարմինների, ներգրավման նպատակով համապատասխան փոխհամագործակցության պլանների մշակումը.

25) պաշտպանական կառույցների հաշվառման, պահպանման, պաշտպանական կառույցներին բնակչության ամրագրման միջոցառումների կազմակերպումը.

26) վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլանների և ծրագրերի մշակման ու դրանց ճշգրտման կազմակերպումը.

27) կառավարման մարմինների, բնակչության ազդարարման և իրազեկման կազմակերպումը` արտակարգ իրավիճակներում ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելիս.

28) բնակչության կենտրոնացված ազդարարման համակարգի զարգացման ծրագրերից բխող աշխատանքների պլանավորումն ու կազմակերպումը, կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կազմակերպումը.

29) պայմանագրային հիմունքներով կազմակերպություններին հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցումը.

30) փրկարարական ծառայության անցնելու համար դիմող քաղաքացիների, փրկարարական ծառայողների, փրկարարական ուսումնական հաստատությունների դիմորդների պիտանիության ռազմաբժշկական փորձաքննության իրականացումը

31) արտակարգ իրավիճակներում և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ժամանակ տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման ցուցաբերումը.

32) արտակարգ իրավիճակների բնագավառում հոգեբանական ծառայության կազմակերպումն ու մատուցումը, փրկարարների հոգեկան առողջության հետազոտման, պահպանման, ախտականխման ու վերականգնմանն ուղղված գործընթացների իրականացումը.

33) օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

 

IV. ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

11. Փրկարար ծառայության կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարը (այսուհետ` Նախարար):

12. Նախարարը`

1) հաստատում է Փրկարար ծառայության կանոնադրությունը, այդ թվում` կառուցվածքը.

2) օրենքով նախատեսված գործունեության ոլորտին և խնդիրներին համապատասխան` սահմանում է Փրկարար ծառայության գործունեության հիմնական ուղղությունները.

3) իրականացնում է Փրկարար ծառայության գործունեության վերահսկողությունը.

4) լսում է Փրկարար ծառայության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

5) վերահսկողություն է իրականացնում Փրկարար ծառայությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է Փրկարար ծառայության տարեկան հաշվեկշիռը.

7) Փրկարար ծառայության տնօրենի առաջարկությամբ հաստատում է Փրկարար ծառայության հաստիքացուցակը.

8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Փրկարար ծառայության գործունեությունը ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրենը, ով ի պաշտոնե համարվում է Ներքին գործերի նախարարի տեղակալ:

14. Փրկարար ծառայության տնօրենին նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

15. Փրկարար ծառայության պետն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

16. Փրկարար ծառայության տնօրենին անմիջականորեն հաշվետու են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, Փրկարար ծառայության տնօրենի օգնականները, Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների պետերը:

17. Փրկարար ծառայության տնօրենը սույն կանոնադրության 16-րդ կետում նշված անձանց անմիջական ղեկավարն է:

18. Փրկարար ծառայության տնօրենի հրամանով առանձին բնագավառների, գործառույթների և այդ գործառույթներն ապահովող կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգումը կարող է վերապահվել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալին:

19. Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին հանձնարարականներ և ցուցումներ տալիս է Փրկարար ծառայության տնօրենը:

20. Փրկարար ծառայության տնօրենի հանձնարարությամբ իրենց համակարգման լիազորությունների շրջանակներում հանձնարարականները կարող են փոխանցել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները:

21. Փրկարար ծառայության տնօրենը հաշվետու է Կառավարությանը, Վարչապետին և Նախարարին:

22. Փրկարար ծառայության տնօրենը`

1) պատասխանատու է Փրկարար ծառայության առջև դրված նպատակների, խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) ղեկավարում է Փրկարար ծառայության գործունեությունը, պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման համար.

3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` առաջարկություններ է ներկայացնում նախարարին.

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս հանձնարարականներ ու ցուցումներ.

5) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով.

6) հաստատում է Փրկարար ծառայության ներքին կարգապահական կանոնները.

7) կիրառում է խրախուսանքի տեսակներ և կարգապահական տույժեր.

8) հաստատում է Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

9) Փրկարար ծառայության գործունեության առանձին բնագավառների, գործառույթների և դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգումը վերապահում է իրեն կամ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներին.

10) լսում է կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները.

11) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կամ անվավեր է ճանաչում իր տեղակալների, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.

12) հսկողություն է իրականացնում Փրկարար ծառայությանն ամրացված պետական սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման նկատմամբ.

13) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

23. Փրկարար ծառայության տնօրենի բացակայության դեպքում նրան փոխարինում է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը:

24. Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը`

1) գործում է Փրկարար ծառայության տնօրենից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը)` իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներին փոխանցում է Փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականները, ապահովում է դրանց կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` արդյունքների մասին զեկուցելով Փրկարար ծառայության տնօրենին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է այլ մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում Փրկարար ծառայության տնօրենին ներկայացնում է առաջարկություններ.

5) կատարում է Փրկարար ծառայության տնօրենի կողմից տրված ցուցումները, կարգադրությունները և այլ հանձնարարականները.

6) Փրկարար ծառայության տնօրենի հանձնարարությամբ` իրականացնում է Փրկարար ծառայության տնօրենի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

7) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի վերլուծությունը.

8) պարբերաբար Փրկարար ծառայության տնօրենին է ներկայացնում տեղեկատվություն` իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի և Փրկարար ծառայության տնօրենի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը` Փրկարար ծառայության տնօրենին զեկուցելով արդյունքների մասին.

 

V. ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

25. Փրկարար ծառայությունը հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`

1) Բժշկական ապահովման վարչությունը.

2) Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչությունը.

3) Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությունը.

4) Ծառայության կազմակերպման վարչությունը.

5) Կադրերի վարչությունը.

6) ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը (վարչություն).

7) Փրկարարական ուժերի վարչությունը.

8) Քաղաքացիական պաշտպանության վարչությունը.

9) Երևան քաղաքի փրկարարական վարչությունը.

10) Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը.

11) Արարատի մարզային փրկարարական վարչությունը.

12) Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը.

13) Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը.

14) Լոռու մարզային փրկարարական վարչությունը.

15) Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը.

16) Շիրակի մարզային փրկարարական վարչությունը.

17) Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը.

18) Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը.

19) Տավուշի մարզային փրկարարական վարչությունը

20) Քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության հարցերով կառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության համակարգման բաժինը.

21) Հոգեբանական աջակցության բաժինը.

22) Ներքին վերահսկողության բաժինը:

 

VI. ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

26. Փրկարար ծառայությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

27. Փրկարար ծառայության գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով Փրկարար ծառայության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

28. Փրկարար ծառայությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Կառավարությունը:

29. Փրկարար ծառայությունը տիրապետում, օգտագործում է իրեն հանձնված գույքը:

30. Փրկարար ծառայության պահպանման և լիազորությունների իրականացման հետ կապված ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեի և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցներից:

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 15 մարտի 2023 թվական:

 

 

pin
Ներքին գործերի նախարարություն
14.03.2023
N 5-Լ
Հրաման