25.12.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին
i
«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Դեղերի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 60-64-րդ կետերով.
«60) ապահովագրական փաթեթում ներառված դեղ` արտահիվանդանոցային պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների կամ վիճակների դեպքում բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների և վիճակների շարունակական (դիսպանսեր) հսկողության նպատակով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքին համապատասխան ապահովագրված անձին տրամադրվող, Կառավարության հաստատած ցանկում ներառված դեղ.
61) ապահովագրական փաթեթում ներառված դեղի հենակետային գին` ապահովագրական փաթեթի շրջանակում դեղ ձեռք բերելու` սույն օրենքով նախատեսված կարգով հաստատված գին.
62) ապահովագրական փաթեթում ներառված դեղի հատուցման գին` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` ապահովագրական փաթեթում ներառված դեղի հենակետային գնի նկատմամբ հաստատված հավելյալ չափի կիրառման արդյունքում ստացվող դրամական միավոր.
63) ապահովագրական փաթեթում ներառված դեղի հատուցման առավելագույն չափ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` ապահովագրական փաթեթում ներառված դեղի հատուցման առավելագույն չափ` դրամական արտահայտությամբ.
64) ապահովագրական փաթեթում ներառված դեղերի ցանկ` Կառավարության հաստատած ցանկ, որտեղ սահմանվում են ապահովագրական փաթեթում ներառված դեղերի համընդհանուր անվանումը, դեղաձևը, դեղաչափը` օրենքին համապատասխան:»:
i
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) բնակչությանը դեղերով ապահովման ոլորտում սոցիալական արդարության երաշխավորումը:»:
i
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 9. |
Դեղերի մատչելիության ապահովման պետական համակարգը |
1. Դեղերի մատչելիության ապահովման պետական համակարգը ներառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շահառուներին պետության կողմից իրականացվող առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում դեղերով ապահովումը և նրանց համար դեղերի արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցումը, որոնց իրականացումը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչպես նաև ապահովագրական փաթեթի շրջանակում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրված անձանց կողմից դեղերի ձեռքբերման` ամբողջությամբ կամ մասնակի (համավճար) հատուցումը, սույն օրենքին համապատասխան` դեղերի գների կարգավորումը և հսկումը:»:
i
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 11. |
Ապահովագրական փաթեթում ներառված դեղերի գների պետական կարգավորումը |
1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ապահովագրական փաթեթի դեղերի գների պետական կարգավորում: Գների պետական կարգավորումը, սույն օրենքի համաձայն, ապահովագրական փաթեթում ներառված դեղ ձեռք բերելու դեպքում հատուցման և առավելագույն հատուցման չափերի սահմանումն է, որը ներառում է դեղի հենակետային գինը, հատուցման գինը և հատուցման առավելագույն չափը:
2. Ապահովագրական փաթեթում ներառված դեղերի գների պետական կարգավորումն իրականացվում է դեղի համընդհանուր անվանման խմբին և այդ խմբում ընդգրկված առևտրային անվանումներին համապատասխան` սույն օրենքի պահանջներին համապատասխան` ըստ դեղաձևի և դեղաչափի:
3. Ապահովագրական փաթեթում ներառված դեղի հենակետային գինը, հատուցման գինը և հատուցման առավելագույն չափերը սահմանում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը` ապահովագրական փաթեթում ներառված դեղի հենակետային գնի, հատուցման գնի և հատուցման առավելագույն չափերի հաշվարկման մեթոդաբանության հիման վրա:
4. Օրացուցային տարվա ընթացքում դեղի հենակետային գինը, հատուցման գինը և հատուցման առավելագույն չափը կարող են վերանայվել ոչ ավելի, քան երկու անգամ:
5. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը իր պաշտոնական կայքէջում տեղադրում է ապահովագրական փաթեթում ներառված դեղերի հենակետային գնի, հատուցման գնի և հատուցման առավելագույն չափի վերաբերյալ տվյալները` ապահովելով այդ տվյալների մատչելիությունը նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:
6. Ապահովագրական փաթեթի դեղերի գների պետական կարգավորման սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումներն ուժի մեջ են մտնում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի պաշտոնական կայքէջում հրապարակվելուց հետո` ոչ ուշ, քան հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
7. Ապահովագրական փաթեթի դեղերի գների պետական կարգավորման ընթացակարգը սահմանում է Կառավարությունը:»:
i
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հոդված 7. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-462-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 24 դեկտեմբերի 2025 թվական: