ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
| Քաղ. Երևան |
15 սեպտեմբերի 2026 թ. |
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը` կազմով. դատավորներ` Արման Դիլանյանի (նախագահող, զեկուցող), Արտակ Զեյնալյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի, Վլադիմիր Վարդանյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմողի` Կառավարության
ներկայացուցիչ` Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
Կառավարության` 2026 թվականի հուլիսի 9-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիման վրա դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2026 թվականի հուլիսի 9-ի N 1003-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագիրը (այսուհետ` նաև Համաձայնագիր) ստորագրվել է 2026 թվականի ապրիլի 29-ին և ապրիլի 30-ին` փախստականների համար բնակարանային հասանելիության և հիփոթեքային շուկայի զարգացմանն առնչվող մի շարք խնդիրներ լուծելու նպատակով:
2. Համաձայնագրով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետ` Բանկ կամ ՎԶՄԲ) համաձայնել է Համաձայնագրի 1-ին առդիրում նկարագրված ծրագրի (Ծրագիր) ֆինանսավորմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը տրամադրել երկու հարյուր քառասուն միլիոն ԱՄՆ դոլար ($ 240,000,000) գումարով վարկ (ֆինանսավորման ոչ արտոնյալ մասը), որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել Արժույթի փոխարկման միջոցով (Վարկ): Ինչպես նաև Բանկը համաձայնել է Համաձայնագրի շրջանակում որպես համալիր վարկային գործառնության մաս Հայաստանի Հանրապետությանը տրամադրել լրացուցիչ միջոցներ` քսանչորս միլիոն չորս հարյուր հազար ԱՄՆ դոլար ($ 24,400,000), որը կազմում է ֆինանսավորման արտոնյալ մասը:
Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է նաև տասը միլիոն ԱՄՆ դոլար ($ 10,000,000) գումար որպես դրամաշնորհ` Ծրագրի շրջանակում գործողությունների ֆինանսավորմանն աջակցելու համար:
Բանկը, ի թիվս այլնի, համաձայնել է Ազգային հիփոթեքային ընկերությանը (ԱՀԸ) տրամադրել տասը միլիոն ԱՄՆ դոլար ($ 10,000,000) գումարի վարկ(*)` Ծրագրի II մասի իրականացման համար, Վարկային համաձայնագրում սահմանված պայմաններով (ինչպես սահմանված է Համաձայնագրում) և Հայաստանի Հանրապետության երաշխիքով` Երաշխիքային համաձայնագրով սահմանված կարգով (ինչպես սահմանված է Ընդհանուր պայմաններում):
_______________
*ԱՀԸ-ի հետ վարկային Համաձայնագիրը և Երաշխիքային համաձայնագիրը ներկայացված են դիմումին կից:
Վարկի Փակման ամսաթիվը 2030 թվականի դեկտեմբերի 31-ն է, իսկ մասհանումների վերջնաժամկետը սահմանվում է Փակման ամսաթվից հետո չորս ամիսը:
3. Համաձայնագիրն ունի դրա անբաժանելի մասը կազմող հինգ առդիր և մեկ հավելված` ԱՌԴԻՐ 1. «Ծրագրի նկարագրություն», ԱՌԴԻՐ 2. «Ծրագրի կատարում», ԱՌԴԻՐ 3. «Պարտավորության հետ կապված ամորտիզացիոն մարման ժամանակացույց» և ԱՌԴԻՐ 4. «Կատարողականի վրա հիմնված պայմաններ», ԱՌԴԻՐ 5. «Բացառված գործողությունների ցանկ» և ՀԱՎԵԼՎԱԾ:
Ծրագրի նպատակն է բարելավել փախստականների համար բնակարանային ապահովման լուծումների հասանելիությունը և նպաստել հիփոթեքային շուկայի ընդլայնմանը:
Ծրագիրը կազմված է երեք մասերից. Մաս I. «Բնակարանային սուբսիդիաներ և աջակցություն ինստիտուցիոնալ զարգացմանը», Մաս II. «Բնակարանային ֆինանսավորման շուկայի զարգացում», Մաս III. «Ծրագրի կառավարում, հաղորդակցություն, մոնիթորինգ և գնահատում»:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետևյալ պարտավորությունները.
4.1. Բանկին վճարել սկզբնավճար` ֆինանսավորման ոչ արտոնյալ մասի գումարի մեկ տոկոսի մեկ քառորդի (0.25%) չափով (հոդված II, բաժին 2.03),
4.2. Բանկին վճարել ֆինանսավորման ոչ արտոնյալ մասի չառհանված գումարի տարեկան մեկ տոկոսի մեկ քառորդի (0.25%) չափով պարտավորության վճար, (հոդված II, բաժին 2.04),
4.3. Բանկին վճարել տոկոսադրույք, որը ֆինանսավորման ոչ արտոնյալ մասի առհանված գումարի Բազային տոկոսադրույքաչափի և Փոփոխական սպրեդի հանրագումարն է, կամ այնպիսի դրույքաչափ, որը կարող է կիրառվել Փոխարկումից հետո` Ընդհանուր պայմանների 3.02(ե) բաժնի համաձայն (հոդված II, բաժին 2.05),
4.4. յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին` սկսած 2036 թվականի փետրվարի 1-ից մինչև 2054 թվականի փետրվարի 1-ը, մարել Ֆինանսավորման ոչ արտոնյալ մասի մայր գումարը 2.63% մասնավճարով, իսկ 2054 թվականի օգոստոսի 1-ին` 2.69% մասնավճարով (հոդված II, բաժիններ 2.06, 2.07 և առդիր 3),
4.5. հայտարարել Ծրագրի նպատակին Հայաստանի Հանրապետության հանձնառության մասին և այդ նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) միջոցով իրականացնել Ծրագրի I և III մասերը` Ընդհանուր պայմանների V հոդվածի դրույթների և Համաձայնագրի 2-րդ առդիրի համաձայն (հոդված III, բաժին 3.01),
4.6. Ծրագրի իրականացման ընդհանուր պատասխանատվությունը վերապահել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (ԱՍՀՆ)-ին` Ծրագրի ընդհանուր վերահսկողության և համակարգման, և Ծրագրի I և III մասերի ընդհանուր իրականացման, մոնիթորինգի և գնահատման պատասխանատվությամբ (առդիր 2, բաժին I, մաս Ա, կետ 1),
4.7. չհակասելով վերոնշյալ Համաձայնագրի 2-րդ առդիրի I բաժնի Ա մասի 1-ին կետի դրույթներին` ԱՍՀՆ-ի միջոցով Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից ոչ ուշ, քան իննսուն (90) օրվա ընթացքում ստեղծել Ղեկավար կոմիտե, որն իր գործունեությունը կշարունակի Ծրագրի իրականացման ողջ ընթացքում Բանկի հետ համաձայնեցված լիազորությունների շրջանակով` Բանկին բավարարող կազմով, լիազորություններով և ռեսուրսներով, որի կազմում կլինեն Հայաստանի Հանրապետության բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի (ԲԱԾ) իրականացման գործընթացում և բնակարանային ապահովման ոլորտներում ներգրավված նախարարությունների և գերատեսչությունների և ԱՀԸ-ի ներկայացուցիչներ, և որը պատասխանատու կլինի միջգերատեսչական բարձր մակարդակի համակարգման և ռազմավարական իրականացման ընդհանուր դիտարկման գործառույթների համար, որոնք բոլորը հանգամանորեն նկարագրվում են Ծրագրի գործառնական ձեռնարկում (ԾԳՁ) (առդիր 2, բաժին I, մաս Ա, կետ 2, ենթակետ ա),
4.8. չհակասելով Համաձայնագրի 2-րդ առդիրի I բաժնի Ա մասի 1-ին կետի դրույթներին` ԱՍՀՆ-ի միջոցով ստեղծել և այնուհետև Ծրագրի իրականացման ողջ ընթացքում պահպանել Ծրագրի իրականացման թիմ (ԾԻԹ), որը պատասխանատու կլինի Ծրագրի իրականացման և մոնիթորինգի համար` Բանկին բավարարող կազմով, գործառույթներով, կադրային ապահովմամբ, նյութական միջոցներով և այլ ռեսուրսներով, որոնք հանգամանորեն նկարագրված են ԾԳՁ-ում (առդիր 2, բաժին I, մաս Ա, կետ 2, ենթակետ բ),
4.9. Ծրագրի պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով` Բանկի համար ընդունելի պայմաններով և ԾԳՁ-ով սահմանված առավել մանրամասն կարգով ԱՀԸ-ի հետ համաձայնեցնել գործունեությունը Հայաստանի Հանրապետության և ԱՀԸ-ի միջև Ծրագրի, այդ թվում` իրենց համապատասխան Մասերի իրականացման շուրջ համակարգման, հաշվետվությունների ներկայացման և համագործակցության մեխանիզմների ու ընթացակարգերի առնչությամբ, ներառյալ` ըստ անհրաժեշտության, ընտրված մասնակից ֆինանսական հաստատությունների (ՄՖՀ-ներ) և ԲԱԾ-ի համապատասխան Շահառուների համար բնապահպանական և սոցիալական պահանջներին համապատասխանություն, ինչպես սահմանված է համապատասխանաբար Ֆինանսական համաձայնագրի և Վարկային համաձայնագրի բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլաններից (ԲՍՀՊ) յուրաքանչյուրով, այդ թվում` ՄՖՀ-ների, իսկ կիրառելիության դեպքում նաև Ընդունելի հիփոթեքային վարկերի ստուգումը, վերահսկողությունը և մոնիթորինգը, ինչպես նաև հակակոռուպցիոն ուղեցույցի պահպանումը (առդիր 2, բաժին I, մաս Ա, կետ 3),
4.10. ԱՍՀՆ-ի միջոցով պատրաստել և ընդունել Ծրագրի գործառնական ձեռնարկ (ԾԳՁ)` Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ, որը բաղկացած է Ծրագրի I և III մասերի իրականացման և ինստիտուցիոնալ մանրամասն մեխանիզմներից, որը ներառում է Համաձայնագրի 2-րդ առդիրի I բաժնի Բ մասի 1-ին կետով նախատեսված ընթացակարգերը, և Ծրագիրն իրականացնել ԾԳՁ-ի համաձայն (առդիր 2, բաժին I, մաս Բ, կետեր 1 և 2),
4.11. առանց Բանկի նախնական գրավոր համաձայնության` չփոխանցել, չփոփոխել, չեղյալ չհայտարարել ԾԳՁ-ն կամ չհրաժարվել դա կիրառելուց կամ չթույլատրել փոխանցել, փոփոխել, չեղյալ հայտարարել ԾԳՁ-ն կամ հրաժարվել դա կիրառելուց կամ դրա որևէ դրույթից (առդիր 2, բաժին I, մաս Բ, կետ 3),
4.12. Ծրագրի 1.1-ին մասի նպատակներն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության սոցիալական աջակցության ծրագրի (ՍԱԾ) Շահառուներին և ԲԱԾ Շահառուներին համապատասխանաբար Դրամական փոխանցումներ և Հիփոթեքային սուբսիդիաներ տրամադրել ընտրված ՄՖՀ-ներին ուղղակի վճարման միջոցով` Բանկի համար ընդունելի և ԾԳՁ-ում մանրամասն ներկայացված համապատասխանելիության չափորոշիչների և ընթացակարգերի համաձայն (առդիր 2, բաժին I, մաս Գ, կետ 1),
4.13. ապահովել, որ յուրաքանչյուր Դրամական փոխանցում լինի Բանկի համար ընդունելի գումարով, և ՍԱԾ մեկ Շահառուի հաշվով դրամական փոխանցման դեպքում` հարյուր քսանհինգ ($ 125) ԱՄՆ դոլարը չգերազանցող գումարով (առդիր 2, բաժին I, մաս Գ, կետ 3),
4.14. ապահովել, որ յուրաքանչյուր Դրամական փոխանցման գումար վճարվի դրա նախատեսված` ՍԱԾ համապատասխանելի Շահառուին (առդիր 2, բաժին I, մաս Գ, կետ 4),
4.15. ապահովել, որ Դրամական փոխանցումները տրամադրվեն և օգտագործվեն Համաձայնագրի դրույթների և Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթների համաձայն` նախատեսված նպատակների համար (առդիր 2, բաժին I, մաս Գ, կետ 5),
4.16. Ծրագրի 1.2-րդ մասի նպատակներն ապահովելու համար ԲԱԾ Շահառուներին Հիփոթեքային սուբսիդիաներ տրամադրել ընտրված ՄՖՀ-ներին ուղղակի վճարում կատարելու միջոցով` Բանկի համար ընդունելի և ԾԳՁ-ում մանրամասն ներկայացված համապատասխանելիության չափորոշիչների և ընթացակարգերի համաձայն (առդիր 2, բաժին I, մաս Դ, կետ 1, ենթակետ ա),
4.17. ապահովել, որ յուրաքանչյուր Հիփոթեքային սուբսիդիայի գումար վճարվի նախատեսված ընդունելի ՄՖՀ-ին` դրա նախատեսված համապատասխանելի ԲԱԾ Շահառուի անունից (առդիր 2, բաժին I, մաս Դ, կետ 1, ենթակետ դ),
4.18. ապահովել, որ Հիփոթեքային սուբսիդիաները տրամադրվեն և օգտագործվեն Համաձայնագրի դրույթների և Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթների համաձայն` նախատեսված նպատակների համար (առդիր 2, բաժին I, մաս Դ, կետ 1, ենթակետ ե),
4.19. յուրաքանչյուր ՄՖՀ-ի հետ ԲԱԾ Մասնակցության համաձայնագիր կնքել ԾԳՁ-ում սահմանված պայմաններով և Բանկի համար ընդունելի համապատասխանելիության չափորոշիչների և ընթացակարգերի համաձայն և իրականացնել յուրաքանչյուր ՄՖՀ-ի կողմից ԲԱԾ Մասնակցության յուրաքանչյուր համաձայնագրի պայմանների կատարման մոնիթորինգ (առդիր 2, բաժին I, մաս Դ, կետ 2, ենթակետ ա),
4.20. ԲԱԾ Մասնակցության յուրաքանչյուր համաձայնագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության իրավունքներն իրականացնել այնպես, որ պաշտպանվեն Հայաստանի Հանրապետության և Բանկի շահերը և իրագործվեն Ֆինանսավորման նպատակները (առդիր 2, բաժին I, մաս Դ, կետ 2, ենթակետ բ),
4.21. ապահովել, որ ԲԱԾ Մասնակցության յուրաքանչյուր համաձայնագիր կնքվի Բանկի հաստատած պայմաններով, որոնք կներառեն Համաձայնագրի 2-րդ առդիրի I բաժնի Դ մասի 2-րդ կետի գ ենթակետում սահմանված պայմանները (առդիր 2, բաժին I, մաս Դ, կետ 2, ենթակետ գ), բացառությամբ այն դեպքի, երբ Բանկն այլ համաձայնության է գալիս, չփոխանցել, չփոփոխել, չեղյալ չհամարել կամ չհրաժարվել ԲԱԾ Մասնակցության որևէ համաձայնագրից կամ դրա որևէ դրույթից (առդիր 2, բաժին I, մաս Դ, կետ 2, ենթակետ ե),
4.22. Ծրագրի 1.2-րդ մասի պատշաճ իրականացումն ապահովելու համար` երաշխավորել, որ ՄՖՀ-ի և ԲԱԾ Շահառուի միջև ցանկացած ընդունելի հիփոթեքային վարկ կնքվի ԾԳՁ-ում սահմանված պայմաններով և համապատասխանելիության չափորոշիչներով և ընթացակարգերով, որոնք ընդունելի են Բանկի համար, իսկ ՄՖՀ-ն իրականացնի Ընդունելի հիփոթեքային յուրաքանչյուր վարկի պայմաններին ԲԱԾ յուրաքանչյուր Շահառուի համապատասխանության մոնիթորինգ, և յուրաքանչյուր Ընդունելի Հիփոթեքային վարկով սահմանված իր իրավունքներն իրականացնի այնպես, որ պաշտպանի Հայաստանի Հանրապետության և Բանկի շահերը և իրագործի Ֆինանսավորման նպատակները (առդիր 2, բաժին I, մաս Ե, կետ 1),
4.23. ապահովել, որ ՄՖՀ-ն կատարի Համաձայնագրի 2-րդ առդիրի I բաժնի Ե մասի, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված իր պարտավորությունները (առդիր 2, բաժին I, մաս Ե, կետեր 2 և 3),
4.24. ուժի մեջ մտնելու ամսաթվից ոչ ուշ, քան ինը (9) ամսվա ընթացքում վարձել, այնուհետև Ծրագրի իրականացման ամբողջ ժամկետում պահել Բանկին բավարարող փորձ, որակավորում և լիազորությունների շրջանակ ունեցող` ստուգումներ իրականացնող գործակալ (Ստուգումներ իրականացնող գործակալ)` տվյալների և մեկ կամ ավելի ԿՀՊ-ների կատարումը հիմնավորող այլ ապացույցներ ստուգելու և դրանց մասով համապատասխան առհանումներ առաջարկելու համար` ըստ կիրառելիության, և ապահովել, որ Ստուգումներ իրականացնող գործակալը` ստուգման գործընթացը (գործընթացները) իրականացնի Ստուգումների իրականացման գործելակարգի համաձայն, և Հայաստանի Հանրապետությանը և Բանկին ներկայացնի ստուգման համապատասխան հաշվետվությունները` սահմանված ժամկետում և Բանկին բավարարող ձևով ու բովանդակությամբ (առդիր 2, բաժին I, մաս Զ),
4.25. ապահովել, որ Ծրագիրն իրականացվի Բնապահպանական և սոցիալական ստանդարտների համաձայն` Բանկի համար ընդունելի ձևով (առդիր 2, բաժին I, մաս Է, կետ 1),
4.26. չսահմանափակելով Համաձայնագրի 2-րդ առդիրի I բաժնի Է մասի 1-ին կետը` ապահովել, որ Ծրագիրն իրականացվի ԲՍՀՊ-ի համաձայն` Բանկի համար ընդունելի ձևով, և այդ նպատակով ապահովել, որ իրականացվեն Համաձայնագրի 2-րդ առդիրի I բաժնի Է մասի 2-րդ կետով սահմանված գործողությունները (առդիր 2, բաժին I, մաս Է, կետ 2),
4.27. ապահովել, որ ձեռնարկվեն Համաձայնագրի 2-րդ առդիրի I բաժնի Է մասի 4-րդ կետում սահմանված բոլոր միջոցառումները (առդիր 2, բաժին I, մաս Է, կետ 4),
4.28. սահմանել, հանրայնացնել, վարել և գործարկել բողոքների լուծման հասանելի մեխանիզմ` Ծրագրի հետևանքով տուժած անձանց մտահոգությունները և բողոքներն ստանալու և դրանց կարգավորումը դյուրացնելու և անհրաժեշտ ու համապատասխան բոլոր միջոցները ձեռնարկելու համար` այդ մտահոգություններին և բողոքներին լուծում տալու կամ լուծումը դյուրին դարձնելու համար` Բանկի համար ընդունելի ձևով (առդիր 2, բաժին I, մաս Է, կետ 5),
4.29. ապահովել, որ Ծրագրի շրջանակում բոլոր մրցութային փաստաթղթերը և շինարարական կապալի պայմանագրերը ներառեն կապալառուների, ենթակապալառուների և տեխնիկական հսկողություն իրականացնող սուբյեկտների պարտավորությունները` ԲՍՀՊ-ի և դրանում նշված բնապահպանական և սոցիալական գործիքների համապատասխան ասպեկտներին համապատասխանեցնելու մասով, և ընդունելու և գործողության մեջ դնելու վարքագծի կանոններ, որը պետք է տրամադրվի բոլոր աշխատողներին և ստորագրվեն նրանց կողմից` մանրամասնելով բնապահպանական, սոցիալական, առողջապահական և անվտանգության ռիսկերը, ինչպես նաև սեռական շահագործման և չարաշահման, երեխաների դեմ սեռական ոտնձգության և բռնության ռիսկերը, որոնք կիրառելի են նշված պայմանագրերի համապատասխան պատվիրված կամ կատարված շինարարական աշխատանքների նկատմամբ (առդիր 2, բաժին I, մաս Է, կետ 6),
4.30. Բանկին ներկայացնել Ծրագրի յուրաքանչյուր հաշվետվություն յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից ոչ ուշ, քան քառասունհինգ (45) օր հետո` ներառելով օրացուցային կիսամյակը (առդիր 2, բաժին II, կետ 1),
4.31. Համաձայնագրի 1-ին առդիրում նկարագրված գործողություններին առնչվող ցանկացած տեղեկություն, հաշվետվություն կամ փաստաթուղթ տրամադրելիս ապահովել, որ այդ տեղեկությունները, հաշվետվությունը կամ փաստաթուղթը չներառեն Անձնական տվյալներ, բացառությամբ` Համաձայնագրով այլ բան հստակ պահանջվելու կամ թույլատրվելու կամ Բանկի կողմից հստակ պահանջվելու դեպքի (առդիր 2, բաժին II, կետ 2),
4.32. չհակասելով Համաձայնագրի 2-րդ առդիրի III բաժնի Ա մասի դրույթներին` չկատարել առհանում նախքան Ստորագրության ամսաթիվը կատարված վճարումների համար` բացառությամբ այն դեպքերի, երբ հիսուներկու միլիոն ութ հարյուր ութսուն հազար ԱՄՆ դոլարը ($ 52,880,000) չգերազանցող ընդհանուր գումարի չափով առհանումները կարող են կատարվել մինչև այդ ամսաթիվը, սակայն 2025 թվականի հունվարի 15-ից ոչ ուշ կատարված վճարումների համար` 1-ին կատեգորիայով սահմանված Ընդունելի ծախսերի մասով` գումարների վճարման մասին Բանկին բավարարող ստուգման հաշվետվություն ներկայացնելուց հետո, կամ Ֆինանսավորման հաշվից, եթե միայն յուրաքանչյուր առհանում չի կատարվում հավասարաչափ հիմունքով (pari passu) և հատկացված Ֆինանսավորման ոչ արտոնյալ մասի և հատկացված Ֆինանսավորման արտոնյալ մասի գումարների 90.8%-9.2% հարաբերակցությամբ, ինչպես նաև առհանում չկատարել 2-րդ կատեգորիայով սահմանված վճարումների համար, որոնց առհանման հայտ է ներկայացվել, եթե միայն Հայաստանի Հանրապետությունը ԲԱԾ-ի Մասնակցության գործող որևէ համաձայնագիր չի փոփոխել Հակակոռուպցիոն ուղեցույցները ներառելու և Համաձայնագրի 2-րդ առդիրի Դ բաժնի պահանջին համապատասխանություն ապահովելու համար (առդիր 2, բաժին III, մաս Բ, կետ 1, ենթակետեր ա, բ, գ),
4.33. չհակասելով Համաձայնագրի 2-րդ առդիրի III բաժնի Ա մասի դրույթներին` առհանում չկատարել 4-րդ կատեգորիայով սահմանված վճարումների համար, որոնց մասով առհանման հայտ է ներկայացվել, եթե միայն Հայաստանի Հանրապետությունը չի ներկայացրել Բանկին բավարարող ապացույց առ այն, որ յուրաքանչյուր ԿՀՊ-ի մասով ընդունելի ծախսերը Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխանելի շահառուներին կատարվել են Հայաստանի Հանրապետության կիրառելի օրենքների և կարգավորումների և դրանցում սահմանված ընթացակարգերի համաձայն, և Հայաստանի Հանրապետությունը Բանկ է ներկայացրել իր ձևով և բովանդակությամբ Բանկի համար ընդունելի ապացույց` պահպանելով Ստուգումների իրականացման գործելակարգերում սահմանված պահանջները, հաստատելով Համաձայնագրի 4-րդ առդիրում սահմանված համապատասխան ԿՀՊ-ի կատարումը, ինչպես նաև առհանում չկատարել 2-րդ կատեգորիայով սահմանված վճարումների համար, եթե միայն Հայաստանի Հանրապետությունը ԲՍՀՊ-ի դրույթների համաձայն բնապահպանական և սոցիալական կառավարման համակարգ (ԲՍԿՀ) չի ստեղծել (առդիր 2, բաժին III, մաս Բ, կետ 1, ենթակետեր դ, ե),
4.34. մինչև մասհանման վերջնաժամկետը Հայաստանի Հանրապետության կողմից Բանկին բավարար ապացույց չներկայացնելու դեպքում` առ այն, որ 4-րդ կատեգորիայի հետ կապված ԿՀՊ-ները կատարվել են, Բանկից ծանուցվելուց անմիջապես հետո Բանկին վերադարձնել այդ 4-րդ կատեգորիայի հետ կապված Ֆինանսավորման առհանված մնացորդը (առդիր 2, բաժին III, մաս Բ, կետ 2):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» ֆինանսական համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող` Ա. Դիլանյան
15 սեպտեմբերի 2026 թվականի
ՍԴՈ-1841
Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում` (concourt.am) 16 սեպտեմբերի 2026 թվական: