ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է Ազգային ժողովի կողմից 
«18» մարտի 1998թ.
 
         i 
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հոդված 1. Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհված բնակելի տների և բնակելի տարածությունների (այսուհետ` բնակարաններ) սեփականատեր` գույքահարկ վճարող համարվող ֆիզիկական անձինք (այսուհետև` քաղաքացիներ) ազատվում են գույքահարկի վճարումից բնակարանների համար բնակշահագործման և շինարարական նորոգման հիմնարկների կամ դրանց իրավահաջորդների (այսուհետ` բնակշահագործման ձեռնարկություններ) կողմից 1995 թվականի հուլիսի 1-ից հետո օրենսդրության խախտմամբ գանձված բնակարանային վարձի գումարների չափով, եթե բնակշահագործման ձեռնարկությունների և քաղաքացիների միջև (մինչև հարկային տեսչության մարմիններին սույն օրենքի 3 հոդվածով սահմանված կարգով տվյալներ ներկայացնելը) չկա գրավոր համաձայնություն` այդ գումարները քաղաքացիներին այլ ձևով փոխհատուցելու մասին:
 
Հոդված 2. Սույն օրենքի 1 հոդվածին համապատասխան սահմանված արտոնության գումարի չափով առաջին հերթին նվազեցվում են «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով քաղաքացիների կողմից վճարման ենթակա գույքահարկի գումարները:
 
         i 
Հոդված 3. Բնակշահագործման ձեռնարկությունները, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ են ներկայացնում տվյալներ` սեփականաշնորհված բնակարանների համար գանձված բնակարանային վարձի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարները, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության սահմանված կարգով, բնակշահագործման ձեռնարկություններին տեղեկություններ են հաղորդում բնակարանների սեփականաշնորհման տվյալների վերաբերյալ:
 
Հոդված 4. Սույն օրենքի 3 հոդվածին համապատասխան տվյալները ներկայացնելու պահին նույն համայնքի տարածքում հարկվող օբյեկտ համարվող գույք չունեցող քաղաքացիներն օրենսդրության խախտմամբ գանձված բնակարանային վարձի գումարները հետ են ստանում բնակշահագործման ձեռնարկություններից:
 
Հոդված 5. Սույն օրենքին համապատասխան` քաղաքացիների համար սահմանված արտոնության չափով հաշվարկված գումարները բնակշահագործման ձեռնարկությունները փոխհատուցում են համապատասխան բյուջեներ, եթե սեփականաշնորհված բնակարանների համար բնակշահագործման ձեռնարկությունների կողմից 1995 թվականի հուլիսի 1-ից հետո օրենսդրության խախտմամբ գանձված բնակարանային գումարները չեն հաշվեգրվել համայնքի բյուջեի օգտին:
 
Հոդված 6. Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:
 
 
| 
 Հայաստանի Հանրապետության Նախագահ  | 
Ռ. Քոչարյան | 
| 
  Երևան 10 ապրիլի 1998 թ.  ՀՕ-204
  |