Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.06.2006  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆՀ-226-Ն հրամանագիր)

i

030.0541.310300

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության վարման գործում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գործունեությունը համակարգելու նպատակով որոշում եմ.

i

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների համակարգում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդիսանում է գլխադասային մարմին օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների բնագավառում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման ընդհանուր վերահսկողությունը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը համակարգում է այս բնագավառում պետական մյուս մարմինների գործունեությունը և միջազգային կապերը:

Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնել իրականացվող միջազգային գործունեությունը և միջազգային կապերը` պաշտոնական այցերը, խորհրդատվությունները և բանակցությունները, ստորագրվող փաստաթղթերը և այլ պայմանավորվածությունները, ինչպես նաև հաշվետվություններ ներկայացնել դրանց վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին` պետական մարմիններին իրենց միջազգային գործունեության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել տվյալ օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների և հանգուցային հարցերի մասին:

(1-ին կետը փոփ. 01.06.06 ՆՀ-125-Ն հրամանագիր)

2. Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական շահերին առնչվող առաջարկները, այդ թվում` բանակցություններ վարելու և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր կնքելու վերաբերյալ առաջարկները, օրենսդրության համաձայն, գործադիր իշխանության մարմինները համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ` նախքան դրանք համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններին` նախատեսել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների ներգրավումը միջազգային գործունեության իրականացման հետ առնչվող միջգերատեսչական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի և այլ մարմինների կազմում:

i

3. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության վարման նպատակով իրականացնել Հայաստանի Հանրապետության այլ ներառյալ` գործադիր իշխանության մարմինների ներկայացուցչությունների, պետական հիմնարկների և կազմակերպությունների, դրանց պատվիրակությունների և մասնագետների խմբերի գործունեության համակարգումը:

Նշված ներկայացուցչությունների, պատվիրակությունների և մասնագետների խմբերի ղեկավարները պարտավոր են սահմանված կարգով իրենց գործունեությունը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի հետ, նրան տեղեկացնել իրենց գործունեության մասին:

Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները համապատասխան երկրներ մեկնող պաշտոնական պատվիրակությունների մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

(3-րդ կետը փոփ. 01.06.06 ՆՀ-125-Ն հրամանագիր)

i

3.1. Պաշտոնական պատվիրակությունների այցի ծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումները նախապես քննարկվում և համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

(3.1-րդ կետը լրաց. 01.06.06 ՆՀ-125-Ն հրամանագիր)

3.2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կամ ներկայացուցիչը մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարների և պաշտոնատար անձանց, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և պատգամավորական պատվիրակությունների` օտարերկրյա պետություններում կամ միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող այն հանդիպումներին, միջազգային համաժողովներին և խորհրդարանական նստաշրջաններին, որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկում և որոնց արդյունքում կարող են ընդունվել Հայաստանի Հանրապետության համար պարտադիր կատարման ենթակա բանաձևեր կամ որոշումներ, ձեռք բերվել արտաքին քաղաքականությանն առնչվող պայմանավորվածություններ, արվել արտաքին քաղաքականության հարցերի հետ կապված հայտարարություններ:

Սույն կետով նախատեսված հանդիպումներին, միջազգային համաժողովներին և խորհրդարանական նստաշրջաններին մասնակցելու մասին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում դրանց արդյունքների վերաբերյալ հաղորդագրություններ, իսկ անհրաժեշտության դեպքում` համապատասխան առաջարկություններ:

(3.2-րդ կետը լրաց. 01.06.06 ՆՀ-125-Ն հրամանագիր)

i

4. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները կատարում են Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և արտաքին գործերի նախարարության ցուցումներն ու հրահանգները:

Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինները Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների հետ առնչվելիս առաջնորդվում են «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:

(4-րդ կետը փոփ. 30.09.03 ՆՀ-144-Ն հրամանագիր)

5. Սահմանել, որ պետության արտաքին քաղաքականության հարցերի հետ կապված պաշտոնական հայտարարություններով հանդես են գալիս Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, իսկ այլ անձինք` Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ: Գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներն իրենց լիազորությունների շրջանակներում կարող են հանդես գալ արտաքին քաղաքականության առանձին հարցերի վերաբերյալ հայտարարություններով` միայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված դիրքորոշումներին համապատասխան:

6. Բարձր մակարդակի արտասահմանյան պատվիրակություններ (պետությունների և կառավարությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների բարձրագույն պաշտոնատար անձինք) Հայաստանի Հանրապետություն հրավիրելու վերաբերյալ առաջարկները համապատասխանաբար ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնելով:

Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինները օտարերկրյա պետությունների կառավարությունների անդամներին և նրանց հավասարեցված անձանց հրավերն իրականացնում են` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ նախապես համաձայնեցնելով:

7. Օտարերկրյա պետական և քաղաքական գործիչներին, կազմակերպություններին, միջազգային կազմակերպություններին ուղղված` Հայաստանի Հանրապետության Նախագահի և վարչապետի ուղերձների նախագծերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնելով, եթե դրանց պատրաստման և ներկայացման այլ կարգ սահմանված չէ:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցել պետական իշխանության մարմինների և պաշտոնատար անձանց այն գործողությունների մասին, որոնք խախտում են սույն հրամանագրով սահմանված կարգը:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ առաջարկություններ ներկայացնել սույն հրամանագրի կիրառման կարգի վերաբերյալ:

10. Սույն հրամանագրի կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վրա:

i

11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1992 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տեղական մարմինների, գերատեսչությունների, պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների միջազգային գործունեության որոշ հարցերի մասին» ՆՀ-101 հրամանագիրը:

12. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

(վերնագիրը փոփ. 01.06.06 ՆՀ-125-Ն հրամանագիր)

 

31 մարտի 2000 թ.

ՆՀ-541

 

 

pin
ՀՀ Նախագահ
31.03.2000
N ՆՀ-541
Հրամանագիր