ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Համաձայնագրի մասնակիցներ,
նկատի ունենալով արտակարգ իրավիճակների առաջացման հնարավորությունը, որոնց հետևանքները չեն կարող վերացվել Համաձայնագրի մասնակիցներից մեկի ուժերով և միջոցներով, և այդ կապակցությամբ համակարգված գործողությունների անհրաժեշտությունը,
հաշվի առնելով բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների անդրսահմանային ազդեցության հնարավորությունը, որը պահանջում է դրանց կանխման և հետևանքների վերացման համաձայնեցված գործողությունների իրականացում,
ընդունելով արտակարգ իրավիճակների կանխմանը և հետևանքների վերացմանը ուղղված միջոցառումների իրականացման համար վթարային-փրկարարական ուժերի, նյութատեխնիկական, բժշկական, պարենամթերային, ֆինանսական և տեղեկատվական ռեսուրսների համատեղ օգտագործման անհրաժեշտությունը,
ձգտելով արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման հիմնախնդիրների լուծման ժամանակ գիտատեխնիկական հարաբերությունների պահպանմանը և զարգացմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Սույն Համաձայնագիրը սահմանում է բնական աղետների, տեխնածին վթարների և աղետների հետևանքով ծագող արտակարգ իրավիճակների կանխմանն ու հետևանքների վերացմանը մասնակցության և փոխգործակցության իրականացման կարգը:
ՀՈԴՎԱԾ 2
Համաձայնագրի մասնակիցների փոխգործակցության հիմնական սկզբունքներն են.
արտակարգ իրավիճակների կանխման և դրանց ժամանակ գործողության համար նախատեսված համակարգերի և մարմինների ինտեգրացիա` ներառյալ նման իրավիճակներում գործողությունների ազգային ծրագրերի համակարգվածությունը,
օրենսդրության նորմերի մերձեցում և համաձայնագրերի մշակում, որոնք անհրաժեշտ են հատուկ բնագավառներում փոխգործակցության և համագործակցության համար,
միջազգային կազմակերպություններում համատեղ գործողությունների իրականացում և մասնակցություն համապատասխան ուղղվածության միջազգային ծրագրերում,
Համաձայնագրի մասնակցի պատասխանատվությունը արտակարգ իրավիճակի առաջացման և հետևանքների համար,
արտակարգ իրավիճակների առաջացման ժամանակ կանխիչ գործողությունները,
ներպետական մակարդակով որոշման ընդունման ինքնուրույնությունը:
ՀՈԴՎԱԾ 3
Համաձայնագրի մասնակիցները իրականացնում են փոխգործակցություն հետևյալ հիմնական ուղղություններով.
արտակարգ իրավիճակների կանխմանն ու հետևանքների վերացմանն ուղղված փոխգործակցության համակարգի ստեղծման և կատարելագործման աշխատանքների համակարգում (կազմակերպում),
արտակարգ իրավիճակների կանխման հարցերով միջպետական նպատակային և գիտատեխնիկական ծրագրերի մշակում և իրագործում` ներառյալ բնակչության, նյութական և մշակութային արժեքների, շրջակա միջավայրի պաշտպանության հարցերը,
հսկողություն ներունակ վտանգավոր օբյեկտների, շրջակա միջավայրի վիճակի նկատմամբ, արտակարգ իրավիճակների առաջացման և դրանց մասշտաբների կանխատեսում,
փոխադարձ ծանուցում ներունակ վտանգավոր օբյեկտների և շրջակա միջավայրի վիճակի, առաջացող արտակարգ իրավիճակների, դրանց զարգացման ընթացքի և հնարավոր հետևանքների, դրանց վերացման համար ձեռնարկվող միջոցառումների մասին,
արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում և Համաձայնագրի մասնակիցների տարածքներում տուժած բնակչության տեղավորման համար միջոցների ձեռնարկում,
արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման հարցերով մասնագետների պատրաստում և որակավորման բարձրացում:
ՀՈԴՎԱԾ 4
Համաձայնագրի մասնակիցները մշակում և իրագործում են միջպետական նպատակային և գիտատեխնիկական ծրագրեր, որոնք համաձայնեցվում և հաստատվում են Համաձայնագրի այն մասնակիցների կողմից, ովքեր մասնակցում են դրանց իրագործմանը:
ՀՈԴՎԱԾ 5
Համաձայնագրի մասնակիցները միմյանց տրամադրում են տեղեկություններ ուժերի և միջոցների մասի, որոնք կարող են օպերատիվ կերպով ներգրավվել Համաձայնագրի մասնակիցների տարածքներում վթարային-փրկարարական աշխատանքների անցկացման համար` համապատասխան հարցում ստանալու դեպքում:
Համաձայնագրի մասնակիցը բնական և տեխնածին բնույթի խոշորածավալ արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում կարող է անհրաժեշտ օգնության համար դիմել Համաձայնագրի մյուս մասնակիցներին` նշելով հարցվող օգնության կոնկրետ տեսակները և ծավալները:
Օգնության համար ներգրավված ուժերի և միջոցների ղեկավարությունը իրականացնում է Համաձայնագրի այն մասնակիցը, որի տարածքում իրականացվում են վթարային-փրկարարական աշխատանքները:
Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը, կենսապահովման հարցերի լուծմանն ուղղված ջանքերի ավելացման համար այլ ուժերի և միջոցների ներգրավման անհրաժեշտության դեպքում Համաձայնագրի մասնակիցները մշակում և Համագործակցության Կառավարությունների ղեկավարների Խորհրդին են ներկայացնում համապատասխան առաջարկություններ:
Համաձայնագրի մասնակիցների ուժերը և միջոցները ներգրավվում են վթարային-փրկարարական, վթարային-վերականգնողական և այլ աշխատանքների կատարման համար` օգնություն հայցող Կողմի հաշվին կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով կամ այլ համաձայնեցված ձևով:
ՀՈԴՎԱԾ 6
Համաձայնագրի մասնակիցները պարտավորվում են միմյանց օպերատիվ կերպով սույն Համաձայնագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել:
ՀՈԴՎԱԾ 7
Արտակարգ իրավիճակի արդյունքում պատճառված վնասի համար պատասխանատվությանը վերաբերող կարգը, կանոնները և ընթացակարգերը կկարգավորվեն առանձին համաձայնագրով:
ՀՈԴՎԱԾ 8
Համաձայնագրի մասնակիցները սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ վեճերը կարգավորում են բանակցությունների կամ, իրենց ընտրությամբ, այլ խաղաղ միջոցների օգնությամբ:
ՀՈԴՎԱԾ 9
Սույն Համաձայնագրի դրույթների գործնական իրագործման նպատակներով ստեղծվում է Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների միջպետական խորհուրդ` բաղկացած Համաձայնագրի մասնակիցների լիազոր ներկայացուցիչներից` յուրաքանչյուր պետությունից մեկական:
Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների միջպետական խորհուրդը իր աշխատանքում ղեկավարվում է Համագործակցության Կառավարությունների ղեկավարների խորհրդի հաստատած Կանոնակարգով:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության բոլոր մասնակից պետությունների ստորագրման համար:
Սույն Համաձայնագրին, նրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, կարող է միանալ ցանկացած այլ պետություն:
ՀՈԴՎԱԾ 11
Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է դուրս գալ Համաձայնագրից` համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին: Նման մասնակցի համար Համաձայնագրի գործողությունը դադարում է վերոհիշյալ ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից 12 ամիս հետո:
ՀՈԴՎԱԾ 12
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
Կատարված է Մինսկ քաղաքում 1993 թվականի հունվարի 22-ին, մեկ բնօրինակով` ռուսերենով: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության Կառավարության արխիվում, որը դրա հաստատված պատճենները կուղարկի սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին:
* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հունվարի 22-ից: