Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 347-ՐԴ ԵՎ 4...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 347-ՐԴ ԵՎ 421-ՐԴ, 300-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ թիվ 3-338 (ՎԴ)

    դատարանի որոշում                                             2008 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-981

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

Դատավորներ` Լ. Գրիգորյան

Ե. Խունդկարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Հ. Մանուկյանի

                   մասնակցությամբ դատավորներ` Ա. Մկրտումյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Սարգսյանի

                                              Դ. Ավետիսյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ս. Օհանյանի

                                              

2008 թվականի մայիսի 23-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Ռուբիկ Թադևոսյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2008 թվականի որոշման դեմ` ըստ Նշան Չութիլյանի հայցի ընդդեմ «Կապիտալ Մ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) և Ռուբիկ Թադևոսյանի` գումարը, տոկոսները բռնագանձելու և վնասը հատուցելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Նշան Չութիլյանը պահանջել է Ընկերությունից և Ռուբիկ Թադևոսյանից բռնագանձել 31.299 ԱՄն դոլարին համարժեք ՀՀ դրամը և 1.030.410 ՀՀ դրամ` որից 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը որպես վճարված նախավճարի գումար և 15.000 ԱՄՆ դոլարի համարժեք ՀՀ դրամը` պայմանագրով նախատեսված նախավճարի կրկնապատիկի գումար, 226.410 ՀՀ դրամը` որպես վճարված պետական տուրքի գումար, իսկ 804.000 ՀՀ դրամը` որպես խախտված իրավունքի վերականգնման համար կատարած ծախսի հատուցում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 08.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.02.2008 թվականի որոշմամբ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 08.11.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուբիկ Թադևոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նշան Չութիլյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ և 421-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր և չի կիրառել նույն օրենսգրքի 300-րդ, 304-րդ և 445-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա 15.01.2007 թվականի երաշխավորության պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր): Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերոնշյալ պայմանագիրը վերաբերում է անշարժ գույքի սեփականաշնորհմանը, ինչպես նաև այդ գույքի վաճառքին: Հետևաբար, այն իրենից ներկայացնում է խառը պայմանագիր, որում առկա են նաև նախնական պայմանագրի կնքման համար նախատեսված պայմաններ: Նշված պայմանագրի կնքման կարգը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածով, որն էլ կողմերը չեն պահպանել: Այն կնքման պահից առոչինչ էր, քանի որ անշարժ գույքի վերաբերյալ ցանկացած պայմանագիր ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրա բացակայության դեպքում այն առոչինչ գործարք է:

Այսինքն, տվյալ պարագայում, Ռուբիկ Թադևոսյանը պարտավոր է Նշան Չութիլյանին վերադարձնել միայն այն գումարը, որն ստացել է, այլ ոչ թե` վճարված գումարի կրկնապատիկը և տոկոսները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.02.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.

 

Կողմերի միջև կնքված 15.01.2007 թվականի երաշխավորության պայմանագիրը որպես իրավական հետևանք չի նախատեսում հետագայում պայմանագրի 1.2 կետով նախատեսված հողատարածքի և նշված պայմանագրի առուվաճառքի պարտադիր կնքում, հետևաբար, այս պայմանագիրը չի կարող դիտվել որպես անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր: Վիճարկվող պայմանագրով գույքը հանձնելու ժամանակի և պայմանների վերաբերյալ որևէ հիշատակում չկա, ինչը պարտադիր պայման է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքելիս, ինչպես նաև նախնական պայմանագիրը կնքելիս:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Պայմանագրի 1.2. կետի համաձայն` Ռուբիկ Թադևոսյանը պարտավորվում է սեփականաշնորհել 02.10.2003 թվականի թիվ 0049138 վարձակալության վկայականով իրեն մինչև 2013 թվականը վարձակալության տրամադրված 0,25 հա մակերեսով հողատարածքը և այն վաճառել Նշան Չութիլյանին 1(մեկ) քառակուսի մետրը` 72 ԱՄՆ դոլարին համարժեք հաշվարկով, որի համար Ռուբիկ Թադևոսյանն ստանում է 15000 (տասնհինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ նախավճար:

2. Պայմանագրի 1.3 կետի համաձայն` Ռուբիկ Թադևոսյանը պարտավորվում է սույն պայմանագրի 1.2. կետում նշված իր պարտավորությունը կատարել մինչև 2007 թվականի մարտի 30-ը և Նշան Չութիլյանի հարցումներով պետք է տրամադրի բանավոր կամ գրավոր տեղեկատվություն դրա ընթացքի վերաբերյալ:

3. Պայմանագրի 1.4 կետի համաձայն` Ռուբիկ Թադևոսյանն իր կողմից սույն պայմանագրի 1.2. կետով ստանձնած պարտավորության չկատարման դեպքում պարտավորվում է Նշան Չութիլյանին վերադարձնել վճարված նախավճարի կրկնապատիկը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կողմերը կարող են կնքել օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված մի քանի պայմանագրերի տարրեր պարունակող պայմանագիր (խառը պայմանագիր): Խառը պայմանագրի կողմերի հարաբերությունների նկատմամբ համապատասխան մասերով կիրառվում են այն պայմանագրերի մասին կանոնները, որոնց տարրերը պարունակվում են խառը պայմանագրում, եթե այլ բան չի բխում կողմերի համաձայնությունից կամ խառը պայմանագրի էությունից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախնական պայմանագրով կողմերը պարտավորվում են ապագայում կնքել գույք հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր (հիմնական պայմանագիր)` նախնական պայմանագրով նախատեսված պայմաններով:

i

Նույն օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախավճար է համարվում այն դրամական գումարը, որ պայմանավորվող կողմերից մեկը պայմանագրով հասանելիք վճարների հաշվին տալիս է մյուս կողմին` իբրև պայմանագրի կնքման ապացույց և դրա կատարման ապահովում:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 08.11.2007 թվականի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, որոշման պատճառաբանական հիմքում դրել է այն հանգամանքը, որ կողմերի միջև իրականում կնքվել է երաշխավորության պայմանագիր:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման առարկա չի դարձրել Նշան Չութիլյանի և Ռուբիկ Թադևոսյանի միջև կնքված պայմանագիրը: Իրականում կողմերի միջև կնքվել է խառը պայմանագիր, որը պարունակում է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի և նախավճարի տարրեր:

Վճռաբեկ դատարանի նման եզրահանգման համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ պայմանագրի 1.2 կետը պարունակում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածով նախատեսված նախնական պայմանագրի բոլոր պարտադիր վավերապայմանները: Այդպիսիք են` ապագայում հիմնական առուվաճառքի պայմանագրի կնքման վերաբերյալ համաձայնություն, հիմնական պայմանագրի առարկան (0,25 հա մակերեսով հողատարածքը), ինչպես նաև հիմնական պայմանագրով հանձնման ենթակա անշարժ գույքի գինը (1 (մեկ) քառակուսի մետրը` 72 ԱՄՆ դոլարին համարժեք հաշվարկով): Պայմանագրի 1.3. կետով նախատեսվել է այն ժամկետը, որի ընթացքում կողմերը պարտավորվել են կնքել հիմնական պայմանագիրը:

Բացի այդ, պայմանագրի 1.4-րդ կետով նախատեսվում է պայմանագրի կնքման ապահովում` նախավճարի տեսքով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախնական պայմանագիրը կնքվում է հիմնական պայմանագրի համար սահմանված ձևով, իսկ եթե հիմնական պայմանագրի ձևը սահմանված չէ` գրավոր: Նախնական պայմանագրի ձևի մասին կանոնները չպահպանելն այն դարձնում է առոչինչ:

i

Նույն օրենսգրքի 562-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անշարժ գույքի վաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերի միջև 15.01.2007 թվականին կնքված գործարքի առուվաճառքի նախնական պայմանագրի վերաբերյալ պայմանն առոչինչ է և չի կարող հանգեցնել իրավաբանական հետևանքների:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 338-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հիմնական պարտավորության անվավերությունը հանգեցնում է այն ապահովող պարտավորության անվավերության, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:

Հիմնական պայմանագրի անվավերության դեպքում նախավճարի պայմանագրի անվավերության վերաբերյալ օրենքով այլ բան նախատեսված չլինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անվավեր է նաև Պայմանագրի 1.4. կետով սահմանված հիմնական պայմանագրի պարտավորության կատարումն ապահովված նախավճար վճարելու պարտավորության պայմանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նշան Չութիլյանի և Ռուբիկ Թադևոսյանի միջև կնքված պայմանագրի առոչինչ լինելու փաստով կողմերի միջև չեն կարող առաջանալ նաև տոկոսների և նախավճարի վճարման հետ կապված լրացուցիչ պարտավորական իրավահարաբերություններ:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.02.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Հ. Մանուկյան

Դատավորներ` Ա. Մկրտումյան

Վ. Աբելյան

Ս. Սարգսյան

Դ. Ավետիսյան

Հ. Ղուկասյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
23.05.2008
N 3-338 (ՎԴ)
Որոշում