Սեղմել Esc փակելու համար:
ՃԻՇՏ ՀԱՅՑԱՏԵՍԱԿ ՄԱՏՆԱՆՇԵԼՈՒ ԴԱՏԱՐԱՆԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՃԻՇՏ ՀԱՅՑԱՏԵՍԱԿ ՄԱՏՆԱՆՇԵԼՈՒ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/5005/05/22

    Վարչական գործ թիվ ՎԴ/5005/05/22             2023թ.

Նախագահող դատավոր` Ռ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2023 թվականի դեկտեմբերի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Աճեմյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.01.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Տիգրան Աճեմյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` Երևան քաղաքի Նուբարաշեն Ե-2 թաղամաս 5 հասցեով (սեփականության վկայական` 29032018-01-0079) ապօրինի գրանցված սեփականության իրավունքի դադարեցման պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տիգրան Աճեմյանը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին կատարել Երևան քաղաքի Նուբարաշեն Ե-2 թաղամաս 5 հասցեով (սեփականության վկայական` 29032018-01-0079) ապօրինի գրանցված սեփականության իրավունքի դադարեցման պետական գրանցում:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 23.08.2022 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

Դատարանի 27.09.2022 թվականի որոշմամբ կրկին ներկայացված հայցադիմումը վերադարձվել է:

Դատարանի 31.10.2022 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.01.2023 թվականի որոշմամբ Տիգրան Աճեմյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 31.10.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Աճեմյանը (ներկայացուցիչ` Կարո Ասատրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 73-րդ, 74-րդ, 78-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել 80-րդ հոդվածի դրույթները, ինչը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 60-րդ և 61-րդ հոդվածների և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտման:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած դիրքորոշումները, եկել է սխալ եզրահանգման` պարտադիր համարելով հայցվորի համար Դատարանի կողմից մատնանշած ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու հանգամանքը, քանի որ այն ընդամենն առաջարկ է հայցվորին, այսինքն` հայցվորի իրավունքն է այդ առաջարկն ընդունելը կամ չընդունելը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հայցվորին տալիս է գործի քննության ընթացքում հայցապահանջի հստակեցման և (կամ) փոփոխման հնարավորություն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 16.01.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` հայցադիմումն ընդունել վարույթ:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ճիշտ հայցատեսակ մատնանշելու դատարանի պարտականության պատշաճ կատարմանը ներկայացվող պահանջներին` դատական ակտի որոշակիության ու կանխատեսելիության համատեքստում:

 

i

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վարչական դատարանի ճիշտ հայցատեսակ մատնանշելու պարտականությանը` որպես Օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի բաղադրիչ, ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում:

i

Այսպես, գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքը («ex officio») հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը: (...) դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու` վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք` որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները` ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները: Նշված դեպքերում վարչական դատարանի` դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև` անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, նաև Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս շեշտադրել է, որ որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու վարչական դատարանի` գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի էությունից բխող պարտականությունը վարչական դատավարությունում կարող է իրականացվել թե՛ գործի հարուցման, թե՛ գործը դատաքննության նախապատրաստելու, թե՛ դատաքննության փուլերի ընթացքում: Այլ կերպ ասած, եթե գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (»ex officio») պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող այս կամ այն դատավարական գործողությունը գործի քննության սկզբնական (գործի հարուցման կամ հայցադիմումի ընդունելիության) փուլում կատարելու համար առկա են բավարար իրավական և փաստական հիմքեր, ապա վարչական դատարանը պարտավոր է տվյալ դատավարական պարտականությունը կատարել հենց այդ փուլում` ելնելով գործի հետագա քննության արդյունավետությունն ապահովելու նկատառումներից: Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական դատարանի կողմից ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ հայցվորին առաջարկ անելու պարտականությունը կարող է կատարվել նաև գործի հարուցման փուլում: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` հայցադիմումի ընդունելիության (գործի հարուցման) փուլում նշված դատավարական գործողությունը պետք է կատարվի հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման շրջանակներում (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ` որպես ճիշտ հայցատեսակ մատնանշելու պարտականության կատարման ելակետային սկզբունք ամրագրել է հետևյալը. (...) յուրաքանչյուր գործով մատնանշման պարտականության կատարումը պետք է կատարվի այն հաշվառմամբ, որ չխախտվի ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից մեկը` տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները (տե՛ս, Տիգրան Սահակյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/6067/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, ելնելով տնօրինչականության սկզբունքի էությունից, արձանագրել է, որ, ստանալով սխալ հայցատեսակով ձևակերպված հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը` հայցվորը կարող է կատարել, inter alia, հետևյալ դատավարական գործողությունները.

1) ընդունել ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ դատարանի առաջարկը և կրկին ներկայացվող հայցադիմումի մեջ պահանջը ձևակերպել դատարանի կողմից մատնանշված պատշաճ հայցատեսակին համահունչ,

i

2) չընդունել դատարանի առաջարկը և կրկին ներկայացվող հայցադիմումի մեջ պահանջը ձևակերպել նույն կերպ, ինչպես որ այն ձևակերպված է եղել սկզբնապես ներկայացված հայցադիմումի մեջ (տե՛ս, Գագիկ Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8117/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև հայցադիմումը վերադարձնելու որոշմամբ ՀՀ վարչական դատարանի կողմից կատարված ճիշտ հայցատեսակի մատնանշումը հայցվորի կողմից չընդունելու իրավական հետևանքներին, մասնավորապես, մատնանշումը չընդունելու դեպքում հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով մերժելու իրավական հնարավորությանը: Նշված նորմի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե նույն Օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար:

i

Այս առնչությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, և եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է կատարված (տե՛ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` այն դեպքում, երբ հայցվորը կրկին ներկայացված հայցադիմումով պնդում է սկզբնապես ներկայացված հայցադիմումը, նշված հանգամանքն արգելք չէ գործի քննության համար. ըստ այդմ` հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով: (...) հայցադիմումի ընդունումը չի կարող մերժվել այն պատճառաբանությամբ, որ ճիշտ հայցատեսակի մատնանշմամբ դատարանի կողմից վերադարձված հայցադիմումը կրկին ներկայացրած հայցվորը պնդել է սկզբնապես ներկայացված պահանջը (տե՛ս, Հայկ Բաբուխանյանն ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/4606/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2023 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում հարկ է համարում նաև անդրադառնալ ճիշտ հայցատեսակի մատնանշում բովանդակող` հայցադիմումը վերադարձնելու որոշման որոշակիության և կանխատեսելիության անհրաժեշտ որակներին:

i

ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142, ՍԴՈ-1213) անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և գտել, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում: (...) իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ:

i

ՀՀ սահմանադրական դատարանն ընդգծել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է նաև դատարանների որոշումների հստակություն և կանխատեսելիություն, ինչը թույլ է տալիս իրավահարաբերությունների մասնակիցներին համապատասխան պատկերացում կազմել իրենց վարքագծի հնարավոր հետևանքների մասին (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 03.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-1270 որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտի ինչպես հիմնավորումներն ու պատճառաբանությունը, այնպես էլ եզրահանգումները պետք է հասցեատերերի համար լինեն որոշակի և կանխատեսելի` վերջիններիս համար ապահովելով պատշաճ վարքագծի հստակ ընտրության հնարավորություն: Դատական ակտի որոշակիության և կանխատեսելիության որակների միջոցով պետք է բացառվի կողմերի հարաբերություններում անորոշությունը, ինչպես նաև դատական ակտի բովանդակության տարընկալումներն ու տարընթերցումները: Դատական ակտով կողմերից պահանջվող համապատասխան վարքագիծը պետք է ձևակերպվի հնարավորինս միանշանակ ու հստակ, որպեսզի կողմը հնարավորություն ունենա պատշաճ կերպով կատարել դատական ակտի պահանջը:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ ճիշտ հայցատեսակը ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ մատնանշում կատարելու ՀՀ վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարումը, ի թիվս այլնի, պետք է ենթարկվի հետևյալ պահանջներին.

- հայցադիմումի ընդունելիության փուլում ճիշտ հայցատեսակի մատնանշումը պետք է կատարվի այդ պարտականությունը կատարելու համար անհրաժեշտ իրավական և փաստական հիմքերի բավարար համակցության առկայության դեպքում միայն: Եթե հայցադիմումում ներկայացված փաստերը և հայցադիմումին կից ապացույցները բավարար հիմք չեն ձևավորում ճիշտ հայցատեսակ մատնանշելու համար, ապա ճիշտ հայցատեսակ մատնանշելու պարտականության կատարումը պետք է կատարվի գործը դատաքննության նախապատրաստելու փուլում,

- դատական պրակտիկայում պետք է բացառվի այն իրավիճակը, երբ հայցվորը կրկին ներկայացված հայցադիմումով ընդունում է հայցադիմումը վերադարձնելու որոշմամբ կատարված մատնանշումը, սակայն դատարանը կրկին ներկայացված հայցադիմումով լրացված փաստերի ու ապացույցների հետազոտման արդյունքում կատարում է մեկ այլ հայցատեսակի մատնանշում` կրկին վերադարձնելով հայցադիմումը,

- ճիշտ հայցատեսակի մատնանշումն իր բովանդակությամբ պետք է լինի որոշակի, հստակ ու միանշանակ` հիմնված հայցադիմումում ներկայացված փաստերի և կից ապացույցների ամբողջական հետազոտման ու գնահատականի վրա, հայցադիմումը վերադարձնելու որոշումից հայցվորի համար պետք է միանշանակորեն պարզ լինի, թե կոնկրետ ինչ հայցատեսակ է մատնանշվել, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հայցադիմումը կրկին ներկայացնելիս իր վարքագիծը համապատասխանեցնել հայցադիմումը վերադարձնելու որոշման պահանջներին:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով Դատարան` Տիգրան Աճեմյանը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին Երևան քաղաքի Նուբարաշեն Ե-2 թաղամաս 5 հասցեով (սեփականության վկայական` 29032018-01-0079) ապօրինի գրանցված սեփականության իրավունքի դադարեցման պետական գրանցում կատարել:

Դատարանը 23.08.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ հայցադիմումը վերադարձրել է` պատճառաբանելով, որ, տվյալ դեպքում հայցվորի դատական պաշտպանությունը կարող է իրականացվել վիճարկման հայցի շրջանակում, քանի որ նրա փաստարկները հանգում են համապատասխան վարչական ակտի օրենքի խախտմամբ ընդունված լինելուն: Ըստ այդմ` Դատարանը հայցվորին առաջարկել է կրկին ներկայացվելիք հայցադիմումում ոչ ճիշտ հայցատեսակը` պարտավորեցման հայցը, փոխարինել պատշաճ հայցատեսակով` վիճարկման հայցով:

Հայցվորը, ընդունելով Դատարանի կողմից կատարված մատնանշումը, կրկին ներկայացված հայցադիմումով խնդրել է անվավեր ճանաչել ք. Երևան, Նուբարաշեն Ե-2 թաղամաս 5 հասցեով Հասմիկ Թոքատլյանի անվամբ կատարված պետական գրանցումը, և որպես հետևանք` անվավեր ճանաչել պատասխանողի կողմից կատարված ք. Երևան, Նուբարաշեն Ե-2 թաղամաս 5 հասցեով Կարեն Աբրահամյանի անվամբ կատարված պետական գրանցումը:

Քննարկելով կրկին ներկայացված հայցադիմումի ընդունելիության հարցը` Դատարանը 27.09.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ նշել է, որ, ի թիվս այլնի, «հայցվորի կողմից հայցադիմումին չի կցվել քաղաք Երևան, Նուբարաշեն Ե-2 թաղամաս 5 հասցեով Կարեն Աբրահամյանի անվամբ կատարված պետական գրանցումը (սեփականության վկայական` 29032018-01-0079), որպիսի դեպքում հնարավոր չէ պարզել, թե այդ գրանցումը երբ է կատարվել, ինչ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա է կատարվել, արդյոք Կարեն Աբրահամյանը վիճելի գույքը ձեռք է բերել Հասմիկ Թոքատլյանից կամ հակառակը, և նշված վարչական ակտի բացակայության պայմաններում հնարավոր չէ որոշել, թե վիճարկվող գրանցումները տվյալ պահին իրավաբանական ուժ ունեն, թե` ոչ»: Դատարանը նշված որոշմամբ փաստել է նաև, որ «եթե նշված գրանցումներից որևէ մեկը կորցրել է իր իրավաբանական ուժը, ապա նման գրանցումը կարող է վիճարկվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակում, իսկ այն գրանցումը, որը տվյալ պահին գործում է, կարող է վիճարկվել հենց նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի շրջանակում»:

Քննարկելով կրկին ներկայացված հայցադիմումի ընդունելիության հարցը Դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով` նշելով, որ «հիմնական պահանջով վիճարկման հայցի շրջանակում վիճարկվող իրավունքի պետական գրանցումն իրավաբանական ուժ չունի, ուստի այն չի կարող դառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցի առարկա, ինչի վերաբերյալ հայցվորին հստակ մատնանշվել էր, սակայն մատնանշման պահանջները չեն կատարվել»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Տիգրան Աճեմյանի վերաքննիչ բողոքը, նշել է, որ Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով ամրագրված կանոնակարգումների հաշվառմամբ շեշտադրել է սույն դեպքի նկատմամբ հնարավոր ճիշտ հայցատեսակները, մինչդեռ, հայցվորը Հասմիկ Թոքատլյանի անվամբ կատարված պետական գրանցման (սեփականության վկայական` թիվ 2291611) այլևս իրավաբանական ուժ չունենալու պայմաններում որպես հիմնական պահանջ կրկին ներկայացրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայց, որպիսի պահանջով ամփոփված վեճը ենթակա չէ դատարանում քննության: Այսինքն, հայցվոր կողմը չի շտկել իր կողմից թույլ տրված սխալը, որպիսի իրողությունը հանգեցրել է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին Դատարանի հիմնավոր հետևությանը: Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ Դատարանը եկել է ճիշտ եզրահանգման` մերժելով հայցադիմումի ընդունումը, քանի որ Տիգրան Աճեմյանը Հասմիկ Թոքատլյանի անվամբ կատարված պետական գրանցման (սեփականության վկայական` թիվ 2291611) այլևս իրավաբանական ուժ չունենալու պայմաններում կրկին ներկայացված հայցադիմումով որպես հիմնական պահանջ պնդել է հայցադիմումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցի շրջանակներում ներկայացնելու իր դիրքորոշումը, մինչդեռ, եթե գրանցումը կորցրել է իր իրավաբանական ուժը, ապա այն կարող է վիճարկվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակում, իսկ այն գրանցումը, որը տվյալ պահին գործում է, կարող է վիճարկվել նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի շրջանակում:

Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի նշված դիրքորոշումը, գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը 23.08.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ կատարել է ճիշտ հայցատեսակի մատնանշում, այն է` ըստ Դատարանի դիրքորոշման` հայցվորի դատական պաշտպանությունը կարող է իրականացվել վիճարկման հայցի միջոցով: Տիգրան Աճեմյանը, շտկելով Դատարանի 23.08.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ նշված թերությունը, հայցադիմումի պահանջը ձևակերպել է վիճարկման հայցի շրջանակներում, սակայն Դատարանը 27.09.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ կրկին վերադարձրել է հայցադիմումը` նշելով, որ հնարավոր չէ պարզել, թե երբ է կատարվել վիճարկվող պետական գրանցումը (վարչական ակտը), և եթե տվյալ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցրել է, անհրաժեշտ է հայցադիմումը ներկայացնել ճանաչման հայցի շրջանակներում, եթե` ոչ, ապա հայցադիմումը ներկայացնել վիճարկման հայցի շրջանակներում:

Տիգրան Աճեմյանը հայցադիմումը կրկին ներկայացրել է վիճարկման հայցի շրջանակներում` հայցադիմումին կցելով քաղաք Երևան, Նուբարաշեն Ե-2 թաղամաս 5 հասցեով Կարեն Աբրահամյանի անվամբ կատարված պետական գրանցումը (սեփականության վկայական` 29032018-01-0079): Դատարանը, սակայն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով մերժել է հայցադիմումի ընդունումը` այն հիմնավորմամբ, որ Տիգրան Աճեմյանը չի վերացրել հայցադիմումի այնպիսի սխալները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար, այն է` քաղաք Երևան, Նուբարաշեն Ե-2 թաղամաս 5 հասցեով Կարեն Աբրահամյանի անվամբ կատարված պետական գրանցումը (սեփականության վկայական` 29032018-01-0079) պահանջել է անվավեր ճանաչել վիճարկման հայցի շրջանակներում, այնինչ տվյալ վարչական ակտն իրավաբանական ուժը կորցրել է, և անհրաժեշտ է տվյալ պարագայում դատական պաշտպանությունն իրականացնել ճանաչման հայցի շրջանակներում:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ Դատարանի կողմից միևնույն հայցադիմումը վերադարձվել է երկու անգամ: Ընդ որում, հայցվորը, ընդունելով 23.08.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ կատարված մատնանշումը, ներկայացրել է վիճարկման հայց: Մինչդեռ, 27.09.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ Դատարանը կրկին վերադարձրել է հայցադիմումը` առաջարկված ճանաչման և վիճարկման հայցատեսակների միջև ընտրությունը թողնելով հայցվորին և պայմանավորելով վիճարկվող իրավունքի պետական գրանցման (վարչական ակտի) իրավաբանական ուժ ունենալու կամ չունենալու հանգամանքով` նշված հանգամանքի գնահատականը թողնելով հայցվորին: Դատարանը վիճարկվող որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով` հայցվորի կողմից Դատարանի 27.09.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ կատարած մատնանշումը չընդունելու պատճառաբանությամբ: Այլ կերպ` Դատարանը գործի քննության համար արգելք է դիտարկել 27.09.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ կատարված մատնանշմանը համապատասխան ճիշտ հայցատեսակ չներկայացնելը:

Վճռաբեկ դատարանը Դատարանի 31.10.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման ուսումնասիրության արդյունքում նախ և առաջ արձանագրում է, որ Դատարանի դիրքորոշումն առ այն, որ մատնանշմանը համապատասխան հայցատեսակը չշտկելը արգելք է գործի քննության համար, հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի ՎԴ/4606/05/22 որոշմամբ արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումներին:

Ավելին, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նկատել, որ 27.09.2022 թվականի որոշմամբ Դատարանի կողմից կոնկրետ հայցատեսակ չի էլ առաջարկվել: Հայցադիմումին կից վիճարկվող պետական գրանցման վերաբերյալ ապացույցի բացակայության պայմաններում Դատարանը, հնարավորություն չունենալով գնահատել այդ գրանցման` որպես վարչական ակտի, իրավաբանական ուժ ունենալու (չունենալու) հանգամանքը, կոնկրետ հայցատեսակ չի մատնանշել: Դատարանն առաջարկել է ճիշտ հայցատեսակի այլընտրանքային տարբերակներ (վիճարկման կամ ճանաչման)` պայմանավորված տվյալ վարչական ակտի` իրավաբանական ուժը կորցրած լինելու (չլինելու) հանգամանքով: Ընդ որում` վիճարկվող վարչական ակտի իրավաբանական ուժ ունենալու (չունենալու) հանգամանքի գնահատումը և ըստ այդմ` առաջարկված հայցատեսակների միջև ընտրությունը Դատարանը թողել է հայցվորին:

Մինչդեռ, դատական ակտին ներկայացվող որոշակիության պահանջին համապատասխան` Դատարանը պարտավոր էր կատարել կոնկրետ մեկ ճիշտ հայցատեսակի մատնանշում, ինչը հիմնված կլիներ բավարար ապացույցների, այդ թվում` վիճարկվող իրավունքի պետական գրանցման փաստի վերաբերյալ ապացույցի հետազոտման արդյունքում տվյալ գրանցման` որպես վարչական ակտի իրավաբանական ուժ ունենալու (չունենալու) հանգամանքի Դատարանի կողմից տրված հիմնավոր գնահատականի վրա:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա իրավիճակում նույնիսկ բացակայում է հայցվորի կողմից Դատարանի ճիշտ մատնանշումը չընդունելու փաստը, քանզի Դատարանի 27.09.2022 թվականին կատարված մատնանշումը որոշակի չէ, կատարվել է երկու այլընտրանքային հայցատեսակների մատնանշում, որպիսի պայմաններում հայցվորը հնարավորություն չի ունեցել իր հետագա վարքագիծը համապատասխանեցնել հայցադիմումը վերադարձնելու որոշման պահանջներին: Ընդ որում, հայցվորը կրկին ներկայացրել է երկու այլընտրանքային հայցատեսակներից մեկը, ինչը հնարավոր է` արդյունք է հայցվորի կողմից վիճարկվող վարչական ակտի իրավաբանական ուժ ունենալուն (չունենալուն) տրված գնահատականին: Դատարանը հայցվորին էր թողել նշված հանգամանքի գնահատումը, հետևաբար հայցվորը կարող էր ընտրություն կատարել երկու հայցատեսակների միջև և ընտրել վիճարկման հայցը` հիմք ընդունելով իր սուբյեկտիվ գնահատականն առ այն, որ վիճարկվող վարչական ակտն իրավաբանական ուժը չի կորցրել:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ խնդրո առարկա իրավիճակն արդյունք է նրա, որ Դատարանը 23.08.2022 թվականի և 27.09.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումներով հայցատեսակի մատնանշումները կատարել է` հայցադիմումի ընդունելիության փուլում իր տրամադրության տակ չունենալով ճիշտ հայցատեսակը մատնանշելու պարտականության պատշաճ կատարման համար անհրաժեշտ բավարար իրավական և փաստական հիմքեր: Մասնավորապես, Դատարանը 23.08.2022 թվականի և 27.09.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումներով մատնանշումը կատարել է` իր տրամադրության տակ չունենալով վիճարկվող իրավունքի պետական գրանցման փաստի վերաբերյալ որևէ ապացույց: Մինչդեռ, օբյեկտիվորեն հնարավոր չէ պատշաճ կերպով կատարել ճիշտ հայցատեսակը մատնանշելու պարտականությունը, քանի դեռ հստակ չէ, թե կոնկրետ ինչ վարչական ակտ է (տվյալ դեպքում` սեփականության իրավունքի պետական գրանցումը) վիճարկվում, հայցադիմումին կից ներկայացված չէ վիճարկվող ակտը: Սույն դեպքում, մատնանշման պարտականությունը կարող էր պատշաճ կատարվել միայն այն պայմաններում, երբ հայցվորի կողմից Դատարանի պահանջով ներկայացվեր վիճարկվող իրավունքի պետական գրանցման փաստի վերաբերյալ ապացույցը և դրա հետազոտման արդյունքում Դատարանը գնահատական տար տվյալ վարչական ակտի իրավաբանական ուժ ունենալու (չունենալու) հանգամանքին: Ըստ այդմ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը ճիշտ հայցատեսակ մատնանշելու պարտականությունը պատշաճ կերպով կարող էր կատարել առնվազն գործը դատաքննության նախապատրաստելու փուլում` պարզելով ու գնահատելով տվյալ պարտականության կատարման համար անհրաժեշտ իրավական և փաստական հիմքերը:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի 27.09.2022 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ նշված սխալը Տիգրան Աճեմյանի կողմից չշտկելն արգելք չէր գործի քննության համար, և սույն գործով 31.10.2022 թվականին կայացնելով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, Դատարանը սահմանափակել է Տիգրան Աճեմյանի դատարանի մատչելիության իրավունքը: Դատարանի նման դիրքորոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի հետևողականորեն ձևավորված նախադեպային պրակտիկային, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16.01.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 31.10.2022 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809974820

 

pin
Վճռաբեկ դատարան
08.12.2023
N ՎԴ/5005/05/22
Որոշում