Սեղմել Esc փակելու համար:
«ԱՍԱՏՐՅԱՆՆԵՐԻ ՍԱԽԱ ԼԵՆԱ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՍԱՏՐՅԱՆՆԵՐԻ ՍԱԽԱ ԼԵՆԱ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ...

 

 

020.1054.301012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԱՍԱՏՐՅԱՆՆԵՐԻ ՍԱԽԱ ԼԵՆԱ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 30 հոկտեմբերի 2012թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչ Ի. Վանոյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչներ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մխիթարյանի և նույն բաժնի առաջատար մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ասատրյանների Սախա Լենա» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը «Ասատրյանների Սախա Լենա» ՓԲԸ-ի` 19.06.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004թ. փետրվարի 18-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2004թ. մարտի 16-ին և ուժի մեջ է մտել 2004թ. դեկտեմբերի 31-ից:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի` «Վարչական մարմնի արագ գործելու պարտականությունը» վերտառությամբ 36-րդ հոդվածը սահմանում է.

«1. Վարչական վարույթը պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետում:

2. Վարչական մարմինը պետք է վարչական վարույթն իրականացնի առանց դա բարդացնելու` լրացուցիչ լսումներ անցկացնելու, լրացուցիչ փորձաքննություն նշանակելու կամ զննում կատարելու, եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ:

3. Եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն»:

2. Գործի դատավարական համառոտ նախապատմությունը հանգում է հետևյալին. իր սեփականության իրավունքի խախտումները վերացնելու կապակցությամբ դիմողի կողմից «Լիլիթ» ՍՊԸ-ի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված դատական գործի արդյունքում ՀՀ տնտեսական դատարանի 19.10.2007թ. վճռի հիման վրա տրված կատարողական թերթի համաձայն` Գյումրու քաղաքապետի 27.02.2008թ. թիվ 353 որոշմամբ հողամասն ուղղակի վաճառքի ձևով «Լիլիթ» ՍՊԸ-ին վաճառելու վերաբերյալ Գյումրու քաղաքապետի 07.10.2005թ. թիվ 2041 որոշումը ճանաչվել է անվավեր և որպես անվավերության հետևանք` անվավեր է ճանաչվել Գյումրու քաղաքապետի և «Լիլիթ» ՍՊԸ-ի միջև 12.10.2005թ. կնքված հողի առուվաճառքի թիվ 171 պայմանագիրը և «Լիլիթ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009թ. որոշմամբ բեկանվել է ՀՀ տնտեսական դատարանի 19.10.2007թ. վճիռը և գործն ուղարկվել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

ՀՀ վարչական դատարանի 14.06.2010թ. վճռով դիմողի հայցը` Գյումրու քաղաքապետի 07.10.2005թ. թիվ 2041 որոշումն անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք` Գյումրու քաղաքապետի և «Լիլիթ» ՍՊԸ-ի միջև 12.10.2005թ. կնքված հողի առուվաճառքի թիվ 171 պայմանագիրը և «Լիլիթ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ, մերժվել է` հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ մասը և 64-րդ հոդվածը և հաշվի առնելով դիմողի պահանջների առարկայազուրկ լինելը, այսինքն` այն հանգամանքը, որ ՀՀ տնտեսական դատարանի 19.10.2007թ. կայացրած և օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա գործի քննության պահին «վիճարկվող որոշումը, պետական գրանցումը և պայմանագիրը` որպես որոշման հետևանք, առկա չեն»:

«Լիլիթ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 14.06.2010թ. վճռով դիմողի հայցը մերժելու հանգամանքը, Գյումրու քաղաքապետն իր` 23.11.2010թ. թիվ 3037-Ա որոշմամբ անվավեր է ճանաչել հողամասն ուղղակի վաճառքի ձևով «Լիլիթ» ՍՊԸ-ին վաճառելու վերաբերյալ իր` 07.10.2005թ. թիվ 2041 որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ իր` 27.02.2008թ. թիվ 353 որոշումը և վավեր է ճանաչել հողամասն ուղղակի վաճառքի ձևով «Լիլիթ» ՍՊԸ-ին վաճառելու վերաբերյալ իր` 07.10.2005թ. թիվ 2041 որոշումն ու իր և «Լիլիթ» ՍՊԸ-ի միջև 12.10.2005թ. կնքված հողի առուվաճառքի թիվ 171 պայմանագիրը:

Դիմողը Գյումրու քաղաքապետի 23.11.2010թ. թիվ 3037-Ա որոշումը վիճարկել է ՀՀ վարչական դատարանում, որն իր` 24.06.2011թ. թիվ ՎԴ/0337/05/11 վճռով դիմողի հայցը մերժել է:

ՀՀ վարչական դատարանի 24.06.2011թ. թիվ ՎԴ/0337/05/11 վճռի դեմ դիմողի բերած վերաքննիչ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր` 01.12.2011թ. թիվ ՎԴ/0337/05/11 որոշմամբ մերժել է` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի կիրառմամբ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ վարչական դատարանի 14.06.2010թ. վճռի առկայության պայմաններում «առկա չէին գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ»:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.12.2011թ. թիվ ՎԴ/0337/05/11 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, իր` 01.02.2012թ. որոշմամբ վերադարձրել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վերը նշված որոշման դեմ դիմողի բերած վճռաբեկ բողոքը:

3. Դիմողը գտնում է, որ վիճարկվող օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի հակասահմանադրականությունը պայմանավորված է նշված դրույթներում օրենսդրական բացի առկայությամբ և այդ բացով պայմանավորված` ողջ իրավակարգավորման իրավական անորոշությամբ:

Դիմողը գտնում է նաև, որ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի հակասահմանադրականությունը պայմանավորված է նշված մասում ամրագրված` «անհրաժեշտ փաստաթղթերը» բառակապակցության իրավական անորոշությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` դիմողը գտնում է, որ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված` իրավական պետության սկզբունքին, 14.1-րդ հոդվածի 1-ին մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

Իր տեսակետը հիմնավորելու համար` դիմողը նշում է, որ օրենքի վիճարկվող դրույթների վերլուծությունը վկայում է, որ դրանք ցանկացած պարագայում հնարավորություն են ընձեռում վարչական մարմնին առանց վարչական վարույթի մասնակիցներին ծանուցելու և նրանց լսելու` իր համար բավարար չափով պարզաբանված և ճշգրտված համարել գործի հանգամանքները, եթե անգամ գործի հանգամանքների վերաբերյալ վարչական մարմինն ունի սխալ տեսակետ: Ընդ որում, դիմողի բոլոր տեսակետները վերաբերում են բացառապես վարչական ակտ, այլ ոչ թե նորմատիվ ակտ ընդունելու ինստիտուտին:

Ըստ դիմողի` վարչական ակտ ընդունելու կապակցությամբ հարուցված վարչական վարույթի ընթացքում վարչական մարմնի հնարավոր սխալի բացառման համար երաշխիք կարող է հանդիսանալ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում ամրագրված համապատասխանաբար` «եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ» և «բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները» բառակապակցությունների բովանդակության օրենսդրական պարզաբանումները, ինչը բացակայում է նշված դրույթներում: Այսինքն, ըստ դիմողի` օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում առկա է օրենսդրական բաց, որն օրենքի 36-րդ հոդվածի նշված մասերի ողջ իրավակարգավորման մեջ առաջացնում է իրավական անորոշություն այն իմաստով, որ դրանք չեն ամրագրում այն չափորոշիչները, որոնց պարագայում իրավունքի սուբյեկտների, այդ թվում` վարչական մարմնի համար որոշակի կդառնար գործի հանգամանքների պարզաբանված և ճշգրտված լինելը, և ինչն իրավական որոշակիության պահանջներին կհամապատասխանեցներ օրենքի վիճարկվող դրույթներն այն իմաստով, որ կհստակեցվեր վարչական վարույթն արագ և առանց բարդացնելու իրականացնելու` վարչական մարմնի պարտականության շրջանակները` միևնույն ժամանակ առանց խաթարելու վարույթի մասնակիցների իրավունքները:

Դիմողը գտնում է նաև, որ վարչական ակտ ընդունելու կապակցությամբ հարուցված վարչական վարույթի ընթացքում վարչական մարմնի հնարավոր սխալի բացառման, ինչպես նաև վարչական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքն ապահովելու համար երաշխիք կարող են հանդիսանալ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված` «անհրաժեշտ փաստաթղթերը» բառակապակցության բովանդակության պարզաբանումները, ինչը բացակայում է նշված դրույթներում: Ըստ դիմողի` օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված` «անհրաժեշտ փաստաթղթերը» բառակապակցությունը չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին, քանի որ հայտնի չէ, թե այն ներառում է, արդյոք, երրորդ անձանց գրավոր բացատրությունները, որոնց իրավունքներն ու օրինական շահերը կարող են շոշափվել վարչական վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով: Մինչդեռ, ըստ դիմողի, վարչական վարույթի ընթացքում նման գրավոր բացատրության առկայության անհրաժեշտությունը երաշխիք է հանդիսանում վարչական մարմնի հնարավոր սխալի բացառման, ինչպես նաև վարչական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքն ապահովելու համար:

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 14.1 և 18-րդ հոդվածների դրույթներին:

Անդրադառնալով դիմողի փաստարկներին` կապված օրենքի վիճարկվող դրույթներում օրենսդրական բացի և դրա հետևանքով իրավակարգավորման մեջ առաջացած իրավական անորոշության հետ, պատասխանող կողմը, հղում կատարելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 22, 72 և 74-րդ հոդվածներին, նշում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ակտերը չպետք է հակասեն օրինական ուժի մեջ մտած` առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերին, որ իրավական ակտն ուժը կորցրած է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի որոշմամբ, եթե ուժի մեջ է մտել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտ, կամ եթե այդ ակտի ընդունման պահին դա հակասել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին, կարծիք է հայտնում, որ բոլոր այն դեպքերում, երբ վարչական վարույթ հարուցելու անհրաժեշտությունը բխում է օրենքից կամ պայմանավորված է դրանից բխող անհրաժեշտությամբ, և ընդունվելիք վարչական ակտի բովանդակությունն այդ կերպ կանխորոշված է, վարչական վարույթը կարող է իրականացվել առանց գործի փաստական հանգամանքների ուսումնասիրման: Այս կապակցությամբ պատասխանող կողմն արձանագրում է, որ. «Դիմումին կից դատական ակտերի ուսումնասիրությունը ևս վկայում է, որ վարչական մարմինը վարչական վարույթ է հարուցել և ընդունել վարչական ակտ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա»:

Իր դիրքորոշումն ամրապնդելու համար պատասխանողը նաև հղում է կատարում օրենքի 34-րդ հոդվածին` նշելով, որ վարչական վարույթը հարուցվում է ոչ միայն վարչական մարմնի հայեցողությամբ, այլև նախաձեռնությամբ, եթե այն պայմանավորված է օրենքի պահանջով և դրանից բխող անհրաժեշտությամբ:

Անդրադառնալով դիմողի փաստարկներին` կապված օրենքի վիճարկվող դրույթների` իրավական անորոշության պատճառով ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածով ամրագրված` օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի ենթադրյալ խախտման հետ, պատասխանող կողմը, հղում կատարելով օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներին, մասնավորապես, դրանցով սահմանված` վարչարարության իրականացման ժամանակ միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ անհավասար մոտեցման ցուցաբերման արգելքի, վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելման սկզբունքներին, կարծիք է հայտնում, որ օրենքի վերոնշյալ դրույթները լրացուցիչ երաշխավորում են վարչական վարույթի մասնակիցների իրավունքների պաշտպանությունը:

Անդրադառնալով դիմողի փաստարկներին` կապված օրենքի վիճարկվող հոդվածի 3-րդ մասում ամրագրված` «անհրաժեշտ փաստաթղթեր» բառակապակցության` իրավական որոշակիության պահանջներին չհամապատասխանելու հետ, պատասխանող կողմը, հղում կատարելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածին, կարծիք է հայտնում, որ «փաստաթուղթ» հասկացությունն օրենքով սահմանելու անհրաժեշտություն չկա, քանի որ այն հանրահայտ է: Ընդ որում, հղում կատարելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ և 54-րդ հոդվածներին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածին, պատասխանող կողմը գտնում է, որ փաստաթղթերը դասվում են գրավոր ապացույցների թվին, մինչդեռ բացատրությունները կամ որ նույնն է` գործին մասնակցող անձանց ցուցմունքները, ապացույցի առանձին տեսակ են և չեն մտնում «փաստաթուղթ» հասկացության մեջ:

5. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը ելակետային է համարում առաջին հերթին վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով վարչական վարույթը միայն եզրափակիչ փուլով սահմանափակելու առանձնահատկությունների բացահայտումը: Գործի հանգամանքները վկայում են, որ դիմողի բոլոր փաստարկները վերաբերում են այն դեպքին, երբ վարչական մարմինը վարույթ է հարուցել դատական ակտի կատարումը երաշխավորելու շրջանակներում և սահմանափակվել է վարույթի իրականացման եզրափակիչ փուլով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով սահմանվում է, որ «Վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը»:

Այս դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է.

նախ` քանի որ վերոհիշյալ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ /եզրափակիչ փուլ/, ակնհայտ է, որ այդ ակտի ընդունումը պետք է բխի օրենքի պահանջից: Միաժամանակ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ որևէ ենթաօրենսդրական իրավական ակտ չի կարող հակասել օրինական ուժի մեջ մտած` առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերին: Նույն օրենքի 68-րդ հոդվածի 6-րդ մասը պարտավորեցնում է. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական, ֆիզիկական և պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած իրավական ակտերի պահանջները...»: Ավելին, օրենքի 74-րդ հոդվածը պարտավորեցնում է իրավական ակտն անվավեր ճանաչել, եթե դատարանը տվյալ ակտը ճանաչել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտին հակասող:

Երկրորդ` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի` վերը հիշատակված «դրանից բխող անհրաժեշտությունը» արտահայտությունը ենթադրում է այն պայմանը, որի առկայությամբ օրենքի պահանջի կատարումը դառնում է իրական: Նման անհրաժեշտությունն ամենից առաջ պահանջում է ուժը կորցրած կամ առոչինչ ճանաչել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտին հակասող ակտը: Այս պահանջը նաև համակարգային իրավական ու, առաջին հերթին` սահմանադրական վերահսկողության կարևորագույն երաշխիքներից մեկն է:

Երրորդ` տվյալ իրավակարգավորման համատեքստում «օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորություն» դրույթը նույնպես որոշակի է, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը հստակեցրել է այդ հայեցողության շրջանակները, այն դիտարկելով որպես մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկն ընտրելու իրավունք:

Վերը մատնանշված բոլոր իրավակարգավորիչ պայմաններն իրենց համակարգային ամբողջականությամբ կոչված են երաշխավորելու պետական մարմինների ու պաշտոնատար անձանց` իրենց լիազորություններին համապատասխան գործելու սահմանադրաիրավական սկզբունքի գործադրումը (ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի երկրորդ մաս):

Սահմանադրական դատարանը կարևորում է նաև այն հանգամանքները, որ.

- համաձայն վեճի առարկա օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի` «Սույն օրենքի գործողությունը չի տարածվում դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա»,

- օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը վարչական մարմնին պարտավորեցնում է նաև «... հետապնդել օրենքով կանխորոշված» նպատակներ, ինչպիսին կարող է լինել իր կողմից ընդունված ակտերի համապատասխանեցումն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերին` օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով վարչական վարույթը սահմանափակելով միայն եզրափակիչ փուլով, այսինքն` ընդունելով համապատասխան վարչական ակտ նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով` առանց վարչական վարույթի մասին ծանուցման կամ ընդհանուր կանոնների կիրառման,

- օրենքի 49, 50 և 70-րդ հոդվածները հստակ սահմանազատում են վարչական և դատական վարույթները` կարևորելով այն հանգամանքը, որ վարչական մարմինը չի կարող վարչական վարույթ իրականացնել, փաստական հանգամանքներ պարզել, վարույթի մասնակիցներին լսել և օրենքով սահմանված կարգով այլ գործողություններ իրականացնել, և դրանց արդյունքում վարչական ակտ ընդունել, եթե վեճի առարկան գտնվել կամ գտնվում է դատական վարույթում: Վերջիններս հիմք են վարչական վարույթը կասեցնելու, կարճելու կամ վարչական ակտն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտին համապատասխանեցնելու համար:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի` վեճի առարկա 36-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակությունը` վարչական մարմնին պարտավորեցնելով գործադրելու իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ (գործել սեղմ և ողջամիտ ժամկետում, առանց վարույթի բարդացման և լրացուցիչ գործողությունների կատարման), հանգում է հենց օրենքի վերոթվարկյալ հոդվածների պահանջների կատարման երաշխավորմանը, երբ գործի փաստական հանգամանքների պարզաբանումն իրավունքի ուժով արդեն առկա է, և դրանց գնահատումը թողնված չէ վարչական մարմնի հայեցողությանը, այսինքն` տվյալ վարչական ակտի ընդունումն օրենքով կանխորոշված է: Այդ հոդվածի կիրառմամբ վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, ելակետ ունենալ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության անհրաժեշտությունը, հիմք ընդունել նրանց իրավահավասարության, ինչպես նաև վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքները, այսինքն` հետապնդել օրենքով կանխորոշված պարտադիր նպատակ:

Իր հերթին, դատարանը վարչական ակտի իրավաչափությունը գնահատելիս պարտավոր է ոչ թե պարզապես հղում կատարել 36-րդ հոդվածի ընձեռած հնարավորությանը, այլ պարզել դրա կիրառման հիմնավորվածությունը, վարչական մարմնի հայեցողության շրջանակները, դրա համապատասխանությունը օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին, օրենքով կանխորոշված նպատակի հետապնդման առկայությունը:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նաև արձանագրել, որ դիմողի վերաբերյալ գործով վարչական վարույթը հարուցվել է «Լիլիթ» ՍՊԸ-ի տնօրենի` 17.11.2010թ. դիմումի հիման վրա, որը, սակայն, էապես չի փոխում օրենքի 36-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության ու դրա կիրառման վերաբերյալ վերոշարադրյալ պահանջների բնույթը:

6. Սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանը կարևորում է օրենքի վիճարկվող դրույթներով սահմանված իրավակարգավորման տրամաբանության բացահայտումը` ելնելով նաև ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի երաշխավորման անհրաժեշտությունից:

Օրենքի վիճարկվող, ինչպես նաև այլ դրույթների համադրված վերլուծության հիման վրա սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող դրույթները հետապնդում են իրավաչափ նպատակ, ուղղված են վարչական վարույթը սեղմ ժամկետում շուտ ավարտելուն, այն անտեղի չձգձգելուն և չեն բացառում ու չեն կարող բացառել վարչական վարույթի` օրենքով նախատեսված սկզբունքների կիրառումը, վարչական մարմնի ընթացակարգային պարտականությունների և հատկապես` գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման պարտականության, գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու պարտականության կատարումը կամ վարչական վարույթի մասնակիցների իրավունքների և հատկապես` ծանուցված լինելու, լսվելու և ապացույցներ ներկայացնելու իրավունքների իրացման հնարավորությունը` բոլոր այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում վարչական ակտի ընդունումը չի սահմանափակվում միայն եզրափակիչ փուլով և այդ ակտի ընդունումն օրենքով կանխորոշված չէ: Հետևաբար, օրենքի 36-րդ հոդվածի դրույթները պետք է կիրառվեն այս համատեքստում, օրենքի այլ նորմերի հետ համակարգային ամբողջականության մեջ` անհրաժեշտ հիմնավորմամբ, պատճառաբանված, հետևաբար` հետապնդելով օրենքով կանխորոշված նպատակ:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ իրավակիրառողը պետք է առաջնորդվի օրենքի վիճարկվող դրույթների` վերը նշված տրամաբանությամբ, այլապես կխախտվի ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածում ամրագրված` պետական մարմինների առջև անձի իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:

7. Օրենքի վիճարկվող դրույթները դիտարկելով օրենքի այլ դրույթների համադրության մեջ` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանված են որոշակի երաշխիքներ վարչական մարմնի հնարավոր սխալի բացառման և, հետևաբար, վարույթի մասնակիցների` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի իրացման համար: Որոշակի են նաև վարչական ակտերի բողոքարկման ընթացակարգերը: Նման պայմաններում սահմանադրական դատարանը գտնում է, որ վարչական մարմնի կողմից դիմողի իրավունքների ենթադրյալ խախտումը պայմանավորված չէ օրենքի վիճարկվող դրույթներում «եթե առկա չեն գործի փաստական հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ պատճառներ» և «բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները» բառակապակցությունների իրավական անորոշությամբ, ինչպես գտնում է դիմողը: Այդ իրավապայմաններն ինքնին որևէ խտրականություն չեն բովանդակում: Այլ հարց է, թե ՀՀ վարչական դատարանը 24.06.2011թ. թիվ ՎԴ/0337/05/11 գործով կայացրած վճռով և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը նույն գործով իր` 01.12.2011թ. որոշմամբ, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 01.02.2012թ. որոշմամբ որքանով են օրենքի վերոնշյալ դրույթներին համապատասխան ապահովել ու երաշխավորել դիմողի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը, ինչի գնահատումը դուրս է սահմանադրական դատարանի` ՀՀ Սահմանադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

30 հոկտեմբերի 2012 թվականի

ՍԴՈ-1054

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
30.10.2012
N ՍԴՈ-1054
Որոշում