Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 173-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
ԵԱՔԴ/0067/11/16
Գործ թիվ ԵԱՔԴ/0067/11/16  
Նախագահող դատավոր` Գ. Մելիք-Սարգսյան  

 

 

ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ Ս. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ Ա. Պողոսյանի
Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
 Լ. Թադևոսյանի
Ս. Օհանյանի
 
քարտուղարությամբ Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ
դիմողի ներկայացուցիչ Դ. Գյուրջյանի

                   

2017 թվականի ապրիլի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 20-ի որոշման դեմ դիմող Վարտգեզ Լիվանի Գասպարիի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լ.Մելքոնյանի` 2016 թվականի փետրվարի 1-ի որոշմամբ Վարտգեզ Լիվանի Գասպարին թիվ 15804115 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով:

Նախաքննության մարմնի վերոհիշյալ որոշումը Վ.Գասպարիի պաշտպան Դ.Գյուրջյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Գ.Գևորգյանը 2016 թվականի մարտի 14-ի թիվ 12/12/1684 -16 գրությամբ հայտնել է պաշտպան Դ.Գյուրջյանին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող թիվ 15804115 քրեական գործով Վ.Գասպարիին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ բողոքը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Վերոհիշյալ գրությունը Դ.Գյուրջյանը ստացել է 2016 թվականի մարտի 17-ին:

2016 թվականի մայիսի 13-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել թիվ 15804115 քրեական գործով Վ.Գասպարիի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` հանցակազմի բացակայության հիմքով:

2. 2016 թվականի ապրիլի 21-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) է մուտքագրվել Վ.Գասպարիի պաշտպան Դ.Գյուրջյանի բողոքը` նախաքննության մարմնի` 2016 թվականի փետրվարի 1-ի` Վ.Գասպարիին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման, այդ որոշման դեմ բերված բողոքի կապակցությամբ դատախազության կողմից գրությամբ պատասխանելու դեմ:

Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 27-ի որոշմամբ պաշտպան Դ.Գյուրջյանի բողոքը մերժվել է` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

3. Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշման դեմ Դ.Գյուրջյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2016 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ մերժվել է:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ դիմող Վարտգեզ Գասպարիի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունվարի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Վ.Գասպարիի պաշտպան Դ.Գյուրջյանի կողմից փոստային ծառայության միջոցով Առաջին ատյանի դատարան ուղարկված և դատարանի գրասենյակում 2016 թվականի ապրիլի 21-ին մուտքագրված բողոքի փոստային ծրարի դիմային երեսի վրա փոստային ծառայության որևէ կնիք (փոստային դրոշմ) առկա չէ: Նույն ծրարի դարձերեսին առկա է փոստային երկու դրոշմ, որոնցից մեկը պարունակում է նշում այն մասին, որ այն դրվել է 2016 թվականի ապրիլի 19-ին, իսկ մյուսը` 2016 թվականի ապրիլի 20-ին: Հիշյալ ծրարի դիմային երեսի վրա առկա է RR206284093AM համարով գծիկավոր կոդը (տե՛ս Նյութեր, թերթ 5):

6. Գործում առկա փոստային անդորրագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ RR206284093AM համարով գծիկավոր կոդը կրող փոստային ծրարը «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանն է հանձնվել 2016 թվականի ապրիլի 18-ին (տե՛ս Նյութեր, թերթ 107):

7. Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ արձանագրել է. «(...) Դատական վարույթի նյութերի ուսումնասիրությունից պարզվում է, որ Դավիթ Գյուրջյանը դատախազի գրությունը ստացել է 17.03.2016 թվականին, հետևաբար այն բողոքարկելու ժամկետը վերջանում է 17.04.2016 թվականին, քանի որ ապրիլի 17-ը եղել է ոչ աշխատանքային օր /կիրակի/, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը` 18.04.2016 թվականը, այնինչ բողոքը փոստին է հանձնվել բողոքարկման ժամկետը լրանալուց հետո` 19.04.2016 թվականին:

(...)

(...) Դատարանն արձանագրում է, որ իրավասու չէ իրականացնել թիվ 15804115 քրեական գործով մեղադրյալ Վ.Գասպարիի պաշտպան Դ.Գյուրջյանի կողմից ներկայացված բողոքի ըստ էության քննություն և այն ենթակա է մերժման ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով որոշումները բողոքարկելու համար նախատեսված ժամկետը չպահպանելու հիմքով» (տե՛ս Նյութեր, թերթեր 48-50):

8. Վերաքննիչ բողոքում դիմողի ներկայացուցիչ Դ.Գյուրջյանը մասնավորապես նշել է հետևյալը. «Ըստ Դատարանի, բողոքը հանձնվել է փոստային ծառայությանը 19.04.2016թ., սակայն այս հանգամանքը չի համապատասխանում իրականությանը, ինչը հավաստվում է սույն բողոքին կից ներկայացվող (...) փոստային անդորրագրի պատճենով, որի վրա արտատպված է համապատասխան ծրարի (...) փոստային բաժանմունք հանձնելու օրը` 18.04.2016թ.:

(...) Դատարանը սխալ է հաշվարկել բողոքի ներկայացման ժամկետը` աղավաղելով փաստական հանգամանքները, արդյունքում խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասն ու 290-րդ հոդվածի 3-րդ մասը» (տե՛ս Նյութեր, թերթեր 57-60):

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն. «(...) Սույն գործի ուսումնասիրությունից երևում է, որ պաշտպան Դավիթ Գյուրջյանը դատախազի գրությունն ստացել է 17.03.2016թ., հետևաբար այն բողոքարկելու ժամկետը վերջանում է 17.04.2016 թվականին, քանի որ ապրիլի 17-ը եղել է ոչ աշխատանքային օր /կիրակի/, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը` 18.04.2016 թվականը, այնինչ բողոքը փոստին է հանձնվել բողոքարկման ժամկետը լրանալուց հետո` 19.04.2016 թվականին:

(...)

(...) Վերաքննիչ դատարանը եկավ հետևության, որ Առաջին ատյանի դատարանի (...) որոշումն օրինական և հիմնավորված է, ուստի այն բեկանելու և վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքեր չկան» (տե՛ս Նյութեր, թերթեր 87-92):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հաստատելով Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 27-ի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը, թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որը հանգեցրել է գործով սխալ ելքի:

i

Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածը և 173-րդ հոդվածի 4-րդ մասը: Ի հիմնավորումն իր փաստարկների` բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարան է ներկայացրել փոստային անդորրագրի պատճենը` որպես ապացույց այն բանի, որ Առաջին ատյանի դատարանին հասցեագրված բողոքը պարունակող ծրարը փոստային ծառայությանն է հանձնվել 2016 թվականի ապրիլի 18-ին: Չնայած դրան, Վերաքննիչ դատարանը մերժել է ներկայացված վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ եզրահանգման առ այն, որ ծրարը փոստային ծառայությանն է հանձնվել 2016 թվականի ապրիլի 19-ին: Դրանով իսկ Վերաքննիչ դատարանը հանգել է գործով ձեռք բերված ապացույցի վրա չհիմնված սխալ հետևության:

11. Վճռաբեկ բողոքի հեղինակը գտնում է նաև, որ Վ.Գասպարիին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումն ակնհայտ ապօրինի է և չհիմնավորված: Մասնավորապես, նախաքննության մարմինը որպես Վ.Գասպարիի կողմից հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու հատկանիշներ պարունակող է գնահատել այնպիսի գործողություններ, որոնք Վ.Գասպարին կատարել է բացառապես իր` որպես դիտորդի լիազորությունների իրականացման շրջանակում: Բողոքաբերն ընդգծել է, որ Վ.Գասպարիին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման հիմնազուրկ և ապօրինի լինելու մասին է խոսում նաև այն, որ քրեական գործի վարույթն ի վերջո կարճվել է:

12. Վճռաբեկ բողոք բերած անձը նշել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, նախաքննության մարմնի որոշման դեմ բերված բողոքին գրությամբ պատասխանելով, կայացված որոշումը չտրամադրելով և ըստ էության ստուգման չենթարկելով նախաքննության մարմնի որոշման օրինականությունը` խախտել է Վ.Գասպարիի պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Այդպիսով, դատախազությունը դրսևորել է ապօրինի անգործություն և փաստացի հրաժարվել իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով և 103-րդ հոդվածի 10-րդ մասով դրված պարտականության կատարումից:

13. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.09.2016թ. որոշումը և կայացնել նոր դատական ակտ` նախաքննության մարմնի կայացրած որոշմամբ և այդ որոշման դեմ բերված բողոքի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության կողմից որոշում չկայացնելու և գրությամբ պատասխանելու (անգործության) արդյունքում թույլ տված Վ.Գասպարիի իրավունքների և ազատությունների խախտումը ճանաչելու և դատախազության անգործության մասով այդ խախտումը վերացնելու` դատախազության պարտականության մասին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

14. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյո՞ք պաշտպան Դ.Գյուրջյանի բողոքը ժամկետանց գնահատելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն.

«1. Քննիչի, դատախազի, (...)` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

(...)

3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն.

«(...)

2. Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:

3. (...) Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը չունի համապատասխան թիվ, ժամկետը վերջանում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը: (...)

4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, (...): Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով (...):

(...)»:

i

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը կապի կազմակերպությանը տրված փաստաթղթերը համարվում են ժամկետին տրված»:

Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը նախատեսելով անձի դատական պաշտպանության իրավունքը, միևնույն ժամանակ սահմանել է դրա իրականացման ժամանակային սահմանափակում: Ընդ որում, որպես նշված իրավունքի ապահովման երաշխիք` օրենսդիրը սահմանել է նաև հիշյալ սահմանափակման կիրառման հստակ կանոններ: Այսպես, դատական պաշտպանության դիմելու ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը, իսկ բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով:

Միևնույն ժամանակ, գործնականում կարող են առաջանալ իրավիճակներ, երբ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը հնարավոր չէ որոշել փոստային դրոշմով (օրինակ` դրա բացակայության, անընթեռնելի լինելու և այլ դեպքերում): Նման պայմաններում վարույթն իրականացնող մարմինը, անձի իրավունքների պաշտպանության արդյունավետությունն ապահովելու նկատառումներից ելնելով, պարտավոր է այն պարզելուն ուղղված միջոցներ ձեռնարկել: Մասնավորապես, քննարկվող դեպքերում փաստաթուղթը փոստին հանձնելու օրը կարող է պարզվել փոստային անդորրագրի, «Հայփոստ» ՓԲԸ-ի կայքէջի, համապատասխան հարցում կատարելու և այլ միջոցներով:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վարտգեզ Գասպարիին որպես մեղադրյալ ներգրավելու մասին նախաքննության մարմնի` 2016 թվականի փետրվարի 1-ի որոշումը Վ.Գասպարիի պաշտպան Դ.Գյուրջյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազություն, որին ի պատասխան 2016 թվականի մարտի 14-ի գրությամբ նրան հայտնել են, որ Վ.Գասպարիին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ բողոքը մերժվել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Հիշյալ գրությունը Դ.Գյուրջյանը ստացել է 2016 թվականի մարտի 17-ին (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Փոստին հանձնելու միջոցով Դ.Գյուրջյանը բողոք է ուղարկել Առաջին ատյանի դատարան, որի գրասենյակում բողոքը մուտքագրվել է 2016 թվականի ապրիլի 21-ին (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը): Բողոքի փոստային ծրարի դիմային երեսի վրա փոստային ծառայության որևէ դրոշմ առկա չէ: Նույն ծրարի դարձերեսի վրա առկա է փոստային ծառայության երկու դրոշմ, որոնցից մեկը պարունակում է նշում այն մասին, որ այն դրվել է 2016 թվականի ապրիլի 19-ին, իսկ մյուսը` 2016 թվականի ապրիլի 20-ին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ Դ.Գյուրջյանը դատախազի գրությունը ստացել է 2016 թվականի մարտի 17-ին, հետևաբար այն բողոքարկելու ժամկետը վերջանում է նույն տարվա ապրիլի 17-ին, սակայն քանի որ ապրիլի 17-ը եղել է ոչ աշխատանքային օր, ժամկետի վերջին օրը դրան հաջորդող առաջին աշխատանքային օրն է` ապրիլի 18-ը, այնինչ բողոքը փոստին է հանձնվել ապրիլի 19-ին: Արդյունքում` Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել պաշտպան Դ.Գյուրջյանի բողոքը մերժելու մասին` բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ (տե՛ս սույն որոշման 2-րդ և 7-րդ կետերը):

Հիշյալ որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքում Դ.Գյուրջյանը նշել է, որ Առաջին ատյանի դատարանի այն պնդումը, թե բողոքը հանձնվել է փոստային ծառայությանը 2016 թվականի ապրիլի 19-ին` իրականությանը չի համապատասխանում: Դ.Գյուրջյանը փաստարկել է, որ իր բողոքին կից ներկայացվող փոստային անդորրագրի պատճենով ապացուցվում է, որ բողոքը փոստային բաժանմունք է հանձնվել 2016 թվականի ապրիլի 18-ին(տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Միևնույն ժամանակ Դ.Գյուրջյանը բողոքին կից ներկայացրել է փոստային անդորրագիր, որի համաձայն RR206284093AM համարով գծիկավոր կոդը կրող փոստային ծրարը «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանն է հանձնվել 2016 թվականի ապրիլի 18-ին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին, որևէ անդրադարձ չկատարելով բողոքաբերի փաստարկներին, արձանագրել է, որ Դ.Գյուրջյանի բողոքը փոստին է հանձնվել բողոքարկման ժամկետը լրանալուց հետո` 2016 թվականի ապրիլի 19-ին: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, կրկնելով Առաջին ատյանի դատարանի որոշման հիմնավորումները, գտել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական և հիմնավորված է, այն բեկանելու և վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքեր չկան (տե՛ս սույն որոշման 3-րդ և 9-րդ կետերը):

17. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ փոստային ծրարի դիմային երեսին առհասարակ առկա չէ փոստային դրոշմ, այնինչ, փոստային բաժանմունք մուտքագրվող ծրարի հենց այդ հատվածում է դրվում առաքման ենթակա ծրարը փոստին հանձնվելու օրվա նշումով փոստային դրոշմը: Բողոքը փոստին հանձնելու ժամանակը արձանագրող փոստային դրոշմի բացակայության պայմաններում, այդ բողոքը փոստին հանձնելու ժամանակը պարզելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու փոխարեն Առաջին ատյանի դատարանը ծրարը փոստին հանձնելու ամսաթիվ է համարել ծրարի դարձերեսին առկա` ծրարը փոստային ծառայության բաշխիչ կենտրոն մուտքագրվելու դրոշմի ամսաթիվը` 2016 թվականի ապրիլի 19-ը: Արդյունքում` Առաջին ատյանի դատարանը Դ.Գյուրջյանի բողոքը համարել է ժամկետանց (1 օր ուշ փոստին հանձնված) և քննարկման առարկա չի դարձրել բողոքում բերված հիմքերն ու հիմնավորումները:

Ի տարբերություն Առաջին ատյանի դատարանի` Վերաքննիչ դատարանն իր տիրապետության տակ ունեցել է Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքի պարունակությամբ ծրարը 2016 թվականի ապրիլի 18-ին փոստային ծառայությանը հանձնված լինելու մասին ապացույց, այն է` համապատասխան փոստային անդորրագիրը, սակայն անտեսելով դա` ոչ իրավաչափ հետևություն է արել բողոքը ժամկետանց լինելու մասին, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը:

Ավելին` ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ ժամկետները հաշվելիս նկատի չի առնվում այն օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը, որի հետևանքով եկել են սխալ եզրահանգման առ այն, որ բողոքարկման ժամկետի վերջին օրը ապրիլի 17-ն է, սակայն այն ոչ աշխատանքային օր լինելու պատճառով բողոք բերելու վերջին օր պետք է դիտարկել ապրիլի 18-ը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրացել է 2016 թվականի ապրիլի 18-ին, այլ ոչ թե 17-ին:

18. Սույն որոշման 16-17-րդ կետերում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-րդ կետում մեջբերված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպան Դ.Գյուրջյանի բողոքը ժամկետանց գնահատելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն:

Արդյունքում` ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի խախտում:

Նկատի ունենալով, որ Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից Դ.Գյուրջյանի բողոքն ըստ էության քննարկման առարկա չի դարձվել` Վճռաբեկ դատարանն իրավասու չէ անդրադառնալ բողոքաբերի մնացած փաստարկներին (տե՛ս սույն որոշման 11-12-րդ կետերը):

Սույն գործով ստորադաս դատարանների կողմից թույլ տրված քրեադատավարական օրենքի խախտումն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները բեկանելու և գործը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Վարտգեզ Լիվանի Գասպարիի վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 27-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 20-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Ավետիսյան
Դատավորներ` Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.04.2017
N ԵԱՔԴ/0067/11/16
Որոշում