ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական գործ թիվ 3-369 (Ա)
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի վճիռ 2007 թ.
Քաղաքացիական գործ թիվ 2/397-2002 թ.
Նախագահող դատավոր` Գ. ԳԱԳԻԿՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս. ՍԱՐԳՍՅԱՆԻ
2007 թվականի մարտի 02-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արա Մելիքջանյանի օրինական ներկայացուցիչ Վարդուհի Խեբոյանի, Սերինե Մելիքջանյանի և Վարդուհի Խեբոյանի վճռաբեկ բողոքն ըստ Միսակ Մելիքջանյանի դիմումի` ժառանգությունն ընդունելու փաստը հաստատելու պահանջի մասին քաղաքացիական գործով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 21.10.2002 թվականի վճռի դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով Լոռու մարզի առաջին ատյանի դատարան` Միսակ Մելիքջանյանը պահանջել է հաստատել Մամիկոն Մելիքջանյանին սեփականության իրավունքով պատկանող` Լոռու մարզի Պուշկինո գյուղում գտնվող բնակելի տան և Երևանի Բաղրամյան փողոցի 2-րդ փակուղի թիվ 2 տան հողամասում գտնվող ավտոտնակի նկատմամբ ժառանգությունն ընդունելու փաստը:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 21.10.2002 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արա Մելիքջանյանի օրինական ներկայացուցիչ Վարդուհի Խեբոյանը, Սերինե Մելիքջանյանը և Վարդուհի Խեբոյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտում:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Դատարանը բավարարելով դիմումը, պատճառաբանել է, որ ժառանգատուի մահից հետո նշված ժառանգական գույքի վերաբերյալ վեճ չի եղել, այլ ժառանգներ չեն դիմել ժառանգական գույքի պահանջով, այն օգտագործել է Միսակ Մելիքջանյանը` Մամիկոն Մելիքջանյանի եղբայրը: 1981 թվականից ժառանգատու Մամիկոն Մելիքջանյանը և Վարդուհի Խեբոյանը գտնվել են չգրանցված, իսկ 1984 թվականից` գրանցված ամուսնության մեջ և ունեցել են երկու երեխաներ:
Բնակելի տան տեխնիկական անձնագրի և Պուշկինոյի գյուղապետի թիվ 0-27 տեղեկանքի համաձայն` Մամիկոն Մելիքջանյանը ՀՀ Լոռու մարզի Պուշկինո գյուղում ունի սեփական տուն և 0,14 հա հողամաս:
Սպանդարյանի շրջանի ժողդատարանի վճռի և Երևանի քաղխորհրդի գործկոմի 19.09.1997 թվականի թիվ 2-606 որոշման հիման վրա Երևանի Բաղրամյան փողոցի 2-րդ փակուղու 2 տան հողամասում գտնվող ավտոտնակի նկատմամբ Մամիկոն Մելիքջանյանին տրվել է թիվ 019029 սեփականության իրավունքի գրանցման վկայականը:
17.07.1999 թվականին Մամիկոն Մելիքջանյանը մահացել է, իսկ 02.01.2000 թվականին Վարդուհի Խեբոյանն իր և երկու անչափահաս երեխաների անունից նոտարական գրասենյակ է ներկայացրել Մ. Մելիքջանյանի ժառանգությունն ընդունելու մասին հայտարարություն:
Ժառանգական գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Մամիկոն Մելիքջանյանին և Վարդուհի Խեբոյանին, իսկ Մամիկոն Մելիքջանյանի բաժնի նկատմամբ առաջին հերթի ժառանգներ են Արա և Սերինե Մելիքջանյանները:
Փաստորեն, դատարանը գործի քննությանը մասնակից չդարձված Վարդուհի Խեբոյանի, Արա և Սերինե Մելիքջանյանների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացրել:
Բացի այդ, սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն` բողոքարկվող վճռի վերանայման հիմք է հանդիսանում:
Վճռաբեկ բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 21.10.2002 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Մամիկոն Մելիքջանյանը և Վարդուհի Խեբոյանը 1981 թվականից գտնվել են փաստական, իսկ 1984 թվականից` գրանցված ամուսնության մեջ և ունեցել են երկու երեխաներ` Արա և Սերինե Մելիքջանյանները:
2) Համաձայն բողոքին կից ներկայացված` 17.04.1989 թվականի բնակելի տան տեխնիկական անձնագրի և Պուշկինո գյուղի գյուղապետի տեղեկանքի Մամիկոն Մելիքջանյանին սեփականության իրավունքով պատկանել են Լոռու մարզի Պուշկինո գյուղում գտնվող սեփական տունը և 0,14 հա հողամասը: Սպանդարյանի շրջանի ժողովրդական դատարանի վճռի և Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի 19.09.1997 թվականի թիվ 2-606 որոշման հիման վրա Երևանի Բաղրամյան փողոցի 2-րդ փակուղու 2 տան հողամասում գտնվող ավտոտնակի նկատմամբ գրանցվել է Մամիկոն Մելիքջանյանի սեփականության իրավունքը:
3) 27.05.1998 թվականին Մամիկոն Մելիքջանյանը և Վարդուհի Խեբոյանը ամուսնալուծվել են:
4) Մամիկոն Մելիքջանյանը մահացել է 17.07.1999 թվականին, իսկ 02.01.2000 թվականին Վարդուհի Խեբոյանն իր և երկու անչափահաս երեխաների անունից նոտարական գրասենյակում ներկայացրել է մահացած ամուսնուն պատկանող գույքն ընդունելու մասին հայտարարություն:
5) Սույն քաղաքացիական գործը քննվել է հատուկ վարույթի կանոններով: Բողոք բերած անձինք գործի քննությանը մասնակից չեն դարձվել:
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1222-րդ հոդվածի համաձայն` կտակի կամ օրենքի ուժով ժառանգատուի ամուսնուն պատկանող ժառանգության իրավունքը չի վերաբերում գույքի այն մասի նկատմամբ նրա իրավունքին, որը համատեղ ձեռք է բերվել ժառանգատուի հետ ամուսնության ընթացքում և ամուսինների համատեղ սեփականությունն է: Մահացած ամուսնու բաժինն այդ գույքում որոշվում է 201-րդ հոդվածին համապատասխան և մտնում է ժառանգության զանգվածի մեջ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում, իսկ 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:
Սույն գործի փաստերի համաձայն` ժառանգատու Միսակ Մելիքջանյանի ժառանգներն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում դիմել են ժառանգությունն ընդունելու համար, հետևաբար` ընդունել են ժառանգությունը: Արդյունքում, դատարանը գործը քննելով հատուկ վարույթի կանոններով և վճիռ կայացնելով ժառանգատուի եղբոր` Միսակ Մելիքջանյանի կողմից ժառանգությունն ընդունելու իրավաբանական փաստն հաստատելու վերաբերյալ` վճիռ է կայացրել գործի քննությանը մասնակից չդարձված Արա և Սերինե Մելիքջանյանների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Միաժամանակ, ժառանգատուի առաջին հերթի ժառանգների կողմից ժառանգությունն արդեն ընդունված լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է իրավունքի մասին վեճ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին: Նույն օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանը հայցը կամ դրա մի մասը թողնում է առանց քննության, եթե հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:
Նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն` բեկանելով դատական ակտը և գործով ներկայացված դիմումը թողնելով առանց քննության:
Նոր երևան եկած հանգամանքի առկայության վերաբերյալ սույն բողոքի հիմքի փաստարկը Վճռաբեկ դատարանը անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմք են գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք կամ հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ եթե նույնիսկ հայտնի են եղել, սակայն նրանցից անկախ պատճառներով չէին կարող ներկայացվել դատարան:
Նշված կետերի բովանդակությունից հետևում է, որ նոր երևան եկած հանգամանքներ կարող են ներկայացնել միայն գործին մասնակից դարձած անձինք և այդ հանգամանքները պետք է անհայտ եղած լինեն նրանց, կամ թեև հայտնի լինեն, սակայն դրանց ներկայացումը դատարան անհնար եղած լինի: Միաժամանակ, այդ հանգամանքները գործի համար պետք է ունենան էական նշանակություն:
Սույն գործի փաստերի համաձայն` բողոք բերած անձինք գործի քննությանը չեն մասնակցել և վճիռը կայացվել է նրանց բացակայությամբ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում վկայակոչված հանգամանքները չեն կարող դիտվել որպես նոր երևան եկած հանգամանքներ:
Նման իրավիճակներում, երբ անձը դատաքննությանը մասնակից չդարձվելու պատճառով զրկված է լինում դատարանին ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, և եթե դատական ակտը վերաբերում է նրա իրավունքներին, անձը օրենքի ուժով հնարավորություն է ստանում վիճարկել դատական ակտը դատավարական իրավունքի խախտման հիմքով:
Վերոհիշյալ պատճառաբանությունների հիման վրա, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքը գտնում է հիմնավոր և դրա առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ուժով Լոռու մարզի առաջին դատարանի 21.10.2002 թվականի վճիռը բեկանելու բավարար հիմք է համարում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 21.10.2002 թվականի վճիռը և դիմումը թողնել առանց քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ. ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Ս. ԳՅՈՒՐՋՅԱՆ Վ. ԱԲԵԼՅԱՆ Ս. ԱՆՏՈՆՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ