Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 415-ՐԴ ՀՈԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                       թիվ ՍնԴ/0036/02/19

Քաղաքացիական գործ թիվ ՍնԴ/0036/02/19   2021 թ.

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի հոկտեմբերի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով դատական ակտը վերանայելու վերաբերյալ «ՌԱՄԶԵՍ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) բողոքը` ըստ Ընկերության հայցի ընդդեմ Երևան համայնքի, Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և Արսեն Բեջանյանի, երրորդ անձինք ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար Մարինե Սարգսյանի` աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2019 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել 14.09.2018 թվականին Երևանի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ կայացված աճուրդները, որպես անվավերության հետևանք` անվավեր ճանաչել 27.10.2018 թվականին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և Արսեն Բեջանյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերն ու դրանց հիման վրա 29.11.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 16.04.2019 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.04.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.08.2020 թվականի որոշմամբ Ընկերության` նոր հանգամանքի հիմքով բերած բողոքը թողնվել է առանց քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.07.2021 թվականի որոշմամբ Ընկերության` նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.08.2020 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման դեմ բերած բողոքը բավարարվել է` նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.08.2020 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումն ու այն վերացվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով Վերաքննիչ դատարանի 27.05.2019 թվականի դատական ակտը վերանայելու վերաբերյալ Ընկերության բերած բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

i

ՀՀ սահմանադրական դատարանը, Ընկերության դիմումի հիման վրա որոշելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, 26.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1542 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով համարել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` դրանք արգելք չեն հանդիսանում պարտապանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման համար, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, կիրառելով վկայակոչված հոդվածը, սահմանափակել է Ընկերության` դատարան դիմելու մատչելիության իրավունքը և խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունը:

Միևնույն ժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ սնանկության կառավարչի կողմից իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում տարբեր գործողությունների չկատարումը (անգործությունը) կամ ոչ պատշաճ, անբարեխիղճ կատարումը, մասնավորապես, պարտապանի գույքի ոչ բարեխիղճ գույքագրումը, պահպանումը կարող են առաջացնել լուրջ խախտումներ, որոնք կապված կլինեն սնանկության գործընթացի մասնակիցների իրավունքների ոտնահարման հետ: Պարտապանի և պարտատերերի գույքային շահերին կարող են հակասել սնանկության գործով կառավարչի կողմից հնարավոր այնպիսի գործարքներ կնքելը, որոնք չեն նպաստում պարտապանի վճարունակության վերականգնմանը և պարտատերերի պարտքերի բավարար չափով վճարմանը, քանի որ հանգեցրել են պարտապանի ակտիվների ընդհանուր արժեքի կրճատման, օրինակ` պարտապանի գույքի վաճառքը շուկայական արժեքից էապես ցածր գնով հատկապես այն դեպքերում, երբ գործարքի գնի և շուկայական արժեքի տարբերությունն էական է:

ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ նման դեպքերում սնանկության գործընթացի մասնակիցները, այդ թվում` պարտապանը, օրենքի ուժով իրավասու են իրենց շահերի պաշտպանության համար դիմել դատարան, և օրենքի վիճարկվող դրույթը նրա դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի իրացման համար արգելք չի հանդիսանում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:

 

3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

i

1) Վերաքննիչ դատարանի 27.05.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.04.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: Նշված որոշումը կայացնելիս Վերաքննիչ դատարանը կիրառել է նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը (գ.թ. 39-42).

i

2) ՀՀ սահմանադրական դատարանը Ընկերության դիմումի հիման վրա` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 26.05.2020 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1542 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` դրանք արգելք չեն հանդիսանում պարտապանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման համար»,

i

2-րդ կետով արձանագրել է, որ ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով, քանի որ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից).

3) Վերաքննիչ դատարանի 27.05.2019 թվականի որոշման դեմ Ընկերության` նոր հանգամանքի հիմքով բերած բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.08.2020 թվականի որոշմամբ թողնվել է առանց քննության (գ.թ. 73-76).

4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.07.2021 թվականի որոշմամբ Ընկերության` նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.08.2020 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման դեմ բերած բողոքը բավարարվել է` նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.08.2020 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումն ու այն վերացվել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է, երբ ՀՀ սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը թեկուզև ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտնում է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է` նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում` Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:

i

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով` նորմատիվ իրավական ակտի` դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

i

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով ամրագրված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը վերջնական է,

- տվյալ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքի այդ դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,

- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ 3 ամսվա ժամկետը չի լրացել:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դատարանի 16.04.2019 թվականի որոշմամբ վերադարձվել է Ընկերության հայցադիմումն ընդդեմ Երևան համայնքի, Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և Արսեն Բեջանյանի, երրորդ անձինք` ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի և ՀՀ «Երևան» նոտարական տարածքի նոտար Մարինե Սարգսյանի` 14.09.2018 թվականին Երևանի Ե. Թադևոսյան փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ կայացված աճուրդներն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք` 27.10.2018 թվականին Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի և Արսեն Բեջանյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերն ու դրանց հիման վրա 29.11.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

i

Վերաքննիչ դատարանի 27.05.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 16.04.2019 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: Նշված որոշումը կայացնելիս Վերաքննիչ դատարանը կիրառել է նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը:

i

ՀՀ սահմանադրական դատարանը Ընկերության դիմումի հիման վրա` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 26.05.2020 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1542 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` դրանք արգելք չեն հանդիսանում պարտապանի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման համար»: Նույն որոշման 2-րդ կետով ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով, քանի որ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»:

i

Այսինքն` ՀՀ սահմանադրական դատարանը, 26.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1542 որոշման մեջ իր մեկնաբանությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն Ընկերության նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ` միաժամանակ գտնելով, որ վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 26.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1542 որոշումը նոր հանգամանք է և Վերաքննիչ դատարանի 27.05.2019 թվականի որոշումը վերանայելու հիմք:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով Վերաքննիչ դատարանի 27.05.2019 թվականի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և այն բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու արդյունքում սույն գործը պետք է ուղարկել նոր քննության ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ այն կիրառելու արդյունքում Ընկերության համար առաջացած անբարենպաստ հետևանքների վերացումը կարող է ապահովվել միայն գործի` վերաքննության կարգով քննության արդյունքում:

 

i

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ և 427-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2019 թվականի որոշումը:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Ս. Միքայելյան

Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 19 հոկտեմբերի 2021 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
19.10.2021
N ՍնԴ/0036/02/19
Որոշում