20.08.2026 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
11 հոկտեմբերի 2021 թվականի N 76-Ն
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի պահանջով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Վ. Դումանյան
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2021 թ. հոկտեմբերի 11-ի
N 76-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական տարիքի երեխայի` նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն (այսուհետ` հաստատություն) հերթագրման, ընդունման և հաստատությունից ազատման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Երեխայի ընդունելությունը հաստատություն իրականացվում է ծնողի կամ երեխայի օրինական ներկայացուցչի (այսուհետ` ծնող) դիմումի, հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
3. Երեխայի ընդունելությունը հաստատություն իրականացվում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված տարիքային խմբին համապատասխան:
4. Երեխայի ընդգրկումը հաստատություն կատարվում է էլեկտրոնային համակարգով (այսուհետ` համակարգ) հերթագրման միջոցով:
1) Համայնքային հաստատությունների հերթագրումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմնի (հիմնադրի) կողմից վարվող համակարգի միջոցով:
2) Նախակրթարանների հերթագրումն իրականացվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով:
(4-րդ կետը փոփ. 19.06.2026 թիվ 27-Ն հրաման)
5. Ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն կարող է կատարվել երեխայի մայրենի լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը:
6. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կամ երկքաղաքացու կամ այն դեպքում, երբ ծնողներից մեկն է օտարերկրյա քաղաքացի, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կարող է կատարել ծնողը` հաստատությունում օտար լեզվով ուսուցման առկայության դեպքում:
7. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից և ավարտվում է օգոստոսի 31-ին:
(7-րդ կետը փոփ. 29.11.2023 թիվ 142-Ն հրաման)
8. Ազատ տեղերը համալրվում են ամբողջ տարվա ընթացքում:
(8-րդ կետը փոփ. 29.11.2023 թիվ 142-Ն հրաման)
8.1. Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ հաստատություններում ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում:
(8.1-ին կետը լրաց. 29.11.2023 թիվ 142-Ն հրաման)
9. (9-րդ կետն ուժը կորցրել է 19.06.2026 թիվ 27-Ն հրաման)
10. Ընդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է.
1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով ծնողի երեխաներին.
2) երեք և ավելի երեխա ունեցող ծնողի երեխաներին.
3) զոհված զինծառայողի երեխային, քրոջը, եղբորը.
4) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին.
5) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայություն անցնող զինծառայողի երեխաներին.
6) կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին.
7) տվյալ ուսումնական հաստատությունում (կազմակերպությունում) ընդգրկված քույր, եղբայր ունեցող երեխաներին.
8) տվյալ ուսումնական հաստատության (կազմակերպության) աշխատակիցների երեխաներին:
(10-րդ կետը փոփ. 29.11.2023 թիվ 142-Ն հրաման)
11. Առաջնահերթությունը սահմանում է երեխայի առավելությունը միայն ըստ համապատասխան տարեթվի ձևավորված տարիքային խմբում ընդունվելու համար, եթե հաստատությունում տարատարիք խմբեր ձևավորված չեն:
12. Տարատարիք խմբում ընդունելություն կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում տարիքով ավելի մեծ երեխային` անկախ հերթագրման ամսաթվից:
(12-րդ կետը փոփ. 19.06.2026 թիվ 27-Ն հրաման)
13. Նույն տարիքային խմբում ընդգրկված երեխաների ընդունելությունը կազմակերպվում է ըստ հերթագրման ամսաթվի առաջնահերթության:
II. ԵՐԵԽԱՅԻ ՀԵՐԹԱԳՐՈՒՄԸ
14. Համապատասխան տարիքային խմբում երեխայի հերթագրումն իրականացվում է ամբողջ տարվա ընթացքում` տվյալ օրացուցային տարվա հունվարի 1-ից, եթե տարիքը լրացել կամ լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ:
(14-րդ կետը փոփ. 09.01.2026 թիվ 01-Ն հրաման)
15. Երեխայի հերթագրման ժամանակ ծնողը կցում է`
1) երեխայի լուսանկարը` 3x4 չափսի,
2) երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածք,
3) երեխայի` կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում` տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից տրված եզրակացություն,
4) սույն կարգով սահմանված առաջնահերթություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթերը:
(15-րդ կետը փոփ. 19.06.2026 թիվ 27-Ն հրաման)
15.1. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված տվյալները կառավարման համակարգում պահպանվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:
(15.1-ին կետը լրաց. 19.06.2026 թիվ 27-Ն հրաման)
16. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը բացակայում է, եթե ապահովված է փոխգործելիություն ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի տեղեկատվական համակարգերի միջև, և համապատասխան տվյալներն ինքնաշխատ եղանակով արտացոլվում են ծնողի էջում: Տվյալների փոխանակման իրավական հիմքերի, անվտանգության և տեղեկատվական համակարգերի տնօրինողների պարտականությունների նկատմամբ կիրառվում են «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի N 767-Ն որոշմամբ սահմանված կարգավորումներ:
(16-րդ կետը փոփ. 29.11.2023 թիվ 142-Ն, 19.06.2026 թիվ 27-Ն հրամաններ)
16.1 Հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվելու համար հերթագրման հաստատումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում:
(16.1-ին կետը փոփ. 09.01.2026 թիվ 01-Ն, 29.11.2023 թիվ 142-Ն հրամաններ)
17. Երեխային հաստատություն ընդունելու համար հերթագրելու մասին դիմումը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում երեխան հաշվառվում է համակարգում կամ հերթագրման թղթային մատյանում:
18. Դիմումը ենթակա է մերժման սույն կարգի 15-րդ կետով ներկայացված տվյալների ոչ լիարժեքության կամ անհամապատասխանության դեպքում:
(18-րդ կետը փոփ. 19.06.2026 թիվ 27-Ն հրաման)
19. Երեխայի անձնական տվյալները հերթագրման ցանկից հանվում են, եթե`
1) ծնողը գրավոր հրաժարվում է երեխայի հերթից,
2) հերթը հասնելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ծնողի կողմից տրամադրված կոնտակտային տվյալներով հնարավոր չի լինում կապ հաստատել ծնողի հետ: Կապ հաստատելու անհնարինության վերաբերյալ հիմքերը (կարճ հաղորդագրության և էլեկտրոնային նամակ) պահպանվում են մեկ տարի ժամկետով` հերթագրման գործընթացի իրավաչափության հավաստման և հնարավոր բողոքարկումների քննության նպատակով:
Նշված ժամկետի ավարտից հետո, սույն կետով նախատեսված հիմքերը հանդիսացող անձնական տվյալները ենթակա են ոչնչացման (համակարգից անդառնալի ջնջման)` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով:
(19-րդ կետը փոփ. 19.06.2026 թիվ 27-Ն հրաման)
19.1. Երեխայի տվյալները, ինքնաշխատ եղանակով, հերթագրման համակարգից փոխանցվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից վարվող «Նախադպրոցական կրթության կառավարման տեղեկատվական համակարգ` վարչական ռեգիստր» (այսուհետ` վարչական ռեգիստր)` հերթը հասնելու դեպքում, և երեխան կարող է ընդունվել հաստատություն սույն կարգի 2-րդ կետով սահմանված դիմումի և պայմանագրի հիման վրա:
(19.1-ին կետը լրաց. 19.06.2026 թիվ 27-Ն հրաման)
20. Սույն գլխի դրույթները պարտադիր չեն նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող և նախադպրոցական ծառայություններ մատուցող ոչ պետական ուսումնական հաստատությունների համար:
(20-րդ կետը փոփ. 19.06.2026 թիվ 27-Ն հրաման)
III. ԵՐԵԽԱՅԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(3-րդ գլուխը խմբագրվել է 19.06.2026 թիվ 27-Ն հրաման)
21. Երեխային նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող և նախադպրոցական ծառայություններ մատուցող ոչ պետական ուսումնական հաստատություններ ընդունելու համար ծնողը հաստատություն է ներկայացնում`
1) դիմում` ուղղված տնօրենին.
2) երեխայի և ծնողի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենները.
3) երեխայի մեկ 3x4 չափսի լուսանկար.
4) երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածք.
5) երեխայի` կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի դեպքում` տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից տրված եզրակացություն:
21.1. Երեխային հաստատություն ընդունելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում երեխայի տվյալները հաստատության տնօրենը կամ նրա կողմից լիազորված աշխատակիցը (այսուհետ` պատասխանատու) մուտքագրում է վարչական ռեգիստր:
21.2. Վարչական ռեգիստրում սխալ, ոչ ամբողջական տվյալներ մուտքագրվելու դեպքում` պատասխանատուն սխալը կամ անհամապատասխանությունը հայտնաբերելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում վարչական ռեգիստրում կատարում է տվյալների ուղղում:
IV. ՍԱՆԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ
22. Սանի ազատումը հաստատությունից կատարվում է`
1) ծնողի դիմումի հիման վրա.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա.
3) հաստատության և ծնողի միջև կնքված պայմանագրի դրույթները ծնողի կողմից չպահպանելու դեպքում.
4) ուսումնական տարվա ընթացքում սանի, անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում:
22.1. Սույն կարգի 22-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված ժամկետում չեն ներառվում երեխայի նկատմամբ հսկողությունն իրականացնող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության կողմից տրված` Առողջապահության նախարարի` 2021 թվականի դեկտեմբերի 6-ի N 88-Ն հրամանով սահմանված ձևի փաստաթղթի հիման վրա հիվանդության պատճառով չհաճախած օրերը, բայց ոչ ավելի, քան տվյալ ուսումնական տարվա ընթացքում 21 օր:
(22.1-ին կետը լրաց. 10.04.2023 թիվ 47-Ն /տարածվում է 2022 սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ հրաման)
V. ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
23. Հաստատությունում խմբերը ձևավորվում են`
1) սաների ծննդյան տարեթվի հիման վրա.
2) տարբեր տարիքի երեխաների համակազմով:
24. Տարիքային խմբերի ձևավորումը և երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր կատարվում են մանկավարժական խորհրդի որոշմամբ` յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 5-ը:
(24-րդ կետը փոփ. 29.11.2023 թիվ 142-Ն հրաման)
25. Խումբը համարվում է տարատարիք, եթե իրականացվում են տարիքային տարբեր խմբերի կրթական և զարգացման ծրագրեր և ընդգրկված այլ տարիքի սաների թիվը կազմում է ընդհանուր թվի առնվազն 1/3-ը:
26. Տարիքային խմբերում սաների առավելագույն թիվ սահմանվում է`
1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ (0-1 տարեկան)` 10 սան.
2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ (1-2 տարեկան)` 15 սան.
3) կրտսեր առաջին խումբ (2-3 տարեկան)` 20 սան.
4) կրտսեր երկրորդ խումբ (3-4 տարեկան)` 30 սան.
5) միջին խումբ (4-5 տարեկան)` 30 սան.
6) ավագ խումբ (5-6 տարեկան)` 30 սան:
(26-րդ կետը փոփ. 09.01.2026 թիվ 01-Ն հրաման)
27. Տարատարիք խմբեր կարող են ձևավորվել հետևյալ տարիքի երեխաների ընդգրկմամբ`
1) մինչև երկու խումբ ունեցող հաստատությունների դեպքում`
ա. 1-3 տարեկաններ` առավելագույնը 20 սան.
բ. 3-6 տարեկաններ` առավելագույնը 30 սան.
2) երեք և ավելի խումբ ունեցող հաստատությունների դեպքում`
ա. 1 և 2 տարեկաններ` առավելագույնը 20 սան.
բ. 2 և 3 տարեկաններ` առավելագույնը 20 սան.
գ. 3 և 4 տարեկաններ` առավելագույնը 25 սան.
դ. 4 և 5 տարեկաններ` առավելագույնը 30 սան.
ե. 5 և 6 տարեկաններ` առավելագույնը 30 սան.
27.1. Ոչ պետական և բնակավայրում միակը հանդիսացող համայնքային հաստատություններում կարող են ձևավորվել եռակազմ և քառակազմ տարատարիք խմբեր`
1) եռակազմ խմբերում` առավելագույնը 25 սան.
2) քառակազմ խմբերում` առավելագույնը 20 սան:
(27.1-ին կետը լրաց. 29.11.2023 թիվ 142-Ն հրաման)
28. Բնակավայրի բոլոր հաստատությունների սահմանային թվերի համալրված լինելու դեպքում տարիքային խմբերի սահմանաչափը կարող է գերազանցվել առավելագույնը 10%-ով` բացառապես զինվորական ծառայության վայրը փոխած անձի երեխայի համալրման դեպքերում:
(28-րդ կետը փոփ. 29.11.2023 թիվ 142-Ն հրաման)
29. Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների թիվը խմբում չի կարող գերազանցել խմբում ընդգրկված սաների ընդհանուր թվի 10%-ը:
Պաշտոնական հրապարակման օրը` 18 հոկտեմբերի 2021 թվական: