ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/7405/05/24
Վարչական գործ թիվ ՎԴ/7405/05/24 2026 թ.
Նախագահող դատավոր` Ա. Հարությունյան
Դատավորներ` Հ. Խաչատրյան
Մ. Մելքումյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Հ. Բեդևյան
զեկուցող Լ. Հակոբյան
Ա. Թովմասյան
Ռ. Հակոբյան
Ք. Մկոյան
2026 թվականի փետրվարի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ նաև` Ոստիկանություն) և երրորդ անձինք Մարիամ Վահանյանի և Աննա Գևորգյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.02.2025 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի «Լոս Պուեբլոս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև` Ընկերություն) ընդդեմ Ոստիկանության, երրորդ անձ` Մարիամ Վահանյան` 13.05.2024 թվականի արձանագրությամբ նշված` ****(1) տարածքից Ընկերության վտարման (ներխուժման վերացմանը) ուղղված գործողություններից և 15.06.2024 թվականի արձանագրությամբ նշված` ****(2) տարածքից Ընկերության վտարման (ներխուժման վերացմանը) ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջների մասին և ըստ հայցի Ընկերության ընդդեմ Ոստիկանության, երրորդ անձ` Աննա Գևորգյան` ****(3) տարածքից Ընկերության ներխուժման վերացմանն ուղղված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,
______________________________
1) Հանդիսանում է անձնական տվյալ:
2) Հանդիսանում է անձնական տվյալ:
3) Հանդիսանում է անձնական տվյալ:
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Ոստիկանությանը 13.05.2024 թվականի արձանագրությամբ նշված` ****(4) տարածքից Ընկերության վտարման (ներխուժման վերացմանը) ուղղված գործողություններից և 15.06.2024 թվականի արձանագրությամբ նշված` ****(5) տարածքից Ընկերության վտարման (ներխուժման վերացմանը) ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն (վարչական գործ թիվ ՎԴ/7405/05/24):
______________________________
4) Հանդիսանում է անձնական տվյալ:
5) Հանդիսանում է անձնական տվյալ:
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել ****(6) տարածքից Ընկերության ներխուժման վերացմանն ուղղված գործողությունը (վարչական գործ թիվ ՎԴ/7514/05/24):
______________________________
6) Հանդիսանում է անձնական տվյալ:
ՀՀ վարչական դատարանի 25.07.2024 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/7405/05/24 և թիվ ՎԴ/7514/05/24 վարչական գործերը միացվել են մեկ վարույթում` ՎԴ/7405/05/24 համարով:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 01.08.2024 թվականի վճռով Ընկերության հայցը` ****(7) տարածքից Ընկերության վտարման (ներխուժման վերացմանը) ուղղված գործողություններից և 15.06.2024 թվականի արձանագրությամբ նշված` ****(8) տարածքից Ընկերության վտարման (ներխուժման վերացմանը) ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջների մասին, մերժվել է: Ընկերության հայցը` ****(9) տարածքից Ընկերության ներխուժման վերացմանն ուղղված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է. ոչ իրավաչափ է ճանաչվել ****(10) տարածքից Ընկերության ներխուժման վերացմանն ուղղված գործողությունը:
______________________________
7) Հանդիսանում է անձնական տվյալ:
8) Հանդիսանում է անձնական տվյալ:
9) Հանդիսանում է անձնական տվյալ:
10) Հանդիսանում է անձնական տվյալ:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.02.2025 թվականի որոշմամբ Ոստիկանության, երրորդ անձինք Մարիամ Վահանյանի և Աննա Գևորգյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 01.08.2024 թվականի վճիռը` բավարարված մասով թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ոստիկանությունը (ներկայացուցիչ` Նարինե Ասրիյան), երրորդ անձինք Աննա Գևորգյանը (ներկայացուցիչ` Հայկ Եգանյան) և Մարիամ Վահանյանը:
Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:
2. Պատասխանող Ոստիկանության վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումը և պահանջը.
Ոստիկանության վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի շարժական գույքի ներխուժումը վերացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշումը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Այն դեպքում, երբ ներխուժումը կատարվել է իրավաբանական անձի կողմից, անշարժ գույքն ազատելու համար ողջամիտ ժամկետ տրամադրվում է իրավաբանական անձի լիազոր ներկայացուցչին կամ տնօրենին կամ աշխատակիցներին, ովքեր ֆիզիկական անձինք են: Որոշմամբ չէին էլ կարող նախատեսվել իրավաբանական անձի ներխուժումը վերացնելու վերաբերյալ դրույթներ, քանի որ ներխուժման վերացումը ենթադրում է կոնկրետ գործողությունների կատարում ֆիզիկական անձանց նկատմամբ: Եթե անշարժ գույքի տարածք են ներխուժել իրավաբանական անձի աշխատակիցները, տնօրենը, անշարժ գույքի օրինական տիրապետողը չի կարող զրկված լինել իրավաբանական անձի աշխատակիցների վտարմանն ուղղված գործողություններ կատարելու համար ոստիկանությանը լիազորելու հնարավորությունից:
Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը, ըստ որի` ՀՀ ոստիկանությունը ՀՀ կառավարության վերը նշված որոշմամբ լիազորված չէ կատարել գործողություններ իրավաբանական անձի նկատմամբ, անթույլատրելի է և թույլ չի տալիս ապահովել քաղաքացիների սեփականության իրավունքի պաշտպանությունը: Իրավաբանական անձի ներխուժումը վերացնելուն ուղղված Ոստիկանության գործողություններն իրավաչափ են և նպատակային:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.02.2025 թվականի որոշումը և փոփոխել այն` բավարարված մասով հայցը մերժել կամ գործն ուղարկել համապատասխան դատարան` նոր քննության:
2.1. Երրորդ անձինք Մարիամ Վահանյանի և Աննա Գևորգյանի վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումը և պահանջը.
Երրորդ անձինք Մարիամ Վահանյանի և Աննա Գևորգյանի վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը, «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի շարժական գույքի ներխուժումը վերացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշումը:
Սույն գործով վիճարկվող գործողությունը չէր կարող ոչ իրավաչափ ճանաչվել այն հիմքով, որ այդ գործողությունն իրականացվել է իրավաբանական անձի նկատմամբ: Ոստիկանությունը ներխուժումը վերացնելու գործողությունը կատարել է ոչ թե իրավաբանական անձի, այլ նրա աշխատակիցների (ֆիզիկական անձանց) նկատմամբ:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 26.02.2025 թվականի որոշումը և փոփոխել այն` բավարարված մասով հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Մարիամ Վահանյանի և Ընկերության, ի դեմս տնօրեն` Արփինե Հարությունյանի, միջև 11.05.2018 թվականին կնքվել է տարածքի վարձակալության մասին պայմանագիր, որի համաձայն` Մարիամ Վահանյանը պարտավորվում է Ընկերությանը վարձակալության պայմանագրով տրամադրել սեփականության իրավունքով իրեն պատկանող` ****(11) շինությունը` ****(12) մակերեսով (հատոր 1-ին, գ. թ. 22-23):
______________________________
11) Հանդիսանում է անձնական տվյալ:
12) Հանդիսանում է անձնական տվյալ:
2) Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 16.07.2018 թվականին տրված վկայականի համաձայն` ****(13) շինության նկատմամբ գրանցվել է Ընկերության վարձակալության իրավունքը (հատոր 1-ին, գ. թ. 28):
______________________________
13) Հանդիսանում է անձնական տվյալ:
3) Մարիամ Վահանյանի և Աննա Գևորգյանի միջև 18.11.2019 թվականին կնքվել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որի համաձայն` նվիրատուն նվիրում է, իսկ նվիրառուն որպես նվեր ընդունում է ****(14) շինությունը` ****(15) մակերեսով (հատոր 1-ին, գ. թ. 25):
______________________________
14) Հանդիսանում է անձնական տվյալ:
15) Հանդիսանում է անձնական տվյալ:
4) ****(16) տարածքի սեփականատեր Աննա Գևորգյանի լիազորված անձ Մարիամ Վահանյանի կողմից Կենտրոնի ոստիկանության բաժնի պետին ուղղված 13.06.2024 թվականի դիմումով նշվել է. «Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշման համաձայն` «Լոս Պուեբլոս» ՍՊ ընկերությունը հանդիսանում է ****(17) տարածքի ապօրինի ներխուժած իրավաբանական անձ, հետևաբար պահանջում եմ, որպեսզի անհապաղ ազատի ****(18) տարածքը (հատոր 1-ին, գ. թ. 93):
______________________________
16) Հանդիսանում է անձնական տվյալ:
17) Հանդիսանում է անձնական տվյալ:
18) Հանդիսանում է անձնական տվյալ:
5) Հասցե այցելելու վերաբերյալ 13.05.2024 թվականի արձանագրության համաձայն` Ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի ՀՈԲ տեսուչը քաղաքացի Մարիամ Վահանյանի դիմումի հիման վրա այցելել է ****(19) շինություն` ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշման պահանջների համաձայն ներխուժումը վերացնելու նպատակով: Այցելության ժամանակ պարզվել է, որ նշված հասցեում գործում է Ընկերությունը, որի համասեփականատեր ներկայացած Էդմոնդ Կիրակոսյանին տրվել է 7 օր` տարածքն ազատելու համար (հատոր 1-ին, գ. թ. 18-20):
______________________________
19) Հանդիսանում է անձնական տվյալ:
6) Հասցե այցելելու վերաբերյալ 15.06.2024 թվականի արձանագրության համաձայն` Ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի ՀՈԲ տեսուչը Մարիամ Վահանյանի դիմումի հիման վրա այցելել է ****(20) շինություն` ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշման պահանջների համաձայն ներխուժումը վերացնելու նպատակով: Այցելության ժամանակ պարզվել է, որ նշված հասցեում գործում է «Լոս Պուեբլոս» ռեստորան, որի տնօրեն ներկայացած Արփինե Հարությունյանին պարզաբանվել են ՀՀ կառավարության որոշման պահանջները և տրվել է 10 օր` տարածքն ազատելու համար (հատոր 1-ին, գ. թ. 21):
______________________________
20) Հանդիսանում է անձնական տվյալ:
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի շարժական գույքի ներխուժումը վերացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն վճռաբեկ բողոքների քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի շարժական գույքի ներխուժումը վերացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշումն արդյո՞ք կիրառելի է նաև իրավաբանական անձի ներխուժումը կանխելու կամ վերացնելու դեպքում:
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասում կիրառված են «ճանաչել» և «պաշտպանել» եզրույթները, ինչը նշանակում է, որ սեփականության իրավունքը ոչ միայն ճանաչվում է պետության կողմից և պաշտպանվում է պետության ոչ իրավաչափ միջամտությունից, այլ նաև ենթադրում է պետության պոզիտիվ պարտավորությունն ընդունելու այնպիսի իրավակարգավորումներ, որոնք անձի սեփականությունը կպաշտպանեն այլոց ոչ իրավաչափ գործողություններից:
ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ինչպես միջազգային իրավական, այնպես էլ սահմանադրական մակարդակներով հաստատագրված է հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունը` ապահովել սեփականության իրավունքի անձեռնմխելիության երաշխիքներ, մասնավորապես.
առաջին` առանց որևէ խտրականության ճանաչել և պաշտպանել սեփականության իրավունքն անկախ դրա դրսևորման ձևերի,
երկրորդ` երաշխավորել սեփականության իրավունքի պաշտպանությունը` նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության համար,
երրորդ` Սահմանադրությամբ կանխորոշված նպատակով սահմանել սեփականության իրավունքի իրացման ազատության օրենքով թույլատրելի շրջանակը,
i
չորրորդ` երաշխավորել օրենքով սահմանված դեպքերում` դատական կարգով անձին սեփականությունից զրկելու, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունը հարկադիր օտարելու և նախնական ու համարժեք փոխհատուցում ապահովելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջների կատարումը» (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 28.09.2021 թվականի ՍԴՈ-1611 որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), հստակեցնելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության (այսուհետ` Թիվ 1 արձանագրություն) 1-ին հոդվածով երաշխավորված` սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում պետության պարտականությունների շրջանակը, ևս զարգացրել է պետության պոզիտիվ պարտականությունների գաղափարը: Վերջինս, մասնավորապես, արտահայտվում է նրանում, որ սեփականության իրավունքի իրական և արդյունավետ իրականացումը կախված չէ լոկ պետության` չմիջամտելու պարտականությունից, այլ պահանջում է նաև պաշտպանության որոշակի պոզիտիվ միջոցառումներ, մասնավորապես, երբ առկա է անմիջական կապ անձի գույքային իրավունքներն արդյունավետորեն իրացնելու և այն միջոցառումների միջև, որոնք անձը կարող է իրավաչափորեն ակնկալել իշխանություններից (տե՛ս, Եվրոպական դատարանի Oneryildiz v. Turkey գործով 30.11.2004 թվականի վճիռը, գանգատ թիվ 48939/99, կետ 134):
Ըստ Եվրոպական դատարանի` եթե միջամտությունը սեփականության իրավունքին տեղի է ունենում մասնավոր անձի կողմից, ապա պետությունը կրում է պոզիտիվ պարտականություն ներպետական իրավական համակարգում երաշխավորելու, որ սեփականության իրավունքն արդյունավետորեն պաշտպանված է օրենքով և նախատեսված են արդյունավետ պաշտպանության միջոցներ, որոնցով միջամտության զոհը կարող է վերականգնել իր իրավունքները, ներառյալ` համապատասխան դեպքերում, պահանջել ցանկացած վնասի վերականգնում (տե՛ս, Եվրոպական դատարանի Blumberga v. Latvia գործով 14.10.2009 թվականի վճիռը, գանգատ թիվ 70930/01, կետ 67):
Այլոց ոչ իրավաչափ գործողություններից անձի սեփականությունը պաշտպանելու պետության պոզիտիվ պարտականության իրացման օրենսդրական դրսևորում են, ի թիվս այլնի, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածը և վերջինիս հիման վրա ընդունված «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի շարժական գույքի ներխուժումը վերացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշումը (այսուհետ նաև` Թիվ 797-Ն որոշում):
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, ոստիկանության խնդիր է, ի թիվս այլնի, սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին կետով ճանաչվում է յուրաքանչյուրի` իր օրինական տիրապետման ներքո գտնվող հողամասը, շենքը, շինությունը և այլ անշարժ գույքի տարածք այլոց մուտք գործելուց զերծ պահելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ կետն ամրագրում է հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելու և գույք տեղադրելու արգելքը: Ըստ այդ նորմի` ոչ ոք իրավունք չունի առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության մուտք գործելու հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք կամ այդ տարածքում առանց օրինական տիրապետողի թույլտվության տեղադրելու որևէ շարժական գույք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է «ներխուժում» հասկացության բովանդակությունը: Այն է` ներխուժում է.
- առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելը,
- առանց օրինական տիրապետողի թույլտվության հողամասի, շենքի, շինության և այլ անշարժ գույքի տարածքում որևէ շարժական գույք տեղադրելը,
- օրինական տիրապետողի թույլտվությամբ հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած կամ դրա վրա շարժական գույք տեղադրած անձի կողմից հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու կամ տեղադրած շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը,
- օրենքով սահմանված հիմքերով հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած կամ դրա վրա շարժական գույք տեղադրած անձի կողմից այդ հիմքերի դադարումից կամ օրենքով նախատեսված համապատասխան գործողություններ կատարելուց հետո հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու կամ տեղադրած շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերը համապատասխանաբար սահմանում են. «7. Հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողն իրավունք ունի լիազորելու ոստիկանությանը` իր անունից կատարելու գործողություններ` ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ: Օրինական տիրապետողի կողմից ոստիկանության լիազորման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու, հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նկատել, որ Օրենսգրքի 203-րդ հոդվածում ներխուժում իրականացրած անձի առնչությամբ գործածվում են «անձ», «այլոք», «ոչ ոք», «ուրիշի» բառերը, ինչը նշանակում է, որ օրենսդիրը որևէ տարբերակում չի կատարել, թե ներխուժումն ում կողմից է տեղի ունեցել` ֆիզիկական, թե իրավաբանական անձի կողմից, և ըստ այդմ` նպատակ է ունեցել երաշխավորել անձի սեփականության պաշտպանությունը ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձի ներխուժումից:
Օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 7-րդ կետում լիազորելով ՀՀ կառավարությանը` սահմանելու անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողի կողմից ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ իր անունից գործողություններ կատարելու համար ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները, տարբերակում չի կատարել, թե ներխուժումն ում կողմից է տեղի է ունեցել` ֆիզիկական, թե իրավաբանական անձի կողմից: Այլ կերպ` օրենսդիրը նշված նորմով լիազորել է ՀՀ կառավարությանը սահմանել օրինական տիրապետողի կողմից` ինչպես ֆիզիկական անձի, այնպես էլ իրավաբանական անձի ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ իր անունից գործողություններ կատարելու համար ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները:
Օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 8-րդ կետում լիազորելով ՀՀ կառավարությանը` սահմանելու պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու, հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու կարգը, ևս տարբերակում չի կատարել, թե տվյալ շարժական գույքն ում է պատկանում` ֆիզիկական, թե իրավաբանական անձին: Այլ կերպ` օրենսդիրը նշված նորմով լիազորել է ՀՀ կառավարությանը սահմանել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձին պատկանող շարժական գույքը հեռացնելու կարգը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերը նշված նորմերի հիմքով ընդունվել է Թիվ 797-Ն որոշումը: Նշված որոշման 1-ին և 2-րդ կետերով համապատասխանաբար սահմանվել են ֆիզիկական անձի ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու նպատակով ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները` համաձայն թիվ 1 հավելվածի (այսուհետ` Թիվ 1 հավելված), պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի և շարժական գույքի ներխուժումը վերացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգն ու պայմանները` համաձայն թիվ 2 հավելվածի:
Թիվ 1 հավելվածի 6-րդ կետով սպառիչ կերպով սահմանվում են այն դեպքերը, երբ ոստիկանն իրավունք չունի կողմերի նկատմամբ կիրառելու որևէ միջոց կամ պահանջ: Այն է` ոստիկանն իրավունք չունի կողմերի նկատմամբ կիրառելու որևէ միջոց կամ պահանջ, եթե պարզում է, որ`
1) ներխուժում իրականացրած կամ իրականացնող կամ այդ տարածքում շարժական գույք տեղադրած անձը տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետող է, կամ`
2) անձը գրավոր կնքված քաղաքացիաիրավական կամ աշխատանքային կամ ամուսնաընտանեկան կամ այլ պայմանագրի կամ լիազորագրի համաձայն իրավունք ունի մշտապես կամ որոշակի ժամանակով գտնվելու տվյալ անշարժ գույքի տարածքում կամ շարժական գույքը տեղադրելու տվյալ անշարժ գույքի տարածքում կամ`
3) անձը բնակելի տարածքն օրինական տիրապետող անձի անչափահաս երեխան է կամ ամուսինը:
Թիվ 1 հավելվածի 9-րդ կետի համաձայն` եթե ոստիկանը պարզում է, որ անձը կամ շարժական գույքը գտնվում է անշարժ գույքի տարածքում` առանց օրինական հիմքերի (...), ապա ոստիկանը ներխուժողին բանավոր պահանջում է մուտք չգործել կամ անհապաղ դուրս գալ անշարժ գույքի տարածքից, այդ թվում` հեռացնելով անշարժ գույքի տարածքում գտնվող շարժական գույքը` դրա համար նրան տալով մինչև մեկամսյա ժամկետ: Ժամկետը որոշելիս ոստիկանության ծառայողը հաշվի է առնում ներխուժողի և դիմումատուի (եթե ընտանիք է ապա նաև ընտանիքի անդամների) տարիքը և առողջական վիճակը, եղանակային և այլ պայմանները:
Թիվ 1 հավելվածի 10-րդ կետի համաձայն` եթե ներխուժած անձը հրաժարվում է ոստիկանի բանավոր պահանջը կատարել, ապա ոստիկանն առաջարկում է անշարժ գույքի օրինական տիրապետողին անշարժ գույքի տարածք ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով իրեն ներկայացնել գրավոր լիազորագիր` տալով նրան նույն կարգի ու պայմանների ձևում նշված լիազորագրի ձևաթուղթը:
Անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից լիազորագիրն ստանալուց հետո ոստիկանը ևս մեկ անգամ պահանջում է ներխուժումը դադարեցնել` նշելով, որ իր օրինական պահանջը չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն: Եթե այս դեպքում ևս ներխուժումը չդադարեցվի, ապա ոստիկանն իրավունք ունի ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով գործադրելու օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոցներ: Ֆիզիկական անձի ներխուժումը վերացնելուց հետո, եթե առկա է նաև շարժական գույքով ներխուժում, ապա ոստիկանությունն ապահովում է շարժական գույքի տեղափոխումը օրինական տիրապետողի կողմից` այդ ընթացքում իրականացնելով հասարակական կարգի պահպանության գործառույթ (Թիվ 1 հավելվածի 12-13-րդ կետեր):
Վերը նշված իրավակարգավորումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ ոստիկանությունը ներխուժումը կանխելուն կամ վերացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկում է տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից տրված լիազորագրի հիման վրա. ընդ որում` անշարժ գույքի տարածքում տեղադրված շարժական գույքը հեռացնելու նպատակով (երբ ֆիզիկական անձի ներխուժում առկա չէ) ոստիկանը կարող է գործողություններ ձեռնարկել միայն այն դեպքում (Թիվ 1 հավելվածի 14-18-րդ կետեր), երբ գույքի օրինական տիրապետողին անձամբ չի հաջողվել վերացնել կամ կանխել ներխուժումը: Ավելին, Թիվ 1 հավելվածի` անշարժ գույքի տարածքում տեղադրված շարժական գույքը հեռացնելու ընթացակարգը սահմանող կարգավորումներում օգտագործված է «ուրիշի գույք» հասկացությունը, ինչը նշանակում է, որ խոսքը չի վերաբերում միայն ֆիզիկական անձի գույքին:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը սահմանում է իրավական նորմերի մեկնաբանման հետևյալ կանոնները. նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Սույն դեպքում Թիվ 797-Ն որոշումն ընդունվել է անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողի կողմից ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ իր անունից գործողություններ կատարելու համար ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու նպատակով և ի կատարումն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի դրույթների: Ըստ այդմ` «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված` իրավական նորմերի մեկնաբանման կանոններին համապատասխան, մեկնաբանելով Թիվ 797-Ն որոշման կարգավորումները և հաշվի առնելով, որ.
- Թիվ 797-Ն որոշումն ընդունվել է անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողի կողմից` յուրաքանչյուր անձի, այդ թվում` իրավաբանական անձի ներխուժումը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ իր անունից գործողություններ կատարելու համար ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու նպատակով,
- Թիվ 797-Ն որոշումն ընդունվել է ի կատարումն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի դրույթների, որը որևէ տարբերակում չի կատարում, թե ներխուժումն ում կողմից է տեղի ունեցել` ֆիզիկական, թե իրավաբանական անձի կողմից,
- Թիվ 797-Ն որոշման մեջ անշարժ գույքի տարածքում տեղադրված շարժական գույքը հեռացնելու ընթացակարգը սահմանող կարգավորումներում տարբերակում չի կատարվում, թե տվյալ շարժական գույքը ֆիզիկական, թե իրավաբանական անձի է պատկանում,
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Թիվ 797-Ն որոշումը հավասարապես կիրառելի է նաև այն դեպքում, երբ ներխուժումը տեղի է ունեցել իրավաբանական անձի կողմից:
Ավելին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաստեղծը, ի կատարումն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի, ընդունելով Թիվ 797-Ն որոշումը, չուներ իրավաբանական անձանց առնչությամբ որևէ շեշտադրում կատարելու անհրաժեշտություն` հաշվի առնելով, որ իրավաբանական անձի ներկայությունը այս կամ այն տարածքում դրսևորվում է ֆիզիկական անձանց ներկայությամբ: Այլ կերպ` իրավաբանական անձի ներխուժումը տեղի է ունենում իր աշխատակիցների ֆիզիկական ներկայության միջոցով:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ այն դեպքում, երբ ներխուժումը տեղի է ունենում իրավաբանական անձի կողմից, Թիվ 797-Ն որոշմամբ սահմանված համապատասխան նորմերը mutatis mutandis կիրառելի են իրավաբանական անձի տնօրենի, նրան փոխարինողի կամ լիազորված անձի նկատմամբ: Թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված այն գործողությունները, որոնք ենթակա են կատարման ներխուժողի նկատմամբ, իրավաբանական անձի ներխուժման դեպքում պետք է կատարվեն իրավաբանական անձի տնօրենի, նրան փոխարինողի կամ լիազորված անձի նկատմամբ: Իսկ վերջինս (վերջիններս) պետք է ապահովի (ապահովեն) իր (իրենց) աշխատակիցների և շարժական գույքի տվյալ տարածքից հեռացումը:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի շարժական գույքի ներխուժումը վերացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշումը կիրառելի է նաև իրավաբանական անձի ներխուժումը կանխելու կամ վերացնելու դեպքում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության հայցերի հիման վրա, որոնցով վերջինս պահանջել է պարտավորեցնել Ոստիկանությանը 13.05.2024 թվականի արձանագրությամբ նշված` ****(21) տարածքից Ընկերության վտարման (ներխուժման վերացմանը) ուղղված գործողություններից և 15.06.2024 թվականի արձանագրությամբ նշված` ****(22) տարածքից Ընկերության վտարման (ներխուժման վերացմանը) ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն, ինչպես նաև ոչ իրավաչափ ճանաչել ****(23) տարածքից Ընկերության ներխուժման վերացմանն ուղղված գործողությունը:
______________________________
21) Հանդիսանում է անձնական տվյալ:
22) Հանդիսանում է անձնական տվյալ:
23) Հանդիսանում է անձնական տվյալ:
Դատարանը 01.08.2024 թվականի վճռով ոչ իրավաչափ է ճանաչել Երևան քաղաքի Թամանյան փողոցի շենք 6-ի թիվ 18-19 տարածքից Ընկերության ներխուժման վերացմանն ուղղված գործողությունը` հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Դատարանը եզրակացնում է, որ անշարժ գույքի օրինական տիրապետման իրավունքը կարող է հավաստվել միայն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված համապատասխան իրավունքի վկայականով կամ անշարժ գույքի օրինական տիրապետող հանդիսանալը հավաստող այլ փաստաթղթով, ընդ որում, ըստ Կարգի համակարգային վերլուծությունից անշարժ գույքի օրինական տիրապետողի դերում կարող է հանդես գալ ինչպես ֆիզիկական անձն, այնպես էլ իրավաբանական անձը:
Միևնույն ժամանակ, սակայն, Կարգի համակարգային վերլուծությունից, հետևում է, որ ներխուժումը կանխելուն կամ վերացնելուն ուղղված գործողությունները ոստիկանությունը կարող է իրականացնել բացառապես ֆիզիկական անձանց նկատմամբ:
(...) Կարգի իմաստով ներխուժող անձ և շարժական գույքի տիրապետող կամ շահագրգիռ անձ կարող է հանդիսանալ միայն ֆիզիկական անձը:
(...) սույն գործի փաստերի, մասնավորապես 13.05.2024 թվականի թիվ Վ-21 դիմումի, 17.05.2024 թվականի և 15.06.2024 թվականի արձանագրությունների համաձայն` Ընկերությանը տրվել է ողջամիտ ժամկետ` խնդրո առարկա հասցեն ինքնակամ ազատելու համար:
Ընդ որում, թե՛ վերը նշված դիմումը, թե՛ նշված արձանագրությունները կազմելիս հիմք են ընդունվել ՀՀ կառավարության 797-Ն որոշման կարգավորումները, այսինքն ներխուժումը վերացնելու նպատակով գործողություններն ուղղված են Ընկերությանը` իրավաբանական անձին:
Մինչդեռ Դատարանը փաստում է, որ ՀՀ ոստիկանությունը ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշմամբ լիազորված չէ կատարել գործողություններ` իրավաբանական անձանց նկատմամբ: (...)»:
Վերաքննիչ դատարանը 26.02.2025 թվականի որոշմամբ Ոստիկանության, երրորդ անձինք Մարիամ Վահանյանի և Աննա Գևորգյանի վերաքննիչ բողոքները մերժել և Դատարանի 01.08.2024 թվականի վճիռը` բավարարված մասով թողել է անփոփոխ` այն պատճառաբանությամբ, որ. «(...) Վերոշարադրյալ իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ ՀՀ Կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի թիվ 797-Ն որոշմամբ իրավական կարգավորում է ստացել միայն ֆիզիկական անձանց կողմից կատարված ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու նպատակով ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ վերոհիշյալ որոշման համակարգային վերլուծությունից ևս հետևում է, որ այն վերաբերում է բացառապես ֆիզիկական անձանց կողմից կատարված ներխուժման դեպքերին:
(...) ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ****(24) տարածքի ապօրինի ներխուժումը վերացնելու ուղղությամբ համապատասխան գործողություններ կատարելիս ղեկավարվել է ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի թիվ 797-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումներով, մինչդեռ, (...) վերոհիշյալ որոշումը վերաբերում է բացառապես ֆիզիկական անձանց կողմից կատարված ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու նպատակով ոստիկանությանը լիազորելու կարգին ու պայմաններին:
______________________________
24) Հանդիսանում է անձնական տվյալ:
(...) Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարում ՀՀ վարչական դատարանի եզրահանգումն առ այն, որ իրավաբանական անձի հետ ունեցած` գույքի տիրապետման հետ կապված վեճերը, կարգավորված լինելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, դուրս են ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշման կարգավորման շրջանակներից, ուստի ՀՀ ոստիկանությունն իր հերթին ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի ուժով լիազորված չէ ՀՀ կառավարության 10.05.2007 թվականի թիվ 797-Ն որոշումից բխող գործողություններ իրականացնել իրավաբանական անձի նկատմամբ:(...)»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունն սկզբնապես ****(25) շինությունը` ****(26) մակերեսով, տիրապետել և օգտագործել է Մարիամ Վահանյանի և Ընկերության միջև 11.05.2018 թվականին կնքված տարածքի վարձակալության մասին պայմանագրի հիման վրա:
______________________________
25) Հանդիսանում է անձնական տվյալ:
26) Հանդիսանում է անձնական տվյալ:
Այնուհետև, սույն գործով երրորդ անձ Մարիամ Վահանյանի դիմումի հիման վրա Ոստիկանությունը Թիվ 797-Ն որոշման հիման վրա միջոցներ է ձեռնարկել նշված հասցեում Ընկերության ներխուժումը վերացնելու նպատակով` տրամադրելով տարածքն ազատելու ժամկետ:
Դատարանը և Վերաքննիչ դատարանը Ոստիկանության կողմից Թիվ 797-Ն որոշման հիման վրա իրականացրած գործողությունները ոչ իրավաչափ են դիտարկել` իրավաբանական անձի ներխուժման դեպքի նկատմամբ կիրառելի չհամարելով Թիվ 797-Ն որոշումը:
Վերոհիշյալ իրավական դիրքորոշումները կիրառելով սույն դատական գործի նկատմամբ` Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում Դատարանի և Վերաքննիչ դատարանի նշված դիրքորոշումը` գտնելով, որ սույն դեպքի նկատմամբ կիրառելի է Թիվ 797-Ն որոշումը, և Ոստիկանության գործողությունների իրավաչափությունը ենթակա էր գնահատման այդ ենթաօրենսդրական ակտի կարգավորումների շրջանակներում:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքների նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վարչական դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքները ենթակա են բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.02.2025 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան
Զեկուցող Լ. Հակոբյան
Ա. Թովմասյան
Ռ. Հակոբյան
Ք. Մկոյան
https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ administrative-cases/3130