| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մայիսի 2019 թվականի N 499-Լ
i
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (Խ-89-4.04.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մայիսի 7
Երևան
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-89-4.04.2019-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ` նախագիծ) ըստ էության նախատեսվում է կարգավորել հետևյալ հարցերը:
Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 29-րդ հոդվածի 7.1-ին մասը, որով սահմանվում է Երևանի ավագանու նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Այս կետը համարում ենք անընդունելի հետևյալ պատճառաբանությամբ.
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ավագանու նիստը հրապարակային է: Ավագանու հրապարակային նիստերն առցանց հեռարձակվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում: Նույն հոդվածի 5-7-րդ մասերով սահմանված են ավագանու նիստերին մասնակցելու, ելույթ (այդ թվում` արտահերթ) ունենալու, հարցերին պատասխանելու, իսկ 7.1-ին մասով` հրապարակային նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը:
Օրենքով ավագանու նիստերին մասնակցելու և ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակի հստակ ամրագրումն ինքնանպատակ չէ, այլ ուղղված է ավագանու նիստի բնականոն ընթացքի ապահովմանը, ինչը կարող է խոչընդոտվել ավագանու նիստերին մասնակցության մուտքը ցանկացած քաղաքացու համար ազատ լինելու դեպքում: Հատկանշական է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` համայնքի ավագանին նիստին կարող է հրավիրել և լսել ցանկացած անձի: Այսինքն` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ևս ամրագրել է ավագանու նիստերին միայն համայնքի ավագանու կողմից հրավիրված լինելու դեպքում ցանկացած անձի մասնակցության սկզբունքը: Ընդ որում, նշված կարգավորումը վերաբերում է բոլոր համայնքներին` անկախ տվյալ համայնքի բնակիչների թվից: Ինչ վերաբերում է նախագծի հիմնավորման մեջ վկայակոչվող` համայնքային նշանակության հարցերի քննարկման հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությանը, ապա հարկ է նկատի ունենալ, որ նիստի ընթացքի մասին հանրության տեղեկացված լինելու իրավունքը լիարժեք կարող է ապահովվել նիստերի առցանց հեռարձակման միջոցով, այդպիսի հնարավորությունն արդեն իսկ նախատեսված է օրենքով: Հավելենք նաև, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ավագանու նիստերն արձանագրվում են: Այդ արձանագրությունները մեկշաբաթյա ժամկետում ենթակա են տեղադրման նաև Երևանի պաշտոնական համացանցային կայքում: Ինչպես նաև օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ավագանու նստաշրջանների ընթացքում ավագանու կանոնակարգով 2 ամսվա մեջ առնվազն 1 նիստի ընթացքում քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները և քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանում են ավագանու անդամների բանավոր հարցերին: Այդ նիստերի սղագրությունը նույնպես նիստից հետո երկշաբաթյա ժամկետում տեղադրվում է քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում:
Վերոնշյալը նկատի ունենալով նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանափակվել է ավագանու նիստերի անցկացման բնականոն ընթացքն ապահովելու, ինչպես նաև անվտանգությունն ապահովելու նկատառումներից և այդ առումով գտնում ենք, որ այդ սահմանափակումն արդարացված է:
Վերոգրյալով պայմանավորված մասնակի ընդունելի չէ նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետը, որն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7.2 Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս իրավունք ունեն ներկա գտնվելու ավագանու հրապարակային նիստերին` ավագանու նիստերի դահլիճին անմիջապես կից առանձնացված տեղում, որտեղից ուղղակիորեն տեսանելի և լսելի է ավագանու նիստը:»:
Հաջորդ հոդվածով առաջարկվում է վերացնել Երևանի քաղաքապետի` Երևանի քաղաքապետարանում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաև Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը սահմանելու լիազորությունը, ինչը համարում ենք ընդունելի: