(ուժը կորցրել է 01.11.2024 թիվ 975-Ա որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 փետրվարի 2019 թվականի N 101-Ա
i
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 2 հավելվածի 15.1-ին կետով`
1. Պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի համակարգում ստեղծել փորձաքննական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով)` հետևյալ պետական շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե.
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն.
3) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն.
4) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն.
5) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն.
6) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն.
7) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.
8) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն.
9) Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե:
2. Հաստատել հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:
3. Հանձնաժողովի նախագահն է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահը, իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալն է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին` հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` ելնելով փորձաքննության ներկայացվող օբյեկտների նպատակային նշանակությունից:
(որոշումը խմբագրվել է 25.02.2021 թիվ 166-Ա որոշում)
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թվականի փետրվարի 7-ի
N 101-Ա որոշման
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և սույն աշխատակարգով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ
3. Հանձնաժողովի նպատակը Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի 4-րդ և 27-րդ կետի 4-րդ ենթակետերով սահմանված` բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) օբյեկտների նկատմամբ սահմանված պետական համալիր փորձաքննության աշխատանքների գործառույթի իրականացումը և արդյունքների (եզրակացություն) ամփոփումն է:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ (հանձնաժողովի քննարկմանը ներկայացված նախագծերի առկայության դեպքում)` ներկայացված նախագծային փաստաթղթերի և դրանց վերաբերյալ ստացած եզրակացությունների քննարկման և ամփոփման համար:
5. Հանձնաժողովը համակարգում և ամփոփում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 2 հավելվածի 21-րդ կետով սահմանված` պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կողմից ստացված շահագրգիռ մարմինների եզրակացությունները (համաձայնեցումները):
6. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` իր տեղակալը:
7. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով, օրակարգում նշվում են նիստի անցկացման վայրը և ժամը:
8. Հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում հանձնաժողովի աշխատանքային գործընթացը կազմակերպվում է գրավոր հարցումների (այդ թվում` էլեկտրոնային) եղանակով:
9. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են հանձնաժողովի բոլոր անդամները, կամ առկա է տվյալ ոլորտի լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված եզրակացությունը:
10. Հանձնաժողովի նիստերին ըստ անհրաժեշտության կարող են հրավիրվել նախագծի պատվիրատուն, նախագծողը, նախագծի պարզ փորձաքննություն իրականացնող իրավաբանական անձը:
11. Հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել նաև համապատասխան մարզպետարանների, համայնքների ներկայացուցիչներ:
12. Հանձնաժողովի նիստերին խորհրդատուի կարգավիճակով կարող են հրավիրվել նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող պետական մարմինների, ոլորտի մասնագիտական, փորձագիտական եզրակացություն տված, բնագավառի փորձառություն ունեցող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ անձինք:
13. Նիստի անցկացման օրվա մասին նիստի անցկացումից առնվազն երկու աշխատանքային օր առաջ հանձնաժողովի քարտուղարը գրավոր ծանուցում է հանձնաժողովի անդամներին և տրամադրում է նիստի օրակարգը:
14. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին նիստի անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ տրամադրվում է պետական համալիր փորձաքննության ներկայացված նախագծի լրակազմ փաթեթը:
15. Հանձնաժողովի անդամները մինչև նիստի անցկացման օրը ներկայացնում են գրավոր եզրակացություն պետական համալիր փորձաքննության ներկայացված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` ոլորտի լիազոր մարմնի կողմից տրամադրված եզրակացությունը:
16. Ներկայացված գրավոր եզրակացությունների դրական լինելու դեպքում հանձնաժողովի նախագահն իրավասու է առանց նիստ հրավիրելու փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուին տրամադրել դրական եզրակացություն:
17. Հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն է տրվում հանձնաժողովում ընդգրկված բոլոր գերատեսչությունների դրական եզրակացությունների դեպքում:
18. Պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կողմից ներկայացվող նախագծային փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N 128-Ն հրամանով հաստատված կանոնների IV բաժնի NN 3 և 4, ինչպես նաև V բաժնի N 9 աղյուսակների պահանջներին: Փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով, PDF ձևաչափով` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին դրանք ուղարկելու միջոցով կամ 9 օրինակ էլեկտրոնային կրիչներով կամ, անհրաժեշտության դեպքում, նաև տպագիր` մեկ օրինակ (փաստաթղթերը ներկայացնելու օրինակելի ձևը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքում): Կից ներկայացվում է ուղեկցող գրություն, որով փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուն հավաստում է ներկայացված նյութերի ամբողջականությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նախագծային փաստաթղթերի կազմին և բովանդակությանը վերաբերող պահանջներին:
IV. ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ
19. Հանձնաժողովի նիստերի արձանագրումն ապահովում է հանձնաժողովի քարտուղարը` ձայնագրության միջոցով:
20. Հանձնաժողովի նիստի արձանագրությունը (1 օրինակից) նիստի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է հանձնաժողովի քարտուղարը, որն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի և հանձնաժողովի անդամների կողմից:
21. Նիստի արձանագրության մեջ նշվում են`
1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը.
2) նիստի օրակարգը.
3) նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների, ինչպես նաև հրավիրված անձանց անունները.
4) նախագծային փաստաթղթերի վերաբերյալ ներկայացված դիտողությունները և առաջարկությունները.
5) ընդունված որոշումը (եզրակացությունը):
22. Արձանագրությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ
23. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում և նախագահում է հանձնաժողովի նիստերը.
2) հաստատում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող պետական շահագրգիռ մարմինների կողմից ներկայացված համապատասխան մասնագետների կազմը` ըստ օբյեկտների նպատակային նշանակության.
3) հանձնաժողովի բոլոր անդամների ընդունած դրական կարծիքների հիման վրա ստորագրում է ներկայացված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ կազմված պետական համալիր փորձագիտական եզրակացությունը:
24. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը, ով հանձնաժողովում ընդգրկված գերատեսչությունների դրական կարծիքների հիման վրա ստորագրում է ներկայացված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ տրված պետական համալիր փորձագիտական եզրակացությունը:
25. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի աշխատանքներին.
2) կարող է ներկայացնել առաջարկություններ նիստի օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ.
3) նիստի օրակարգում ընդգրկված նախագծային փաստաթղթի (փաստաթղթերի) վերաբերյալ իր գերատեսչության կողմից դիտողությունների առկայության դեպքում, ըստ անհրաժեշտության, նիստի ընթացքում կարող է ներկայացնել դրանց վերաբերյալ լրացուցիչ հիմնավորումներ, իսկ հիմնավոր հակափաստարկների, առարկությունների առկայության դեպքում նիստից հետո դրանք լրացուցիչ քննարկել իր կողմից ներկայացվող գերատեսչությունում և պաշտոնական գրությամբ ներկայացնել գերատեսչության վերջնական դիրքորոշումը` համապատասխան հիմնավորումներով: Հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ կարող է ներկայացնել բանավոր կարծիք և (կամ) նախօրոք գրավոր ներկայացրած կարծիքի շրջանակներում բարձրացնել լրացուցիչ հարցադրումներ: Բանավոր կարծիքն արձանագրվում է, իսկ գրավորը` կցվում է արձանագրությանը.
4) մասնակցում է որոշումների ընդունման համար քվեարկությանը և ստորագրում հանձնաժողովի ընդունած արձանագրությունը.
5) հանձնաժողովի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ արված առաջարկությունների հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի նիստի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի նախագահին է ներկայացնում իր կողմից ներկայացվող գերատեսչության գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
26. Հանձնաժողովի քարտուղարին նշանակում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի բնականոն գործունեությանն աջակցելու նպատակով`
1) նիստի անցկացման օրվա մասին գրավոր ծանուցում է հանձնաժողովի անդամներին` նիստի անցկացումից առնվազն երկու աշխատանքային օր առաջ և տրամադրում է նիստի օրակարգը.
2) հանձնաժողովի յուրաքանչյուր անդամին նիստի անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ տրամադրվում է պետական համալիր փորձաքննության ներկայացված նախագծի լրակազմ փաթեթը.
3) ներկայացնում է օրակարգում ներառված հարցերը, զեկուցում է հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գրավոր եզրակացությունները.
4) ապահովում է հանձնաժողովի նիստերի արձանագրումը.
5) նիստի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է նիստի արձանագրությունը (1 օրինակից), որն ստորագրվում է հանձնաժողովի նախագահի, հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի քարտուղարի և հանձնաժողովի անդամների կողմից.
6) կատարում է հանձնաժողովի նախագահի հանձնարարականները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-ԻՆ