25.07.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի հունիսի 30-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով.
| «Հոդված 35.1. |
Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր |
1. Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված իր նպատակների և գործառույթների իրականացման, ինչպես նաև «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներպետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով վարում է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որին պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը:
2. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ներառում է բացված, փակված (այդ թվում` սույն հոդվածն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում փակված) բանկային հաշիվների, ինչպես նաև տրամադրված, օգտագործումը դադարեցված (այդ թվում` սույն հոդվածն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում օգտագործումը դադարեցված) բանկային պահատուփերի վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես բանկի հաճախորդի բանկային հաշվի համարը, բանկային հաշվի բացման և փակման, բանկային պահատուփի տրամադրման և օգտագործման դադարեցման ամսաթվերը, հաճախորդի և հաճախորդի կողմից լիազորված անձի նույնականացման` պետական իրավասու մարմնի տված փաստաթղթի տվյալները, ինչպես նաև բանկի վերաբերյալ տեղեկությունները:
3. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա նույնականացման` պետական իրավասու մարմնի տված փաստաթղթի տվյալների և բանկի վերաբերյալ տեղեկությունների ցանկը, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունների (այդ թվում` հաշվետվությունների) տրամադրման ձևը և ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
|
2021 թ. հուլիսի 14 Երևան ՀՕ-288-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 15 հուլիսի 2021 թվական: