(ուժը կորցրել է 26.02.2026 թիվ 228-Լ որոշում)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հոկտեմբերի 2023 թվականի N 1802-Լ
i
«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի հավելվածի 82-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հոկտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի հոկտեմբերի 19-ի
N 1802-Լ որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ «ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ» ԾՐԱԳՐԻ
1. ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. «Ակադեմիական քաղաք» նախագիծը Հայաստանի Հանրապետության այն ծրագիրն է, որի միջոցով իրացվելու է միջազգային գիտակրթական և նորարարական քարտեզի վրա ակտիվ և արժեքավոր դերակատարի դիրք զբաղեցնելու հավակնությունը: Այն հանդիսանալու է ժամանակակից հետազոտական և նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր, որում բուհական կրթությունը կազմակերպվելու է` անմիջականորեն լծորդվելով հետազոտությունների հետ, այդպիսով ապահովելով գիտելիքի և հմտությունների ձեռքբերումն ու ամրապնդումը կիրառության մեջ և իրական համատեքստում: Ակադեմիական քաղաքը նաև երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառությունը` խարսխվելով հետազոտությունների գերազանցության, կիրառական արդյունքների հայտնաբերման, զարգացման և դրանց փոխանցման, նորարարական գործունեության խթանման և մտավոր սեփականության պաշտպանության սկզբունքների վրա, այսպիսով ծառայելով հանրությանը` սոցիալական, տնտեսական, մշակութային և անվտանգային մարտահրավերների հաղթահարման համար, ինչպես նաև հանրային և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ապահովելու է ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումն ու ծառայեցումը հանրային բարեկեցությանն ու առաջընթացին:
2. Ակադեմիական քաղաքը ներառելու է նաև մտավոր ժամանցի և մշակութային հաղորդակցման ենթակառուցվածքներ, որոնք դառնալու են նաև նախագծի հանրային վերափոխման գործիքներից մեկը:
3. Ակադեմիական քաղաքը հանդիսանալու է միջգիտակարգային, միջմշակութային, միջազգային շփումների հարթակ, ինչը հանգեցնելու է թե՛ գիտակրթական, թե՛ սոցիալական նորարարությունների:
4. Ակադեմիական քաղաքի հիմնադրման իրավական հիմքերը դրված են «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքում (այսուհետ` օրենք), որի համաձայն նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում` որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ: Օրենքով նախատեսված է, որ ակադեմիական քաղաքը կապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնումը` ներառելով ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքները:
5. Ակադեմիական քաղաքը հանդիսանում է նաև Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված մի շարք կարևորագույն թիրախների ապահովման առանցքային միջոց, որոնք են`
1) ունենալ առնվազն չորս բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ.
2) առնվազն կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը` բարձրացնելով բարձրագույն կրթության համակարգի միջազգային հեղինակությունը:
6. Այս թիրախների իրացումն անխուսափելիորեն առաջ է բերում համապատասխան ենթակառուցվածքների պահանջ, որոնցից են ուսումնառության կազմակերպման արդի պայմանները, ժամանակակից գիտական հետազոտությունների համար անհրաժեշտ լաբորատոր, նախատիպավորման, փորձարկման և այլ ենթակառուցվածքները, մարզական, հանգստի, գրադարանային, հանրակացարանային և այլ միջավայրերը, որոնք մրցունակ հետազոտությունների և բարձրագույն կրթական համակարգի նախապայման են:
7. Ակադեմիական քաղաքը, այսպիսով, հանդիսանում է մրցունակ կրթական, գիտահետազոտական, նորարարական գործունեությանն ուղղված ֆիզիկական, իրավական, կառավարչական ենթակառուցվածքների ամբողջություն, այդպիսով դառնալով նաև պետական հետազոտական և ինովացիոն համակարգի կարևորագույն բաղադրիչը` ապահովելով նաև պահանջարկի վրա հիմնված հետազոտությունների համար մտավոր և նյութական ռեսուրս: Ակադեմիական քաղաքն ապահովելու է նաև արագ զարգացող տնտեսության, գիտության և տեխնոլոգիաների միջազգային և տեղական աշխատաշուկայում մրցունակ աշխատուժին ներկայացվող արդի պահանջները, ինչպես նաև գիտելիքի և տեխնոլոգիաների առևտրայնացման ու փոխանցման գործիքակազմը:
8. Որպես ծրագրի կայացման գրավական, ակադեմիական քաղաքում տեղակայված համալսարաններում հիմնովին վերանայվելու են կրթության կազմակերպման մեթոդաբանությունը և կրթության բովանդակությունը` առաջատար գործընկեր համալսարանների հետ համատեղ աշխատանքի և աշխատակիցների վերապատրաստումների միջոցով: Այս գործընթացը կազմակերպվելու է ֆիզիկական ենթակառուցվածքների կառուցմանը զուգընթաց` յուրաքանչյուր կլաստերի համար ձևավորելով մասնագիտական տարբեր մակարդակի խորհուրդներ:
9. Ծրագրի իրականացման մյուս կարևորագույն բաղադրիչը հանդիսանում է ակադեմիական քաղաքում իրականացվող հետազոտությունների և մշակումների մակարդակը, որի համար սահմանված են լինելու առավել բարձր պահանջներ համաշխարհային նշանակության և արդիականության առումով, ինչպես նաև ստեղծված են լինելու բոլոր պայմանները բեկումնային հետազոտությունների իրականացման համար, որոնց համար ակադեմիական քաղաքն ապահովելու է շարժունությունը և միջդիսցիպլինարությունը շնորհիվ ինչպես նրա, որ տարբեր բնագավառների հետազոտողներ գտնվում են ֆիզիկապես մոտ տարածության մեջ, այնպես էլ ուսանողության և գիտնականների միջև դիսցիպլինաների հատումներում տարաբնույթ միջոցառումների ապահովմամբ և դրանց խրախուսմամբ:
10. Ակադեմիական քաղաքի նախագծումն իրականացվելու է` վեր բարձրանալով բարձրագույն կրթության և հետազոտությունների վերաբերյալ ձևավորված ավանդական պատկերացումներից, և ստեղծվելու է մի տարածություն, որը գեղեցիկ և կանաչ միջավայր լինելուց բացի` ապահովելու է փոխկապակցվածություն, շարժունություն և ճկունություն, որոնք նպաստելու են գիտելիքի ազատ շրջանառությանը և միջմշակութային շփումներին, ինչը կարևոր է կրթական, գիտական և նորարարական-ստեղծարար գործունեության համար:
11. Ակադեմիական քաղաքի հայեցակարգը կյանքի կոչելու գործընթացը Հայաստանի Հանրապետությունն իրականացնելու է մասնակցային և բաց ընթացակարգերի միջոցով` ներգրավելով Հայաստանի, Սփյուռքի և արտերկրի լավագույն մասնագետներին և մասնագիտացված կառույցներին, որոնք ունեն որոշակի փորձառություն նմանատիպ համակարգերի նախագծման և կայացման հարցում:
12. Ակադեմիական քաղաքի ֆիզիկական տեղադիրքի համար նախատեսվում են երկու տեղամասեր` Երևան քաղաքի 17-րդ թաղամասին հարող տարածքը, որի գերակշռող մասը պետական կամ համայնքային սեփականություն է, և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը, որոնց գումարային մակերեսը կազմում է շուրջ 700 հա:
13. «Ակադեմիական քաղաք» ծրագրի մշակման, իրականացման, համակարգման և հետագա կառավարման մարմին է հանդիսանալու Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 585-Ա որոշմամբ ստեղծված «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ):
14. Ակադեմիական քաղաքը կայանալու է Հայաստանի Հանրապետությունում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և պետական գիտական կազմակերպությունների հենքի վրա` դրանք ֆիզիկապես տեղափոխելով հատկացված տարածքներ և հզորացնելով առկա հետազոտական, կրթական ենթակառուցվածքները, ինչպես նաև համալրելով նոր ենթակառուցվածքներով:
15. Միաժամանակ, ակադեմիական քաղաքը բաց է լինելու նաև այն միջպետական և ոչ պետական բուհերի ու գիտական կազմակերպությունների համար, որոնք նպատակահարմար կգտնեն իրենց գործունեությունը կազմակերպել ակադեմիական քաղաքի շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունում կառավարությունը կխրախուսի նաև այդ կառույցների տեղափոխումը:
16. Ակադեմիական քաղաքի գործառնության ապահովման և կառավարման առանձնահատկությունները կամրագրվեն օրենսդրությամբ` ապահովելով դրա բնականոն գործառնությունը: Կհստակեցվեն նաև ակադեմիական քաղաքում բնակության, գործունեության ծավալման, տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև պետական կառավարման մարմինների հետ հարաբերություններին վերաբերող դրույթները:
2. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
17. Սույն հայեցակարգի շրջանակներում ակադեմիական քաղաքը բաղկացած է լինելու չորս ակադեմիական կլաստերներից, որոնք կազմավորվելու են համապատասխան չորս խոշորացված համալսարանների և դրանց միավորված գիտահետազոտական մի շարք կազմակերպությունների հենքի վրա`
1) Տեխնոլոգիական կլաստեր.
2) Արվեստների կլաստեր.
3) Կրթական կլաստեր.
4) Սպայական կլաստեր:
18. Ակադեմիական քաղաքի տարածքները նախատեսվելու են այն տրամաբանությամբ, որ հնարավորություն ունենան ֆիզիկապես տեղակայել մինչև 16 բուհ` օրենքով նախատեսված մինչև ութ պետական խոշորացված բուհ և մինչև ութ մասնավոր կամ միջազգային բուհ:
19. Ակադեմիական քաղաք են տեղափոխվելու նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն, հիմնադրամը, ինչպես նաև ըստ նպատակահարմարության` ոլորտին առնչվող այլ պետական և մասնավոր կառույցներ:
20. Յուրաքանչյուր կլաստերի հզորությունը հաշվարկվել է` հիմք ընդունելով տվյալ կլաստեր տեղափոխվող կառույցներում ընդգրկված ուսանողների և աշխատակիցների առկա թվերը, որին ավելացվել է հզորության` մինչև կլաստերների գործարկումն ակնկալվող առնվազն 30% աճը:
3. ԿԼԱՍՏԵՐՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ
21. Տեխնոլոգիական կլաստերը նախատեսված է լինելու կրթական ծրագրերի մասով մոտ 14 500 ուսանողի և 500 աշակերտի կրթական գործընթացը կազմակերպելու նպատակով: Կլաստերում կրթական, հետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերի իրականացման համար ներգրավված են լինելու շուրջ 3 000 ակադեմիական կազմի աշխատակիցներ, վարչական կազմի աշխատակիցների քանակությունը կհստակեցվի հայեցակարգային քննարկումների և նախագծման փուլում:
22. Տեխնոլոգիական կլաստերում կրթությունը, գիտահետազոտական աշխատանքները և նորարարական գործունեությունը հիմնականում իրականացվելու են կիրառական բնույթի հետազոտությունների և փորձակոնստրուկտորական աշխատանքների շուրջ` առանց անտեսելու հիմնարար կրթության և հետազոտությունների դերը:
23. Տեխնոլոգիական համալսարանը կազմավորվելու է Հայաստանում գործող տեխնոլոգիական ուղղվածության կրթական ծրագրեր իրականացնող բուհերի հիմքի վրա և հենված է լինելու այդ համալսարանների լավագույն ու կայացած համակարգերի վրա, ինչպես նաև ներառելու է ժամանակակից և ապագայում կարևորություն ներկայացնող նոր հետազոտական ուղղություններ և կրթական վերանայված ծրագրեր:
24. Տեխնոլոգիական կլաստերը միավորելու է նաև`
1) Նյութագիտության և քիմիայի հետազոտությունների կենտրոնը(1).
_______________________
1) Այս և հետագայում կենտրոնների համար կիրառվող բոլոր անվանումները պայմանական են` նկարագրելու համար դրանց գործառնական առանձնահատկությունները: Վերջնական անվանումները հստակեցվելու են մասնագիտական քննարկումների արդյունքում:
2) Ֆիզիկական հետազոտությունների կենտրոնը.
3) Առաջատար սարքաշինության նախատիպավորման և տեխնոլոգիաների կենտրոնը.
4) Գյուղատնտեսական հետազոտությունների և տեխնոլոգիաների կենտրոնը.
5) Հաշվողական տեխնոլոգիաների կենտրոնը:
25. Կենտրոնները կազմավորվելու են համապատասխան ուղղվածությունների գիտահետազոտական կազմակերպությունների հիմքի վրա` ըստ անհրաժեշտության վերանայելով ուղղությունները և համալրելով նոր ուղղություններով:
26. Առաջատար սարքաշինության նախատիպավորման և տեխնոլոգիաների կենտրոնը կհանդիսանա նոր կառուցվածք, որում գործունեությունը կծավալվի տեխնոլոգիական մշակումների և նորարարական լուծումների ուղղությամբ, որը կունենա նաև նախատիպավորման համար անհրաժեշտ նախաարտադրական ենթակառուցվածքներ (մեքենաշինական պարկ, փորձարկումների անգարներ/հարթակներ, նուրբ դետալների արտադրամասեր, աշխատախցեր), որոնց ամբողջական ցանկը պետք է հստակեցվի մասնագիտական քննարկումների արդյունքում: Կենտրոնն ապահովելու է մշակումների տեխնոլոգիական պատրաստվածության առնվազն 6-րդ մակարդակի հաղթահարումը:
27. Գյուղատնտեսական կրթությունը, ինչպես նաև հետազոտություններն ու մշակումներն իրականացվելու են ագրոտեխնոլոգիական ուղղվածության գերակայությամբ, ինչի նպատակով կլաստերի տարածքում տեղակայվելու են նաև ջերմոցներ, ինտենսիվ այգի, գինեգործական փորձարարական կայան, մեքենատրակտորային պարկ/անգարներ, փորձարարական վարելահողեր, անասնաֆերմա, կաթնամթերքների փորձարարական գործարան, կերային արտադրություն, ջրային ավազան, փորձարարական նպատակներով օգտագործվող այլ հողատարածքներ: Ելնելով բնակլիմայական տարբեր գոտիականություններում հետազոտությունների և կրթության կազմակերպման անհրաժեշտությունից (հատկապես ագրոպարենային ոլորտում)` ակադեմիական քաղաքին կպատկանեն նաև ուսումնական գյուղատնտեսական նշանակության տարածքներ նաև հանրապետության այլ գոտիներում:
28. Տեխնոլոգիական կլաստերում նախատեսվելու է նաև ստարտափների համալսարանական ինկուբատորը, որը համալսարանական հետազոտությունների և առևտրայնացման պոտենցիալ ունեցող մշակումների հիման վրա ձևավորված սկսնակ կազմակերպություններին հատուկ պայմաններով կտրամադրի աշխատանքային տարածքներ` իրենց կայացման առաջին փուլերը հաղթահարելու ժամանակահատվածում: Սրան զուգահեռ, համալսարանը կապահովի նաև վարչարարական բեռի թեթևացման և համապատասխան հավելյալ հմտությունների զարգացման գծով աջակցություն:
29. Այս իմաստով տեխնոլոգիական կլաստերն առաջացնելու է ինչպես սեփական մշակումներից եկամուտ, այնպես էլ համագործակցելու է մասնավոր սեկտորի կազմակերպությունների հետ` որպես մտավոր կապիտալի և խոշոր սարքավորումների ռեսուրս:
30. Նույն կլաստերում տեղակայվելու է նաև Տեխնոլոգիական ավագ դպրոցը, որում ավագ դասարանների համար կիրականացվի բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) և, մասնավորապես, տեխնոլոգիական խորացված ուղղվածությամբ կրթական ծրագիր, դպրոցի համար հասանելի կլինեն նաև կլաստերի համապատասխան ենթակառուցվածքները` նախագծային ուսումնառության բաղադրիչի իրականացման համար: Դպրոցի աշակերտների համար ևս կնախատեսվի կացարանային գոտի:
31. Արվեստների կլաստերը նախատեսված է լինելու կրթական ծրագրերի մասով մոտ 2 000 ուսանողի և 200 աշակերտի կրթական գործընթացը կազմակերպելու նպատակով: Կլաստերում կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման համար ներգրավված են լինելու շուրջ 900 ակադեմիական կազմի աշխատակիցներ, իսկ վարչական կազմի աշխատակիցների քանակությունը կհստակեցվի հայեցակարգային քննարկումների և նախագծման փուլում:
32. Արվեստների համալսարանը կազմվելու է ներկայումս Հայաստանում գործող արվեստի բուհերի հիմքի վրա, ընդ որում, դրան կարող են մաս կազմել նաև մշակութաբանական կրթական ծրագրերը:
33. Արվեստների կլաստերը միավորելու է նաև`
1) Մշակույթի, ժառանգության և արվեստների կենտրոնը` կազմավորված ոլորտի գիտահետազոտական կենտրոնների և ինստիտուտների հիմքի վրա.
2) Արվեստների ավագ դպրոցը, որտեղ աշակերտներին կմատուցվի արվեստների խորացված ուղղվածությամբ կրթական ծրագիր, ինչպես նաև աշակերտներին հասանելի կլինեն կլաստերի բոլոր ենթակառուցվածքները.
3) ժամանակակից տրանսֆորմեր թատրոն-կինոթատրոն-համերգասրահը, որը ծառայելու է թե՛ իբրև ուսումնական միջավայր, թե՛ իբրև թատերական ներկայացումների, կինոդիտումների, համերգների կազմակերպման արդիական հագեցված տարածք, ընդ որում, հաշվի առնելով ներկայումս ժամանակակից համերգասրահի խիստ պակասը` նախատեսվում է, որ նոր կառուցվող բազմաֆունկցիոնալ համալիրը կծառայի որպես ֆիլհարմոնիկ և սիմֆոնիկ նվագախմբերի համար հիմնական համերգային հարթակներից մեկը.
4) Հայաստանի ազգային թանգարան-պահոցը, որը հանդիսանալու է ինչպես ժամանակակից ցուցասրահ, որի գիտական ողջ ապահովումն իրականացնում է Մշակույթի, ժառանգության և արվեստների կենտրոնը, այնպես էլ Հնագիտական գտածոների և նյութերի արխիվ-պահոց.
5) աշխատանոցներ/արվեստանոցներ, որոնք արվեստի բնագավառի երիտասարդ մասնագետների համար կհանդիսանան անհատական կարիերայի կամ փորձարարական գաղափարների մեկնարկի հարթակներ, որոնք կտրամադրվեն որոշակի ժամանակահատվածով և արտոնյալ պայմաններով` մինչև գաղափարի կայանալը:
34. Արվեստների համալսարանի կազմում նախատեսվում է նաև միջին մասնագիտական կրթության ծրագրերի ներառում` ուղղված կինոյի և այլ ոլորտներում անհրաժեշտ կադրերի պատրաստմանը:
35. Արվեստների կլաստերի տարածքում հնարավոր է նաև կինոքաղաքի նախատեսում, որը տարբեր ժամանակաշրջանների ոճով կառուցված ու կինոարտադրության միջավայր ծառայող շենքերի, փողոցների և ազգագրական գյուղակի համախումբ է: Բացի կինոարտադրությունից` այն կընձեռի նաև որոշակի զբոսաշրջային հնարավորություններ:
36. Կրթական կլաստերը նախատեսված է լինելու կրթական ծրագրերի մասով մոտ 15 000 ուսանողի կրթական գործընթացը կազմակերպելու նպատակով: Կլաստերում կրթական և հետազոտական ծրագրերի իրականացման համար ներգրավված են լինելու շուրջ 1 400 ակադեմիական կազմի աշխատակիցներ, իսկ վարչական կազմի աշխատակիցների թվաքանակը կհստակեցվի հայեցակարգային քննարկումների և նախագծման փուլում:
37. Կրթական համալսարանը կազմավորվելու է ներկայումս գործող համապատասխան ուղղվածության բուհերի և կրթական ծրագրերի հիման վրա: Ընդ որում, նախատեսվում է, որ կրթական համալսարանում էապես վերափոխվելու են ծրագրերը` կրթության ոլորտի արդիական տարբեր մասնագիտություններով ուսուցումն ապահովելու համար, ինչպես օրինակ` կրթական տեխնոլոգիաները, գնահատումը և հետազոտությունները:
38. Կրթական կլաստերի մեջ մտնելու է նաև կրթական հետազոտությունների կենտրոնը, որը նորովի կազմավորվող հետազոտական կառույց է` ոլորտում անհրաժեշտ գիտական հետազոտությունների իրականացման, ինչպես նաև միջազգային մակարդակի փորձագիտական ներուժի ձևավորման համար:
39. Սպայական կլաստերի կառուցվածքը և հզորությունը կհստակեցվեն մասնագիտական քննարկումների արդյունքում:
40. Սպայական համալսարանը նախատեսված է միասնական տրամաբանությամբ և ծառայության վերաբերյալ որոշակի միասնական սկզբունքների շուրջ կրթական գործընթացի կազմակերպման համար: Այն կունենա երկու բաղադրիչ (ֆակուլտետ, դպրոց կամ այլ կազմակերպական ձև)` արտաքին անվտանգային և ներքին անվտանգային:
41. Ըստ անհրաժեշտության, Սպայական համալսարանում ներդրվելու են նաև նոր և թարմացված կրթական ծրագրեր` համագործակցելով միջազգային գործընկեր համալսարանների հետ:
42. Արտաքին անվտանգային բաղադրիչը կազմավորվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող և բարձրագույն կրթություն իրականացնող համալսարանների լավագույն և կայացած համակարգերի վրա. գործունեությունը միտված է լինելու ռազմական ոլորտի, արտաքին անվտանգությունն ապահովող սպայական և այլ կազմի ուսուցմանը և հետազոտությունների իրականացմանը:
43. Ներքին անվտանգային բաղադրիչը կազմված է լինելու ներքին անվտանգային համակարգերի համար կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների հիմքից, ինչպես ոստիկանության և ճգնաժամային կառավարման ոլորտներն են, և զբաղվելու է ներքին անվտանգային խնդիրները սպասարկող սպայական կազմի և մասնագետների պատրաստմամբ (ոստիկաններ, փրկարարներ, փորձագետներ և այլն):
44. Սպայական կլաստերում գործելու են նաև Սպայական ավագ դպրոցը և քոլեջը:
45. Նույն կլաստերը կարող է միավորել նաև`
1) Կրիմինալիստիկայի և դատափորձագիտության հետազոտական կենտրոնը.
2) Երկրաբանության և ռիսկերի գնահատման կենտրոնը:
46. Բոլոր կլաստերները հնարավորինս համապատասխանելու են համընդհանուր դիզայնի սկզբունքներին և ապահովելու են առավելագույն ներառականություն:
4. ՏԵՂԱԴԻՐՔԸ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ
47. Ակադեմիական քաղաքի կառուցման համար դիտարկվում է երկու տեղամաս`
1) Տեղամաս 1 ք. Երևանի 17-րդ թաղամասի տարածքը (Հիմնական տեղամաս),
2) Տեղամաս 2 Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքը (Պահեստային տեղամաս):
(նկար)
48. Ճանապարհային ցանց. Նախատեսվող տեղամասերը հարում են միջպետական M1 մայրուղուն: Ակադեմիական քաղաքը մայրաքաղաքին է կապվելու նաև երկաթգծով, որի մի մասն արդեն իսկ անցնում է Հիմնական տեղամասով: Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքի ներսում տեղաշարժը կունենա հատուկ կարգավորում` կազմակերպելով հեծանիվներով, էլեկտրական տրանսպորտով և այլ եղանակներով:
49. Բնակելի ֆոնդ. ակադեմիական քաղաքի չորս կլաստերներում և հարակից տարածքներում նախնական հաշվարկով աշխատելու և բնակվելու է մոտ 44 000 մարդ, որոնց մի մասին կամպուսային տարածքներում անհրաժեշտ է լինելու ապահովել կա՛մ հանրակացարանային տարածքով (ուսանողներ, կրտսեր հետազոտողներ և դասախոսներ), կա՛մ ծառայողական բնակարաններով (հիմնական դասախոսներ և ավագ մակարդակի հետազոտողներ):
50. Հաշվի առնելով, որ կլաստերների աշխատակիցների մի մասը ցանկություն կունենա ձեռք բերել սեփականության իրավունքով բնակարաններ, անհրաժեշտ կլինի նաև աշխատակիցների համար կազմակերպել տեղամասերին մերձակա տարածքներում հիփոթեքային վարկավորման հատուկ պայմաններ:
51. Կլաստերների գոյությունն անխուսափելիորեն հանգեցնելու է նաև հարակից համայնքային տարածքների զարգացմանը և տնտեսական գործունեության նոր տեսակների ծավալմանը: Հարևանությամբ գտնվող համայնքային կամ մասնավոր սեփականության հողերի վրա անկանոն շինարարությունից խուսափելու նպատակով ձևավորվելու է նաև ավելի ծավալուն տարածքի զարգացման պլան, որը կկարգավորի մերձակայքում շինարարության հարկայնությունը, դիզայնը, ինչպես նաև գործունեության տեսակները:
52. Քանի որ տեղամասերից ոչ մեկը նախատեսված չէ կլաստերների համապատասխան քանակությամբ մարդկանց միաժամանակյա գործունեության համար, անհրաժեշտություն է առաջանալու կառուցել/ստեղծել կամ արդիականացնել բոլոր ենթակառուցվածքները`
1) էլեկտրահաղորդման և կապի համակարգեր.
2) ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր.
3) գազատարների և ջերմամատակարարման համակարգեր.
4) աղբահանության համակարգ:
53. Կառուցվելու են նոր ենթակառուցվածքներ`
1) ուսումնական հաստատությունների, հետազոտական կենտրոնների և այլ արտադրական և փորձարարական կենտրոնների շենքային ենթակառուցվածքներ.
2) հանրակացարանային կամ բնակելի թաղամաս` ուսանողների և դասախոսների համար.
3) բազմաֆունկցիոնալ տրանսֆորմեր համերգասրահ (համերգասրահ, կինոթատրոն, թատրոն).
4) տարբեր մարզաձևերի համար նախատեսված դահլիճներ` բուհական սպորտային ակումբների գործունեության, ինչպես նաև ակադեմիական քաղաքի բնակիչների և աշխատակիցների առողջ ապրելակերպի համար անհրաժեշտ կենսապայմանների կազմակերպման համար` մարզասրահներ, լողավազաններ.
5) ջրային զանգվածներ.
6) տրանսպորտային համակարգ.
7) ավտոկայանատեղիներ.
8) առևտրային և սննդի կետեր.
9) բուժհաստատություններ, առողջության կենտրոններ.
10) երեխաների խնամքի և զարգացման կենտրոններ.
11) անվտանգության արդիական համակարգ.
12) այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ:
54. Ակադեմիական քաղաքի հիմնական տեղամասում կառուցվելու է նաև ազգային ստադիոն` անհրաժեշտ հարակից ենթակառուցվածքներով, ստադիոնի տարողունակությունը նախատեսվելու է մինչև 35 000 հանդիսատեսի համար: Ստադիոնի ենթակառուցվածքները (ավտոկայանատեղիներ, լողավազաններ, մարզասրահներ) մրցաշարերից կամ այլ միջոցառումներից ազատ ժամանակահատվածում օգտագործվելու են կլաստերների կարիքների համար:
55. Նախատեսվում է, որ ակադեմիական քաղաքը կհյուրընկալի նաև ոչ պետական կամ միջպետական բուհեր, ինչի համար նախագծման փուլում հիմնական տեղամասում, ըստ հնարավորության կնախատեսվեն որոշակի ազատ գոտիներ` տեղափոխման կամ կառուցման ցանկություն ունեցող բուհերի համար:
56. Կլաստերների նախագծման և կառուցման փուլում նախատեսվում են մի քանի հանգուցային կառույցներ, որոնք հանդիսանալու են ծրագրի այցեքարտը: Դրանք ունենալու են յուրահատուկ ճարտարապետական հորինվածք և բացի ֆունկցիոնալ նշանակությունից` լինելու են նաև տվյալ միջավայրի ոճը պայմանավորող դոմինանտ շինությունները:
57. Հանգուցային կառույցների ճարտարապետությունն ամբողջությամբ իրականացվելու է միջազգային գործընկերոջ կողմից:
58. Ներկա դրությամբ, որպես հանգուցային կառույցներ նախատեսվում են`
1) բազմաֆունկցիոնալ տրանսֆորմեր համերգասրահը.
2) չորս կլաստերների կենտրոնական մասնաշենքերը.
3) ազգային ստադիոնը:
59. Ցանկը հետագայում կհամալրվի գլխավոր հատակագծի մշակմանը զուգընթաց, որտեղ արդեն պարզ կդառնան այն հավելյալ շինությունները, որոնց համար կարիք կա հեղինակային ճարտարապետության:
60. Մնացյալ շինությունների ճարտարապետությունն իրականացվելու է գործընկերոջ հսկողությամբ և տեղական ներուժով` ներգրավելով այդ թվում ուսանողական համայնքը, ինչը նաև կդառնա անփոխարինելի կենսափորձ ապագա ճարտարապետների համար:
5. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
61. Նախորդող ժամանակահատվածում (2023 թվականի մարտ-հունիս) ծրագրի պատասխանատու մարմինների կողմից կատարվել են մի շարք նախապատրաստական աշխատանքներ: Նախնական խոշորացված արժեքներով գնահատվել են ընդհանուր կարիքները` զուգահեռ ուսումնասիրելով նմանօրինակ ծրագրերի իրականացման միջազգային փորձը: Համագործակցության նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջազգային հեղինակավոր ճարտարապետական (gmp Architekten) և կառուցապատող (NUSSLI) ընկերությունների հետ, իսկ Արվեստների կլաստերի բովանդակության և կառուցվածքի մշակման համար` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լոնդոնի Արվեստների համալսարանի (University of the Arts London) հետ: Բանակցություններ են տարվել միջազգային գործընկեր այլ կազմակերպությունների հետ` բովանդակային աջակցություն ստանալու համար, և ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ:
62. Ակադեմիական քաղաքի կառուցման ժամանակացույցը կազմված է երեք հիմնական փուլերից`
1) նախագծման փուլ.
2) կառուցման փուլ.
3) սպասարկման փուլ:
63. Նախագծման փուլը նախատեսվում է մեկնարկել 2023 թվականի հոկտեմբեր ամսվանից և ավարտին կհասնի 2025 թվականի սեպտեմբեր ամսին: Այս փուլում նախատեսվող աշխատանքներն են`
1) կարիքների գնահատում.
2) շահառուների հետ քննարկում.
3) տեխնիկական առաջադրանքի մշակում.
4) տարածքների իրավական կարգավիճակի հստակեցում և իրավունքների պետական գրանցման կատարում.
5) երկրատեխնիկական հանութագրման, տարածքի հանութագրման և սխեմայի մշակման, տարածքի եռաչափ մոդելավորման և այլ ուսումնասիրությունների իրականացում.
6) տարածքի գլխավոր հատակագծի մշակում.
7) ճարտարապետաշինարարական նախագծի մշակում.
8) տեխնիկական փորձաքննությունների անցկացում (պարզ/համալիր).
9) պահանջվող եզրակացությունների և թույլտվությունների ստացում.
10) ճանապարհների և լրացուցիչ ենթակառուցվածքների նախագծում.
11) տարածքի զարգացման պլանի մշակում:
64. Կառուցման փուլը հանդիսանում է ծրագրի առավել տևական փուլը, այն նախատեսվում է մեկնարկել 2025 թվականի հոկտեմբեր ամսվանից և նախնական գնահատմամբ կավարտվի 2029 թվականի դեկտեմբեր ամսին: Այս փուլում նախատեսվող աշխատանքներն են`
1) գլխավոր հատակագծի համաձայն` ճանապարհների և ենթակառուցվածքների կառուցում.
2) գլխավոր նախագծի համաձայն` կանաչապատ տարածքների տնկարկում և խնամք.
3) տարածքով անցնող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի, մայրուղային գազատարների և ջրատարների տեղափոխում.
4) հիմնական շենքային/ենթակառուցվածքային ֆոնդի կառուցում.
5) մասնավոր ներդրողների կողմից ենթակառուցվածքների կառուցում:
65. Կառուցման փուլը, ըստ հնարավորության, պլանավորվելու է այնպես, որ միջանկյալ ժամանակահատվածներում ունենանք կլաստերների, դրանց բաղադրիչների կամ հանգուցային կառույցների փուլային հանձնում:
66. Սպասարկման փուլը ողջ ծավալով կսկսվի 2030 թվականի հունվար ամսվանից, այսինքն` կառուցման փուլի ավարտից հետո, սակայն մասամբ` կախված կառուցման ընթացքում որոշակի փուլերի ավարտից, կկազմակերպվի արդեն հանձնված ենթակառուցվածքների սպասարկումը: Այս փուլում նախատեսվող աշխատանքներն են`
1) տարածքների կոմունալ սպասարկում.
2) ընդհանուր օգտագործման ենթակառուցվածքների աշխատանքի համակարգում.
3) տրանսպորտային կապի համակարգում.
4) անվտանգության ապահովում.
5) ընթացիկ բարեկարգումներ և սպասարկում:
6. ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
67. «Ակադեմիական քաղաք» ծրագիրն իրականացվում է օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 351-Լ որոշմամբ, որի N 1 հավելվածի Նպատակ 2-ի 2.2.2-րդ կետով նախատեսված է 2030 թվականին ստեղծել ակադեմիական քաղաքը` որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ:
68. Ծրագրի ֆինանսավորման հիմնական աղբյուրն են հանդիսանալու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, ինչպես նաև միջազգային գործընկեր ֆինանսական և ներդրումային կառույցների ներդրումային կամ վարկային միջոցները:
69. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման աշխատանքներ» բյուջետային նոր ծրագրի ներքո, որը կունենա «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի պահպանության և ընթացիկ ծախսերի գծով միջոցառում և նախագծման ու կառուցման ուղղությամբ կապիտալ բնույթի միջոցառում:
70. Կացարանային, բնակելի, սպորտային և կենցաղային այլ նպատակներով ֆոնդի կառուցման կամ կառավարման համար կներգրավվեն նաև մասնավոր հատվածից ներդրողների միջոցներ` որոշակի պայմաններով` գլխավոր հատակագծին համապատասխանելու և ապագայում քաղաքի ներդաշնակությունը չխաթարելու համար:
7. ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
71. «Ակադեմիական քաղաք» ծրագրի կայացման համար անհրաժեշտ են միջազգային գործընկերներ, ինչպես ներդրումների և մոնիթորինգի մասով, այնպես էլ բովանդակային բաղադրիչի կայացման համար: Սա նաև հանդիսանում է ծրագրի կայունության և որակի ապահովման գործիք: Միջազգային գործընկեր կառույցների ներգրավումը կնպաստի ծրագրի ընթացքն առավելագույնս մասնակցային դարձնելուն և հետագայում ստեղծված կլաստերների միջազգային ընկալելիության բարձր մակարդակ ապահովելուն:
72. Ներկայումս բանակցություններ և նախապատրաստական աշխատանքներ են ընթանում միջազգային ֆինանսական և խորհրդատվական հաստատությունների հետ` տարբեր բնույթի ծրագրերի նախապատրաստման համար, որոնք կապված են ինչպես բուհական համակարգի բովանդակային և կառավարչական բարեփոխումների, այնպես էլ «Ակադեմիական քաղաք» ծրագրի կայացման հետ:
73. Արվեստների կլաստերի կայացման հարցում կա նախնական համաձայնություն Լոնդոնի Արվեստների համալսարանի հետ (University of the Arts London), որը միջազգային ռեյտինգային համակարգերում զբաղեցնում է բավականին բարձր դիրքեր և հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու Արվեստների կլաստերի բովանդակային կայացմանը: Որպես միջնորդ գործընկեր ներգրավվել է նաև Բրիտանական Խորհրդի Հայկական գրասենյակը, որն առաջիկայում կկազմակերպի առաջին մասնագիտական այցելությունը:
74. Նմանատիպ համագործակցություններ են հաստատվելու նաև մնացած կլաստերների` փոխադարձ հետաքրքրության հենքով ներգրավելով աշխարհի լավագույն բուհերին:
8. ԸՆԹԱՑՔԸ
75. «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացքը նախատեսված է ժամանակացույցով և ենթակա է պարբերական վերանայման` կախված փոխկապակցված գործընթացների հնարավոր տեղաշարժերից:
76. Ակադեմիական քաղաքի կառուցումն ու կայացումը չեն խոչընդոտելու գործող բուհական և գիտական համակարգի զարգացմանը, ինչը նշանակում է, որ ռազմավարական փաստաթղթերից և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից բխող որևէ ընթացիկ բովանդակային կարևորության ծրագիր չի դադարեցվելու:
77. Տեղափոխման ենթակա բոլոր կազմակերպություններն իրենց աշխատանքները շարունակելու են գոյություն ունեցող ֆիզիկական ենթակառուցվածքներում մինչ այն պահը, երբ կլաստերներում արդեն հանձնված կլինեն համապատասխան ենթակառուցվածքները (բացառություն կարող են կազմել հնամաշ և վթարային պայմաններում գործունեություն ծավալող, ցածր արդյունավետությամբ կազմակերպությունները, որոնք ընթացքում կմիավորվեն հետազոտություններով կամ ծրագրերով մոտ կազմակերպությունների հետ):
78. Տեղափոխումից հետո Երևան քաղաքում ազատված անշարժ գույքն ըստ նպատակահարմարության և հնարավորության ծառայելու է ակադեմիական քաղաքում զարգացման և այլ բնույթի ծրագրերի իրականացման համար:
79. Գործընթացին զուգահեռ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրել է Հայաստանի Հանրապետության պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ, ինչը սերտորեն առնչվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրին: Այս գործընթացի արդյունքում ձևակերպվելու են նաև բուհական և հետազոտական համակարգի խոշորացման վերաբերյալ մասնագիտական հայեցակարգային մոտեցումները, որոնց հիման վրա կմշակվի խոշորացման ընդհանուր դրույթային բազան:
80. Քանի որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրն իր մասշտաբով հանդիսանում է նորույթ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, ապա այս համակարգի կառավարման և բովանդակային կայացման համար կառուցմանը զուգընթաց կազմակերպվելու են ինչպես ակադեմիական համակազմի, այնպես էլ ադմինիստրատիվ կազմի վերապատրաստումներ գործընկեր համալսարաններում:
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):