Սեղմել Esc փակելու համար:
ԴՐՍԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ (ԷՔՍՏԵՌՆ) ՓՈԽԱԴՐԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴՐՍԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ (ԷՔՍՏԵՌՆ) ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱ ...

 

01.08.2026 -

 

110.1507.151110

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        11            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11010425

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 հոկտեմբերի 2010 թվականի N 1507-Ն

 

ԴՐՍԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ (ԷՔՍՏԵՌՆ) ՓՈԽԱԴՐԱԿԱՆ, ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 78-Մ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 04-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 39-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգ»-ը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 01.04.2025 թիվ 37-Ն հրաման)

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության 1998 թվականի մարտի 25-ի «Էքստեռն ավարտական քննություններ անցկացնելու համար» N 78-Մ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հունվարի 10-ի «Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանցիներին էքստեռն փոխադրական քննություններին թույլատրելու համար կազմակերպվող հարցազրույցի չափորոշիչները հաստատելու և ՀՀ ԿԳ նախարարի 2001 թվականի դեկտեմբերի 21-ի N 556-Մ հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 04-Ն և 2007 թվականի հունվարի 29-ի «Էքստեռն փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու կարգը հաստատելու մասին» N 39-Ն հրամանները:

(2-րդ կետը փոփ. 10.09.12 թիվ 833-Ն հրաման)

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին և իրավաբանական վարչության պետ Մ. Գրիգորյանին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

(վերնագիրը փոփ. 10.09.12 թիվ 833-Ն, 29.06.2026 թիվ 30-Ն հրամաններ)

(նախաբանը փոփ. 24.01.2024 թիվ 06-Ն հրաման)

 

----------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -  10.09.12 թիվ 833-Ն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն

հրամանի 2-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի համաձայն

ավելացվել է ուժը կորցրած համանների ցանկը: Մեր կարծիքով հրամանը

կարող է ուժը կորցած ճանաչվել միայն այդ մասին հրամանով, այլ ոչ

հրամանում փոփոխություն կատարելով: Այս պարագայում գտնում ենք,

որ նոր ուժը կորցվող հրամանների ուժը կարող է կարցված համարել

ոչ թե գործող հրամանով ու նրա ժամկետով, այլ փոփոխող հրամանի

ժամկետով, որը և իրականացվել է մեր կողմից:

----------------------------------------------------------------------

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

2010 թվականի հոկտեմբերի 14-ի

N 1507-Ն հրամանի»

 

ԿԱՐԳ

ԴՐՍԵԿՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ (ԷՔՍՏԵՌՆ) ՓՈԽԱԴՐԱԿԱՆ, ԱՎԱՐՏԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն)` անկախ ենթակայությունից և կազմակերպական-իրավական ձևից, սովորողի համար դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրական քննություններ (այսուհետ` Էքստեռն փոխադրական քննություններ), ինչպես նաև հիմնական և միջնակարգ կրթական ծրագրերին համապատասխան` դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական և պետական ավարտական քննություններ (այսուհետ` էքստեռն ավարտական քննություններ) կազմակերպելու հետ կապված իրավահարաբերությունները:

 

2. ԷՔՍՏԵՌՆ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

2. Հաստատության սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ (հանրակրթական ծրագրի յուրացման նորմատիվ ժամկետների փոփոխություն) կազմակերպվում են` ելնելով սովորողի կողմից հանրակրթական ծրագրերի յուրացման մակարդակից (10-րդ դասարանի սովորողի դեպքում` նաև սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված պահանջին համապատասխանությունից):

3. Բոլոր հաստատությունների 1-3-րդ դասարանների սովորողները կարող են մասնակցել էքստեռն փոխադրական քննություններին` նախորդ (բացառությամբ 1-ին դասարանի) դասարանի տարեկան, ինչպես նաև տվյալ դասարանի ընթացիկ և առաջին կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից կիսամյակային ամփոփիչ բնութագրերի արդյունքների հիման վրա` «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի էլեկտրոնային մատյանում Ա սյունակի բնութագրիչների առնվազն 90% և Բ սյունակի առավելագույնը 10% համամասնությամբ (գերազանց առաջադիմություն):

4. Բոլոր հաստատությունների 5-8-րդ դասարանների սովորողները կարող են մասնակցել էքստեռն փոխադրական քննությունների` միավորային գնահատմամբ համապատասխան դասարաններում տարեկան, տվյալ դասարանի ընթացիկ և առաջին կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից գերազանց առաջադիմություն (տարեկան` 9 կամ 10 միավոր) ունենալու դեպքում:

5. «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» («Անվտանգ կենսագործունեություն») առարկաներից ազատված լինելը կամ սովորողից անկախ պատճառներով որևէ առարկա չուսումնասիրելը չի կարող արգելք լինել էքստեռն կարգով քննություններ հանձնելուն:

6. ՈՒսումնառության ժամանակահատվածում հաստատության սովորողը դասարանից դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել կրթական 1-ին և 2-րդ աստիճանում` յուրաքանչյուրում 1-ական անգամ:

7. Առաջին և երկրորդ աստիճանի կրթական ծրագրեր իրականացնող հաստատության ավարտական դասարանների սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ չեն կազմակերպվում:

8. Հաստատության երրորդ աստիճանում էքստեռն փոխադրական քննություններ կարող են կազմակերպվել միայն 10-րդ դասարանի այն սովորողների համար, որոնք ունեն հիմնական կրթության գերազանցության նշումով վկայական և մասնակցություն են ունեցել միջազգային օլիմպիադաներում (առարկայական, սպորտային), մրցաշարերում, առաջնություններում, մրցույթներում, փառատոններում:

9. Սովորողի համար էքստեռն փոխադրական քննությունները կազմակերպվում են հետևյալ ընթացակարգով.

1) մինչև տվյալ ուսումնական տարվա հունվարի 10-ը սովորողի ծնողը (օրինական ներկայացուցիչը), դասղեկը և դասավանդող առնվազն 3 ուսուցիչ (կրթական առաջին աստիճանում` դասվարը, եթե դասավանդող այլ ուսուցիչներ չկան) համատեղ գրավոր դիմում են ներկայացնում հաստատության տնօրենին` սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու առաջարկով, որը 1 աշխատանքային օրվա ընթացքում քննարկվում է հաստատության մանկավարժական խորհրդի նիստում,

2) սույն կարգի 3-րդ, 4-րդ կետերի պահանջների ապահովման դեպքում հաստատության տնօրենը սույն կետի 1-ին ենթակետում նշված դիմումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում մանկավարժական խորհրդի որոշումը և պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է նախարարություն:

10. Սովորողը, որի դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման համար առկա է մանկավարժական խորհրդի որոշումը, հանձնում է կենտրոնացված էքստեռն փոխադրական քննություններ հետևյալ տրամաբանությամբ.

1) 1-3-րդ և 5-6-րդ դասարաններում` «Մայրենի» և «Մաթեմատիկա», 7-8-րդ դասարաններում` «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» (հանրահաշիվ, երկրաչափություն), իսկ 10-րդ դասարանում` «Հայոց լեզու» և «Հայ գրականություն», «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր», «Երկրաչափություն»), «Հայաստանի պատմություն» առարկաներից` գրավոր:

2) Էքստեռն փոխադրական քննություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` Նախարար) հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը նախագահում է Նախարարը կամ Նախարարի տեղակալը:

3) Էքստեռն փոխադրական քննություններն (գիտելիքների ստուգումը) անցկացվում են տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի և հաջորդ դասարանի 1-ին կիսամյակի ուսումնական պլաններով նախատեսված բոլոր առարկաների ծրագրային նյութի շրջանակներում:

4) Քննությունների թեստերը կազմվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` Նախարարություն) գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ` ԳԹԿ) կողմից:

11. Թեստերը փակ և կնքված ծրարով ներկայացվում են Նախարարություն` առնվազն 15-ական առաջադրանք` սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված առարկաներից` ըստ քննություններին ներկայացված հայտերի քանակի:

12. Քննություններն անցկացվում են Նախարարության կողմից ընտրված ավագ դպրոցում (այսուհետ` ավագ դպրոց), իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար` համապատասխան քրեակատարողական հիմնարկում` Նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցով` հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում:

13. Կենտրոնացված էքստեռն փոխադրական քննություններն անցկացնող հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում սովորողն իրավունք է ստանում հանձնելու տվյալ դասարանի ուսումնական պլանով նախատեսված մնացած առարկաների քննությունները, որոնք անցկացվում են սովորողին երաշխավորած հաստատությունում` հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից:

14. Սույն կարգի 13-րդ կետում նշված քննությունները կազմակերպվում են հունվարի 29-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում` առարկայական մեթոդական միավորումների կողմից կազմված քննական առաջադրանքներով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների համար` «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

15. Սույն կարգի 14-րդ կետում նշված ժամանակահատվածում հանձնվող քննությունների` հաստատության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցը ներկայացվում է լիազոր մարմնին և Նախարարություն, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից` միայն Նախարարություն.

1) Էքստեռն փոխադրական բոլոր քննություններն անցկացվում են գրավոր.

2) Էքստեռն փոխադրական բոլոր քննություններից գերազանց գնահատվելու դեպքում դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու մասին:

16. Հաստատությունում կազմակերպվող էքստեռն փոխադրական քննություններին որպես դիտորդ կարող են մասնակցել Նախարարության և լիազոր մարմնի ներկայացուցիչները, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից` միայն Նախարարության ներկայացուցիչը:

17. Հաստատության տնօրենը մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա սովորողին հրամանով փոխադրում է հաջորդ դասարան և հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր եղանակով տեղեկացնում Նախարարությանը:

18. Դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրված սովորողների քննական գնահատականները համարվում են կիսամյակային և տարեկան գնահատականներ:

 

3. ԷՔՍՏԵՌՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

19. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են կրթական 2-րդ և 3-րդ աստիճանների հանրակրթական հիմնական, ընդհանուր ծրագրերին համապատասխան:

20. Էքստեռն կարգով հիմնական կրթության վկայական ստանալու համար կարող է դիմել մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 16 տարին լրացած (լրացող) անձը (այսուհետ` դրսեկ):

21. Էքստեռն ավարտական քննությունների դիմումների ընդունումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով` «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ում այդ նպատակով ստեղծված հարթակի միջոցով:

22. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների տվյալները էլեկտրոնային կառավարման համակարգում մուտքագրվում են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

23. Էքստեռն կարգով միջնակարգ կրթության ատեստատ կարող է ստանալ.

1) հիմնական կրթության վկայական ստացած և 18 տարին լրացած դրսեկը` հիմնական կրթության վկայական ստանալու տարվա` սույն կարգի 29-րդ կետով սահմանված 3-րդ քննաշրջանից սկսած,

2) հիմնական կրթության վկայական ունեցող անձը, եթե վկայական ստանալու տարվանից անցել է 4 և ավելի տարի (տարիների հաշվարկը կատարվում է ուսումնական պարապմունքների ավարտման օրվանից)` 29-րդ կետով սահմանված առաջին, երկրորդ և երրորդ քննաշրջաններում.

3) Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձը` սույն կարգի պահանջներին համապատասխանելու դեպքում:

24. Էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են Երևան քաղաքում` Նախարարության կողմից էքստեռն ավարտական և պետական ավարտական քննություններ կազմակերպելու իրավունք ստացած ավագ դպրոցում:

25. Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալի համար էքստեռն ավարտական քննություններն իրականացնում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ձևավորվող հանձնաժողովը, որի անդամներից մեկին (յուրաքանչյուր ձևավորվող հանձնաժողովի համար) առաջադրում է Նախարարությունը:

26. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դրսեկների համար էքստեռն ավարտական քննություններ կազմակերպվում են Նախարարության կողմից ընտրված հաստատությունում:

27. Ինքնակրթությամբ զբաղված անձը, ցանկության դեպքում, կարող է գրավոր դիմել որևէ ավագ դպրոց` քննական առարկաներից վճարովի հիմունքներով լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու խնդրանքով:

28. էքստեռն ավարտական քննություններն անցկացվում են միայն հայերենով` բացառությամբ օտար լեզուների քննությունների:

29. Հիմնական կրթության վկայական և միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են 3 քննաշրջաններով.

1) 1-ին քննաշրջան` փետրվարի 15-ից մարտի 15-ը ներառյալ` ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:

2) 2-րդ քննաշրջան` ըստ ավարտական քննությունների ժամանակացույցի, մյուս առարկաները` ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:

3) 3-րդ քննաշրջան` հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը ներառյալ` ըստ Նախարարի հաստատած ժամանակացույցի:

30. Ավարտական փաստաթուղթ ստանալու համար դրսեկը դիմում է ներկայացնում յուրաքանչյուր քննաշրջանից 30 աշխատանքային օր առաջ:

31. Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

1) հիմնական կրթության վկայական ստանալու համար`

ա. անձը հաստատող փաստաթուղթ,

բ. հանրային ծառայության համարանիշ կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանք,

գ. տեղեկանք նախնական կրթության մասին` առկայության դեպքում,

դ. սույն կարգի 45-րդ կետով նախատեսված տեղեկանքը` առկայության դեպքում.

ե. 3/4 չափի էլեկտրոնային լուսանկար.

զ. տեղեկանք կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ` առկայության դեպքում.

2) միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար`

ա. անձը հաստատող փաստաթուղթ,

բ. հանրային ծառայության համարանիշ կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանք,

գ. հիմնական կրթության վկայական (բնօրինակը),

դ. սույն կարգի 45-րդ կետով նախատեսված տեղեկանքը` առկայության դեպքում.

ե. 3/4 չափի էլեկտրոնային լուսանկար.

զ. տեղեկանք կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ` առկայության դեպքում:

32. Էքստեռն ավարտական քննություններ հանձնող դրսեկը դիմումում նշում է, թե տվյալ քննաշրջանում քանի քննություն է ցանկանում հանձնել և որ առարկաներից:

33. Փաստաթղթերը ներկայացվում են մեկ անգամ` բոլոր քննաշրջանների համար:

34. Փաստաթղթերի ընդունումն ավարտվում է քննաշրջանը սկսվելուց 10 աշխատանքային օր առաջ:

35. Էքստեռն ավարտական քննություններ կազմակերպող ավագ դպրոցը փոխվելու դեպքում մինչև 2026 թվականը ստացած փաստաթղթերի պատճենները փոխանցվում են նոր հաստատության տնօրենին:

36. Փաստաթղթերի պատճենները փոխանցող ավագ դպրոցի տնօրենը գրավոր տեղեկացնում է այդ մասին դրսեկին կամ նրա օրինական ներկայացուցչին:

37. Սույն կարգի պահանջներին համապատասխանող Էքստեռն ավարտական քննություններ հանձնել ցանկացողների փաստաթղթերը հաստատության տնօրենը քննաշրջանը սկսվելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ ուսումնասիրում է և էլեկտրոնային հաստատմամբ ներկայացնում Նախարարության հանրակրթության վարչություն` փաստաթղթերի ուսումնասիրության և սահմանված կարգին համապատասխան քննություններին թույլատրելու համար:

38. Գրավոր քննությունների թեստերը կազմվում են ԳԹԿ-ի կողմից և տրամադրվում Նախարարությանը, բանավոր քննությունների առաջադրանքները` հաստատության համապատասխան առարկայական մեթոդական միավորումների կողմից:

39. Սույն կարգի 29-րդ կետով սահմանված 2-րդ քննաշրջանի ընթացքում քննություններին որևէ պատճառով չներկայացած դրսեկը ավարտական քննությունները հանձնում է հաջորդ քննաշրջանում:

40.1-ին, 2-րդ կամ 3-րդ քննաշրջաններում որևէ պատճառով որևէ քննության չմասնակցած դրսեկը տվյալ քննությունը հանձնում է հաջորդ տարիներին` երեք քննաշրջանների ընթացքում:

41. Էքստեռն կարգով հիմնական կրթության վկայական ստանալու համար անձը հանձնում է ավարտական քննություններ հետևյալ առարկաներից`

ա. «Հայոց լեզու»,

բ. «Գրականություն»,

գ. «Հայաստանի պատմություն»,

դ. «Մաթեմատիկա»,

ե. «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» ` դրսեկի ընտրությամբ),

զ. «Օտար լեզու» («Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն»` դրսեկի ընտրությամբ):

42. Հիմնական կրթության վկայական տրվում է այն դեպքում, երբ անձը հաղթահարում է 41-րդ կետով սահմանված բոլոր քննությունները` բացառությամբ սույն կարգի 52-րդ կետով սահմանված դեպքերի:

43. Էքստեռն կարգով միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար անձը հանձնում է ավարտական քննություններ հետևյալ առարկաներից`

ա. «Հայոց լեզու և հայ գրականություն»,

բ. «Մաթեմատիկա»,

գ. «Հայաստանի պատմություն»,

դ. «Բնագիտություն»,

ե. «Օտար լեզու» («Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն»` դրսեկի ընտրությամբ):

44. Միջնակարգ կրթության ատեստատ տրվում է այն դեպքում, երբ անձը հաղթահարում է 43-րդ կետով սահմանված բոլոր քննությունները` բացառությամբ սույն կարգի 52-րդ կետով սահմանված դեպքերի:

45. Դրսեկը չի մասնակցում այն առարկաների քննություններին, որոնք հանձնել է հանրակրթական ուսումնական հաստատությունում /9-րդ և 12-րդ դասարանում/, եթե ներկայացրել է տեղեկանք` գնահատման 10-միավորային համակարգում` 4-10, 20-միավորային համակարգում` 8-20 միավոր ստացած լինելու վերաբերյալ:

46. Դրսեկի ստացած գնահատականները ուժի մեջ են մինչև հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալը:

47. Դրսեկը հաջորդ քննաշրջաններին քննություն է հանձնում միայն այն առարկաներից, որոնցից քննություն չի հանձնել կամ գնահատման 20-միավորային համակարգում ստացել է 1-7, 10-միավորային համակարգում` 1-3 միավոր:

48. Քննությունների հանձնաժողովները կազմում է էքստեռն քննություններ անցկացնելու իրավունք ստացած հաստատության տնօրենը.

1) 9-րդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի երկու անդամ,

2) 12-րդ դասարանի համար` նախագահ և հանձնաժողովի երեք անդամ:

49. Էքստեռն կարգով քննությունների վերահսկողությունն իրականացնում է Նախարարությունը:

50. Բոլոր քննություններից գնահատման 10-միավորային համակարգում` 4-10, 20-միավորային համակարգում` 8-20 միավոր ստացած դրսեկներին սահմանված կարգով տրվում է հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ` բացառությամբ 52-րդ կետով կարգավորվող հարաբերությունների:

51. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դրսեկների համար էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում են սույն կարգի պահանջներին համապատասխան` անհատական ուսուցման պլանով (ԱՈՒՊ) սահմանված խելամիտ հարմարեցումների ապահովմամբ:

52. Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դրսեկները կարող են մասնակցել էքստեռն ավարտական քննություններին և ստանալ ավարտական փաստաթուղթ` նույնիսկ գնահատման համակարգում 1-3 միավոր ստացած լինելու դեպքում: Այն դեպքում, երբ դրսեկը ծնողի (օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ չի մասնակցում ավարտական քննություններին, նրան կարող է տրվել պետական նմուշի ավարտական փաստաթուղթ` առանց քննական գնահատականների` սույն կարգի պահանջներին համապատասխան:

53. Էքստեռն կարգով ավարտողները գովասանագրով չեն պարգևատրվում:

54. Էքստեռն կարգով ավարտողներին տրված հիմնական կրթության վկայականը կամ միջնակարգ կրթության ատեստատը գրանցվում է հաստատությունների հիմնական կրթության վկայականների կամ միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյաններում: Հաստատության հիմնական շրջանավարտների մասին Նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 28-Ն հրամանով սահմանված տվյալները լրացնելուց հետո, հաջորդ տողի կենտրոնում գրվում է «Էքստեռն» բառը և համարակալումը շարունակելով` լրացվում են սույն կարգով ավարտական վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստացած դրսեկների վերաբերյալ տվյալները:

55. Էքստեռն ավարտական քննությունների ամփոփագրերը և քննական գրավոր աշխատանքները պահվում են քննությունները կազմակերպող հաստատությունում` դրսեկի` հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալուց հետո` 1 տարի:

 

(հավելվածը փոփ. 10.09.12 թիվ 833-Ն, 24.01.2024 թիվ 06-Ն, 29.06.2026 թիվ 30-Ն հրամաններ)

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
14.10.2010
N 1507-Ն
Հրաման