18.11.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 25-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածում`
1) 4-րդ մասից հանել «(բացառությամբ 25-րդ հոդվածի 7-րդ մասում նշված գումարի)» բառերը.
2) 7-րդ մասի «որն առաջին կամ երկրորդ խմբի» բառերը փոխարինել «որը ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը, կամ ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում (եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը)» բառերը փոխարինել «եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով» բառերով, իսկ նույն մասից հանել երրորդ նախադասությունը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ մասերով.
«1.1. Նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացված լինելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում և վճարվում է ծնողին, եթե`
1) ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.
2) ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
1.2. Օտարերկրյա քաղաքացի ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե`
1) նոր ծնված երեխան հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.
2) ծնողը և նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում.
3) նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով.
4) օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):
1.3. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, նրա` օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող` դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը: Այս դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու և վճարելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
3) 2-րդ մասը`
ա. «ծնողը» բառից հետո լրացնել «, բացառությամբ խնամակալի,» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածով սահմանված պայմանները բավարարելու դեպքում երեխայի խնամակալին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է անկախ երեխայի` առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունենալու հանգամանքից:».
i
4) 4-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը:
i
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 4. Օրենքի 28.3-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունի երեխայի ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող), եթե`
1) երեխան չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, բացառությամբ երեխայի խնամակալի (երբ խնամքի նպաստ նշանակվում է երեխայի խնամակալին).
2) երեխան չի գտնվում բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը).
3) լրացել է երեխայի 70 օրականը, սակայն չի լրացել երեխայի երկու տարեկանը:».
i
2) 5-րդ մասի`
ա. «(այսուհետ` խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող)» բառերը հանել,
բ. «միաժամանակ, եթե խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու օրվա» բառերը փոխարինել «միաժամանակ, եթե վճարելու ամսվա 1-ի» բառերով,
գ. 2-րդ կետի «խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ» բառերը հանել:
i
Հոդված 5. Օրենքի 28.4-րդ հոդվածում`
1) 1-4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է (ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերում), եթե ծնողը և երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով, և երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Խնամքի նպաստը նշանակելու համար դիմումը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվում են տարածքային կենտրոն:
2. Խնամքի նպաստը նշանակվում է`
1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու ամսվա 1-ից ոչ շուտ), եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում.
2) դիմելու ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո:
3. Տվյալ ամսվա համար խնամքի նպաստը վճարվում է`
1) սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում, սակայն չի հանդիսանում խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող.
2) սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված չափով, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում.
3) սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափերով միաժամանակ, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը բավարարում է սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պայմանները (այսուհետ` խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող):
4. Տվյալ ամսվա նպաստի չափը որոշվում է ինքնաշխատ եղանակով` հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասը:».
i
2) 5-րդ և 6-րդ, 8-11-րդ, 13-16-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Մեկից ավելի գործատուների մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարող անձին խնամքի նպաստը նշանակվում է սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով, իսկ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին` սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված չափով, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ այդ գործատուներից որևէ մեկի մոտ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում:».
i
4) 18-րդ մասում`
ա. 1-ին կետի «,» կետադրական նշանը հանել,
բ. 2-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ կետերով.
«3) ծնողը կամ երեխան հաշվառված չէ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով կամ
4) երեխան չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում կամ
5) տվյալ երեխայի խնամքի կապակցությամբ նշանակվել է խնամքի նպաստ, և խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցված չէ:».
5) 19-րդ մասի «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ» բառերը փոխարինել «ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:
i
Հոդված 6. Օրենքի 28.5-րդ հոդվածում`
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.
«9) ծնողի` խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային բաժին ներկայացնելու կամ այդ գրավոր հայտարարությունը տարածքային բաժնում տալու դեպքում:».
2) 4-րդ մասի «դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ» բառերը հանել, իսկ «, 3-րդ և 4-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով.
i
3) 8-րդ մասի «10-րդ և 11-րդ մասերով» բառերը փոխարինել «3-րդ մասով» բառերով:
i
Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածի 14.1-ին մասը «նպաստ նշանակելու,» բառերից հետո լրացնել «նպաստ վճարելու,» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. նոյեմբերի 16 Երևան ՀՕ-327-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 17 նոյեմբերի 2023 թվական: