ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 3-2472(ՏԴ)
Նախագահող դատավոր` Ռ.Սարգսյան 2006թ.
Քաղաքացիական գործ թիվ Տ-1926/2006
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Է.ՀԱՅՐԻՅԱՆԻ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆԻ
Ս.ԱՆՏՈՆՅԱՆԻ
2006 թվականի դեկտեմբերի 21-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Աբովյանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքները ՀՀ տնտեսական դատարանի 10.07.2006 թվականի թիվ Տ-1926 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ ըստ Արա և Սամվել Հովհաննիսյանների դիմումի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` կադաստր)` գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան հայցվորները պահանջել են պարտավորեցնել կադաստրին գրանցելու անշարժ գույքի առուվաճառքի 03.05.2006 թվականի պայմանագրով ձեռք բերված սեփականության իրավունքն Աբովյան քաղաքի Սևանի 11 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ:
ՀՀ տնտեսական դատարանի 10.07.2006 թվականի թիվ Տ-1926 վճռով դիմումը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքները ներկայացրել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն և Աբովյանի քաղաքապետարանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան են ներկայացրել Արա և Սամվել Հովհաննիսյանները:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը,փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
2.1 Ըստ կադաստրի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի`
1) ՀՀ տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 04.10.2005 թվականի ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության 29.12.2003 թվականի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» թիվ 1746-Ն որոշումը, որի հետևանքով չի կիրառել ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի «Գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքների (գների) 2005 թվականի չափերը սահմանելու մասին» թիվ 879-Ն որոշումը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է նշված օրենքի 23-րդ հոդվածի համաձայն պայմանով, որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում:
ՀՀ բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը և տարածագնահատման գոտիականության գործակիցները և սահմանները սահմանվել են ՀՀ կառավարության 24.12.2004 թվականի թիվ 1746-Ն որոշմամբ, իսկ ՀՀ կառավարության 31.12.2004 թվականի թիվ 879-Ն որոշմամբ սահմանվել են 2005 թվականի կադաստրային արժեքների չափերը, ինչպես նաև 2-րդ կետով սահմանվել է, որ ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս գտնվող պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերը, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի, օտարելու, վարձակալության իրավունքով տրամադրելու կամ այլ դեպքերում, այդ հողերի կադաստրային արժեքները հաշվարկվում են ՀՀ կառավարության 29.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշմամբ հաստատված հողերի գների չափով:
2) ՀՀ տնտեսական դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 05.08.2004 թվականի «Գյուղատնտեսական և բնակավայրերի հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքի 2004 թվականի չափերը սահմանելու մասին» թիվ 1109-Ն որոշումը, չի կիրառել ՀՀ կառավարության 25.07.2002 թվականի «ՀՀ համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» թիվ 1101-Ն որոշումը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դիմողների այն պատճառաբանությունը, որ իրենց կողմից վճարված հողամասի կադաստրային արժեքը լիովին համապատասխանում է ՀՀ կառավարության 05.08.2004 թվականի թիվ 1109-Ն որոշմամբ տվյալ պահի համար սահմանված կադաստրային զուտ եկամտի և կադաստրային արժեքի չափերին, հիմնավոր չէ, քանի որ այդ որոշմամբ սահմանվել են գյուղատնտեսական և բնակավայրերի հողերի կադաստրային արժեքները 2004 թվականի համար, իսկ 2005 թվականի կադաստրային արժեքները սահմանվել են ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն որոշմամբ, որը գործում է նաև 2006 թվականի համար:
ՀՀ կառավարության 29.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշման համաձայն «Վան» բաց բաժնետիրական ընկերությանը անհատույց փոխանցված հողամասի կադաստրային արժեքը 2006 թվականի մայիսի 3-ի առուվաճառքի պայմանագրով օտարելու ժամանակ կազմել է 2 910 600 ՀՀ դրամ: Իսկ ՀՀ կառավարության 25.07.2002 թվականի թիվ 1101-Ն որոշման համաձայն` այդ հողամասի` որպես հարկվող օբյեկտի, հողի հարկի հաշվարկման կադաստրային արժեքը կազմել է 556 553 ՀՀ դրամ, և կոմիտեն միասնական տեղեկանքում նշել է ոչ թե հողամասի օտարման համար սահմանված դրա կադաստրային արժեքը, այլ հիմք ընդունելով անշարժ գույքի գրանցման մատյանում առկա տվյալները` տեղեկանքում նշել է հողի հարկի հաշվարկման համար սահմանված կադաստրային արժեքը:
2.2 Ըստ Աբովյանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի`
Աբովյանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի հիմքերը նույնական են կադաստրի կողմից ներկայացված բողոքի հիմքերի հետ, բացառություն է կազմում վճռաբեկ բողոքում առկա հետևյալ փաստարկը`
ՀՀ տնտեսական դատարանը գործի քննության ընթացքում չի ապահովել գույքի սեփականատիրոջ` Աբովյանի համայնքի մասնակցությունը դատաքննությանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 10.07.2006 թվականի թիվ Տ-1926 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2.3 Վճռաբեկ բողոքի պատասխանը.
Վճռաբեկ բողոքների դեմ բերված պատասխանում պատճառաբանվել է, որ ՀՀ կառավարության նշված չորս որոշումներից միայն թիվ 1746-Ն և թիվ 1109-Ն որոշումներն են քննարկվել ՀՀ տնտեսական դատարանում: Մնացած երկուսը` թիվ 1101-Ն և թիվ 879-Ն որոշումները, ընդհանրապես չեն հիշատակվել կադաստրի կողմից ո՛չ նախադատարանական, ո՛չ ՀՀ տնտեսական դատարանի քննարկումների, ո՛չ էլ 25.07.2006 թվականին Վճռաբեկ դատարանին ներկայացված առաջին բողոքարկման ժամանակ` չնայած այն հանգամանքին, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 6-րդ մասի` այս կարգի գործերում հիմնավորումներ բերելու պարտականությունը դրված է պատասխանող կողմի պաշտոնատար անձի վրա:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) «Վան» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանող Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 11 հասցեում գտնվող անշարժ գույքի թիվ 2120738 սեփականության իրավունքի գրանցման վկայականի «լրացուցիչ տեղեկություններ» բաժնում նշված է, որ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 04.10.2005 թվականի ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջներին համապատասխան պայմանով, որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կկատարվի վճարման պահին գործող հողի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում:
2) 27.04.2006 թվականի կադաստրի թիվ ԱԱ 196333 միասնական տեղեկանքում նշված է, որ հողամասը «Վան» բաց բաժնետիրական ընկերությանը պատկանում է սեփականության իրավունքով, մակերեսը կազմում է 0,099 հա, կադաստրային արժեքը` 556 533 ՀՀ դրամ:
3) «Վան» բաց բաժնետիրական ընկերության և քաղաքացիներ Արա և Սամվել Հովհաննիսյանների միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի 03.05.2006 թվականի պայմանագրի համաձայն` Արա և Սամվել Հովհաննիսյաններն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով ձեռք են բերել «Վան» բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Աբովյան քաղաքի Սևանի փողոցի 11 հասցեում գտնվող անշարժ գույքը` 190.9 քմ մակերեսով արտադրական պահեստ և 0,099 հա հողատարածք:
4) Արա և Սամվել Հովհաննիսյանները թիվ 37415408 վճարման հանձնարարագրով 05.05.2006 թվականին Աբովյանի համայնքային բյուջե վճարել են 556 533 ՀՀ դրամ, այնուհետև անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու համար դիմել են կադաստր:
5) Կադաստրի ղեկավարի 10.05.2006 թվականի թիվ 04-75 գրությամբ մերժվել է պետական գրանցումն այն պատճառաբանությամբ, որ 0,099 հա հողամասի օտարման կադաստրային արժեքը, ՀՀ կառավարության 24.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշման համաձայն, 1 քմ 2940 ՀՀ դրամ 8-րդ գոտու համար կազմում է 2 910 600 ՀՀ դրամ: Մինչդեռ, վճարված է 556 533 ՀՀ դրամ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 04.10.2005 թվականի ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին և 2-րդ ենթակետով սահմանված հողամասերը սեփականության իրավունքով անհատույց ձեռք բերելուց հետո հողամասի կամ դրա մի մասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մասնակիցներին) հանձնման, այդ թվում` պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամասի իրացման (այդ թվում` գրավառուի կողմից բռնագանձման հետևանքով հողամասը գրավատուից ձեռքբերման) դեպքում` անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:
ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` հողերի կադաստրային գները, ըստ նպատակային նշանակության, յուրաքանչյուր տարի հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Օրենքում առկա «կադաստրային արժեք» և ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված «կադաստրային գին» հասկացությունները պետք է մեկնաբանել որպես հավասարազոր տերմիններ և հետևաբար, սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի են ՀՀ կառավարության որոշումով սահմանված կադաստրային արժեքները (գները):
2005 թվականի համար բնակավայրերի նշանակության հողերի կադաստրային արժեքների (գների) չափերը սահմանվել են ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն որոշմամբ: Նշված որոշման 2-րդ կետի համաձայն` բնակավայրերի նշանակության հողերի կադաստրային արժեքների չափերը 2005 թվականի համար որոշվում են` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» թիվ 1746-Ն որոշմամբ հաշվարկված բնակավայրերի հողերի գների չափով:
ՀՀ կառավարության կողմից հողերի կադաստրային գները (արժեքները) 2006 թվականի համար չեն հաստատվել, և քանի որ ՀՀ կառավարության 29.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշման գործողությունը չի դադարեցվել, քննարկվող հողամասի 2006 թվականի կադաստրային արժեքը որոշելու համար հիմք պետք է ընդունվեր ՀՀ կառավարության 29.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշումը:
Հետևաբար, հիմնավոր չէ ՀՀ տնտեսական դատարանի այն պատճառաբանությունը, որ ՀՀ կառավարության 29.12.2003 թվականի թիվ 1746-Ն որոշմամբ սահմանված դրույթները կիրառելի չեն դիմողների կողմից ձեռք բերված հողամասի նկատմամբ:
Բացի այդ, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի ուժով Օրենքով սահմանված կադաստրային գները (արժեքները) վճարելու պարտականությունը պետք է կատարել ՀՀ կառավարության կողմից սահմանված կադաստրային գների (արժեքների) չափով: Հետևաբար, տվյալ դեպքում Օրենքում առկա «կադաստրային արժեք» հասկացությունը պետք է մեկնաբանել որպես հղում ՀՀ կառավարության կողմից սահմանված կադաստրային գներին (արժեքներին):
Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավունքների պետական գրանցումը մերժվում է, եթե ձեռք բերողը չի ներկայացնում հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը: Տվյալ դեպքում հողամաս ձեռք բերողը ներկայացրել է կադաստրին հողամասի կադաստրային արժեքից պակաս վճարված վճարման անդորրագիր, ինչը բավարար հիմք է հանդիսացել կադաստրի համար նշված մասի հիմքով իր իրավասության շրջանակում մերժել գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը:
2) վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ կառավարության 25.07.2002 թվականի թիվ 1101-Ն որոշման 3.2-րդ կետի համաձայն` որոշման թիվ 2 հավելվածով նախատեսված գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) զուտ եկամուտները և կադաստրային գները հիմք են հանդիսանում, համապատասխանաբար, հողի հարկի հաշվարկման, ինչպես նաև օտարելու (այդ թվում` ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքերում` վաճառքի կամ մեկնարկային գների, վարձավճարի որոշման համար: Հետևաբար, հիմնավոր են բողոքի հիմքի պատճառաբանություններն այն մասին, որ հողամասի` որպես հարկվող օբյեկտի, հողի հարկի հաշվարկման կադաստրային արժեքը կազմել է 556 553 ՀՀ դրամ, և կոմիտեն միասնական տեղեկանքում նշել է ոչ թե հողամասի օտարման համար սահմանված դրա կադաստրային արժեքը, այլ հիմք ընդունելով անշարժ գույքի գրանցման մատյանում առկա տվյալները` տեղեկանքում նշել է հողի հարկի հաշվարկման համար սահմանված կադաստրային արժեքը:
Բացի այդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: Կադաստրի կողմից տրված տեղեկանքը չի հանդիսանում իրավունք առաջացնող վարչական ակտ, այն հանդիսանում է իրավունքի գրանցման մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ, և այդ փաստաթղթում առկա տեղեկությունները (կադաստրային արժեքը) որևէ իրավունք չեն տրամադրում անձին:
Տվյալ դեպքում, Օրենքով սահմանված պարտականության կատարումը պայմանավորված է հրապարակված նորմատիվ ակտով` ՀՀ կառավարության որոշումով:
Բողոքի հիմքի մյուս պատճառաբանությանը Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ ՀՀ տնտեսական դատարանի կողմից ՀՀ կառավարության 05.08.2004 թվականի թիվ 1109-Ն որոշումը չի կիրառվել և հետևաբար չէր կարող դատարանի կողմից սխալ մեկնաբանվել (խախտվել): Բացի այդ, նշված որոշումը կիրառելի չէ սույն իրավահարաբերության նկատմամբ, քանի որ այն սահմանում է գյուղատնտեսական և բնակավայրերի հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքի 2004 թվականի չափերը:
Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կադաստրի բողոքի հիմքերի առկայությունը բավարար է ՀՀ տնտեսական դատարանի վճիռը բեկանելու համար:
Ինչ վերաբերում է Աբովյանի քաղաքապետարանին որպես գույքի սեփականատիրոջ դատաքննությանը ներգրավելու Աբովյանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա այն հիմնավոր չէ, քանի որ Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վան» բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով փոխանցվել է սույն վեճի հիմքում ընկած հողամասը:
Սույն գործով վիճարկվում են պետական մարմնի (կադաստրի) գործողությունները, որն Օրենքի հիման վրա իրականացնում է իր լիազորությունները, հետևաբար Աբովյանի քաղաքապետարանին դատաքննությանը ներգրավելու անհրաժեշտությունը բացակայել է:
Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են Վճռաբեկ դատարանի վերոգրյալ պատճառաբանություններով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 10.07.2006 թվականի թիվ Տ-1926 վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ Է.ՀԱՅՐԻՅԱՆ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ Վ.ԱԲԵԼՅԱՆ Ս.ԳՅՈՒՐՋՅԱՆ Ս.ԱՆՏՈՆՅԱՆ