(ուժը կորցրել է 01.01.09 թվականից` 07.07.06 ՀՕ-164-Ն օրենք)
i
010.0212.250801
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի հուլիսի 27-ին
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. |
ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
1. Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնողների գույքի և եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումն է:
2. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների` սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները, հայտարարագրերը ներկայացնելու կարգը, ինչպես նաև պատասխանատվությունը օրենքի խախտման համար:
3. Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, որը բաղկացած է`
ա) սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներից` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և սահմաններում.
գ) պետական կառավարման մարմինների ընդունած ակտերից` Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերում և սահմաններում:
ՀՈԴՎԱԾ 2. |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԸ |
i
1. Սույն օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ և գույքն ու եկամուտները հայտարարագրող են (այսուհետ` հայտարարատու)`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն քաղաքական, հայեցողական, քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք.
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը, կենտրոնական բանկի խորհրդի անդամները, խորհրդի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր գրասենյակի ստորաբաժանումների ղեկավարները և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները.
գ) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, անդամները և աշխատակազմի ղեկավարը.
դ) Հայաստանի Հանրապետության դատավորները.
ե) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազները.
զ) Հայաստանի Հանրապետության հարկային, մաքսային գործադիր մարմինների, ոստիկանության պաշտոնատար անձինք.
է) Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմինների ստորաբաժանումների (այդ թվում` տարածքային) ղեկավարները.
ը) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահը, տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները.
թ) Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահը, նրա տեղակալը, խորհրդի անդամները, աշխատակազմի ղեկավարը, ստորաբաժանման ղեկավարները.
ժ) Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված մշտական հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) ղեկավարները, նրանց տեղակալները և անդամները:
2. Հայտարարատու են նաև սույն հոդվածի առաջին մասում նշված հայտարարատուներին փոխկապակցված անձինք:
Սույն օրենքի համաձայն` փոխկապակցված անձինք են`
ա) հայտարարատուի ամուսինը, համատեղ ապրող ծնողը (ծնողները) և համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակը (զավակները).
բ) հայտարարատուի ամուսնացած չլինելու և զավակ չունենալու դեպքում` համատեղ ապրող ծնողը (ծնողները) և համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած քույրը (քույրերը) և եղբայրը (եղբայրները).
գ) հայտարարատուի ամուսնացած չլինելու և զավակ ունենալու դեպքում` համատեղ ապրող չափահաս չամուսնացած զավակը (զավակները) և համատեղ ապրող ծնողը (ծնողները):
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք հայտարարատու են նաև զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող 5 տարվա ընթացքում, իսկ սույն հոդվածի 2-րդ կետում նշված անձինք` սույն հոդվածի 1-ին կետում նշված` իրենց փոխկապակցված անձանց զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող 2 տարվա ընթացքում:
(2-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-489-Ն, 25.12.06 ՀՕ-8-Ն օրենքներ)
ՀՈԴՎԱԾ 3. |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԸ |
i
1. Հայտարարատուները սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագրում են Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունից դուրս սեփականության (այդ թվում` ընդհանուր համատեղ և ընդհանուր բաժնային սեփականության), տիրապետման և օգտագործման իրավունքով իրենց պատկանող հետևյալ գույքը.
ա) անշարժ գույքը` հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, շենքերն ու շինությունները, հողին ամրակայված այլ գույքը, այսինքն` այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել` առանց այդ գույքի նշանակությանն անհամաչափ վնաս պատճառելու.
բ) փոխադրամիջոցները` ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը, անվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենաները կամ մեխանիզմները, օդային և ջրային փոխադրամիջոցները.
գ) դրամական միջոցները, այդ թվում` բանկերում կամ ֆինանսավարկային կազմակերպություններում ունեցած հաշիվներում եղած գումարները (Հայաստանի Հանրապետության դրամը, արտարժույթը).
դ) արժեթղթերը (պարտատոմսը, չեկը, մուրհակը, բաժնետոմսը, բանկային վկայագիրը (բանկային գրքույկը, բանկային սերտիֆիկատը) և այլ արժեթուղթը) և այլ ներդրումները (բաժնեմասերը, փայաբաժինները և այլն).
ե) մշակութային արժեքներն ու հնաոճ իրերը:
2. (3-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-489-Ն օրենք)
(3-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-489-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 4. |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ |
1. Հայտարարատուները սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագրում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունից դուրս փաստացի ստացված իրենց բոլոր եկամուտները և դրանց գոյացման աղբյուրները:
2. Սույն օրենքի համաձայն` եկամուտ են համարվում հայտարարատուի` Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ստացած հետևյալ եկամուտները.
ա) աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները.
բ) գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներ օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (ռոյալթի) և հեղինակային վարձատրությունը.
գ) ստացված փոխառությունները և տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը.
դ) շահաբաժինները.
ե) խաղատներում, շահումներով խաղերում ստացված եկամուտները (շահումները).
զ) մրցույթների և մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային և դրամական շահումները (մրցանակները).
է) նվիրատվության և օգնության կարգով ստացված գույքը (այդ թվում` դրամական միջոցները).
ը) ժառանգության կարգով ստացված գույքը (այդ թվում` դրամական միջոցները).
թ) ապահովագրական հատուցումները.
ժ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտը.
ժա) գույքն օտարելուց ստացված եկամուտը.
ժբ) վարձակալության դիմաց ստացված վճարը և այլ հատուցում, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացվող եկամուտը.
ժգ) կազմակերպությունների կողմից հայտարարատուի համար կատարված ապահովագրավճարները.
ժդ) բոլոր տեսակի նպաստները.
ժե) բոլոր տեսակի կենսաթոշակները և կրթաթոշակները.
ժզ) միանվագ վճարները.
ժէ) ալիմենտները (ապրուստավճարները).
ժը) այլ եկամուտները` նշելով դրանց տեսակները:
i
3. Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները հաշվի են առնվում պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում` ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
ՀՈԴՎԱԾ 5. |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
i
1. Հայտարարատուները սույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներում նշված հայտարարագրման ենթակա գույքն ու եկամուտները հայտարարագրում են`
ա) պաշտոնի նշանակման (կամ ընտրման) դեպքում` սկսած պաշտոնի նշանակման (կամ ընտրման) ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչև այդ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի համար.
բ) հայտարարատու համարվելու ընթացքում` յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի համար:
Սույն կետում նշված դեպքերում հայտարարագրում արտացոլման ենթակա են նաև հայտարարագրման ժամանակաշրջանում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «ե» ենթակետերում նշված գույքի հետ կապված գործառնությունները:
i
2. Հայտարարատուները և նրանց փոխկապակցված անձինք հայտարարագրման ենթակա գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը ներկայացնում են անձամբ կամ ուղարկում են պատվիրված նամակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ` լիազորած մարմնի)` ղեկավար աշխատողի հաշվառման (գրանցման) վայրի տարածքային մարմին (այսուհետ` տարածքային լիազորած մարմին): Լիազորած մարմնի սահմանած դեպքերում հայտարարատուները հայտարարագրման ենթակա գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը ներկայացնում են լիազորած մարմին: Հայտարարագիրը պատվիրված նամակով ուղարկելու դեպքում հայտարարագիր ներկայացնելու օր է համարվում պատվիրված նամակը փոստային բաժանմունք մուտք անելու օրը:
3. Հայտարարատուները հայտարարագրերը ներկայացնում են մինչև հայտարարագրման ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 15-ը:
4. Միևնույն հայտարարատուն հայտարարագրման միևնույն ժամանակաշրջանի համար ներկայացնում է գույքի և եկամուտների միայն մեկ հայտարարագիր:
5. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված հայտարարատուի հայտարարագրում ներառվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետում չընդգրկված իրենց խնամառուների հայտարարագրման ենթակա գույքն ու եկամուտները:
Սույն կետի դրույթները գործում են նաև զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող հինգ տարվա ընթացքում:
6. Գաղտնիության ապահովման պարտավորություններ սահմանող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության դրույթները չեն տարածվում`
ա) հայտարարատուների կողմից, սույն օրենքով սահմանված կարգով, լիազորած մարմին ներկայացվող գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վրա.
բ) լիազորած մարմնին տրամադրվող` սույն օրենքի 9-րդ հոդվածի «ե» և «է» կետերով սահմանված տեղեկությունների վրա:
i
7. Հայտարարագրերի ձևերը, դրանց լրացման և պահպանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(5-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-489-Ն օրենք)
i
ՀՈԴՎԱԾ 6. |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ |
1. Լիազորած մարմինը սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ժամկետներում ներկայացված հայտարարագրերի հիման վրա եռամսյա ժամկետում կազմում է հայտարարատուների գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ տեղեկանքներ (այսուհետ` տեղեկանք)` մամուլում հրապարակման համար:
2. Տեղեկանքում ընդգրկված տվյալները պետք է համապատասխանեն ներկայացված հայտարարագրերում արտացոլված տեղեկություններին:
3. Տեղեկանքում չեն նշվում`
i
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունները.
բ) հայտարարատուի բնակության հասցեի, հեռախոսի և անհատական կապի այլ միջոցների վերաբերյալ տեղեկությունները.
գ) հայտարարագրման ենթակա անշարժ գույքի գտնվելու վայրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները.
դ) բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները:
4. Տեղեկանքի ձևը և լրացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Տեղեկանքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում ստացած մամուլի միջոցներին վերջիններիս ներկայացրած անվանական հայտերի հիման վրա` հայտերն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
6. Տեղեկանքի տրամադրման կարգը սահմանում է լիազորած մարմինը` սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից հնգամսյա ժամկետում:
7. Տեղեկանքը նույնությամբ ենթակա է հրապարակման` տեղեկանքն ստացած մամուլի միջոցում` ստանալու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում:
8. Տեղեկանքը տրամադրվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը:
9. Լիազորած մարմինը սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ժամկետներում ներկայացված հայտարարագրերի հիման վրա կազմված տեղեկանքները կարող է տեղադրել «Ինտերնետ» համաշխարհային համակարգչային ցանցի համապատասխան էջում:
(6-րդ հոդվածը խմբ. 26.12.02 ՀՕ-489-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 7. |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔԸ |
1. Պետությունն ապահովում է հայտարարագրերում ներառվող այն տեղեկությունների գաղտնիությունը, որոնք, սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով, ենթակա չեն հրապարակման:
2. Այն տեղեկությունները, որոնք սույն օրենքի համաձայն ենթակա չեն հրապարակման, այլ անձանց տրամադրվում են հայտարարագրողի` նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ:
i
ՀՈԴՎԱԾ 8. |
ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՈՒՄԸ |
1. Հայտարարագրման հարաբերությունները կարգավորող օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
2. Հայտարարատուների կողմից սույն օրենքով սահմանված ժամկետում լիազորած մարմին կամ լիազորած տարածքային մարմին հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Տուգանքը նշանակելուց հետո` 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
3. Հայտարարատուների կողմից սույն օրենքով սահմանված հայտարարագրման ենթակա գույքն ու եկամուտները կամ հայտարարագրի ձևերում պարտադիր լրացման ենթակա տեղեկությունները թաքցնելը կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար տուգանվել է մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածում նշված տուգանքները տասնօրյա ժամկետում չմուծելու դեպքում տուգանքները կրկնապատկվում են:
5. Սույն հոդվածով սահմանված տուգանքները, լիազորած մարմնի պաշտոնատար անձի ներկայացմամբ, նշանակում է լիազորած մարմնի ղեկավարը կամ տարածքային լիազորած մարմնի ղեկավարը:
Սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման համար ապացույցներ են համարվում այն տեղեկությունները (տվյալները), որոնց հիման վրա, Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման հարաբերությունները կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմաններում, լիազորած մարմինը հաստատում է օրենքի խախտման առկայությունը:
Տուգանքների կիրառման նպատակով կազմվում է արձանագրություն, որում նշվում է դա կազմելու ամսաթիվը և տեղը, արձանագրությունը կազմող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, տեղեկություններ հայտարարատուի մասին, օրենքի խախտման էությունը և ժամանակը, պատասխանատվության ենթարկվող հայտարարատուի բացատրությունը, պատասխանատվություն նախատեսող նորմը և անհրաժեշտ այլ տեղեկություններ:
(8-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-489-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 9. |
ԼԻԱԶՈՐԱԾ ՄԱՐՄԻՆԸ |
i
Լիազորած մարմինը`
i
ա) ընդունում է սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտեր.
բ) վարում է հայտարարատուների հաշվառումը.
գ) ապահովում է հայտարարագրերի հաշվառումը և պահպանումը.
դ) մշակում է հայտարարագրերում ներառվող տեղեկությունները, դրանց հիման վրա կազմում է հայտարարատուների` հայտարարագրման ենթակա գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկանքներ ու սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով ապահովում է հայտարարագրերում ներառվող տեղեկությունների հրապարակայնությունը.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում իրականացնում է ուսումնասիրություններ հայտարարագրերում ներառվող տեղեկությունների ճշտությունը պարզելու նպատակով.
զ) իրականացնում է սույն օրենքի կիրառման նկատմամբ վերահսկողությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններից ու քաղաքացիներից ստանում է տեղեկություններ սույն օրենքով սահմանված հայտարարատուների գույքի և եկամուտների վերաբերյալ.
ը) հայտարարատուներին անվճար տրամադրում է հայտարարագրերի ձևերը.
թ) սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումից հետո, հայտարարատուներին հնարավորություն է ընձեռում մեկամսյա ժամկետում համապատասխան ճշտումներ կատարել ներկայացրած հայտարարագրերում.
ժ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:
(9-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-489-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 10. |
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների այն ղեկավար աշխատողների (նրանց փոխկապակցված անձանց) վրա, ովքեր մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն ազատվել են զբաղեցրած պաշտոնից կամ ավարտել են պաշտոնավարությունը:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին հայտարարատու համարվող անձինք սույն օրենքով սահմանված գույքի և եկամուտների առաջին հայտարարագիրը ներկայացնում են մինչև 2002 թվականի փետրվարի 1-ը, ընդ որում, հայտարարագրման ենթակա են`
ա) գույքը` 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ.
բ) 2001 թվականի ընթացքում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «ե» ենթակետերում նշված գույքի հետ կապված գործառնությունները.
գ) 2001 թվականի ընթացքում ստացված եկամուտները:
3. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2002 թվականի հունվարի 1-ը, Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար պաշտոնի նշանակված (կամ ընտրված), ինչպես նաև նրանց փոխկապակցված անձինք գույքի և եկամուտների առաջին հայտարարագիրը ներկայացնում են սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում:
4. Օրենքով սահմանված գույքի և եկամուտների 2002 թվականի հայտարարագիր են ներկայացնում`
ա) մինչև 2003 թվականի հունվարի 1-ը օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պաշտոններ զբաղեցնողները և նրանց փոխկապակցված անձինք.
բ) 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պաշտոններ զբաղեցնողները և նրանց փոխկապակցված անձինք:
5. Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված հայտարարատու համարվող անձինք օրենքով սահմանված գույքի և եկամուտների 2002 թվականի հայտարարագրերը ներկայացնում են մինչև 2003 թվականի մարտի 15-ը, ընդ որում, հայտարարագրման ենթակա են`
ա) գույքը` 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ.
բ) 2002 թվականի ընթացքում գույքի հետ կապված օրենքով սահմանված գործառնությունները.
գ) 2002 թվականի ընթացքում ստացված եկամուտները:
(10-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-489-Ն օրենք)
ՀՈԴՎԱԾ 11. |
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի սեպտեմբերի 1-ից:
25 օգոստոսի 2001 թ.
ՀՕ-212