ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ
դատարանի որոշում թիվ ԵԷԴ/0069/04/17
Սնանկության գործ թիվ ԵԷԴ/0069/04/17 2022 թ.
Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան
Դատավորներ` Լ. Գրիգորյան
Դ. Սերոբյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
2022 թվականի հունիսի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Զօքս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2019 թվականի որոշման դեմ` ըստ «Բուն» ՍՊԸ-ի դիմումի ընդդեմ Ընկերության` սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` «Բուն» ՍՊԸ-ն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) 28.07.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է` Ընկերությունը ճանաչվել է սնանկ:
«Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ն 11.09.2017 թվականին ներկայացրել է դիմում` պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի արտադատական կարգով իրացումը թույլատրելու մասին:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Չիչոյան) (այսուհետ` Դատարան) 26.07.2019 թվականի որոշմամբ հաստատվել է «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի ապահովված պահանջը` թույլատրվել է գրավի առարկա անշարժ գույքի արտադատական կարգով իրացումը և վերացվել են նույն գույքի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքներն ու սահմանափակումները, իսկ «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի` ավտոմեքենաների գրավով ապահովվածության և վերջիններիս արտադատական կարգով իրացումը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունները մերժվել են:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.12.2019 թվականի որոշմամբ Ընկերության, «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 26.07.2019 թվականի «Պահանջի և գրավի առարկայի արտադատական կարգով իրացումը թույլատրելու միջնորդության դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Վարուժան Ղալթախչյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.`
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 94-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 369-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ դատական ծանուցումների պատշաճ կազմակերպման գործընթացն իր անմիջական ազդեցությունն ունի կողմերի իրավահավասարության և դատական քննության մրցակցության սկզբունքի ապահովման հետ, որն իր հերթին ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործի քննությանը մասնակցելու, դատավարական գործողության մասին տեղյակ լինելու, գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց կապակցությամբ դիրքորոշում հայտնելու հնարավորություն:
Վերաքննիչ դատարանը պարտավոր էր վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելուց հետո ժամանակ տրամադրել վերաքննիչ բողոքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար, ինչպես նաև Ընկերությունը չի իրազեկվել դատական նիստի վերաբերյալ, որպիսի պարագայում Ընկերությունը զրկվել է արդյունավետ դատական պաշտպանության իր իրավունքից:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ արձանագրվածն այն մասին, որ կողմերը վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելու մասին որոշումները ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում չեն ներկայացրել վերաքննիչ բողոքի պատասխաններ, անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.12.2019 թվականի որոշումը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 28.07.2017 թվականի վճռով «Զօքս» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ, իսկ նույն դատարանի 03.08.2017 թվականի որոշմամբ «Զօքս» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը (գործի հավելված 2-րդ, գ.թ. 1-9):
2) Վերաքննիչ դատարանը 04.11.2019 թվականի համապատասխան որոշումներով վարույթ է ընդունել Ընկերության և «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքները և միևնույն որոշումներով նախատեսել բողոքները քննել դատական նիստում` դատական նիստը նշանակելով 03.12.2019 թվականին (գործի հավելված 3-րդ, գ.թ. 98-99):
3) Վերաքննիչ դատարանն Ընկերության վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և այն դատական նիստում քննելու մասին 04.11.2019 թվականի որոշումը փոստային ծառայությանն է հանձնել 04.12.2019 թվականին, որպիսի որոշումը Ընկերությունում ստացվել է 07.12.2019 թվականին (գործի հավելված 3-րդ, գ.թ. 105, 111):
4) Վերաքննիչ դատարանի կողմից Ընկերությանը էլեկտրոնային հաղորդակցության միջոցով ուղարկվել է ծանուցագիր. նշված ծանուցագրի ուսումնասիրությունից հետևում է, որ այն Ընկերության ներկայացուցչի անձնական էլեկտրոնային հասցեին ուղարկվել է 02.12.2019 թվականին ժամը 17:37-ին (գործի հավելված 3-րդ, գ.թ. 124):
5) 03.12.2019 թվականի դատական նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով համառոտագրման ուսումնասիրությունից հետևում է, որ նախագահող դատավորի արձանագրային որոշմամբ դատական նիստը շարունակվել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված, սակայն չներկայացած դատավարության կողմերի բացակայությամբ: Այնուհետև, նախագահողը դատական նիստը հայտարարել է ավարտված և հայտնել դատական ակտի հրապարակման օրը, այն է` 05.12.2019 թվականը (գործի հավելված 3-րդ, գ.թ. 126-127):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս ստորադաս դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ և 94-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ վերաքննիչ դատարանում դատական նիստերի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման հարցին:
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
i
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ծանուցումն իրականացվում է այն հաշվով, որ դրա հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը`
1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.
2) հանձնվում է առձեռն.
3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով` նույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմնին, իրավաբանական անձին, անհատ ձեռնարկատիրոջը, ինչպես նաև գործին մասնակցող անձի` փաստաբանի կարգավիճակ ունեցող ներկայացուցչին հասցեագրված դատական ծանուցագիրն ուղարկվում է նրա պաշտոնական էլեկտրոնային փոստին, բացառությամբ այն դեպքերի, երբ նման եղանակով ծանուցում իրականացնելն անհնար է:
i
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատարանին կարող են գրավոր ներկայացնել իրենց հաղորդակցության միջոցները` միջնորդելով ծանուցումը կատարել այդ միջոցով:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` իրավաբանական անձանց դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի իրավաբանական անձի ծանուցման հասցեում` իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին կամ այն անձին, որի նամակագրություն ընդունելու լիազորությունն ակնհայտորեն բխում է այն իրավիճակից, որում գործում է տվյալ անձը (անվտանգության աշխատակից, ընդհանուր բաժնի կամ իրավաբանական ծառայության աշխատակից և այլն):
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված և վարույթ ընդունված վերաքննիչ բողոքները քննում և դրանց վերաբերյալ որոշումները կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վերաքննիչ դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում բողոք բերած անձը և գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով (մինչև 10.06.2014 թվականը գործող խմբագրությամբ) նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):
Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե՛ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների գործով կայացված որոշմամբ ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Վերահաստատելով դատական ծանուցումների դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած վերոգրյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ գտել է, որ դրանք կիրառելի են նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ: Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված` դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցման հարցին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործող օրենսդրությամբ ևս դատարանների վրա դրվել է պարտականություն իրականացնելու համապատասխան ակտիվ գործողություններ դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու համար: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված կարգավորումներով ևս, ըստ էության սահմանվել է, որ անկախ ծանուցման եղանակից` ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը: Վերը նշված պահանջները հավասարապես վերաբերում են նաև վերաքննիչ դատարանին, ուստի վերջինս ևս, վերաքննիչ բողոքը դատական նիստում քննելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում, կրում է բողոք բերած անձին և գործին մասնակցող մյուս անձանց դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու պարտականություն (տե՛ս, «Գարանտ Ըքաունթ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի ընդդեմ «Մանջիարե» ՍՊԸ-ի և Ֆելիքս Թովմասյանի թիվ ԵԿԴ/4088/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2020 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը` ծանուցումն իրականացնելու այնպես, որ դրա հասցեատերն առնվազն երեք օր առաջ ծանուցվի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիք է: Նշված կանոնն ամրագրելով` օրենսդիրը նպատակ է հետապնդել սահմանելու այնպիսի կառուցակարգ, որը դատավարության մասնակիցներին հնարավորություն կտա մինչև դատական նիստը առավելագույնս պատրաստվել իրենց իրավունքների պաշտպանությանը: Միաժամանակ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարաններում գործին մասնակցող անձանց ծանուցումը պետք է իրականացվի այնպես, որ հասցեատերը դատական նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ ծանուցված լինի կայացվելիք դատական նիստի մասին: Հակառակ պարագայում, եթե ծանուցման ժամկետը պակաս է երեք աշխատանքային օրից, անձը չի կարող համարվել պատշաճ ծանուցված (տե՛ս, «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի ընդդեմ Հունան Ղազարյանի թիվ ԵԴ/21995/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.07.2021 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը, ուսումնասիրելով «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված պահանջի չափը հաստատելու և գրավի առարկայի արտադատական կարգով իրացումը թույլատրելու մասին միջնորդության դեմ «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի կողմից ներկայացված առարկությունը, 26.07.2019 թվականին որոշել է հաստատել «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի և Ընկերության ունեցած 249.178,71 եվրոյի ապահովված պահանջը, թույլատրել գրավի առարկա հանդիսացող ՀՀ Կոտայքի մարզի գ. Առինջ, Խ. Աբովյան թաղամասի 2-րդ փողոցի թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքի արտադատական կարգով իրացումը, վերացնել նույն անշարժ գույքի նկատմամբ կիրառված բոլոր արգելանքները և սահմանափակումները, իսկ «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի Ընկերության հանդեպ ունեցած 249.178,71 եվրոյի ապահովված պահանջը Volkswagen Touran մակնիշի և Hundai Elantra մակնիշի ավտոմեքենաների գրավով ապահովվածության և վերջիններիս արտադատական կարգով իրացումը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունները մերժել:
Վերաքննիչ դատարանը, դռնբաց դատական նիստում քննելով Ընկերության և «Տրանսպարենտ Սոլյուշնս» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքները, 05.12.2019 թվականի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքները և համաձայնել է Դատարանի` վերը նշված որոշմամբ արձանագրած պատճառաբանություններին: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտում արձանագրել է, որ վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելու մասին որոշումները ստանալուց հետո օրենքով սահմանված կարգով և ժամկետում վերաքննիչ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:
Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.
Վերաքննիչ դատարանը 04.11.2019 թվականի որոշմամբ վարույթ ընդունելով նաև Ընկերության վերաքննիչ բողոքը և նույն որոշմամբ միաժամանակ որոշելով այն քննել դատական նիստում` դատական նիստը նշանակել է 03.12.2019 թվականին, նշված` «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և դատական նիստում քննելու մասին» 04.11.2019 թվականի որոշումն Ընկերությանն է ուղարկել միայն 04.12.2019 թվականին, որպիսի որոշումն Ընկերությունում ստացվել է արդեն իսկ նախապես` 03.12.2019 թվականին նշանակված դատական նիստի կայանալուց հետո, այն է` 07.12.2019 թվականին: Բացի այդ, գործում առկա` Վերաքննիչ դատարանի կողմից 03.12.2019 թվականին կայանալիք դատական նիստի վայրի և ժամանակի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով Ընկերությանն ուղարկված ծանուցագրի ուսումնասիրությունից հետևում է, որ նշված ծանուցումը բողոքաբեր Ընկերության ներկայացուցչի անձնական էլեկտրոնային հասցեին ուղարկվել է նշանակված դատական նիստի նախորդ օրը` 02.12.2019 թվականին ժամը 17:37-ին: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 4-րդ մասի խախտմամբ, որով սահմանված է, որ ծանուցումը պետք է իրականացվի այն հաշվով, որ հասցեատերը դատական նիստին ներկայանալուց առնվազն երեք օր առաջ ծանուցված լինի կայանալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Արդյունքում Վերաքննիչ դատարանը 03.12.2019 թվականի դատական նիստում ավարտել է վերաքննիչ բողոքների քննությունը և դատական ակտի հրապարակման օր է նշանակել 05.12.2019 թվականը: Սույն գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերը չի իրազեկվել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին, ավելին` պատշաճ կարգով չի ծանուցվել նաև Վերաքննիչ դատարանի կողմից նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի մասին: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ դատավարության մասնակիցներին օրենքով սահմանված ժամկետում չեն ուղարկվել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու, բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին որոշումները, ինչպես նաև դատավարության մասնակիցները, մասնավորապես` բողոքաբերը, պատշաճ կարգով չի ծանուցվել նշանակված դատական նիստի վայրի և ժամանակի մասին, սակայն դատական ակտում արձանագրել է, որ բողոքաբերը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո օրենքով սահմանված կարգով չի ներկայացրել վերաքննիչ բողոքի պատասխան:
Այսինքն` Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի պահանջներին համապատասխան բողոքաբերին պատշաճ ձևով չի ծանուցել 03.12.2019 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, ու գործը քննել է Ընկերության բացակայությամբ, մինչդեռ վերաքննիչ դատարանը կրում է պարտականություն` ծանուցելու դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին դատական ծանուցագրերի միջոցով:
Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի ապահովել բողոք բերած անձի արդար դատաքննության իրավունքն այն պայմաններում, երբ վերջինս գործով չեն ծանուցվել նշանակված դատական նիստի տեղի և ժամանակի մասին:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոքաբերի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
i
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը` Դատարանի 26.07.2019 թվականի «Պահանջի և գրավի առարկայի արտադատական կարգով իրացումը թույլատրելու միջնորդության դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու մասին» որոշման դեմ Ընկերության վերաքննիչ բողոքը կրկին քննելու նպատակով:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մասնակիորեն` «Զօքս» ՍՊԸ-ի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.12.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` ՀՀ սնանկության դատարանի 26.07.2019 թվականի «Պահանջի և գրավի առարկայի արտադատական կարգով իրացումը թույլատրելու միջնորդության դեմ ներկայացված առարկությունը քննության առնելու մասին» որոշման դեմ «Զօքս» ՍՊԸ-ի ներկայացրած վերաքննիչ բողոքի նոր քննության համար:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
__________________________________
ԻՐՏԵԿ - սույն որոշումը բացակայում է www.datalex.am կայքէջում