Սեղմել Esc փակելու համար:
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ՞ Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ՞ Է ԱՐԴՅՈՔ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական               Վարչական գործ թիվ ՎԴ/9112/05/18

    դատարանի որոշում                    2025 թ.

   Վարչական գործ թիվ ՎԴ/9112/05/18

   Նախագահող դատավոր Ռ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Հ. Բեդևյան

զեկուցող Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

 

2025 թվականի հուլիսի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.09.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշման դեմ վարչական գործով` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության, երրորդ անձինք` ՀՀ կադաստրի կոմիտե, Ռադիկ Աբրահամյան, Հակոբ Աբրահամյան, Սեդա Գյուրջյան, Արթուր Խաչատրյան, Արթուր Գալստյան, Գևորգ Ջանոյան, Լալա Սողոմոնյան, «Էվոկաբանկ» փակ բաժնետիրական ընկերություն, Օնիկ Մարտիրոսյան, Գայանե Մաժինյան, Աշոտ Մայիլյան, Հակոբ Խաչատրյան, Թամարա Սարգսյան, Մհեր Հարությունյան, Գևորգ Նալբանդյան, Արմեն Ղարյան, Գրետա Սահակյան, Բախշի Սողոմոնյան, Վարդան Աղաջանյան, Եղիշե Աղաջանյան` Երևանի քաղաքապետի 28.12.2004 թվականի թիվ 2435-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 28.12.2004 թվականի թիվ 2435-Ա որոշումը: Միաժամանակ հայցվորը ներկայացրել է միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) 01.10.2018 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (դատավոր` Ա. Պողոսյան) 25.01.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ վարչական դատարանի 01.10.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 02.10.2019 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.01.2019 թվականի որոշման դեմ երրորդ անձինք Ռադիկ Աբրահամյանի, Արթուր Գալստյանի, Սեդա Գյուրջյանի, Սերգեյ Մելքումյանի և Գևորգ Նալբանդյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) 30.04.2021 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Է. Նահապետյան, դատավորներ` Ա. Հարությունյան, Կ. Գևորգյան) 22.06.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ վարչական դատարանի 30.04.2021 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 25.10.2023 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի միջնորդությունը` վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, մերժվել է, և ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.06.2023 թվականի որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի 08.11.2023 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.06.2023 թվականի որոշման դեմ երրորդ անձինք Ռադիկ Աբրահամյանի և Սեդա Գյուրջյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ե. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 24.06.2024 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Խանդանյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.09.2024 թվականի որոշմամբ երրորդ անձինք Ռադիկ Աբրահամյանի, Սեդա Գյուրջյանի, Գևորգ Նալբանդյանի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարվել է` վերացվել է Դատարանի 24.06.2024 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Լուսինե Ավագյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել երրորդ անձինք Ռադիկ Աբրահամյանը, Սեդա Գյուրջյանը և Գևորգ Նալբանդյանը (ներկայացուցիչ` Էդգար Անդրեասյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասը, 60-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն դեպքում Ընկերությունը չի հանդիսացել Երևանի քաղաքապետի 28.12.2004 թվականի թիվ 2435-Ա վիճարկվող որոշման կայացմանն ուղղված վարչական վարույթի մասնակից և այդ որոշման հասցեատեր, ինչի արդյունքում Երևանի քաղաքապետարանի կողմից օրենքով սահմանված կարգով չի իրազեկվել որոշման ընդունման մասին: Իսկ օրինական ուժի մեջ մտած վարչական ակտը դատական կարգով կարող է վիճարկվել այն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում, ինչն Ընկերության համար օբյեկտիվորեն եղել է անհնարին, և Ընկերությունը հարգելի պատճառով բաց է թողել վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը:

Նշված որոշման մասին Ընկերությունը տեղեկացել է միայն 2018 թվականի հունիսի 25-ից հետո, երբ Ընկերության ներկայացուցչի կողմից Կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային բաժին է ներկայացվել դիմում, որից հետո ստացվել են վիճարկվող որոշման օրինակն ու կադաստրային գործի պատճենները: Այսինքն` Ընկերությունը վիճարկման հայց ներկայացնելու օբյեկտիվ հնարավորություն է ունեցել միայն 2018 թվականի հունիսի 25-ից հետո:

Սույն դեպքում հայցադիմումը ներկայացվել է ընդամենը մեկ օր ուշացումով, սակայն առկա է նույնիսկ այդ մեկ օր ուշացումը հարգելի համարելու հիմք, քանի որ 27.08.2018 թվականին հայցադիմումը կից փաստաթղթերով առաքվել է պատասխանողներին և երրորդ անձանց, որոնց վերաբերյալ փոստային թվով 25 անդորրագրերը գտնվում են վարչական գործում: Իսկ նույն օրը` 27.08.2018 թվականին, հայցադիմումը կից փաստաթղթերով չի առաքվել ՀՀ վարչական դատարան` պայմանավորված այն հանգամանքով, որ փոստային ծառայությունում պետական տուրքի վճարման հետ կապված առաջացել է խնդիր, որը հաջորդ օրն ուղղվել է, և հայցադիմումը կից փաստաթղթերով ուղարկվել է դատարան:

Վերաքննիչ դատարանն անտեսել է սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, որ վիճարկվող որոշումը կայացման պահից երկամսյա ժամկետում բողոքարկելն Ընկերության համար օբյեկտիվորեն եղել է անհնար, Ընկերությունը վիճարկվող որոշման գոյության մասին տեղեկացել է միայն 2018 թվականի հունիսի 25-ից հետո և հարգելի պատճառով է բաց թողել վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը, որպիսի հանգամանքը հաստատվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.01.2019 թվականի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:

Արդյունքում, Վերաքննիչ դատարանը կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ` բավարարելով երրորդ անձանց վերաքննիչ բողոքը, ինչն էլ հանգեցրել է Ընկերության արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների հիմնարար խախտման:

Վերոգրյալի հիման վրա Ընկերությունը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 23.09.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշումը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ երրորդ անձինք Ռադիկ Աբրահամյանի, Սեդա Գյուրջյանի և Գևորգ Նալբանդյանի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ դատական ակտ է, ուստի վճռաբեկ բողոքը ենթակա է ամբողջությամբ մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.

Հայցվոր կողմի գործունեության վայրին անմիջապես հարող և օրենքի ուժով վերջինիս պատկանող տարածքի նկատմամբ ամեն օր այլ անձանց կողմից իրավունքների իրացման փաստը նկատելը, անկախ նման իրավունքի ծագման աղբյուրի մասին իմանալուց, ակնհայտորեն վկայել են հայցվոր կողմի իրավունքների ենթադրյալ խախտման մասին, սակայն վերջինս չի ձեռնարկել որևէ ողջամիտ գործողություն իր իրավունքների պաշտպանության նպատակով, որի ընթացքում նաև կպարզեր վարչական ակտի գոյության մասին և որևէ թույլատրելի ժամանակահատվածում կվիճարկեր այն:

Հաշվի առնելով, որ հայցվոր կողմը 2005 թվականից սկսած բաց է թողել թիվ 2435-Ա որոշումը վիճարկելու երկամսյա ժամկետը, և սույն գործի շրջանակներում չի ներկայացրել որևէ թույլատրելի ու վերաբերելի ապացույց բացթողման պատճառների հարգելիության վերաբերյալ` հայցվոր կողմը սույն վարչական գործով բաց է թողել վիճարկման հայցի ներկայացման համար սահմանված ժամկետը: Իսկ առնվազն 2005 թվականի հունվար ամսից վիճելի տարածքի նկատմամբ այլ անձի ունեցած իրավունքի առկայության փաստի մասին տեղեկացված լինելու պայմաններում միայն 2018 թվականին իր իրավունքի պաշտպանությանն ուղղված իրավական գործողությունների կատարումն ինքնին չի կարող համարվել օրենքով սահմանված դատավարական ժամկետի բացթողման հարգելի պատճառ:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. թույլատրելի՞ է արդյոք հայցադիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննարկում այն պայմաններում, երբ արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ` հայցադիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ:

Նշված հարցադրումը Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում դիտարկել իրավական որոշակիության և դատական ակտերի պարտադիրության սկզբունքների համատեքստում:

Իրավունքի գերակայության կարևոր ցուցիչներից է իրավական որոշակիությունը: Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ` Վենետիկի հանձնաժողով) կողմից ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկը», ի թիվս այլնի, Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում իրավունքի գերակայության գնահատման չափանիշ է դիտարկում իրավական որոշակիությունը:

22.12.2015 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության փոփոխություններով իրավական որոշակիության սկզբունքը բարձրացվեց սահմանադրական սկզբունքի մակարդակի: Այդ սկզբունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածում, ըստ որի` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

ՀՀ սահմանադրական դատարանը, բացահայտելով իրավական որոշակիության սկզբունքի բովանդակությունը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու` թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:

- Իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության:

- Իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է ինչպես հնարավորինս հստակ իրավակարգավորման առկայություն, այնպես էլ դրա կանխատեսելիության ապահովում: Մասնավորապես, իրավակարգավորման ձևակերպումը պետք է հնարավորություն տա անձին ոչ միայն դրան համապատասխան ձևավորելու իր վարքագիծը, այլև կանխատեսելու, թե ինչպիսի՞ն կարող են լինել հանրային իշխանության գործողությունները, և ի՞նչ հետևանքներ կառաջանան տվյալ իրավակարգավորման կիրառման արդյունքում:

- Իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ:

- Իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները: Իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը:

i

- Իրավական որոշակիության սկզբունքն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 15.11.2019 թվականի թիվ ՍԴՈ-1488 որոշումը):

Իրավական որոշակիության կարևոր բաղադրիչներից է res judicata սկզբունքը: Վենետիկի հանձնաժողովի «Իրավունքի գերակայության մասին զեկույցի» (ընդունված 2011 թվականին մարտի 25-26) (CDL-AD(2011)003rev) 46-րդ կետի համաձայն` իրավական որոշակիությունը պահանջում է հարգել res judicata սկզբունքը, ըստ որի` ի թիվս այլնի, ներպետական դատարանների վերջնական դատական ակտերը չպետք է կասկածի տակ դրվեն:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Դատական ակտերի կատարման մասին» 09.09.2003 թվականի Rec(2003)17 հանձնարարականում ամրագրված է. «Մասնակից պետություններն ունեն պարտականություն` երաշխավորելու վերջնական և պարտադիր դատական ակտերի կատարումը»: Հանձնարարականի «Կատարման ընթացակարգերը» բաժնի 1.b կետի համաձայն` որպեսզի կատարման ընթացակարգը լինի հնարավորինս արդյունավետ, դատական ակտերը պետք է կատարվեն կիրառելի օրենքներին ու դատական ակտերին համապատասխան: Ցանկացած օրենք պետք է լինի բավարար չափով մանրամասն` ապահովելու համար գործընթացի որոշակիությունն ու թափանցիկությունը, կանխատեսելիությունն ու արդյունավետությունը:

Նշված հանձնարարականի արդյունավետ կատարումն ապահովող ուղեցույցի (ընդունված Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) կողմից) համաձայն` իրավունքի գերակայության ապահովման և դատարանների նկատմամբ վստահության ապահովումը պահանջում է դատական ակտերի կատարման արդյունավետ և արդար գործընթաց:

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան)` իրավունքի գերակայության հիմնարար հայեցակետերից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է, որը, inter alia, պահանջում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը չպետք է կասկածի տակ դրվի: Եվրոպական դատարանը միաժամանակ նշել է, որ իրավական որոշակիությունը ենթադրում է res judicata (դատական ակտերի վերջնական լինելու) սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքն ընդգծում է, որ կողմերից ոչ մեկը իրավունք չունի պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` միայն գործի կրկնակի քննության և գործով նոր որոշման կայացման նպատակով: Այսինքն` հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա արդեն իսկ լուծված գործի կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի հանգամանքների ուժով (տե՛ս, Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 03.12.2015 թվականի վճիռը, 33-րդ կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանը ևս անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է համարվում այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ ներառվում են, ի թիվս այլնի, նաև հետևյալ դրույթները.

- դատարանների կողմից կայացված վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած որոշումները ենթակա չեն վերանայման,

- անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն,

- կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով,

- վերանայումը չի կարող լինել բողոքարկման քողարկված ձև, իսկ գործի նկատմամբ կողմերի հակադիր հայացքների առկայությունն ինքնին չի կարող հիմք ծառայել վերջնական դատական ակտի վերանայման համար (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան Վարդանյանի և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

i

Իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելիություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Դատական ակտի պարտադիրության հատկանիշը նշանակում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տե՛ս, Լուսինե Խլղաթյանն ընդդեմ Վահան Խլղաթյանի և մյուսների թիվ ԼԴ/0916/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Իրավական որոշակիության և դատական ակտերի պարտադիրության սկզբունքների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ այս կամ այն կոնկրետ հարցը քննարկվել և լուծվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, ապա այդ նույն հարցն այլևս չի կարող բարձրացվել դատարանի առջև և քննարկման առարկա դառնալ վերջինիս կողմից: Հակառակ դեպքում կվտանգվեն իրավական որոշակիության ու դատական ակտերի պարտադիրության սկզբունքները:

Իրավական որոշակիության սկզբունքը դրված է նաև դատավարական իրավահարաբերությունների կարգավորման հիմքում: Մասնավորապես, դատարանի մատչելիության իրավունքի իրավաչափ սահմանափակումները, ի թիվս այլնի, ներառում են դատարան դիմելու համար որոշակի ողջամիտ ժամկետների սահմանումը, ինչը նպատակ է հետապնդում ապահովել իրավական որոշակիությունն ու անվտանգությունը: Միաժամանակ, ժամկետների սահմանմամբ հետապնդվող նշված իրավաչափ նպատակի հետ հավասարակշռելով դատական պաշտպանության իրավունքի իրացման շահը, որպես դատական պաշտպանության երաշխավորման կառուցակարգ` սահմանվել է բաց թողնված ժամկետի վերականգնման ինստիտուտը:

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին դատարանը կայացնում է որոշում և հետագայում այդ մասին նշում է գործն ըստ էության լուծող դատական ակտում: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին ՀՀ վարչական դատարանի որոշումը բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտ է:

Ըստ այդմ` յուրաքանչյուր դեպքում, երբ անձը բաց է թողել ՀՀ վարչական դատավարական օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` դատարան հայց ներկայացնելու ժամկետը, նրանից պահանջվում է ներկայացնել բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն` վկայակոչելով ժամկետը բաց թողնելու կոնկրետ պատճառ, որի հարգելիությունը ենթակա է գնահատման ՀՀ վարչական դատարանի կողմից` բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ առկա է դատարանի բողոքարկման ենթակա որոշում` դատարան հայց ներկայացնելու համար սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, դատավարության մասնակիցներն իրենց շահերի պաշտպանությունը կարող են իրականացնել միայն այդ որոշումը բողոքարկելու միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ այն դեպքում, երբ դատարանը, հայցադիմումի ընդունելիության փուլում, քննարկելով հայցվորի ներկայացրած` հայց ներկայացնելու դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, բավարարել է այն` հայցադիմումն ընդունելով վարույթ, սակայն գործի քննության ընթացքում դատավարության մյուս մասնակցի (մասնակիցների) կողմից ներկայացվել են փաստեր ու փաստարկներ` հայցադիմումը ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու փաստի վերաբերյալ, և այդ հիմքով` գործի վարույթը կարճելու միջնորդություն, դատարանը կաշկանդված է հայցադիմումի ընդունելիության փուլում կայացված` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին բողոքարկման ենթակա որոշման առկայության փաստով: Ըստ այդմ` հավասարակշռելով հայցվոր կողմի և դատավարության մյուս մասնակիցների շահերը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ դատարանի որոշման առկայության պայմաններում պատասխանողի կամ երրորդ անձի շահերի իրավական պաշտպանության պատշաճ միջոցը բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ դատարանի որոշման բողոքարկումն է: Հետևաբար, խնդրո առարկա իրավիճակում գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից քննարկման է ենթակա պատասխանողի կամ երրորդ անձի կողմից` հայցադիմումի ընդունելիության փուլում կայացված` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին որոշման բողոքարկման արդյունքում այդ որոշումը վերացվելուց հետո միայն: Նշված որոշման բողոքարկման արդյունքում որոշումը վերացվելու դեպքում դատարանն իրավասու է կարճել գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիման վրա` համակցված նույն Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հետ:

i

Վերոհիշյալի իրավական դիրքորոշումների հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ եթե վարչական դատարանը հայցադիմումի ընդունելիության փուլում, քննարկելով բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, վերականգնել է վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված երկամսյա ժամկետը և հայցադիմումն ընդունել վարույթ, ապա չի կարող կարճել գործի վարույթը, քանի դեռ պատասխանողը կամ երրորդ անձը չի բողոքարկել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին որոշումը, և բողոքարկման արդյունքում այդ որոշումը չի վերացվել (տե՛ս, Արտյոմ և Գոհար Գասպարյանները, Մարինե Գրիգորյանը, Գեղեցիկ Սարգսյանը, Անի Ամիրգուլյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0585/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.06.2023 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումները և ելնելով նաև իրավական որոշակիության, կանխատեսելիության և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրության սկզբունքներից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում երբ հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով (ՀՀ վարչական դատարանի կամ վերջինիս որոշման բողոքարկման արդյունքում` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշմամբ) հարգելի է համարվել հայցվորի կողմից միջնորդությամբ վկայակոչված` դատարան դիմելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը և ըստ այդմ` այդ ժամկետը վերականգնվել է, ապա այդ նույն պատճառի հարգելիության հարցն այլևս քննարկման առարկա չի կարող դառնալ: Եթե պատասխանողը և (կամ) երրորդ անձն առարկություն ունի (ունեն) ընդդեմ բաց թողնված ժամկետի վերականգնման, ապա իր (իրենց) շահերի պաշտպանությունը կարող է (են) իրացնել բացառապես բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ դատական ակտի բողոքարկման իրավունքն իրացնելու միջոցով: Իսկ այն դեպքում, երբ պատասխանողը և (կամ) երրորդ անձն արդեն իսկ իրացրել է (են) իր (իրենց) բողոքարկման իրավունքը և բողոքը չի բավարարվել, ապա այլևս թույլատրելի չէ հայցվորի կողմից դատարան դիմելու ժամկետը բաց թողած լինելու հիմքով գործի վարույթը կարճելու` պատասխանողի և (կամ) երրորդ անձի միջնորդությունը: Հակառակ դեպքում, կստացվի, որ պատասխանողը և (կամ) երրորդ անձն օգտվում է (են) բաց թողնված ժամկետը վերականգնելու դեմ կրկնակի պաշտպանության հնարավորությունից:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ թույլատրելի չէ հայցադիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննարկումն այն պայմաններում, երբ արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ` հայցադիմում ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Ընկերությունը 28.08.2018 թվականին դիմելով Դատարան` պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 28.12.2004 թվականի թիվ 2435-Ա որոշումը: Միաժամանակ հայցվոր Ընկերությունը ներկայացրել է միջնորդություն` ժամկետի բաց թողումը հարգելի համարելու մասին:

ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Հ. Այվազյան) 01.10.2018 թվականին կայացրել է «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում, որի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (դատավոր` Ա. Պողոսյան) 25.01.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ վարչական դատարանի 01.10.2018 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացվել է: Նշված որոշմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն արձանագրել է, որ «(....) սույն գործով վիճարկվող որոշման մասին հայցվոր կողմը տեղեկացել է 26.06.2018 թվականին, այսինքն` մինչև 26.06.2018 թվականը հայցվորն օբյեկտիվորեն հնարավորություն չուներ վիճարկման առարկա դարձնելու նշյալ որոշումը, ընդ որում` բողոքաբերի այն պնդումը, որ որոշումը ստացվել է ավելի ուշ, չի հաստատվում գործում առկա որևէ ապացույցով: Ավելին` 27.08.2018 թվականին հայցադիմումը` կից փաստաթղթերով ուղարկվել է դատավարության մասնակիցներին, իսկ 28.08.2018 թվականին գործով վճարվել է պետական տուրքի գումարը և հայցադիմումը փոստային առաքմամբ ներկայացվել Դատարան:

Ստացվում է, որ հայցվորը դեռևս 26.06.2018 թվականից սկսած ձեռնամուխ է եղել իրականացնելու իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանությունը, սակայն օբյեկտիվ պատճառներով բաց է թողել վիճարկման հայցի համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ժամկետը:

(...) հայցվոր ընկերությունը չի հանդիսացել համապատասխան վարչական վարույթի մասնակից և վարչական ակտի հասցեատեր, արդյունքում Երևանի քաղաքապետի կողմից օրենքով սահմանված կարգով չի էլ իրազեկվել որոշման ընդունման մասին` արդեն իսկ ուժի մեջ մտած վիճարկվող որոշումը դատավարական կանոնով կարող է վիճարկել այն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում, ինչը հայցվորի համար օբյեկտիվորեն եղել է անհնարին և նա հարգելի պատճառով բաց է թողել վիճարկման հայցի համար սահմանված դատավարական ժամկետը (....):»:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը բողոքարկվելու և վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է վարույթ ընդունված սկզբնական ներկայացման օրը (սույն գործի նկատմամբ կիրառելի խմբագրությամբ):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.01.2019 թվականի որոշման հիմքով հայցադիմումը համարվել է վարույթ ընդունված և նշանակվել է դատական նիստ:

Այնուհետև, երրորդ անձանց կողմից 06.11.2020 ներկայացվել է միջնորդություն` գործի վարույթը կարճելու վերաբերյալ` հայցվոր Ընկերության կողմից դատարան դիմելու համար սահմանված ժամկետը բաց թողած լինելու պատճառաբանությամբ: Միջնորդությամբ, մասնավորապես, նշվել է, որ վիճարկվող վարչական ակտն Ընկերության համար հանգեցրել է փաստական հետևանքի, այն է` հայցվորի գործունեության վայրին հարող վիճելի տարածքի նկատմամբ երրորդ անձինք բացահայտ իրականացրել են իրենց տիրապետման և օգտագործման իրավունքները, որպիսի պայմաններում Ընկերությունը 2005 թվականի հունվարից տեղեկացված էր երրորդ անձանց ունեցած իրավունքների մասին:

ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Հ. Այվազյան), գործի վարույթը կարճելու վերաբերյալ երրորդ անձանց կողմից ներկայացված միջնորդության քննարկման արդյունքում 30.04.2021 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճել է` Ընկերության կողմից հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա դատավարական ժամկետը բաց թողնված լինելու պատճառաբանությամբ:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Է. Նահապետյան, դատավորներ` Ա. Հարությունյան, Կ. Գևորգյան) 22.06.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ վարչական դատարանի 30.04.2021 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` ամբողջ ծավալով նոր քննության: Նշված որոշմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, մասնավորապես, արձանագրել է. «(...) այն դեպքում, երբ դատարանը, հայցադիմումի ընդունելիության փուլում, քննարկելով հայցվորի ներկայացրած` հայց ներկայացնելու դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը, մերժել է, սակայն նշված որոշումը բողոքարկման արդյունքում վերացվել է, ապա հայցադիմումն ընդունելով վարույթ, գործի քննության ընթացքում դատավարության մյուս մասնակցի /մասնակիցների/ կողմից հայցադիմումը ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու փաստի վերաբերյալ նոր փաստեր և փաստարկներ այդ հիմքով` գործի վարույթը կարճելու միջնորդություն ներկայացնելու դեպքում դատարանն այլևս կաշկանդված է իր կայացրած բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը բողոքարկման արդյունքում վերացվելու փաստով և չի կարող դատավարության մյուս մասնակցի /մասնակիցների/ միջնորդությունը քննարկելու արդյունքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով կարճել գործի վարույթը»:

Դատարանը, գործի նոր քննության վարույթի շրջանակներում քննարկելով Ընկերության միջնորդությունը` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին, 24.06.2024 թվականի որոշմամբ բավարարել է այն` արձանագրելով, որ «(...) Այսպիսով, հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, ինչպես նաև հաշվի առնելով միջնորդությունը ներկայացրած անձի փաստարկները և դրանք համադրելով ներկայացված տվյալների և տեղեկությունների և սույն վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.01.2019թ. որոշմամբ հաստատված հանգամանքների հետ, առաջնորդվելով անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման մատչելիությունն ապահովելու սկզբունքով` դատարանը գտնում է, որ հայցվորը չպետք է զրկվի իր իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքից և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը պետք է բավարարել:»:

Վերաքննիչ դատարանը, 23.09.2024 թվականի որոշմամբ մասնակիորեն բավարարելով երրորդ անձանց վերաքննիչ բողոքը, վերացրել է Դատարանի 24.06.2024 թվականի որոշումը` արձանագրելով. «(....)Այսպես, ստացվում է, որ Վերաքննիչ դատարանի 22.06.2023 թվականի որոշմամբ արտացոլված դիրքորոշումը/մատնանշումն առ այն, որ Դատարանը գործի վարույթը կարճելու մասին միջնորդությունը ստանալուց հետո նախ պետք է ապահովեր բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հնարավորություն, վերաբերում է հայցվորի կողմից ենթադրաբար բաց թողնված ժամկետին` սկսած 2005 թվականից, քանզի կարճման միջնորդությունը վերաբերել է հենց այդ ժամկետին, այլ կերպ ասած` երրորդ անձինք Ռադիկ Աբրահամյանի, Արթուր Գալստյանի, Սեդա Գյուրջյանի, Սերգեյ Մելքումյանի և Գևորգ Նալբանդյանի կողմից սույն գործի վարույթը կարճելու մասին միջնորդության ներկայացմամբ կողմերի համար վիճելի է դարձել հայցվորի կողմից ենթադրաբար բաց թողնված ժամկետը` սկսած 2005 թվականից, Դատարանը գործի վարույթը կարճել է այդ ժամկետի քննարկման արդյունքում, մինչդեռ տվյալ պարագայում Դատարանը Վերաքննիչ դատարանի 22.06.2023 թվականի որոշման լույսի ներքո սույն դեպքում բողոքարկվող որոշմամբ այդ ժամկետին որևէ անդրադարձ չի կատարել: Ընդ որում, գործի նոր քննության վարույթում Դատարանի մատնանշման արդյունքում հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունը պարունակում է փաստարկներ 2005 թվականից սկսած:»:

Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափության գնահատման նպատակով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հայցադիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ Ընկերության կողմից ներկայացված միջնորդություններին և դրանցում` որպես ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ վկայակոչված փաստերին ու փաստարկներին:

Այսպես, սկզբնապես Ընկերությունը դատարան դիմելու սահմանված ժամկետի բաց թողումը հարգելի համարելու մասին միջնորդություն ներկայացրել է հայցադիմումի ընդունելիության փուլում` հայցադիմումին կից: Միջնորդությամբ` որպես վիճարկման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ` հայցվորը վկայակոչել է այն հանգամանքը, որ «կադաստրային գործի պատճենները հայցվոր կողմին տրամադրվել են 26.06.2018 թվականին, ինչի պայմաններում հայցվոր կողմը վիճարկվող վարչական ակտի մասին իրազեկվել է 26.06.2018 թվականին»:

Նշված միջնորդության մեջ վկայակոչված պատճառը հարգելի է համարվել և բաց թողնված ժամկետը վերականգնվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (դատավոր` Ա. Պողոսյան) 25.01.2019 թվականի որոշմամբ:

Այնուհետև, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.01.2019 թվականի որոշման արդյունքում վարույթ ընդունված գործի քննության ընթացքում ՀՀ վարչական դատարանը (դատավոր` Հ. Այվազյան), քննարկելով և բավարարելով գործի վարույթը կարճելու վերաբերյալ երրորդ անձանց կողմից ներկայացված միջնորդությունը, 30.04.2021 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճել է` Ընկերության կողմից հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա դատավարական ժամկետը բաց թողնված լինելու պատճառաբանությամբ:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Է. Նահապետյան, դատավորներ` Ա. Հարությունյան, Կ. Գևորգյան) 22.06.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ վարչական դատարանի 30.04.2021 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.06.2023 թվականի որոշման արդյունքում Դատարանում հարուցված գործի նոր քննության վարույթում 08.05.2024 թվականին հրավիրված դատական նիստում, Դատարանը, հավաստիանալով, որ երրորդ անձինք պնդում են գործի վարույթը կարճելու իրենց միջնորդությունը, «հաշվի առնելով, որ վիճարկվող որոշումը կայացվել է 28.12.2004 թվականին, իսկ հայցադիմումը դատարան է ներկայացվել 28.08.2018 թվականին, արձանագրել է, որ հայցվորի կողմից բաց է թողնվել վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը»: Արդյունքում Դատարանը 08.05.2023 թվականին հայցվոր Ընկերությանը հասցեագրել է թիվ ԴԴ9-33742 գրությունը` նշելով. «(...) հաշվի առնելով, որ վիճարկվող Երևանի քաղաքապետի որոշումը կայացվել է 28.12.2004 թվականին, իսկ հայցադիմումը փոստային առաքմամբ ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 28.08.2018 թվականին, այսինքն` հայցվորի կողմից բաց է թողնվել վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը, դատարանը հայցվորին առաջարկում է սույն գրությունը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել միջնորդություն բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին` դրանում նշելով բաց թողնման պատճառները»:

Ի պատասխան Դատարանի նշված գրության` հայցվոր Ընկերությունը Դատարանի կողմից սահմանված երկշաբաթյա ժամկետում, 14.06.2024 թվականին, ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն (թվով երկրորդ միջնորդությունը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին): Նշված միջնորդությամբ հայցվոր Ընկերությունը, մասնավորապես, փաստարկել է. «(...) վիճարկվող որոշումը հայցվոր կողմը ստացել է 27.06.2018 թվականից հետո, ինչի հանգամանքը հաստատվում է հետևյալով` 26.06.2018 թվականի Կադաստրի կոմիտեի (...) տեղեկանքով (...): (...) եթե պայմանականորեն հիմք ընդունենք այն հանգամանքը, որ 26.06.2018 թվականին է հայցվորի ներկայացուցչին տրամադրվել կադաստրային գործի պատճենը, այդ թվում` սույն գործի շրջանակներում վիճարկվող որոշման պատճենը, ապա նման պայմաններում ակնհայտ է, որ հայցադիմումը ներկայացվել է ընդամենը մեկ օր ուշացումով, սակայն նույնիսկ այդ մեկ օր ուշացումը հարգելի համարելու հիմքերը կան (...)»: Հատկանշական է, որ միջնորդությամբ հայցվոր Ընկերության ներկայացուցիչը շեշտադրել է նաև, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.01.2019 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ արդեն իսկ հաստատվել է, որ «բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը մերժելը ոչ իրավաչափ է և ենթակա է վերացման»:

Համեմատական վերլուծության ենթարկելով սկզբնապես` հայցադիմումի ընդունելիության փուլում, և գործի նոր քննության վարույթում Դատարան ներկայացված հայցվոր Ընկերության` դատարան դիմելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երկու միջնորդություններում էլ հայցվոր Ընկերությունն ըստ էության վկայակոչել է դատարան դիմելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու միևնույն պատճառը: Մասնավորապես, երկու դեպքում էլ հայցվոր Ընկերությունը շեշտադրել է, որ, չլինելով վիճարկվող վարչական ակտով եզրափակված վարչական վարույթի մասնակից, վիճարկման հայց ներկայացնելու օբյեկտիվ հնարավորություն ստացել է միայն ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 26.06.2018 թվականին կադաստրային գործն Ընկերությանը տրամադրելու և այդ միջոցով վիճարկվող վարչական ակտին ծանոթանալու արդյունքում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված պատճառի հարգելիությունն արդեն իսկ գնահատվել և ըստ այդմ` բաց թողնված ժամկետը վերականգնվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (դատավոր` Ա. Պողոսյան) 25.01.2019 թվականի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ: Իսկ երրորդ անձինք բաց թողնված ժամկետը վերականգնելու դեմ առարկելու իրենց դատավարական իրավունքն իրացրել են ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.01.2019 թվականի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու միջոցով (ՀՀ վճռաբեկ դատարանի 02.10.2019 թվականի որոշմամբ երրորդ անձանց կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի ընդունումը մերժվել է):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում, իրավական որոշակիության և կանխատեսելիության, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրության սկզբունքներին համապատասխան, հայցվորն իրավական ակնկալիք ուներ, որ հայցադիմումը վարույթ ընդունելու համար սկզբնապես` հայցադիմումի ընդունելիության փուլում, գոյություն ունեցած խոչընդոտը` դատարան դիմելու համար սահմանված ժամկետի բաց թողումը, այլևս հաղթահարված է, և իր վեճը ենթակա է ըստ էության քննության: Ըստ այդմ` վերն արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվոր Ընկերության կողմից վկայակոչված` դատարան դիմելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառի հարգելիությունը չէր կարող գնահատվել կրկին, և բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը քննարկման ենթակա չէր:

Մինչդեռ, բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում, հայցվոր Ընկերության կողմից վկայակոչված` դատարան դիմելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառի հարգելիության հարցը կրկին քննարկման առարկա է դարձել Դատարանի 24.06.2024 թվականի որոշմամբ: Հատկանշական է, որ Դատարանն իր որոշմամբ, վկայակոչելով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.01.2019 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, ևս փաստել է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.01.2019 թվականի «օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արդեն իսկ հաստատվել է, որ սույն վարչական գործով հայցվորը վիճարկման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական ժամկետը բաց է թողել օբյեկտիվ պատճառներով»:

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.01.2019 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշման առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ հայցվոր Ընկերության` բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության մերժմամբ տեղի է ունեցել անհամաչափ միջամտություն հայցվոր Ընկերության դատարանի մատչելիության իրավունքին:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` Վերաքննիչ դատարանի 23.09.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշումը վերացնելու համար:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 23.09.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Հ. Բեդևյան

Զեկուցող Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809925851

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.07.2025
N ՎԴ/9112/05/18
Որոշում