| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 ապրիլի 2021 թվականի N 603-Լ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-908-24.03.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. ապրիլի
Երևան
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-908-24.03.2021-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ` նաև Նախագիծ) նախատեսվում է փոփոխություն և լրացումներ իրականացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 169.28-րդ հոդվածում, որը պատասխանատվություն է սահմանում հայտարարագրերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սահմանված ժամկետներում չներկայացնելու կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելու կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար: Ընդ որում, Նախագծով առաջարկվող փոփոխությունը վերաբերում է հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելուն: Մասնավորապես, ներկայացված Նախագծով առաջարկվում է 169.28-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5. Հայտարարատուի կողմից հայտարարագրում առաջին անգամ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը` առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ»:
Նախագծով առաջարկվում է նաև նշված հոդվածը 5-րդ մասից հետո լրացնել նոր` 6-րդ և 7-րդ մասերով, այն է`
«6. Հայտարարատուի կողմից հայտարարագրում երկրորդ անգամ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
7. Հայտարարատուի կողմից հայտարարագրում երրորդ և ավելի անգամ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:»:
Օրենսգրքում նման փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ ներկայումս հայտարարագիր լրացնում և ներկայացնում են նաև հանրային ծառայողները, որոնց դեպքում գործող տուգանքի չափը անհամաչափ է, քանի որ վերջիններս վարձատրվում են շատ ավելի ցածր:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումները.
«Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայտարարատու պաշտոնատար անձինք պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու օրերին հաջորդող 30 օրվա ընթացքում ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Նշված անձինք պաշտոնավարման ընթացքում տարեկան հայտարարագրերը ներկայացնում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 31-ը:»:
Նույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված և չհրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը կարող են հայտարարագրում ուղղում անելու միջոցով վերացնել հայտարարագիրը հանձնելուց հետո` քառօրյա ժամկետում: Հայտարարատու պաշտոնատար անձը, նրա ընտանիքի անդամը հանձնված և հրապարակված հայտարարագրում իրենց հայտնաբերած անհամապատասխանությունը վերացնելու նպատակով կարող են դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Հանձնաժողովը մերժում է դիմումը, եթե դրանում նշված տվյալի անհամապատասխանությունն այլ կերպ բացահայտված է (...):»:
Վերը նշվածից պարզ է դառնում, որ հայտարարագիր ներկայացնելուց հետո անձը կարող է չհրապարակված հայտարարագրում քառօրյա ժամկետում իրականացնել ներկայացված տեղեկատվության շտկում: Ավելին, երբ հայտարարատուն հրապարակված հայտարարագրում հայտնաբերում է անհամապատասխանություն, սեփական դիմումի հիման վրա կարող է շտկել այն: Այսինքն` «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված են համապատասխան օբյեկտիվ երաշխիքներ, որոնց պայմաններում անձը հնարավորություն ունի վերացնելու իր կողմից հայտնաբերված անհամապատասխանությունները, այդ թվում` անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական ներկայացված տվյալները:
Վերոգրյալ կարգավորումների պայմաններում, երբ առկա են օրենսդրորեն տրված հնարավորություններ` հայտարարագրում առկա անհամապատասխանություններն անձի կողմից ինքնուրույն շտկելու համար, հայտարարագրում սխալ և ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար նախազգուշացում կիրառելը փաստացի կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ հայտարարատուները, վստահ լինելով, որ զանցանքի համար նախատեսված է նախազգուշացում, հայտարարագրերի նկատմամբ դրսևորեն առավել անփույթ վարքագիծ: Մինչդեռ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր խախտման դեպքով իրականացվում է համապարփակ ուսումնասիրություն, հարուցվում է վարույթ, ինչը պահանջում է Հանձնաժողովի ռեսուրսների ներդրում:
Այդ համատեքստում պետք է ուշադրություն դարձնել նաև նշված իրավախախտման վտանգավորության աստիճանին և տույժի սահմանմամբ հետապնդվող նպատակին: Օրենսգրքի 169.28-րդ հոդվածի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ հոդվածի շրջանակում նկարագրվող գրեթե բոլոր իրավախախտումների համար կիրառվում է տուգանք վարչական տույժը: Ընդ որում, միակ իրավախախտումը, որի համար նախատեսվում է նախազգուշացում, այն է` հայտարարատուի կողմից հայտարարագիրը` դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելը, հիմնականում կրում է տեխնիկական բնույթ, և տվյալ դեպքում խախտվում են միայն հայտարարագրի ձևին ներկայացվող օրենսդրական պահանջները:
Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ հոդվածով նկարագրված զանցանքները բովանդակային առումով ուղղված են կոռուպցիոն հնարավոր երևույթները քողարկելուն, ուստի նշված շրջանակում իրականացվող իրավախախտումներն ունեն առավել բարձր վտանգավորություն:
Այսպես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարչական պատասխանատվության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշում` ամրագրելով, որ արարքի ֆինանսական պատասխանատվությունն այնպիսի զսպող միջոցի կիրառմամբ, ինչպիսին տուգանքն է, պետության հայեցողության տիրույթում է (Վալիկո ՍՊԸ-ն ընդդեմ Իտալիայի (Yalico S.r.l. v. Italy) 2006 թ. մարտի 21-ի որոշում)(1):
_______________________________
1) https://hudoc.echr.coe.int/eng#{%22fulltext%22:[%22valico%22], %22documentcollectionid2%22:[%22GRANDCHAMBER%22,%22CHAMBER%22, %22DECISIONS%22],%22kpdate%22:[%222006-03-21T00:00:00.0Z%22, %222006-03-25T00:00:00.0Z%22],%22itemid%22:[%22001-110210%22]}
ՀՀ սահմանադրական դատարանն իր հերթին 2016 թվականի հուլիսի 8-ի ՍԴՈ-1291 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «...արձանագրելով, որ օրենսդրի իրավասության շրջանակներում է, մասնավորապես, որոշել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության դրույթների բովանդակությունը, այն արարքների շրջանակը, որոնց կատարումը հանգեցնում է վարչական պատասխանատվության, սահմանել վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտների, վարչական պատասխանատվության միջոցների ու չափերի շրջանակը, միաժամանակ անհրաժեշտ է համարում նշել, որ հիշյալ հարցերում օրենսդրի հայեցողությունն ունի իր սահմանադրական շրջանակները: Նշված լիազորություններն իրացնելիս օրենսդիրը պետք է ղեկավարվի սահմանադրական սկզբունքներով: Հանրային իշխանության իրականացումը, նախևառաջ, սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող` համաչափության ընդհանուր սկզբունքով, որը հանդիսանում է իրավական պատասխանատվության, այդ թվում` վարչական պատասխանատվության, հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկը:»:
ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշման մեջ, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է, որ. «...համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև:»:
Վերոգրյալի համատեքստում հարկ է արձանագրել, որ տույժն արդարացի է, եթե համաչափ է կատարված զանցանքին և բավարար է տույժի նշանակման նպատակներին հասնելու տեսանկյունից: Իսկ սույն դեպքում, կարծում ենք, որ տուգանքի ձևով վարչական տույժի սահմանումը բավարարում է այդ չափանիշներին:
Ասվածը հիմնավորվում է նաև արտասահմանյան երկրների փորձի ուսումնասիրությամբ: Այսպես, նախ` հարկ է նշել, որ քննարկվող իրավախախտման համար պատասխանատվություն (և` վարչական, և` քրեական) սահմանված է նաև մի շարք երկրներում, որոնց փորձը, որոշակի տարբերություններով հանդերձ, վկայում է այն մասին, որ հայտարարագիրը սահմանված կարգով չներկայացնելու կամ սխալ ու ոչ ամբողջական ներկայացնելու համար սահմանվում է համեմատաբար խիստ պատասխանատվություն:
Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության` «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» դաշնային օրենքի(2) համաձայն` այն պաշտոնատար անձը, ով սահմանված կարգով չի ներկայացրել եկամուտների, գույքի և գույքային բնույթի պարտավորությունների մասին հայտարարագիրը կամ ծախսերի վերաբերյալ հայտարարագիրը կամ վերջինիս մեջ թերի կամ ոչ հավաստի տեղեկություններ է ներկայացրել, ազատվում է զբաղեցրած պաշտոնից:
_________________________________
2) https://digital.qov.ru/ru/documents/3419/
Գերմանիայի` «Բունդեսթագի անդամների վարվելակերպի կանոնների մասին» օրենքի համաձայն(3)` եթե Բունդեսթագի անդամն իր եկամուտներն ու գույքը, ինչպես նաև մատուցված ծառայությունները չի հայտարարագրել, ապա նրա նկատմամբ կարող է սահմանվել տուգանք, որը չպետք է գերազանցի վերջինիս տարեկան աշխատավարձի կեսը, իսկ թեթև վտանգավորության արարքի դեպքում` կարող է տրվել նախազգուշացում:
__________________________________________
3) https://www.bundestag.de/resource/blob/195006/a1232d4a394f7cdee1 b9bccc2f374880/code of con duct-data.pdf
Ֆիլիպինների` «Հանրային ծառայողների և աշխատողների էթիկայի և վարվելակերպի կանոնների մասին» օրենքի համաձայն(4)` եթե պաշտոնատար անձը պատշաճ կերպով չի ներկայացրել հայտարարագիրը, ապա պետք է վճարի տուգանք, որը չի գերազանցում վերջինիս տարեկան աշխատավարձի կեսը, կամ նրա պաշտոնավարումը կասեցվում է մինչև մեկ տարի ժամկետով, կամ եթե արարքն առավել վտանգավոր է, ապա վերջինս կարող է ազատվել աշխատանքից:
__________________________________
4) https://lawphil.net/statutes/repacts/ra1989/ra 6713 1989.html#:~:text=Public%20officials%20and%20employees%20shall, public%20interest%20over%20personal%20interest.
Բելգիայի` «Մանդատի, գործառույթների և գույքային ակտիվների հայտարարագրման պարտավորության մասին»(5) օրենքի համաձայն` հայտարարագիրը ոչ պատշաճ ներկայացնելու դեպքում պաշտոնատար անձը պետք է վճարի տուգանք` 100-ից 1000 եվրոյի սահմաններում, իսկ եթե նույն արարքը վերջինիս կողմից 3 տարվա ընթացքում կրկնվել է, ապա տուգանքի չափերը եռապատկվում են:
___________________________________
5) https://www.ejustice.just.fgov.be/cgi loi/change lg 2.pl?language= fr&nm=1995021222&la=F
Ավելի մեղմ սանկցիաներ են նախատեսվում, օրինակ, Շվեդիայի` «Ռայխստագի անդամների տնտեսական շահերի և պարտավորությունների մասին»(6) օրենքով, որի համաձայն` եթե Ռայխստագի անդամը պատշաճ չի ներկայացրել հայտարարագիրը, ապա այդ մասին հայտարարվում է լիագումար նիստի ժամանակ: Մեծ Բրիտանիայում(7) Համայնքների պալատի անդամի վարվելակերպի կանոնների համաձայն` եթե անդամը չի ներկայացրել հայտարարագիրը, ապա պետք է ներողություն խնդրի նիստի ժամանակ:
___________________________________
6) http://www.oecd.org/corruption/anti-bribery/47489446.pdf
7) https://www.right2info.org/resources/publications/asset-declarations /uk code-of-conduct-house-of-commons
Միջազգային փորձի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հայտարարագրերում սխալ կամ ոչ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կիրառվում են պատասխանատվության խիստ միջոցներ: Օրինակ, ինչպես արդեն նշվեց, տարածված պատասխանատվության տեսակ է զբաղեցրած պաշտոնի դադարեցումը, կասեցումը կամ տուգանքի կիրառումը: Մասնավորապես, կիրառվող տուգանքի չափը կարող է հասնել մի քանի հարյուր եվրոյից կամ դոլարից մինչև մի քանի հազարի, իսկ պաշտոնատար անձի պարտավորությունները կարող են կասեցվել մինչև 1 տարի ժամկետով (օրինակ` Բելգիա, Գերմանիա, Ֆիլիպիններ) և այլն: Այլ երկրներում հայտարարագրերում սխալ տեղեկատվություն ներկայացնելու համար պատասխանատվության նախազգուշացում տեսակը հազվադեպ է կիրառվում, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ այն սույն իրավախախտման կանխարգելման արդյունավետության տեսանկյունից խնդրահարույց է:
Բացի այդ, Նախագծով առաջարկվում է հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը տարբերակել` կախված նման խախտումը առաջին, երկրորդ, երրորդ և ավելի անգամ անզգուշությամբ կատարելու հանգամանքից: Հարկ է նշել, որ սույն իրավախախտման դեպքում «առաջին, երկրորդ կամ երրորդ և ավելի անգամ անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը» տերմինների կիրառումն իրավական տեսանկյունից խնդրահարույց է: Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրորդ անգամ նույն արարքի համար վարչական պատասխանատվություն կիրառելիս հիմք է ընդունվում վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն արարքը կատարելու հանգամանքը, ինչը պայմանավորված է Օրենսգրքի 38-րդ հոդվածի կարգավորմամբ, համաձայն որի` եթե վարչական տույժի ենթարկված անձը տույժի կատարումն ավարտելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոր վարչական իրավախախտում չի կատարում, համարվում է վարչական տույժի չենթարկված: Այսինքն` Օրենսգիրքը համանման իրավահարաբերությունների դեպքում ամրագրում է որոշակի պայմաններ, որոնք, ըստ էության, իրենց արտացոլումը չեն գտել առաջարկվող կարգավորումներում:
Ելնելով վերոգրյալից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը Նախագծի ընդունումը` ներկայացված կարգավորումների տեսքով, համարում է ոչ նպատակահարմար: Միաժամանակ, Նախագծով և հիմնավորմամբ բարձրացվող խնդիրը լուծելու տեսանկյունից առաջարկվում է դիտարկել Օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասի սանկցիայի ստորին շեմը վերանայելու հնարավորությունը: