ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
19 ապրիլի 2021 թվականի N 1314-Լ
«ՖԱԳՈՌՈՒԲ ՍՈԼՈՒԹԻՈՆ ՍՊՍ» ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի հավելվածի 20-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` «ՖԱԳՈՌՈՒԲ ՍՈԼՈՒԹԻՈՆ ՍՊՍ» մաշկային հականեխիչի կիրառման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյան` հրամանը տեղադրել առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2021 թ. ապրիլի 19-ի
1314-Լ հրամանի
ՀՐԱՀԱՆԳ «ՖԱԳՈՌՈՒԲ ՍՈԼՈՒԹԻՈՆ ՍՊՍ» ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉԻ ԿԻՐԱՌՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «ՖԱԳՈՌՈՒԲ ՍՈԼՈՒԹԻՈՆ ՍՊՍ» միջոցը (այսուհետ` միջոց) իրենից ներկայացնում է կիրառման համար պատրաստի, անգույն, թափանցիկ, ջրասպիրտային լուծույթի տեսքով, սպիրտի հոտով մաշկային հականեխիչ: Որպես ազդող նյութեր` միջոցը պարունակում է էթիլ սպիրտ` 72%, ջուր, ինչպես նաև ձեռքերի մաշկը փափկացնող, վերականգնող և խոնավեցնող օժանդակ բաղադրիչներ:
2. Միջոցը թողարկվում է 30 մլ, 75 մլ, 100 մլ, 300 մլ (պոմպով), 500 մլ (պոմպով և դիսպենսերի համար), 1 լ (պոմպով և էյրլեսով), 5 լ, 200 լ և 1000 լ տարողությամբ պլաստիկ սրվակներով և տարաներով: Միջոցի pH-ը` 8 է: Միջոցի պիտանելիության ժամկետը 5 տարի է` պատրաստման օրվանից, արտադրողի չբացված փաթեթավորմամբ: Միջոցի ախտահանման արդյունքի երկարաձգված ազդեցությունը 3 ժամ է:
3. Միջոցն օժտված է մանրէասպան, սնկասպան (այդ թվում Կանդիդա ցեղի սնկերի և դերմատոֆիտների նկատմամբ), տուբերկուլասպան (թեստավորված M. Terrae-ի և M. Avium-ի վրա) և վիրուսասպան ազդեցությամբ (այդ թվում հեպատիտներ Բ-ի և Ց-ի, ՄԻԱՎ, հերպեսի վիրուսների, ադենովիրուսների, պոլիվիրուսների, ռոտավիրուսների, կորոնավիրուսների, նորովիրուսների, գրիպի վիրուսների, այդ թվում` A H5N1 և A H1N1 նկատմամբ):
4. Միջոցը, ըստ սուր թունավորության չափանիշների, ստամոքս ներմուծելիս և մաշկի վրա լցվելիս (համաձայն ԳՕՍՏ 12.1.007-76) պատկանում է քիչ թունավոր նյութերի 4-րդ դասին: Միջոցն օժտված չէ տեղային-գրգռիչ, մաշկային-ռեզորբտիվ և գերզգայունացնող հատկություններով: Էթիլ սպիրտի սահմանային թույլատրելի խտությունը (ՍԹԽ) աշխատանքային գոտու օդում 1000 մգ/մ3 է:
5. Միջոցը նախատեսված է հետևյալի համար.
1) Ձեռքերի հիգիենիկ մշակման համար` ցանկացած ուղղվածության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում (այսուհետ` բժշկական կազմակերպություն), ներառյալ մանկական և նեոնատոլոգիական բաժանմունքները, բուժանձնակազմի, արտակարգ իրավիճակների գոտում` բուժանձնակազմի և փրկարարների, մանկական նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատություններում, սոցիալական ծառայություն տրամադրող հաստատություններում (տարեցների, հաշմանդամների տուն)` բուժաշխատողների, դեղատներում և դեղատնային հաստատություններում, քիմիա-դեղագործական, կենսատեխնոլոգիական և օծանելիքակոսմետիկական կազմակերպություններում, հասարակական սննդի կազմակերպություններում, սննդի, կաթի արդյունաբերության, առևտրի, առողջարանակուրորտային կազմակերպություններում, սպասարկման ոլորտի օբյեկտներում (այդ թվում վարսավիրական, կոսմետիկ սրահների և այլն)` անձնակազմի,
2) Վիրաբույժների, վիրահատական բուժքույրերի և վիրահատությանը, ծննդաբերությանը մասնակցող այլ անձանց ձեռքերի մշակման համար` ցանկացած ուղղվածության բժշկական կազմակերպությունում, ներառյալ մանկական բաժանմունքները և նեոնատոլոգիական բաժանմունքները,
3) Դոնորների արմնկային ծալքերի, վիրահատական և ներարկային դաշտերի մշակման համար,
4) Կենցաղում` բնակչության կողմից կիրառման համար («Կենցաղի համար» պիտակով):
2. ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄ
6. Միջոցը ունիվերսալ հականեխիչ է: Օգտագործվում է այնտեղ, որտեղ անհրաժեշտ է ձեռքերի հիգիենիկ հականեխում.
1) բժշկական կազմակերպությունների ցանկացած ուղղվածության բաժանմունքներում` պացիենտների խնամքի ժամանակ,
2) մանկական նախադպրոցական և դպրոցական հաստատություններում,
3) սանիտարական մեքենաներում,
4) բժիշկների և բուժքույրերի սենյակներում,
5) ամբուլատոր և պոլիկլինիկական հաստատություններում,
6) լաբորատորիաներում,
7) բոլոր ուղղվածությունների գործունեություն իրականացնող բժիշկների համար,
8) տնային պայմաններում տարեցներին, հաշմանդամներին և նորածիններին խնամելու ժամանակ,
9) կոսմետիկ սրահներում, վարսավիրանոցներում,
10) սպասարկման ոլորտի օբյեկտներում,
11) սննդի, կաթնամթերքի արդյունաբերությունում, հանրային սննդի և այլ կազմակերպություններում:
7. Ձեռքերի հիգիենիկ մշակումն ուղղված է տրանզիտոր (ժամանակավոր) միկրոֆլորայի դեմ: Ձեռքերի հիգիենիկ մշակում առաջարկվում է.
1) պացիենտի հետ շփումից առաջ,
2) մաքուր/ասեպտիկ գործողությունից առաջ,
3) կենսաբանական հեղուկների հետ շփման ռիսկի հետ կապված իրավիճակից հետո,
4) պացիենտի հետ շփումից հետո, պացիենտի շրջակայքում շրջակա միջավայրի օբյեկտների հետ շփումից հետո:
8. Չոր ձեռքերի վրա (առանց օճառով ու ջրով նախապես լվացվելու) լցնում են 3 մլ միջոց և այն ներմերսում մաշկի մեջ մինչև չորանալը, սակայն առնվազն 30 վայրկյան, ուշադրություն դարձնելով մատների ծայրերի և միջմատնային մասերի մշակման մանրակրկիտության վրա, պահպանելով մեթոդաբանությունը (տե՛ս 9-րդ կետի սխեման).
9. Ձեռքերի հիգիենիկ մշակման մեթոդաբանությունը.
1) Ձեռքերի ափային մակերեսները տրորել հետդարձ-առաջընթաց շարժումներով, խաչելով ձեռքերի մատները:

2) Մի ձեռքի ափային մակերեսով տրորել մյուս ձեռքի ետևի մակերեսը, ընդգրկելով միջմատնային հատվածները:

3) Հերթով, մի ձեռքի մատների բարձիկներով` «պտղունցի» նման հավաքված, մյուս ձեռքի ափային փոսիկի մեջ կատարել շրջանաձև շարժումներ` ժամացույցի սլաքի և հակառակ ուղղությամբ:

4) Մատները «փական» ձևով միացնելով, յուրաքանչյուր ձեռքի ծալված մատների ետևի կողմով պտտական շարժումներով տրորել հակառակ ձեռքի ափը:

5) Ձեռքի մեջ առնելով բութ մատը, այն շրջանաձև շարժումներով տրորել ժամացույցի սլաքի և հակառակ ուղղությամբ մյուս ձեռքի ափային մակերեսի մեջ:

6) Մի ձեռքի ափային կողմով տրորել մյուս ձեռքի ափի ներքին եզրը:

7) Մի ձեռքի ափային մակերեսով տրորել մյուս ձեռքի դաստակները շրջանաձև շարժումներով ժամացույցի սլաքի և հակառակ ուղղությամբ:

10. Վիրաբույժների, վիրաբուժական բուժքույրերի և վիրահատություններին, ծննդաբերություններին մասնակցող այլ անձանց ձեռքերի մշակում.
1) Բուժանձնակազմի ձեռքերի վիրաբուժական ախտահանումն ուղղված է ձեռքերի տրանզիտոր (ժամանակավոր) և ռեզիդենտ (մշտական) մանրէների դեմ և իրականացվում է յուրաքանչյուր վիրահատական միջամտությունից առաջ (վիրաբուժական, մանկաբարձական), վիրաբուժական տեսակի հականեխում պահանջող գործողությունից առաջ (կենտրոնական կամ ասպիրացիոն կաթետերի տեղադրում, ամնիոցենտեզի, պլևրալ դրենաժի իրականացում և այլն): Միջոցի կիրառումից առաջ ձեռքերի դաստակները և նախաբազուկները 2 րոպե տևողությամբ մանրակրկիտ լվանում են տաք հոսող ջրով և հեղուկ հիգիենիկ օճառով, օրինակ` PHAGO'DERM SENSITIVE, PHAGO'DERM FLOWER կամ PHAGO'DERM PURE, հատուկ ուշադրություն դարձնելով մատների ծայրերի և հարեղնգային հատվածների վրա, դրանք մշակելով անձեռոցիկով կամ հատուկ մեկանգամյա խոզանակով (յուրաքանչյուր ձեռքը 15-ական վայրկյան): Ձեռքերը մանրակրկիտ չորացնում են մանրէազերծ թանզիվե անձեռոցիկով կամ ոչ մանրէազերծ առանց խավի, խավ չթողնող թղթե սրբիչով:
2) Ձեռքերի մշակումն իրականացնում են երկու փուլով` սկզբում ձեռքի ափի մեջ հավաքում են 3,0 մլ միջոց և այն 45 վրկ. ներմերսում ձեռքերի և նախաբազուկների մաշկի մեջ (ներառյալ արմունկի հատվածը), հատուկ ուշադրություն դարձնելով մատների ծայրերի, միջմատնային հատվածների, հարեղնգային մասերի վրա, դրանից հետո կրկին ափի մեջ հավաքում են 3,0 մլ միջոց և այն 45 վրկ. ներմերսում ձեռքերի դաստակների և նախաբազուկների մաշկի մեջ (բացառելով արմունկների հատվածը): Ներմերսման ամբողջ ընթացքում ձեռքերի մշակվող մասերը պահվում են խոնավ (միջոցով) վիճակում: Մշակման ընդհանուր ժամանակը 1,5 րոպե է: Մանրէազերծ ձեռնոցները հագնում են ձեռքերին միջոցի ամբողջական ներծծումից հետո:
3) Միջոցն օժտված է երկարաձգված ազդեցությամբ (3 ժամ): Վիրաբուժական միջամտության ժամանակի գերազանցման ժամանակ կրկնում են ձեռքերի վիրաբուժական ախտահանման գործողությունը:
4) Վիրահատական դաշտի, դոնորների արմնկային ծալքի, կաթետեր տեղադրելուց և հոդերի պունկցիայից առաջ մաշկի մշակում. մաշկը կրկնակի շփում են միջոցով առատորեն թրջված առանձին մանրէազերծ թանզիվե խծուծներով: Մշակումից հետո պահաժամը 2 րոպե է: Վիրահատության նախորդ օրը հիվանդը ցնցուղ (լոգանք) է ընդունում, փոխում սպիտակեղենը:
5) Ներարկային դաշտի մշակում. մաշկը շփում են միջոցով առատ թրջված մանրէազերծ բամբակե խծուծով: Մշակումից հետո պահաժամը 30 վայրկյան է:
3. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
11. Միջոցն օգտագործվում է միայն արտաքին կիրառման համար` նշանակությանը համապատասխան:
12. Չքսել վերքերի և լորձաթաղանթների վրա:
13. Խուսափել միջոցն աչքերի մեջ լցվելուց:
14. Դյուրավառ հեղուկ և գոլորշիներ են: Թույլ չտալ շփումը ջերմության աղբյուրների, տաք մակերեսների, կայծի, բաց կրակի և հրդեհման այլ աղբյուրների հետ:
15. Պիտանելիության ժամկետն սպառվելուց հետո միջոցը չօգտագործել:
4. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
16. Աչքերի մեջ միջոցի պատահական լցվելու ժամանակ դրանք մի քանի րոպե լվանալ հոսող ջրով: Հանել կոնտակտային լինզաները, եթե կրում են, և դա անելը հեշտ է: Աչքերի գրգռվածության ժամանակ կաթեցնել 1-2 կաթիլ նատրիումի սուլֆացիլի 30%-ոց լուծույթ: Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:
17. Ստամոքսի մեջ միջոցի պատահական հայտնվելու ժամանակ լվանալ բերանը ջրով, այնուհետև ընդունել ադսորբենտով մի քանի բաժակ ջուր (ակտիվացված ածուխի 10-15 մանրացված հաբ 1 բաժակ ջրին): Առաջին օգնության ցուցաբերումից հետո դիմել բժշկի, անհրաժեշտության դեպքում ցույց տալ պիտակը:
5. ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ
18. Միջոցի տեղափոխումն իրականացվում է տրանսպորտի բոլոր տեսակներով, որոնք պաշտպանում են արևի ուղիղ ճառագայթներից (ծածկ ունեցող տրանսպորտային միջոցներ), էթիլ սպիրտ պարունակող բեռների տեղափոխման կանոններին համապատասխան: Մանիպուլյացիոն նշաններն են` «Վերև», «Պաշտպանել արևի ճառագայթներից»:
19. Մեծ քանակությամբ միջոցի պատահական թափվելու ժամանակ վրան լցնում են ավազ կամ հող (չօգտագործել դյուրավառ նյութեր, օրինակ թեփ, տաշեղ), հավաքում կափարիչով տարայի մեջ` հետագա օգտահանման համար: Մեծ քանակությամբ միջոցի մաքրման ժամանակ օգտագործում են անհատական պաշտպանիչ հագուստ, ճտքակոշիկ, ռետինե կամ պոլիէթիլենե ձեռնոց, շնչառական օրգանների պաշտպանության համար A մակնիշի պատրոնով ՌՊԳ-67 կամ ՌՈՒ-60Մ տեսակի ունիվերսալ շնչադիմակներ կամ արդյունաբերական հակագազ:
20. Միջոցը չլցնել կոյուղու, ջրատարների, մակերեսային կամ ստորգետնյա ջրերի մեջ:
21. Միջոցը պահվում է բնօրինակ փաթեթավորմամբ` սառը, լավ օդափոխվող սենքում, դեղերից, սննդամթերքից առանձին, արևի ուղիղ ճառագայթներից, ջերմության աղբյուրներից, տաք մակերեսներից, կայծերից, բաց կրակից և այրման այլ աղբյուրներից հեռու տեղում, պլյուս 5 oC-ից մինչև պլյուս 30 oC ջերմաստիճանում:
6. ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ
22. Ըստ օրգանոլեպտիկ և ֆիզիկաքիմիական ցուցանիշների, միջոցը պետք է համապատասխանի սույն հրահանգի աղյուսակ 1-ում ներկայացված պահանջներին և նորմաներին:
Աղյուսակ 1.
Միջոցի որակի ցուցանիշներ
.________________________________________________.
| |Հսկվող ցուցանիշներ |Նորմա |
|__|________________________________|____________|
|1 |Արտաքին տեսք, գույն |Թափանցիկ, |
| | |անգույն |
| | |հեղուկ |
|__|________________________________|____________|
|2 |Հոտ |Սպիրտին |
| | |բնորոշ |
|__|________________________________|____________|
|3 |Միջոցի ջրածնային իոնների |8,0+-0,5 |
| |խտության ցուցանիշ (pH) | |
|__|________________________________|____________|
|4 |Էթիլ սպիրտի զանգվածային բաժին, %|68,4-75,6% |
.________________________________________________.
23. Արտաքին տեսքի որոշում: Միջոցի արտաքին տեսքը և գույնը գնահատում են ակնադիտորեն: Դրա համար 30-32 մմ ներքին տրամագծով անգույն ապակուց փորձանոթի մեջ կիսով չափ լցնում են միջոց և դիտում անցնող կամ արտացոլվող լույսի տակ: Հոտը գնահատվում է օրգանոլեպտիկ մեթոդով:
24. Ջրածնային իոնների խտության ցուցանիշի (pH) որոշում. չափվում է pH-ի որոշման ինդիկատորային շերտիկներով:
25. Էթանոլի զանգվածային բաժնի որոշումը.
1) Հետազոտության իրականացում. Էթանոլի զանգվածային բաժինը որոշում են ըստ ԳՕՍՏ 3639-79-ի, որը նախատեսում է ջրասպիրտային լուծույթների խտության որոշումը և հաջորդիվ` սպիրտի պարունակության որոշումը ալկոհոլաչափական աղյուսակով: Հեղուկ հետազոտվող նմուշի խտությունը չափում են 20 oC ջերմաստիճանում արեոմետրի կամ պիկնոմետրի օգնությամբ: Խտության արժեքով, օգտվելով ալկոհոլաչափական աղյուսակից, գտնում են էթանոլի զանգվածային բաժինը տոկոսներով:
2) Նորմատիվ փաստաթղթերի և արբիտրաժային հետազոտությունների պահանջներին համապատասխանության նկատմամբ պարտադիր հետազոտությունների իրականացման ժամանակ անհրաժեշտ է իրականացնել էթիլ սպիրտի նույնականացում գազային քրոմատոգրաֆման մեթոդով: Նույնականացումն իրականացվում է էթանոլի և հետազոտվող միջոցի պահման ժամանակների համեմատության միջոցով:
3) Սարքավորումներ և ռեակտիվներ.
ա) Քրոմատոգրաֆ լաբորատոր գազային բոցաիոնիզացիոն դետեկտորով,
բ) Մետաղական քրոմատոգրաֆիական սյուն` 100 սմ երկարությամբ և 0,3 սմ ներքին տրամագծով,
գ) Գլխադիր` պոլիսորբ-1` մասնիկների 0,1-0,3 մմ չափսով, ըստ ՏՈՒ 6-09-10-1834-88,
դ) Միկրոներարկիչ ՄՇ-1 տեսակի,
ե) Ազոտ գազանման տեխնիկական, սեղմված բալոնի մեջ, ըստ ԳՕՍՏ 9293-74,
զ) Ջրածին տեխնիկական, սեղմված բալոնի մեջ ըստ ԳՕՍՏ 3022-80 կամ ջրածնի գեներատորից,
է) Օդ տեխնիկական, սեղմված բալոնի մեջ կամ կոմպրեսորից ըստ ԳՕՍՏ 17433-80,
ը) Վայրկյանաչափ մեխանիկական ըստ ՏՈՒ 25-1819.0021-90,
թ) Էթանոլ քիմիապես մաքուր քրոմատոգրաֆման համար, անալիտիկ ստանդարտ:
4) Քրոմատոգրաֆման պայմաններ.
ա. Գազ-կրիչի արագություն 30 սմ3/րոպե
բ. Ջրածնի արագություն 30 սմ3/րոպե
գ. Օդի արագություն 300 սմ3/րոպե
դ. Կոլոնկայի թերմոստատի ջերմաստիճան 135 oC
ե. Դետեկտորի ջերմաստիճան 150 oC
զ. Գոլորշացուցիչի ջերմաստիճան 200 oC
է. Դիագրամային ժապավենի շարժման արագություն 200 մմ/ժամ
ը. Էթիլ սպիրտի պահման ժամանակ ~2 րոպե 30 վրկ
5) Նվազման գործակիցն ընտրում են այնպես, որպեսզի քրոմատոգրաֆիական պիկերի բարձրությունը կազմի դիագրամային ժապավենի սանդղակի 50-70%-ը:
6) Հետազոտության իրականացում. քրոմատոգրաֆում են էթանոլի ստանդարտ նմուշը (0,2 մկլ) և «PHAGO' RUB SOLUTION SPS» միջոցի նմուշը (0,3 մկլ) պահման ժամանակների որոշումով:
7) Արդյունքների մշակում. եթե միջոցի քրոմատոգրաֆման ժամանակ առաջանում է մեկ պիկ (գագաթնակետ), և դրա պահման ժամանակը համընկնում է էթանոլի հետ, միջոցի ցնդող բաղադրիչը նույնականացվում է որպես էթանոլ: