(ուժը կորցրել է 03.10.2022 թիվ 39-Լ հրաման)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 19-Լ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 330-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցը` համաձայն հավելվածի:
2. ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետին` կատարել տպագրման ենթակա Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի անհրաժեշտ քանակի հաշվարկ և հայտը ներկայացնել ՀՀ ոստիկանության տնտեսական վարչություն:
3. ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետին` ապահովել Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի անհրաժեշտ քանակի տպագրությունը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2017 թվականի փետրվարի 12-ի «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 330-Ա հրամանը:
5. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Ֆիդանյանին:
ԳՆԴԱՊԵՏ Վ. ՂԱԶԱՐՅԱՆ
18 մայիսի 2021թ.
Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՈՒՂԵՑՈՒՅՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԵՐԵՎԱՆ 2021
Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
2021 թվականի մայիսի 18-ի
N 19-Լ հրամանի
ՈՒՂԵՑՈՒՅՑ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի (այսուհետ` ուղեցույց) նպատակն է ընտրական տեղամասեր գործուղվող և հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների հիմնական լիազորությունների, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների հետ փոխգործակցության կարգի հիմունքների պարզաբանումը:
2. Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների իրավական հիմքն են կազմում ՀՀ Սահմանադրությունը, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ` ՀՀ ընտրական օրենսգիրք), «Ոստիկանության մասին» օրենքը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (այսուհետ` ՀՀ ԿԸՀ) որոշումները և այլ իրավական ակտեր:
3. Ուղեցույցին կցված են ընտրական իրավունքի ոլորտին վերաբերող` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված իրավախախտումները, ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործությունները, ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվող Օպերատիվ շտաբի խմբերի գործառույթները և ընտրական տեղամասերում ծառայության նշանակված, ինչպես նաև ոստիկանության ուղեկցող վերակարգերի ավագներին տրվող Ծառայողական գրքույկը:
2. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
4. Ոստիկանության կենտրոնական և տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը: Ոստիկանությունն ընտրությունների հետ կապված միջոցառումներում ապահովում է պատշաճ կարգ ու կանոն, ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով աջակցում հանձնաժողովներին, ապահովում է ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում (ՀՀ ԸՕ 55-րդ հոդված 1-ին մաս):
5. Ընտրական հանձնաժողովների հետ փոխհամագործակցությունն ապահովելու, ընտրություններին ներգրավված ոստիկանության ծառայողների գործողությունները համակարգելու նպատակով ՀՀ ոստիկանությունում և ոստիկանության տարածքային մարմիններում ձևավորվում են Օպերատիվ շտաբեր, մշակվում և հաստատվում են միջոցառումների պլաններ:
ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվող Օպերատիվ շտաբի խմբերի գործառույթները կցվում են սույն ուղեցույցին:
3. ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ և անվտանգություն ապահովելու նպատակով ոստիկանության տարածքային մարմիններում ձևավորվում են ոստիկանության հետևյալ վերակարգերը`
1) պահակետ - վայր կամ տարածքի մաս, որտեղ ոստիկանության ծառայողներն իրականացնում են հասարակական կարգի պահպանությանն ուղղված` իրենց վրա դրված պարտականությունները: Պահակետը նշանակվում է այն վայրում, որտեղ անհրաժեշտ է ծառայողի մշտական ներկայությունը:
2) պարեկային խումբ - հասարակական կարգի պահպանության գործընթացում ներգրավված ոստիկանության կարգախումբ` բաղկացած երկու և ավելի պարեկներից, որոնք սահմանված երթուղիներում (տարածքներում), միասնական ղեկավարման ներքո իրականացնում են համալիր գործառույթներ:
3) օպերատիվ խումբ - ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներից ձևավորված խումբ, որն արագ ժամանում է հնարավոր իրավախախտման վայր, ստուգում իրավախախտման համապատասխանությունը իրականությանը կամ իրականացնում է օրենքով նախատեսված անհետաձգելի միջոցառումներ:
4) ուղեկցող խումբ - ոստիկանության մեկից ավելի ծառայողներից կազմված, զինված վերակարգ, որն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պարեկային ավտոմեքենայով ընթացքի ժամանակ ապահովում է տրանսպորտային միջոցի կամ շարասյան երթևեկության անվտանգությունը:
5) պահեստային խումբ - ոստիկանության տարածքային մարմինների պետերի ենթակայության տակ գործող` ոստիկանության ծառայողներից ձևավորված խումբ, որը նախատեսված է օպերատիվ իրավիճակի բարդացման դեպքում, հատուկ առաջադրանքներ կատարելու և ծառայության մեջ ընդգրկված ուժերին աջակցելու համար:
7. Ոստիկանության ծառայությունն ընտրական տեղամասերում սկսվում է քվեարկության նախորդ օրը: Տարածքային ընտրական հանձնաժողովից ընտրական փաստաթղթերը ընտրական տեղամասեր տեղափոխելիս ոստիկանության ծառայողները ոստիկանության մեքենայով ապահովում են ուղեկցումը:
8. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը չհրկիզվող պահարանը փակում և փակման մասը թղթով սոսնձում է: Սոսնձված թղթի վրա ստորագրում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս կարող են ստորագրել սոսնձված թղթի վրա
(ՀՀ ԿԸՀ 17.06.2016թ. N 38-Ն որոշում):
9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը չհրկիզվող պահարանը հանձնում է պահպանման ոստիկանության ծառայողներին, իսկ քվեարկության օրը, ստուգելով պահարանին սոսնձված թղթի ամբողջականությունը, ոստիկանության ծառայողներից ընդունում է պահարանը: Պահարանը պահպանության հանձնելու և ոստիկանության ծառայողներից ընդունելու վերաբերյալ կազմվում է արձանագրություն` տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում (ՀՀ ԿԸՀ 17.06.2016թ. N 38-Ն որոշում):
10. Չհրկիզվող պահարանի պահպանությունն իրականացվում է զենքով: Պահարանի պահպանության և փակման մասին սոսնձված թղթի ամբողջականության համար պատասխանատվությունը կրում է այն ընդունած ոստիկանության ծառայողը:
11. Ընտրական տեղամասում ծառայության նշանակված ոստիկանության վերակարգի, ինչպես նաև ընտրական փաստաթղթեր տեղափոխող մեքենային ուղեկցող վերակարգի ավագներին տրվում է ընտրական տեղամասի համարով և վերակարգում ընդգրկված ծառայողների անվան և ազգանվան նշումով Ծառայողական գրքույկ: Ընտրությունների ավարտից հետո տարածքային մարմնի պետի մակագրությամբ Ծառայողական գրքույկը հանձնվում է տարածքային ստորաբաժանման քարտուղարություն:
12. Քվեարկության օրը ընտրական տեղամասում ծառայության նշանակված վերակարգի ավագը ժամը 07:00-ին ներկայանում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, որի մասին գրառում է կատարում Ծառայողական գրքույկի «Նշումներ» սյունակում:
13. Ոստիկանության ծառայողները չեն կարող քվեարկության օրը գտնվել քվեարկության սենյակում: Նրանք կարող են մտնել քվեարկության սենյակ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով և թույլտվությամբ (բացի քվեարկությանը մասնակցելու նպատակով սենյակ մտնելու դեպքի):
14. Ոստիկանության ծառայողներն առանց հանձնաժողովի նախագահի թույլտվության քվեարկության սենյակ մուտք են գործում, եթե այնտեղ հանցագործություն կատարվելու կամ կատարված լինելու մասին առկա են բավարար տվյալներ: Հանցագործության կատարման մեջ կասկածվող անձը բերման է ենթարկվում ոստիկանության վերակարգին հատկացված սենյակ, ըստ անհրաժեշտության` կիրառելով նրա անհնազանդության (դիմադրության) աստիճանին համարժեք ուժ: Ոստիկանության ծառայողը կատարվածի մասին անմիջապես հայտնում է ոստիկանության տարածքային բաժին և պահանջում օպերատիվ խումբ:
15. Ընտրական տեղամասերում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների ընտրությունների վերաբերյալ անձանց խորհրդատվություն չեն տրամադրում, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց ուղեկցում են հանձնաժողովի նախագահի մոտ:
16. Արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը: Սույն պահանջների կատարումը, ինչպես նաև այդ տարածքում հասարակական կարգի պահպանումն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները` անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից (ՀՀ ԸՕ 22-րդ հոդված 3-րդ մաս):
Նշված տարածքում անձանց կամ մեքենաների կուտակումներ նկատելու կամ այդ մասին հանձնաժողովի նախագահից տեղեկանալու դեպքում, ոստիկանության ծառայողները մոտենում են հավաքված անձանց (մեքենաների վարորդներին): Ըստ անհրաժեշտության` վարորդներն իրենց մեքենաների մոտ հրավիրվում են բարձրախոսներով (առկայության դեպքում), ինչպես նաև նրանց զանգահարելով` ըստ Ճանապարհային ոստիկանության տվյալների շտեմարանում առկա հեռախոսահամարների:
Ոստիկանության ծառայողներն անձանց իրազեկում են ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակման մասին և պահանջում հեռանալ տվյալ տարածքից (հեռացնել մեքենաները): Նշված պահանջը չկատարելու դեպքում ոստիկանության ծառայողները կուտակված անձանց (մեքենաների վարորդներին) նախազգուշացնում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար սահմանված վարչական պատասխանատվության մասին և կապի հնարավոր միջոցներով այդ մասին անմիջապես տեղեկացնում ոստիկանության տարածքային բաժին` պահանջելով ոստիկանության վերակարգ, որի օգնությամբ կուտակված անձինք կամ մեքենաները հեռացվում են տվյալ տարածքից: Եթե որոշ անձինք խոչընդոտում են ոստիկանության ծառայողների գործողություններին և շարունակում չկատարել ներկայացված օրինական պահանջը, ապա ոստիկանության ծառայողները զգուշացնում են «Ոստիկանության մասին» օրենքով սահմանված հիմքերով և կարգով համաչափ ուժ գործադրելու իրենց լիազորության մասին և հավաքված անձանց (մեքենաների վարորդներին) բավարար ժամանակ տրամադրում հեռանալու համար, որի լրանալուց հետո հավաքված անձինք կամ մեքենաները հարկադրաբար հեռացվում են տվյալ տարածքից, իսկ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարած անձանց նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով և 254-255-րդ հոդվածներով սահմանված կարգով կազմվում են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Եթե արձանագրություն կազմելը տեղում հնարավոր չէ, ապա խախտողը ոստիկանության ծառայողի կողմից կարող է բերվել ոստիկանություն` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 258-րդ հոդվածով սահմանված կարգով:
17. Արգելվում է տեղամասային կենտրոն զենք, զինամթերքով մուտք գործելը (ՀՀ ԸՕ 65-րդ հոդված 3-րդ մաս):
Ոստիկանության ծառայողը, նկատելով տեղամասային կենտրոն ցուցադրաբար զենքով մուտք գործելու փորձ կատարող կամ տեղամասում գտնվող անձի, կամ այդ մասին հանձնաժողովի նախագահից հաղորդում ստանալու դեպքում, անմիջապես մոտենում, պատշաճ ներկայանում է և միջոցներ է ձեռնարկում հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին ոստիկանության վերակարգին հատկացված սենյակ բերելու ուղղությամբ, անմիջապես հայտնում ոստիկանության տարածքային բաժին` պահանջելով օպերատիվ խումբ: Մինչև օպերատիվ խմբի ժամանելը պարզում է անձի ինքնությունը և զենքի պատկանելությունը:
Օպերատիվ խումբը ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ կամ 235-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում անձին բերման է ենթարկում ոստիկանության բաժին, իսկ անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա` նաև ձերբակալում իրավախախտին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդված):
18. Զինծառայողները, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով, առանց զենքի, զինամթերքի: Քվեարկության բնականոն ընթացքի վտանգման դեպքում տեղամասային կենտրոն զենքով մուտք գործել կարող են միայն ոստիկանության ծառայողները` տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ` մինչև դրա անհրաժեշտությունը վերանալը (ՀՀ ԸՕ 65-րդ հոդված 4-րդ մաս): Զենք կրող ոստիկանության ծառայողը պարտավոր է ցուցաբերել առավել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից լինել քաղաքացիների նկատմամբ:
19. Եթե քվեարկության սենյակում գտնվող ընտրողների թիվն այնքան է, որ ակնհայտորեն խաթարվում է քվեարկության բնականոն ընթացքը, ապա ընտրական հանձնաժողովի նախագահն իրավունք ունի սահմանափակելու քվեարկության սենյակում միաժամանակ գտնվող ընտրողների թիվը, բայց ոչ պակաս, քան 15 ընտրող` ընտրողներին քվեարկության սենյակ թողնելով հերթով` մեկ-մեկ: Ընտրական հանձնաժողովի կողմից սույն պահանջի կատարումն ապահովելու անհնարինության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով այն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ:
Ոստիկանության ծառայողը քվեարկության սենյակի մուտքի մոտ կազմակերպում է քաղաքացիների հերթը` թույլատրելով մտնել քվեարկության սենյակ մեկ-մեկ (ՀՀ ԸՕ 65-րդ հոդված 5-րդ մաս):
20. Եթե քվեարկության սենյակում գտնվող դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների թիվն այնքան է, որ ակնհայտորեն խաթարում է քվեարկության բնականոն ընթացքը, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովն իրավասու է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ սահմանելու քվեարկության սենյակում միաժամանակյա գտնվելու իրավունք ունեցող դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների առավելագույն թիվը: Որոշումը պետք է համապատասխանի համաչափության սկզբունքին, և ամեն դեպքում այդ որոշմամբ սահմանված թիվը չի կարող նվազ լինել 15-ից: Այդ սահմանափակումը չի տարածվում այցելուների, միջազգային դիտորդների և վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչների վրա: Ընտրական հանձնաժողովի կողմից սույն մասի կատարումն ապահովելու անհնարինության դեպքում ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով այն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ (ՀՀ ԸՕ 65-րդ հոդված 7-րդ մաս):
Տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշման մասին հանձնաժողովի նախագահից տեղեկանալու դեպքում, ոստիկանության ծառայողը մոտենում է քվեարկության սենյակ մուտք գործելու մտադրություն ունեցող անձանց, հայտնում իր պաշտոնը, կոչումը և ազգանունը, նրանց ծանոթացնում ընտրական հանձնաժողովի ընդունած որոշմանը և պահանջում մուտք չգործել քվեարկության սենյակ: Ոստիկանության ծառայողը նշված անձանց միաժամանակ պարզաբանում է, որ նրանք պարտավոր են կատարել իր օրինական պահանջները: Օրինական պահանջները չկատարողներին լրացուցիչ պարզաբանվում է, որ պահանջը կատարելուց հետո վերջիններս կարող են բողոքարկել ոստիկանության գործողությունները վերադասության կամ դատական կարգով: Պահանջը չկատարելու դեպքում ոստիկանության ծառայողը զգուշացնում է օրենքով սահմանված հարկադրանք կիրառելու իր լիազորության մասին և, եթե անձը քվեարկության սենյակում միաժամանակյա գտնվելու իրավունք ունեցող դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների առավելագույն թիվ սահմանելուց հետո արդեն իսկ մուտք է գործել քվեարկության սենյակ, ապա քվեարկության սենյակից դուրս գալու համար տրամադրում 1-2 րոպե ժամանակ: Հեռացման ենթակա անձանց կողմից անհնազանդությունը (դիմադրությունը, շարունակվելու դեպքում ոստիկանության ծառայողը նրանց հեռացնում է հարկադրաբար` կիրառելով համաչափ ուժ: Ըստ անհրաժեշտության` կապի հնարավոր միջոցներով անմիջապես տեղեկացնում է ոստիկանության տարածքային բաժին և պահանջում պարեկային խումբ: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահից ստացած հանձնարարության և իր գործողությունների վերաբերյալ ոստիկանության ծառայողը գրառում է կատարում Ծառայողական գրքույկի «Նշումներ» սյունակում:
21. Եթե ընտրողը ներկայացրել է այլ անձի անձը հաստատող փաստաթուղթ, ապա մասնագետն այդ մասին տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ (ՀՀ ԸՕ 66-րդ հոդված 2-րդ մաս):
22. Եթե ընտրողն իր անձը հաստատող որևէ փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան, ապա մասնագետը տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ (ՀՀ ԸՕ 66-րդ հոդված 6-րդ մաս):
23. Սույն ուղեցույցի 21-րդ և 22-րդ կետերում նշված դեպքերում հանձնաժողովի նախագահից հաղորդում ստանալիս ոստիկանության ծառայողները մասնագետից վերցնում են ընտրողի կողմից ներկայացված անձը հաստատող փաստաթուղթը, իսկ տեխնիկական սարքավորման էկրանին կարմիր նշան հայտնվելու դեպքում` նաև տեխնիկական սարքավորմամբ տպված` «կրկնակի քվեարկություն» նշագրմամբ կտրոնը, հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին բերման են ենթարկում ոստիկանության վերակարգին հատկացված սենյակ, անմիջապես տեղեկացնում ոստիկանության տարածքային բաժին և պահանջում օպերատիվ խումբ:
24. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն անցկացնում է երկու նիստ`
1) ժամը 7:00-ին, որի ժամանակ հանձնաժողովը քննարկում է կազմակերպչական հարցեր.
2) քվեարկության ավարտից` ժամը 20:00-ից հետո, որի ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովը սկսում է քվեարկության արդյունքների ամփոփումը (ՀՀ ԿԸՀ 17.06.2016թ. N 35-Ն որոշում):
Ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում քվեարկության սենյակում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ներկա գտնվելու վստահված անձինք, դիտորդները, այցելուները, վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` վերադաս հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Ընտրական հանձնաժողովների նիստերը (այդ թվում` տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստը), ինչպես նաև քվեարկության ընթացքը վստահված անձինք, դիտորդները, այցելուները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարել, տեսանկարահանել` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը (ՀՀ ԸՕ 8-րդ հոդված 11-րդ մաս):
Ընտրական հանձնաժողովների անդամներն ընտրական հանձնաժողովների նիստերին, քվեարկության օրը քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք, մասնագետը (բացառությամբ քվեարկողների և տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների) վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով կրում են ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայական: Հանձնաժողովի նախագահն արգելում է ընտրական հանձնաժողովներում, իսկ քվեարկության ընթացքում` նաև քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև վերնազգեստի վրա առանց համապատասխան վկայականի անձանց ներկայությունն ընտրական հանձնաժողովում (քվեարկության սենյակում) (ՀՀ ԸՕ 46-րդ հոդվածի 8-րդ մաս):
25. Նիստում ներկա լինելու իրավունքը հավաստող վկայականի ձևերը հաստատված են ՀՀ կենտրոնական ընտրական հանձաժողովի 09.11.2016թ. N 119-Ն, N 120-Ն և 22.11.2016թ. N 144-Ն որոշումներով: Նշված վկայականները պետք է կնքված լինեն ՀՀ ԿԸՀ կնիքով և ուժի մեջ են անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:
26. Տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփման նիստին` ընտրական հանձնաժողովների նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են ներկայանալ նաև նիստը սկսվելու` ժամը 20:00-ից հետո և ներկա գտնվել քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան (ՀՀ ԿԸՀ 03.08.2016թ. N 46 որոշում):
Տեղեկանալով ժամը 20:00-ից հետո տեղամաս մուտք գործելու ցանկություն ունեցող անձանց այցելության մասին` ոստիկանության ծառայողը իրազեկում է հանձնաժողովի նախագահին, համապատասխան նշում կատարելով Ծառայողական գրքույկում:
27. Ոստիկանության ծառայողը չի կարող ներկա գտնվել տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից անցկացվող նիստերին, որևէ եղանակով ստանալ և այլ անձի փոխանցել քվեարկության ամփոփման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:
28. Տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքների ավարտից հետո ոստիկանության ծառայողներն այդ մասին տեղեկացնում են ոստիկանության տարածքային մարմին և պահանջում ուղեկցող վերակարգ: Ուղեկցող վերակարգը ոստիկանության մեքենայով ուղեկցում է հանձնաժողովի նախագահի կողմից ընտրական փաստաթղթերի տեղափոխումը` հանձնաժողովի նախագահին նախապես առաջարկելով տեղեկացնել երթուղու մասին: Համաձայնեցված երթուղուց ընտրական փաստաթղթեր տեղափոխող մեքենայի էապես շեղվելու դեպքում ուղեկցող վերակարգի ավագն այդ մասին նշում է կատարում իր Ծառայողական գրքույկում` չդադարեցնելով ուղեկցումը: Ընտրական փաստաթղթեր տեղափոխող մեքենան տեսադաշտից կորցնելու դեպքում, ուղեկցող վերակարգի ավագն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Օպերատիվ շտաբին, որը գործում է ըստ հաստատված միջոցառումների պլանի:
29. Արգելվում է ընտրական փաստաթղթերի տեղափոխումը ոստիկանության մեքենայով: Ոստիկանության ծառայողները չեն կարող գտնվել ընտրական փաստաթղթերը տեղափոխող մեքենայում:
30. Ընտրությունների ավարտից հետո տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներում ծառայության նշանակված ոստիկանության ծառայողները վերադառնում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ և սպասում «Ավարտակոչ» հայտարարելուն:
31. Նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչպես և ընտրության օրը ծառայության ներգրավված ոստիկանության ծառայողները սույն ուղեցույցին կից ներկայացված վարչական իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում.
1) ըստ հնարավորության` առկա տեխնիկական միջոցների օգտագործմամբ տեսանկարահանում են իրավախախտումները.
2) միջոցներ են ձեռնարկում իրավախախտում կատարող անձի, ինչպես նաև ականատեսների ինքնությունը պարզելու ուղղությամբ.
3) հայտնաբերված իրավախախտման առթիվ կազմում են զեկուցագիր, որը ներկայացվում է ոստիկանության տարածքային ստորաբաժանում:
32. Ընդունել ի գիտություն, որ ներկայացված թվով 4 վարչական իրավախախտումների քննությունը վերապահված է վարչական դատարաններին, իսկ այդ գործերով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու լիազորությունը` իրավասու ընտրական հանձնաժողովներին: Նշված իրավախախտումների հայտնաբերման կապակցությամբ նախապատրաստված նյութերը պետք է ուղարկվեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով` ոստիկանության տարածքային բաժնի պետի որոշմամբ:
33. Ցանկացած անձից հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում ոստիկանության ծառայողը.
1) պարզում է հաղորդում տվող անձի տվյալները (անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսը).
2) հաղորդման բովանդակության մասին կապի հնարավոր միջոցներով հայտնում է տարածքային ստորաբաժանման հերթապահ մաս, եթե ծառայողի կարծիքով հաղորդմամբ ներկայացված փաստական հանգամանքները պետք է անհապաղ ստուգվեն դեպքի վայրում, կամ առկա է հանցագործությունը կանխելու, խափանելու, այն կատարող անձանց «տաք հետքերով» ձերբակալելու անհրաժեշտություն.
3) օգնություն է ցույց տալիս հանցագործության հետևանքով տուժած անձանց.
4) հետաձգում չհանդուրժող դեպքերում միջոցներ է ձեռնարկում հանցագործություն կատարած անձի, ինչպես նաև ականատեսների ինքնությունը պարզելու ուղղությամբ.
5) հանցանշանները, դեպքի ականատեսներին, հանցանք կատարող անձին տեսադաշտից չկորցնելու անհրաժեշտությամբ պայմանվորված` ըստ հնարավորության և առկա տեխնիկական միջոցների օգտագործմամբ կատարում է տեսանկարահանում:
34. Հանցագործության մասին ցանկացած հաղորդում, եթե նույնիսկ հաղորդում ներկայացնող անձը հրաժարվում է ներկայացնել իր ինքնությունը պարզելու հնարավորություն տվող տվյալներ, անհապաղ հաղորդվում է տարածքային ոստիկանության բաժնի հերթապահ մաս, որտեղ նշված հաղորդման ընթացքը լուծվում է ՀՀ կառավարության 23.11.2017թ. թիվ 1495-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն:
Ծանոթություն` Ուղեցույցում նշված առանձին դեպքերից բացի, ոստիկանության ծառայողը իրավասու է իր նախաձեռնությամբ Ծառայողական գրքույկում նշումներ կատարել բոլոր այն իրողությունների վերաբերյալ, որոնք իր կարծիքով կարող են հետագայում օգտագործվել իր գործողությունների օրինականությունը ստուգելու և այլ փաստական հանգամանքները պարզելու նպատակով:
ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվող Օպերատիվ շտաբի
խմբերը և դրանց գործառույթները
1. Իրավական ապահովման, ընտրացուցակների ճշգրտման, տեղեկատվության հավաքման, ամփոփման և հետաքննական խումբը 2021 թվականի հունիսի 19-ի ժամը 09:00-ից սկսած` յուրաքանչյուր երեք ժամը մեկ ամփոփում է ընտրությունների ընթացքի վերաբերյալ տեղերից ստացված հաղորդումները և զեկուցում Օպերատիվ շտաբի ղեկավարին, իսկ արտառոց միջադեպերի մասին` անհապաղ, ինչպես նաև համակարգում է տարածքային մարմինների հետաքննական աշխատանքների իրականացումը: Իրավական խորհրդատվություն է տրամադրում Օպերատիվ շտաբին և ոստիկանության տարածքային մարմինների ղեկավարներին, կազմակերպում է ընտրական ցուցակների ճշգրտման աշխատանքները, ընտրաիրավական վեճերով դատական ներկայացուցչությունը և համագործակցությունը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ:
2. Վերակարգերի ծառայության նկատմամբ հսկողություն իրականացնող խումբն ապահովում է ոստիկանության վերակարգերի նկատմամբ պատշաճ հսկողությունը, տեղերից ստացված տեղեկատվության հիման վրա ամփոփում և Օպերատիվ շտաբի ղեկավարին է զեկուցում.
1) 2021թ. հունիսի 20-ի ժամը 01:00-ին` ընտրական տեղամասերը և քվեաթերթիկների պահարանները սահմանված կարգով պահպանության տակ ընդունելու վերաբերյալ,
2) 2021թ. հունիսի 20-ի ժամը 08:00-ին` ընտրական տեղամասերը և քվեաթերթիկների պահարանները հանձնաժողովների նախագահներին հանձնելու վերաբերյալ,
3) 2021թ. հունիսի 20-ի ժամը 20:00-ին` ընտրական տեղամասերում ընտրությունների ավարտի վերաբերյալ,
4) հանձնաժողովների աշխատանքների ավարտի, ինչպես նաև քվեաթերթիկների ու արձանագրությունների ուղեկցման գործընթացի ավարտի վերաբերյալ:
3. Նյութատեխնիկական և բժշկական ապահովման խումբն կազմակերպում է ոստիկանության տարածքային մարմինների գործունեության նյութատեխնիկական ապահովումը և անհրաժեշտության դեպքում ծառայողներին բժշկական օգնության ցուցաբերումը:
4. Զանգվածային անկարգությունների հակազդման խումբ,
5. Արագ արձագանքման (հատուկ նշանակության) խումբ և օպերատիվ խումբ, 4-րդ և 5-րդ խմբերի ներգրավման վերաբերյալ որոշումն ընդունում է Օպերատիվ շտաբի ղեկավարը` ելնելով ստեղծված իրավիճակից:
Ոստիկանության ծառայողների գործողությունների (անգործության) վերաբերյալ բողոքները կարող են ներկայացվել` զանգահարելով ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» ծառայության 010-54-69-14, 010-54-69-12 հեռախոսահամարներով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված`
ընտրական իրավունքի դեմ ուղղված իրավախախտումներ
ՀՈԴՎԱԾ 40.1. Քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն
կատարելը
(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)
Քվեարկության և դրան նախորդող օրը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների միջոցով քարոզչություն կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:
Քվեարկության և դրան նախորդող օրը տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) կամ համացանցի միջոցով քարոզչություն կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնող անձի կամ ղեկավարի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:
(40.1-ին հոդվածը փոփ. 02.08.91, 02.09.93 ՀՕ-79, 19.05.95 ՀՕ-137, 19.03.99 ՀՕ-287, խմբ. 26.05.11 ՀՕ-165-Ն, 25.05.16 ՀՕ-55-Ն, լրաց. 28.04.21 ՀՕ-182-Ն)
ՀՈԴՎԱԾ 40.8. Քարոզչություն իրականացնելու իրավունք չունեցող անձի կողմից
նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը կամ
նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական
ռեսուրսը օգտագործելը
(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն, 04.05.18 ՀՕ-319-Ն, 28.04.21 ՀՕ-182-Ն)
1. Քարոզչության համար օրենքով սահմանված ժամանակահատվածում նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելու իրավունք չունեցող անձի կողմից նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով:
2. Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության նպատակով վարչական ռեսուրսի օգտագործումը, այդ թվում` ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային ու կապի միջոցների և մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների համար, ինչպես նաև պաշտոնեական դիրքի օգտագործումն ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
(40.8-րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-165-Ն, խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն, 04.05.18 ՀՕ-319-Ն, 28.04.21 ՀՕ-182-Ն)
ՀՈԴՎԱԾ 40.11. Օրենքով սահմանված վավերապայմանների բացակայությամբ
քարոզչական տպագիր նյութեր տարածելը, քարոզչական
պաստառները պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ
կատարելը
(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)
Նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական տպագիր նյութի պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ տեղեկություններ չպարունակող քարոզչական տպագիր նյութեր տարածելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
(40.11 -րդ հոդվածը լրաց. 26.05.11 ՀՕ-165-Ն, խմբ. 25.05.16 ՀՕ-55-Ն)
ՀՈԴՎԱԾ 40.15. Տեղամասային կենտրոնում գտնվելու կանոնները խախտելը
1. Քվեարկության նախապատրաստման, քվեարկության և քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ տեղամասային կենտրոնում կամ քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասային կենտրոն պարբերաբար մտնելը (եթե գործողությունը շարունակվել է բանավոր նախազգուշացումից հետո) կամ տեղամասային կենտրոնում ապօրինի գտնվելը (եթե գործողությունը շարունակվել է տեղամասային կենտրոնը լքելու բանավոր պահանջը ներկայացնելուց հետո)`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
2. Քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք ունեցող անձի կողմից օրենքով սահմանված կարգով իր վկայականը դիտավորությամբ տեսանելի ձևով չկրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
(40.15-րդ հոդվածը լրաց. 07.09.18 ՀՕ-376-Ն)
ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված` ընտրական իրավունքի դեմ
ուղղված հանցագործություններ
ՀՈԴՎԱԾ 149. Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների
աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց
լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը
1. Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի, այցելուի, լիազոր ներկայացուցչի, հանրաքվեի նախաձեռնող խմբի ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, տեխնիկական սարքավորումն սպասարկող անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքները, որոնք`
1) կատարվել են գույքին վնաս պատճառելով կամ պատճառելու սպառնալիքով,
2) կատարվել են նյութապես շահագրգռելով,
3) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,
5) կատարվել են մի խումբ անձանց կողմից`
6) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`
7) հանգեցրել են ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուն`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(149-րդ հոդվածը խմբ., լրաց. 22.12.06 ՀՕ-2-Ն, խմբ. 26.05.11 ՀՕ-166-Ն, փոփ., լրաց. 20.10.16 ՀՕ-160-Ն, փոփ. 04.05.18 ՀՕ-320-Ն, 07.09.18 ՀՕ-374-Ն, փոփ., լրաց. 28.04.21 ՀՕ-181-Ն)
ՀՈԴՎԱԾ 153. Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը
1. Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(153-րդ հոդվածը խմբ. 22.12.06 ՀՕ-2-Ն, 26.05.11 ՀՕ-166-Ն, փոփ., լրաց. 20.10.16 ՀՕ-160-Ն, փոփ. 04.05.18 ՀՕ-320-Ն, լրաց. 07.09.18 ՀՕ-374-Ն)
ՀՈԴՎԱԾ 154. Քվեարկության գաղտնիությունը խախտելը
1. Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
(154-րդ հոդվածը փոփ. 22.12.06 ՀՕ-2-Ն, խմբ. 26.05.11 ՀՕ-166-Ն, լրաց., փոփ. 07.09.18 ՀՕ-374-Ն)
ՀՈԴՎԱԾ 154.1. Կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ,
դրոշմանիշեր, կտրոններ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ
ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ,
դրոշմանիշեր, կտրոններ հանձնելը կամ իրացնելը
(վերնագիրը լրաց. 25.05.16 ՀՕ-57-Ն)
1. Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ հանձնելը կամ այլ եղանակով իրացնելը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(154.1 -ին հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-2-Ն, լրաց., փոփ. 25.05.16 ՀՕ-57-Ն, լրաց. 20.10.16 ՀՕ-160-Ն, փոփ. 04.05.18 ՀՕ-320-Ն)
ՀՈԴՎԱԾ 154.2. Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների
ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ
կամքի իրականացմանը խոչընդոտելը
(վերնագիրը խմբ. 25.05.16 ՀՕ-57-Ն, 07.09.18 ՀՕ-374-Ն)
1. Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
2. Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:
3. Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից.
2) երկու կամ ավելի անձի նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով:
5. Ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումը (իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում` Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը) թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում` կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ (բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշերը կամ թեկնածուի անունը, ազգանունը կամ պատկերը բովանդակող և նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով քարոզչական տպագիր և այլ նյութերի կամ առարկաների) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ որևէ այլ անձի կողմից բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով:
5.1. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված արարքը,
1) որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,
2) որը կատարվել է երկու կամ ավելի անձի նկատմամբ,
3) որի դեպքում անհատույց կամ արտոնյալ պայմաններով տրված (խոստացված) դրամը կամ տրված (խոստացված) սննդամթերքի, արժեթղթերի, ապրանքների կամ մատուցված (խոստացված) ծառայության արժեքը գերազանցել է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:
6. Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչև կաշառք ստանալու մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:
(154.2 -րդ հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-2-Ն, խմբ. 26.05.11 ՀՕ-166-Ն, 25.05.16 ՀՕ-57-Ն, լրաց. 04.05.18 ՀՕ-320-Ն, խմբ. 07.09.18 ՀՕ-374-Ն, փոփ., լրաց. 28.04.21 ՀՕ-181-Ն)
ՀՈԴՎԱԾ 154.4. Զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը
Քվեարկության օրը զենք կրելու իրավունք ունեցող անձի կողմից զենքով ցուցադրաբար տեղամասային կենտրոն մուտք գործելն առանց ծառայողական անհրաժեշտության`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
(154.4-րդ հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-2-Ն, խմբ. 26.05.11 ՀՕ-166-Ն, փոփ. 25.05.16 ՀՕ-57-Ն)
ՀՈԴՎԱԾ 154.5. Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին
կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին
ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական
հանձնաժողովի արձանագրությունների պատճեններ չտալը
Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին սահմանված դեպքերում և կարգով ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճենները, քաղվածքները չտալը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
(154.5-րդ հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-2-Ն, խմբ. 26.05.11 ՀՕ-166-Ն)
ՀՈԴՎԱԾ 154.7. Քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակը, տեղամասային
ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը,
տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական
կնիքը, ինքնասոսնձվող դրոշմանիշը, ընտրողի վերաբերյալ
տվյալներ պարունակող քվեարկության կտրոնը կամ համարակալված
կտրոնը, ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական
սարքավորումը, կառավարության կողմից ընտրված մասնագիտացված
կազմակերպության կողմից տեղադրված տեսախցիկը, ընտրական
փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը կամ ընտրական
փաստաթղթերի փաթեթը հափշտակելը
1. Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը, ինքնասոսնձվող դրոշմանիշը, ընտրողի վերաբերյալ տվյալներ պարունակող քվեարկության կտրոնը կամ համարակալված կտրոնը, ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումը, կառավարության կողմից ընտրված մասնագիտացված կազմակերպության տեղադրած տեսախցիկը, ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը կամ ընտրական փաստաթղթերի փաթեթը հափշտակելը`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Նույն արարքը, որը կատարվել է ընտրական հանձնաժողովի անդամի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով:
(154.7-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-160-Ն, փոփ., լրաց. 04.05.18 ՀՕ-320-Ն, փոփ. 07.09.18 ՀՕ-374-Ն)
ՀՈԴՎԱԾ 154.8. Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ
հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ
հայտարարություն դիմումին կից ներկայացնելը
1. Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ դիտավորությամբ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն (ոչ հայտարարատուի կողմից կամ մտացածին անձի անունից ստորագրված հայտարարություն) դիմումին կից ներկայացնելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(154.8-րդ հոդվածը լրաց. 20.10.16 ՀՕ-160-Ն, փոփ. 04.05.18 ՀՕ-320-Ն, խմբ. 07.09.18 ՀՕ-374-Ն)
ՀՈԴՎԱԾ 163. Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը,
հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու
կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես
շահագրգռելը
(վերնագիրը խմբ. 28.04.21 ՀՕ-181-Ն)
1. Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը վեց ամիս ժամկետով:
2. Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով,
2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
3) նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում`
պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերով նախատեսված արարքը, որը կատարվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից իր ծառայողական ենթակայության կամ վերահսկողության ներքո գտնվող հանրային ծառայողի կամ պայմանագրային հիմունքներով աշխատող այլ անձի նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով:
(163-րդ հոդվածը փոփ. 09.06.04 ՀՕ-97-Ն, խմբ. 14.04.11 ՀՕ-76-Ն, 28.04.21 ՀՕ-181-Ն)
Հաստատված է
ՀՀ ոստիկանության պետի
21.01.2017թ.
N 101-Ա հրամանով
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ
Ընտրական տեղամաս թիվ ___________ համայնք _____________________________
Ոստիկանության վերակարգի ցուցակը
ավագ _____________________________________________
(անուն, ազգանուն)
_____________________________________________
_____________________________________________
_____________________________________________
_____________________________________________
_____________________________________________
Օրինակ
._____________________________________________________________________.
|N|Հաղորդման|Հաղորդում տվող |Հաղորդման|Ձեռնարկված |Նշումներ |
| |ժամը |անձի ԱԱՀ, պաշտոնը|համառոտ |միջոցառումներ| |
| | |և հասցեն |բովանդա- | | |
| | | |կությունը| | |
|_|_________|_________________|_________|_____________|_______________|
|1| 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_|_________|_________________|_________|_____________|_______________|
|1| | | | |07:00-ին |
| | | | | |ներկայացա |
| | | | | |Տեղ. |
| | | | | |հանձնաժողովի |
| | | | | |նախագահ` ԱԱ-ին |
| | | | | |_______________|
| | | | | |ստորագրություն |
| | | | | |_______________|
| | | | | |անուն, ազգանուն|
| | | | | | |
|2|12:00 |Տեղամասային |Նախագահը |Քվեարկության | |
| | |հանձնաժողովի |պահանջեց |սենյակի | |
| | |նախագահ |սահմանա- |մուտքի մոտ | |
| | |_________________|փակել |կազմակերպվել | |
| | |անուն, ազգանուն |քվեարկու-|է քաղաքացի- | |
| | | |թյան |ների հերթը` | |
| | | |սենյակում|թույլատրելով | |
| | | |գտնվող |մտնել | |
| | | |ընտրող- |քվեարկության | |
| | | |ների թիվը|սենյակ | |
| | | | |մեկ-մեկ | |
._____________________________________________________________________.
Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 20 մայիսի 2021 թվական: