ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 3-Լ
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» N 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ և 13-րդ ենթակետերով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության իրավասու ծառայողներին և աշխատողներին:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ Վ. ՂԱԶԱՐՅԱՆ
11 փետրվարի 2022թ.
Երևան
Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
2022թ. փետրվարի 11-ի
N 3-Լ հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն) հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունը (այսուհետ` Գլխավոր վարչություն) հանդիսանում է Ոստիկանության կենտրոնական ապարատի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում:
2. Գլխավոր վարչությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ օրենքների, ՀՀ կառավարության որոշումների, ՀՀ վարչապետի «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» N 751-Լ որոշման, այլ իրավական ակտերի, Ոստիկանության պետի հրամանների, ցուցումների և սույն կանոնադրության հիման վրա:
3. Գլխավոր վարչության անվանումն է`
1) հայերեն` Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն,
2) ռուսերեն` Главное управление обеспечения общественной безопасности Полиции Республики Армения,
3) անգլերեն` General Department of Public Safety Protection of Police of the Republic of Armenia,
4) ֆրանսերեն` Departement general de la protection de la securite publique de la police de la Republique d`Armenie:
4. Գլխավոր վարչությունն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով իր անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք և ձևաթուղթ: Գլխավոր վարչությունը կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
5. Գլխավոր վարչության կառուցվածքը և հաստիքացանկը հաստատում է Ոստիկանության պետը:
6. Գլխավոր վարչության աշխատակիցները Ոստիկանության ծառայողներ քաղաքացիական աշխատանք կատարող անձինք են:
7. Գլխավոր վարչության աշխատակիցների իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Ոստիկանության մասին» օրենքով, ինչպես նաև Ոստիկանության պետի կողմից հաստատված տվյալ պաշտոնի անձնագրով:
8. Գլխավոր վարչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Գլխավոր վարչության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Նալբանդյան 130:
II. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
10. Գլխավոր վարչության հիմնական խնդիրներն են`
1) Ոստիկանության համակարգի պարեկապահակետային ծառայության, համայնքային ոստիկանության, արտաքին ծառայության, լիցենզավորման և թույլտվության աշխատանքների կազմակերպման, մասնավոր պահնորդական գործունեության, անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման աշխատանքների կազմակերպման, զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման, մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների (այսուհետ` ենթակա ծառայություններ) համակարգումը, վերահսկումն ու մեթոդական օգնության ապահովումը,
2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, կանխման և խափանման ուղղությամբ ենթակա տարածքային ծառայությունների կողմից իրականացվող կանխարգելիչ աշխատանքների համակարգումն ու վերահսկումը,
3) հանցագործություններ և վարչական իրավախախտումներ ծնող պատճառների ու պայմանների վերլուծությունը, այդ ուղղությամբ հատուկ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը,
4) հասարակական կարգի պահպանմանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված հատուկ միջոցառումների կազմակերպումը և վերահսկումը,
5) պարեկապահակետային ծառայության և մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների համակարգումն ու վերահսկողությունը,
6) համայնքային ոստիկանության աշխատանքների համակարգումն ու վերահսկողությունը,
7) լիցենզավորման և թույլտվության աշխատանքների համակարգումը, կազմակերպումն ու վերահսկողությունը,
8) մասնավոր պահնորդական գործունեության իրականացման վերահսկողությունը,
9) անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման աշխատանքների համակարգումը, կազմակերպումն ու վերահսկողությունը,
10) Ոստիկանության համակարգում զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության գործունեության համակարգումն ու վերահսկողությունը,
11) Հայաստանի Հանրապետության դեմ զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարելու դեպքում կամ ռազմական դրության պայմաններում Ոստիկանության ծառայությունների ու ստորաբաժանումների պատրաստականության բարձր աստիճանների փոխադրման փուլերի մշակումը, կազմակերպումը, վերահսկումը և քաղաքացիական պաշտպանության համակարգի ծավալման պլանավորումը,
12) Ոստիկանության ծառայությունների ու ստորաբաժանումների անձնակազմերի տարհանման, պատսպարման և պաշտպանության կազմակերպման նկատմամբ վերահսկողությանը,
13) անասնահամաճարակների ժամանակ կարանտին հայտարարված տարածքներում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,
14) ենթակա ծառայությունների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ- իրավական բազայի կատարելագործումը,
15) առաջավոր փորձի ուսումնասիրումը և ներդրումը,
16) համագործակցությունը պետական կառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:
III. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Գլխավոր վարչությունն իր առջև դրված խնդիրների կատարման համար իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) վերլուծում է Ոստիկանության պարեկապահակետային ծառայության, համայնքային ոստիկանության, թույլտվության համակարգի, մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքների արդյունքները, ցույց է տալիս գործնական-մեթոդական օգնություն,
2) իր լիազորությունների շրջանակում պլանավորում է համապետական նշանակության միջոցառումների ժամանակ Ոստիկանության գործողություններն ու ապահովում է տարբեր ծառայությունների միջև փոխհամագործակցությունը,
3) զանգվածային անկարգությունների ժամանակ իր լիազորությունների շրջանակում մասնակցում է զանգվածային անկարգությունների կանխման և խափանման ուղղությամբ կազմակերպվող միջոցառումներին,
4) կազմակերպում և իրականացնում է Ոստիկանության պարեկապահակետային ծառայության, համայնքային ոստիկանության, թույլտվության համակարգի, մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների մեթոդական ապահովումը, միջոցներ է ձեռնարկում վերջիններիս աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ,
5) համակարգում և վերահսկում է համայնքային ոստիկանության, թույլտվության համակարգի, պարեկապահակետային ծառայության և մասնագիտացված ուղեկցող ստորաբաժանումների գործունեությունը,
6) իր լիազորությունների սահմաններում, օրենքով սահմանված կարգով տալիս է լիցենզիաներ և թույլտվություններ, առաջարկություններ է մշակում ոլորտի կատարելագործման համար,
7) իր լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում մասնավոր պահնորդական կազմակերպությունների` օրենքով նախատեսված պահնորդական և թիկնապահական գործունեության նկատմամբ,
8) իր լիազորությունների շրջանակում ստուգումներ է իրականացնում մասնավոր պահնորդական կազմակերպություններում, ինչպես նաև պահնորդական ծառայություններ մատուցելու վայրերում (պատվիրատուների համաձայնությամբ)` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով,
9) օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում և իրականացնում է պահնորդների որակավորման ստուգում, տրամադրում է որակավորման ստուգման վկայականներ,
10) անասնահամաճարակների ժամանակ կարանտին հայտարարված տարածքներում և հատուկ միջոցառումներ անցկացնելիս աջակցում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությանը,
11) կազմակերպում է կարանտին հայտարարված գոտում վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները,
12) վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի կարանտին միջոցառումներ իրականացնելիս ապահովում է հասարակական կարգն ու կանխարգելում վարակի հետագա տարածումը հարակից տարածքներ,
13) կազմակերպում ու վերահսկում է անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները,
14) կազմակերպում և գործնական ու մեթոդական օգնություն է ցույց տալիս Ոստիկանության տարածքային մարմիններին` անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների և ընտանեկան բռնության կանխարգելման աշխատանքների բարելավման ուղղությամբ,
15) կազմակերպում է միջոցառումներ անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների և ընտանեկան բռնության կանխարգելման աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ, համակարգում է անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման ստորաբաժանումների աշխատանքը,
16) անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքում համագործակցում է պետական շահագրգիռ կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ,
17) համակարգում և վերահսկողություն է իրականացնում ոստիկանության համակարգում զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության գործունեության նկատմամբ` նշված աշխատանքների կատարելագործման ու արդյունավետության բարձրացման նպատակով,
18) իրականացնում է «ՀՀ ոստիկանության գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրելու», «Քաղաքացիական պաշտպանության», «Արտակարգ իրավիճակներում գործելու», «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում հասարակական կարգի պահպանության և ՀՀ ոստիկանության անձնակազմի պաշտպանության», «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ ոստիկանության գործողությունների» պլաններով նախատեսված միջոցառումներ,
19) համակարգում և նախապատրաստում է պահեստային կառավարման կետերի, դրանցում ընդգրկված հիմնական և օպերատիվ կազմերի ուսուցման աշխատանքները և պատրաստականության աշխատակարգերի բերման ժամանակ աջակցում է ծագած խնդիրների կատարմանը,
20) կազմակերպում է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում պահեստազորի զինապարտներով համալրման գործընթացը և այդ նպատակով համագործակցում ՀՀ պաշտպանության նախարարության տարածքային զինկոմիսարիատների հետ,
21) վերահսկում է ոստիկանության ծառայողների պաշտպանության, տարհանման և պատսպարման կազմակերպումը,
22) ուսումնասիրում է ոստիկանության ծառայություններում և ստորաբաժանումներում անձնակազմի պաշտպանության համար անհրաժեշտ քանակության անհատական պաշտպանության միջոցների և դոզիմետրական սարքավորումների առկայությունը և կազմակերպում է դրանց սարքինության ստուգման գործընթացը,
23) ոստիկանության ծառայություններում և ստորաբաժանումներում անցկացնում է շտաբային ուսումնավարժանքներ, «Հավաք» ազդանշանով վարժանքներ, ինչպես նաև գործնական ու մեթոդական օգնություն է ցուցաբերում զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման, ճշգրտման և աշխատանքների պատշաճ կազմակերպման գործում,
24) մշակում և համակարգում է ռազմական դրության ժամանակ նոր կազմավորվող զորամասերի մարտական պատրաստության բերման փաստաթղթերը, ինչպես նաև կազմակերպում և վերահսկում է զորամասերի մարտական պատրաստականության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների, ուսումնական հավաքների, շտաբային և տակտիկական զորավարժությունների իրականացումը,
25) ապահովում է ոստիկանության ծառայությունների և ստորաբաժանումների մասնակցությունը ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների կողմից կազմակերպվող և անցկացվող զորավարժություններին,
26) քննարկում է քաղաքացիներից, կազմակերպություններից, այլ պետական մարմիններից ստացված դիմում-բողոքները, միջոցներ է ձեռնարկում դրանց ընթացքը լուծելու` հայտնաբերված խախտումներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ,
27) իր լիազորությունների սահմաններում, օրենքով սահմանված կարգով կատարում է ծառայողական քննություններ,
28) վերահսկողություն է իրականացնում ենթակա ծառայությունների գործունեության, նրանց կողմից օրենսդրության պահանջների կատարման և օրինականության պահպանման նկատմամբ,
29) ամփոփում և Ոստիկանության ղեկավարությանն է ներկայացնում ենթակա ծառայությունների կողմից հասարակական անվտանգության ապահովման և իրավախախտումների կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ,
30) համագործակցում է Ոստիկանության այլ ստորաբաժանումների, պետական կառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ,
31) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
IV. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
12. Գլխավոր վարչության անմիջական ղեկավարումն իրականացնում է Գլխավոր վարչության պետը:
13. Գլխավոր վարչության պետին, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Ոստիկանության պետը:
14. Գլխավոր վարչության պետը հաշվետու է Ոստիկանության պետին և (կամ) գործունեությունը համակարգող տեղակալին:
15. Գլխավոր վարչության պետը`
1) պատասխանատու է Գլխավոր վարչության առջև դրված նպատակների, խնդիրների ու գործառույթների իրականացման համար,
2) իրականացնում է Գլխավոր վարչության նկատմամբ անմիջական հսկողություն,
3) իր իրավասության սահմաններում` ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր, տալիս պարտադիր կատարման ենթակա հանձնարարություններ,
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ոստիկանության պետին է ներկայացնում առաջարկություններ Գլխավոր վարչության կառուցվածքում և հաստիքացանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ,
5) իր իրավասության սահմաններում` օրենքով սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում Գլխավոր վարչության ծառայողներին (աշխատողներին),
6) մասնակցում է Գլխավոր վարչության գործունեության քաղաքականության մշակմանը,
7) Գլխավոր վարչության ծառայողներին (աշխատողներին) տրամադրում է արձակուրդ և թույլատրում գործուղումները,
8) Ոստիկանության պետի լիազորմամբ ներկայացնում է Ոստիկանությունը պետական մարմիններում, միջազգային և այլ կազմակերպություններում,
9) հաստատում է Գլխավոր վարչության ստորաբաժանումների գործունեության կարգերը,
10) իրականացնում է օրենսդրությամբ Գլխավոր վարչության գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
16. Գլխավոր վարչության պետի ժամանակավոր բացակայության դեպքում նրան ոստիկանության պետի հրամանով փոխարինում է Գլխավոր վարչության պետի տեղակալներից մեկը, իսկ նման հրամանի բացակայության դեպքում` առավել բարձր կոչում ունեցող տեղակալը, իսկ միևնույն կոչումն ունենալու դեպքում` ոստիկանությունում առավել երկար ստաժ ունեցողը:
V. ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
17. Գլխավոր վարչությունը բաղկացած է հետևյալ ստորաբաժանումներից`
1) հասարակական կարգի ապահովման վարչություն, որի կազմի մեջ մտնում են`
ա. արտաքին ծառայության կազմակերպման բաժինը,
բ. համայնքային ոստիկանության համակարգման բաժինը,
գ. լիցենզավորման և թույլտվության աշխատանքների կազմակերպման բաժինը, որի կազմի մեջ մտնում է նաև մասնավոր պահնորդական գործունեության վերահսկողության բաժանմունքը,
դ. առանձին Ոստիկանության կարանտին վաշտը,
2) անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչություն, որի կազմի մեջ մտնում են`
ա. անչափահասների հանցավորության կանխարգելման բաժինը,
բ. ընտանեկան բռնության կանխարգելման բաժինը,
3) զորահավաքային աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բաժին, որի կազմի մեջ մտնում են`
ա. զորահավաքային աշխատանքների կազմակերպման բաժանմունքը,
բ. քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բաժանմունքը,
4) կազմակերպական բաժին,
5) քարտուղարություն:
Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 12 փետրվարի 2022 թվական: