ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2019 թվականի հունիսի 24-ին
«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Բռնադատվածների մասին» 1994 թվականի մայիսի 25-ի ՀՕ-106 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ հոդվածով.
«Հոդված 14. Բռնադատվածի կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կողմից օրենքով նախատեսված իրավունքների իրականացման և արտոնություններից օգտվելու հիմք է համապատասխանաբար բռնադատվածին կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգին տրված վկայականը:
Բռնադատվածի առաջին հերթի ժառանգին վկայական տրվում է այն դեպքում, երբ բռնադատվածը դատապարտված է եղել մահապատժի, մահացել է ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո:
Վկայականը տրվում է բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգի` վկայական տալու մասին դիմումի հիման վրա, որին կցվում են`
ա) արդարացման վերաբերյալ որոշումը կամ բռնադատման փաստը հաստատող այլ փաստաթղթեր.
բ) բռնադատվածի մահվան վկայականը, եթե այն տրվում է նրա առաջին հերթի ժառանգին.
գ) բռնադատվածի առաջին հերթի ժառանգ լինելը հաստատող փաստաթուղթ, եթե այն տրվում է նրա առաջին հերթի ժառանգին.
դ) անձը հաստատող փաստաթուղթ.
ե) լուսանկար` 35 x 45 մմ չափսի:
Բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին համապատասխան վկայական տալու կամ վկայական տալը մերժելու մասին որոշումն ընդունում է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը` հաշվի առնելով բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգին վկայական տալու հարցի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) եզրակացությունը, որի կազմում ընդգրկվում է արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարությունների, դատախազության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և Դատական դեպարտամենտի մեկական ներկայացուցիչ:
Հանձնաժողովի անհատական կազմը, աշխատակարգը, ինչպես նաև բռնադատվածին և նրա առաջին հերթի ժառանգին տրվող վկայականների ձևերը և վկայականների հաշվառման կարգը հաստատում է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը բռնադատվածներին և բռնադատվածների առաջին հերթի ժառանգներին տրված վկայականները պահպանում են իրենց ուժը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. հուլիսի 3 Երևան ՀՕ-97-Ն
|
|