01.07.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի հունիսի 3-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 294. |
Իրական շահառուների վերաբերյալ կեղծ տվյալներ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալները թաքցնելը |
1. Իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող իրավասու պետական մարմին իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացրած անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը`
պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Իրավաբանական անձի մասնակցի կամ իրական շահառուի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված անձին իրական շահառուի վերաբերյալ կեղծ տվյալ ներկայացնելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը կամ նրա կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված անձի ներկայացրած հարցմանն օրենքով նախատեսված ժամկետում չպատասխանելը`
պատժվում է տուգանքով` առավելագույնը տասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
|
2021 թ. հունիսի 17 Երևան ՀՕ-259-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 18 հունիսի 2021 թվական: