18.06.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի մայիսի 4-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 28.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 28.2 |
Մաքսային մարմինների կողմից օրենքով սահմանված դեպքում մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանության, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար պետական տուրքի գծով արտոնությունները |
1. Սույն օրենքի 19.9-րդ հոդվածով սահմանված պետական տուրքից ազատվում են`
1) Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքները: Օրենսդրությամբ (այդ թվում` միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի տարբերակումն ըստ բնույթի որակում է վարչապետի ստեղծած` բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովը.
2) միջազգային կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները` այդ փոխադրումների իրականացման ժամանակ.
3) ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման կամ մաքսատուրքերի և հարկերի վճարումից ազատմամբ` Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները.
4) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող` ԵԱՏՄ անդամ պետություններում հաշվառված թեթև մարդատար տրանսպորտային միջոցները.
5) ցուցադրման նպատակով «Ժամանակավոր արտահանում» կամ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված, ինչպես նաև դրանց ժամկետի ավարտից հետո համապատասխանաբար «Վերաներմուծում» և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգերով վերաձևակերպված` Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները.
6) մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող (բացառությամբ արտահանվող, այդ թվում` ԵԱՏՄ անդամ երկիր)` ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները.
7) մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող, այդ թվում` ԵԱՏՄ անդամ երկիր` ընդհանուր մաքսային արժեքը մեկ միլիոն դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքները.
8) «Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքները:
2. Սույն հոդվածով սահմանված արտոնություններից բացի, այլ արտոնություններ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. մայիսի 19 Երևան ՀՕ-122-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 19 մայիսի 2022 թվական: