10.01.2023 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
7 ապրիլի 2022 թվականի N 457-Ն
 
ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-Ի N 401-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
      i 
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 11-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել քննչական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրը և չափանիշները, տեխնիկական միջոցների օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
      i 
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Դատավարական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների օգտագործման կարգը սահմանելու մասին» N 401-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենքի ուժի մեջ մտնելու օրը:
 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետ  | 
Ն. Փաշինյան | 
| 
  2022 թ. ապրիլի 7 Երևան
  | 
 
 Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 7-ի
N 457-Ն որոշման
ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված` քննչական գործողությունների ընթացքում կիրառվող տեխնիկական միջոցների բնութագիրն ու չափանիշները և դրանց օգտագործման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով տեխնիկական միջոցներ են ցանկացած գործիքներ, սարքեր, համակարգեր, տարբեր տեսակի հարմարանքներ, որոնց միջոցով հնարավոր է հայտնաբերել, ամրագրել, վերցնել, հետազոտել գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունները, ամրագրել քննչական գործողությունների ընթացքը և արդյունքները:
 
II. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
 
3. Տեխնիկական միջոցներն օգտագործելիս` պահպանվում են օրինականության, հավաստիության, համաչափության և անվտանգության սկզբունքները:
4. Տեխնիկական միջոցների օգտագործումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, իսկ դրանց կիրառման արդյունքում ստացված նյութերը կարող են օգտագործվել դատավարական, հանցագործությունների բացահայտման կամ կանխման, խափանման նպատակներով (օրինականության սկզբունք):
5. Տեխնիկական միջոցների օգտագործման արդյունքում ստացված տվյալները պետք է լինեն ամբողջական և ճշգրիտ (հավաստիության սկզբունք):
6. Տեսաձայնագրումն իրականացվում է այնպես, որ դրա տեսադաշտը ճշգրտորեն ընդգրկի միայն այն պատկերները, որոնք համապատասխանում են դրա կիրառման նպատակին: Տեսադաշտում պարտադիր ընդգրկվում են քննչական գործողության բոլոր մասնակիցները` հնարավորինս բացառելով դրանում կողմնակի անձանց հայտնվելը (համաչափության սկզբունք):
7. Տեխնիկական միջոցներ կիրառողը պետք է գնահատի տեխնիկական միջոցների հնարավոր բացասական ազդեցությունը: Քննչական գործողությունների ընթացքում տեխնիկական միջոցների օգտագործումը չպետք է վտանգի մարդու կյանքը և առողջությունը (անվտանգության սկզբունք):
 
III. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
 
8. Տեխնիկական միջոցների տեսակը, քանակը և կետայնությունը (resolution) պետք է համապատասխանեն տեխնիկական միջոցի կիրառման նպատակին, վայրի, տարածքի ընդհանուր մակերեսին, սենյակի կառուցվածքին և այլ պայմանների:
9. Տեսաձայնագրում և լուսանկարահանում իրականացնող տեխնիկական միջոցը պետք է համապատասխանի առնվազն հետևյալ չափանիշներին`
1) մատրիցայի կետայնություն` 18MP.
2) (9-րդ ենթակետն ուժը կորցրել է 10.01.2023 թվականից` 05.01.23 թիվ 13-Ն որոշում) ↩
3) լուսազգայնություն` ISO 100-3200.
4) լուսաուժ` 3.5-5.6.
5) էկրանի անկյունագիծ` 2.0. ↩
6) տեսանկարահանման որակ` 1920x1080 պիքսել:
(9-րդ կետը փոփ. 05.01.23 թիվ 13-Ն որոշում)
10. Տեսաձայնագրումը և լուսանկարահանումն իրականացվում են գունավոր եղանակով` համապատասխանաբար տեսաձայնագրման և լուսանկարահանման հնարավորություն ունեցող թվային սարքով:
11. Թվային տեխնիկական սարքում ամրագրված ամսաթիվը և ժամը պետք է համապատասխանեն քննչական գործողության իրականացման իրական ամսաթվին և ժամին: Տեսաձայնագրման ֆայլից պետք է հնարավոր լինի պարզել տեսաձայնագրման իրականացման ժամը և օրը:
 
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
 
12. Քննչական գործողություններ կատարելիս տեխնիկական միջոցներ կիրառելու դեպքում նախապես պետք է ստուգել տվյալ տեխնիկական միջոցի սարքինությունը, այդ թվում` մարտկոցի, հիշողության կրիչի և դրանում բավարար ծավալի առկայությունը:
13. Անհրաժեշտության դեպքում քննչական գործողությունն իրականացվում է երկու կամ ավելի տեխնիկական միջոցներով, ինչի մասին նշվում է քննչական գործողության արձանագրության մեջ:
14. Տեխնիկական միջոցների կիրառման ընդհատման տևողությունը և պատճառները նշվում են համապատասխան արձանագրության մեջ:
15. Եթե քննչական գործողությունն իրականացվելու է մեծ տարածություն ընդգրկող հատվածում կամ գործողության ընթացքում կատարվելու են տեղաշարժեր, ապա վարույթն իրականացնող մարմինը տեսաձայնագրող անձին նախօրոք տեղեկացնում է գործողության ընթացքում կատարվող տեղաշարժերի հաջորդականության մասին:
16. Ամրագրման արդյունքում ստացված տեսաձայնագրությունը, տեսագրությունը, տեսաերիզները, համակարգչային տեղեկատվության կրիչները և այլ նյութերը պահպանվում են առանձին լազերային սկավառակների կամ այլ էլեկտրոնային կրիչների վրա, որոնք կցվում են արձանագրությանը:
(հավելվածը փոփ. 05.01.23 թիվ 13-Ն որոշում)
 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար  | 
Ա. Հարությունյան | 
 
Պաշտոնական հրապարակման օրը` 8 ապրիլի 2022 թվական: