Սեղմել Esc փակելու համար:
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅ ...

 

06.03.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի փետրվարի 10-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք)  3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1.4-րդ կետը «ուսուցման» բառից հետո լրացնել «, ներառյալ արտադպրոցական» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ կետով.

«3.2) արտադպրոցական ծրագիր` երեխաների հետաքրքրությունները, նախասիրությունները, կարողունակությունները, ինտելեկտուալ զարգացման մակարդակը, ստեղծարար հմտությունները, ֆիզիկական ունակությունները, մարդկային կապիտալը զարգացնող ու կատարելագործող, ֆորմալ (հիմնական) կրթական ծրագիրը լրացնող ուսուցման ծրագիր.».

3)  լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետով.

«15.1) արտադպրոցական  կազմակերպություն,  կենտրոն` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող  կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է արտադպրոցական ծրագիր.»:

 

i

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ  կետից հանել «դաստիարակության» բառը:

 

i

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 20. Արտադպրոցական կրթությունը

 

1. Արտադպրոցական կրթության նպատակն է զարգացնել երեխաների սոցիալական, ինքնասպասարկման  և ինտելեկտուալ հմտությունները, ձևավորել ու զարգացնել անձի` որպես քաղաքացու արժեհամակարգը, բազմաֆունկցիոնալ կարողություններն ու փափուկ հմտությունները, նպաստել հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական, ռազմահայրենասիրական, տեխնիկական, բնապահպանական գիտելիքների ձեռքբերմանը և նախամասնագիտական կողմնորոշմանը` խթանելով մարդկային կապիտալի զարգացումը:

2. Պետությունը երաշխավորում է արտադպրոցական կրթության ու դաստիարակության համակարգի ստեղծումը և գործունեությունը, ապահովում առանձին ուղղություններով արտադպրոցական ծրագրերի իրականացման ու ծառայությունների տրամադրման հավասար հնարավորությունը` ի նպաստ երեխայի լավագույն շահի: 

3. Արտադպրոցական ծրագրերը կարող են սահմանվել մշակույթի և արվեստի, տեխնիկական, հումանիտար, հասարակագիտական և բնագիտական, սպորտային և մարզական,  ճանաչողական և բնապահպանական, ոլորտային հետազոտական, արշավային, զբոսաշրջային ուղղություններով:

4. Արտադպրոցական ծրագրերը կարող են իրականացվել արտադպրոցական կազմակերպություններում, մշակութային կազմակերպություններում,  կենտրոններում, ակումբներում, ճամբարներում, ինչպես նաև արշավներ, զբոսաշրջություն կազմակերպող, բնապահպանական արտադպրոցական ծրագիր իրականացնող կազմակերպություններում:

5. Արտադպրոցական ծրագրեր իրականացնող, ինչպես նաև մանկավարժական աշխատողին ներկայացվող պահանջները բավարարող անձինք կարող են իրենց նախաձեռնությամբ մասնակցել տվյալ ուղղությամբ սահմանված գիտելիքների իմացության և կարողությունների տիրապետման աստիճանի գնահատմանն ուղղված կամավոր ատեստավորման:

6. Ատեստավորման դրական արդյունքը հիմք է արտադպրոցական կազմակերպությունների ու կենտրոնների մանկավարժական աշխատողների նկատմամբ լրավճար սահմանելու համար:

7. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ուղղություններով արտադպրոցական ծրագրերը  երաշխավորում է կրթության պետական կառավարման  լիազոր մարմինը:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածում`

1)   լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) հաստատում  է  պետական  արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների օրինակելի կանոնադրությունները.».

2)  լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.3-6.5-րդ կետերով.

«6.3) սահմանում է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական  աշխատողների  կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի  տրամադրման  կարգը.

6.4) սահմանում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագրերը.

 6.5) սահմանում է պետական և համայնքային արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների` պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը.»:

 

i

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ կետերով.

«3.1) մշակում և հաստատում է արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքները` ըստ սահմանված ուղղությունների.

3.2) հաստատում է արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը.

3.3) հաստատում է արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը.»:

 

Հոդված 6. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով և 5-րդ հոդվածով լրացվող 3.2-րդ և 3.3-րդ կետերով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում, իսկ 5-րդ հոդվածով լրացվող 3.1-ին կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասներկուամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. փետրվարի 23
Երևան
ՀՕ-26-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 փետրվարի 2023 թվական:


 

 

pin
ՀՀ 10.02.2023
N ՀՕ-26-Ն օրենք