06.03.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի փետրվարի 9-ին
«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է տարեկան ծրագրերի միջոցով, որոնք հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաստատումից հետո:»:
i
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետում`
1) «դ.6» ենթակետը «շախմատի պատանեկան օլիմպիադայում» բառերից հետո լրացնել «, Ռազմական սպորտի միջազգային խորհրդի` զինվորականների համաշխարհային խաղերում, զինվորականների աշխարհի առաջնություններում, զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային խաղերում և զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհի առաջնություններում» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ.17» ենթակետով.
«դ.17) օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին տրամադրվող սպորտային նպաստի և դրա տրամադրման կարգի վերաբերյալ.»:
Հոդված 3.
1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` քառամսյա ժամկետում:
2. Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին տրամադրվող սպորտային նպաստի չափերն ու դրա տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. փետրվարի 23 Երևան ՀՕ-25-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 24 փետրվարի 2023 թվական: