14.05.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի մարտի 22-ին
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի 7-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքները, այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններով գործարքները, իրականացվում են մասնագիտացված անձանց միջոցով, ինչպես նաև ներդրումային ընկերությունների միջոցով, որոնք կարող են իրականացնել արտարժույթի առք ու վաճառք` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և (կամ) դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով:».
2) 5.1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.1. Հայաստանի Հանրապետության տարածքում փոխառությունները կարող են տրամադրվել նաև արտարժույթով, բացառությամբ սպառողական փոխառությունների և օրենքով նախատեսված դեպքերում` բնակարանային հիփոթեքային կրեդիտների, որոնք տրամադրվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով:».
3) 8.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8.1. Բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտները տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով: Ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձանց (բացառությամբ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիփոթեքային կրեդիտները կարող են տրամադրվել նաև արտարժույթով:
Մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ` 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) տրամադրվող գյուղատնտեսական նշանակության և «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» օրենքով սահմանված` գերփոքր առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող մինչև 5.000.000 դրամի չափով (ներառյալ` 5.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը) կրեդիտները կարող են տրամադրվել ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո: Սույն օրենքի գործողությունը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելու օրը և դրանից հետո կնքված պայմանագրերի և դրանցից ծագած հարաբերությունների վրա:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2023 թ. ապրիլի 12 Երևան ՀՕ-122-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 13 ապրիլի 2023 թվական: