12.05.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի ապրիլի 13-ին
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 10. |
Քաղաքաշինության բնագավառում Կառավարության իրավասությունը |
1. Կառավարությունը քաղաքաշինության բնագավառում`
1) հաստատում է քաղաքաշինական և տարածքային զարգացման հանրապետական և մարզային պետական ծրագրերը.
2) հաստատում է սույն օրենքի 17-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» և «բ» կետերով սահմանված, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ քաղաքաշինական փաստաթղթեր.
3) հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների մատչելիության ապահովմանն ուղղված ծրագրերը, սահմանում է առաջնահերթություններ.
4) բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների տեխնիկական վիճակից ելնելով` հաստատում է դրանք շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը.
5) հաստատում է շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման կարգերը.
6) հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը.
7) սահմանում է հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության կարգը` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (տարածական պլանավորման փաստաթղթերի) բացակայության դեպքերում.
8) հաստատում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման, հաստատման, տարածքային հատակագծման ուրվագծի, գլխավոր հատակագծերի նախագծման կարգերը.
9) հաստատում է քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգերը.
10) մշակում է շինարարության ոլորտում գնագոյացման քաղաքականությունը, հաստատում է գնագոյացման նախահաշվային նորմերը և դրանց կիրառման կարգերը.
11) հաստատում է շինարարական աշխատանքների (արտադրության) կազմակերպման և դրանց նկատմամբ տեխնիկական ու հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման կարգերը.
12) հաստատում է քաղաքաշինական գործունեության իրականացման (ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծային առաջադրանքի, շինարարության և քանդման կամ ապամոնտաժման թույլտվությունների, շինարարության ավարտական ու շահագործման ակտերի տրամադրման, ծրագրային և ճարտարապետաշինարարական փաստաթղթերի մշակման, համաձայնեցման և փորձաքննության) կարգերը.
13) հաստատում է շենքերի և շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարելավման գործողությունների իրականացման ծրագիրը.
14) հաստատում է պետական մասնակցությամբ իրականացվող քաղաքաշինական կառուցապատման և քաղաքաշինական ժառանգության պահպանման, վերաօգտագործման ու արդիականացման ծրագրերը.
15) հաստատում է ըստ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական գործունեության օբյեկտների դասակարգման ցանկերն ու մեթոդաբանությունը, շինարարության թույլտվություն պահանջող և չպահանջող աշխատանքների ու ծառայությունների ցանկերը.
16) հաստատում է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության և բնակարանների արտահերթ հատկացման կարգերը, նրանց բնակարանային խնդիրների լուծման նպատակով իրականացվող բնակապահովման ծրագրերի աշխատանքները կազմակերպող հանձնաժողովի կանոնակարգը, սահմանում է այդ ընտանիքների վերահաշվառման և նրանց կողմից անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը.
17) հաստատում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների` ըստ նպատակային և գործառնական նշանակության դասակարգման ցանկը (մեթոդաբանությունը), շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման կարգերը.
18) սահմանում է ուժեղացման ու վերակառուցման և քանդման ենթակա վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, բնակարանային ֆոնդի ուժեղացման և վերակառուցման կամ քանդման դեպքում` այդ ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքով տրված եզրակացությունների վարման, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգերը.
19) կառուցապատողի ներկայացրած առաջարկի հիման վրա hաստատում է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովելու ծրագրերի շրջանակներում բազմաբնակարան շենքերից կամ շենքային համալիրներից բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը.
20) հաստատում է Հայաստանի Հանրապետությունում բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների, այդ թվում` գծային ենթակառուցվածքների` մայրուղային, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, գազատարների, կապի և էլեկտրամատակարարման գծերի կամ դրանց հատվածների բազմակի օգտագործման օրինակելի ճարտարապետաշինարարական նախագծերի և դրանց կատալոգների ներդրման ու կիրառման կարգը.
21) հաստատում է հավաստագրման, վերաորակավորման և թեստավորման կարգը, հավաստագրերի ձևերը, լիցենզավորված անձանց և հավաստագրված մասնագետների ռեգիստրի ձևավորման, տվյալների փոփոխության, լրացման, գրանցամատյանի վարման կարգը, գրանցամատյանից օգտվելու հասանելիություն ունեցող պետական մարմինների ցանկը, լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների վարկանիշավորման և մոնիթորինգի իրականացման կարգը.
22) հաստատում է քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող աշխատանքների և ծառայությունների ցանկերը.
23) հաստատում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական գործունեության իրավունք ունեցող մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման (այսուհետ նաև` ՇՄԶ) կազմակերպման և հավաստագրման հնգամյա ժամանակացույցը.
24) քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրյա մասնագետների և կազմակերպությունների` կարճաժամկետ քաղաքաշինական գործունեության թույլտվության տրամադրման կարգը.
25) քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ հաստատում է պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները.
26) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված ծրագրով Կառավարությունը սահմանում է ծրագրի հիմնական պայմանները: Այդ պայմանների կենսագործումն ապահովելու նպատակով ծրագրում նշված լիազոր մարմնի և ծրագիրն իրականացնողի միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է համապատասխան պայմանագիր, որում ներառվում են նաև Կառավարության հաստատած ծրագրի հիմնական պայմանները և դրանց խախտման համար օրենսդրությամբ նախատեսված իրավական հետևանքները:»:
i
Հոդված 2. Օրենքի 10.1-ին հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 10.1. |
Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը». |
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը Քաղաքաշինության կոմիտեն է (այսուհետ` կոմիտե):».
3) 3-րդ մասի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24) քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության բնագավառում մշակում է պլաններ, կազմակերպում է կոմիտեի զորահավաքային ռեսուրսների հաշվառումը և քաղաքացիական պաշտպանության բնագավառի քաղաքաշինական գործունեությանն առնչվող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման աշխատանքները.».
4) 3-րդ մասի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27) հաստատում է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված մասնագիտական գործունեության տեսակներին և ենթատեսակներին համապատասխան պահանջվող մասնագիտական որակավորումների ցանկը.».
5) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-48-րդ կետերով.
«28) հաստատում է սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան քաղաքաշինական գործունեության օբյեկտներում իրականացվող աշխատանքների և ծառայությունների մատուցման գործելակարգերը և պատասխանատու մասնագետների մասնագիտական բնութագրերը.
29) հաստատում է որակավորման, էթիկայի և որակի գնահատման hանձնաժողովների անհատական կազմը, աշխատակարգը, անդամների ընտրության և գործերի քննության կարգերը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը.
30) հաստատում է լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության և մասնագետների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը, թեստավորման հարցաշարերը, հայտարարության տեքստին ներկայացվող պահանջները.
31) հաստատում է ՇՄԶ-ն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, յուրաքանչյուր մասնագիտության գծով շնորհվող ՇՄԶ-ի կրեդիտների տեսակները, քանակը և դրանց շնորհման չափորոշիչները.
32) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինության բնագավառում հավաստագրված մասնագետների գրանցումը.
33) օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է մասնագետների հավաստագրումը և հաստատում մասնագետներին տրվող հավաստագրերը.
34) իրականացնում է 1-ին, 2-րդ և 3-րդ կարգերի մասնագետների և 1-ին, 2-րդ և 3-րդ դասերի քաղաքաշինական գործունեություն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների գրանցամատյանների վարումը, որտեղ առնվազն ներառվում են մասնագետների անհատական տվյալների (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարի), կրթության, որակավորման, վերաորակավորման, մասնագիտացման, մասնագիտական գործունեության և ՇՄԶ հավաստագրերի, լիցենզավորված անձի տվյալների (անվանում և գտնվելու վայր, ազգանուն, անուն, բնակության վայր և հաշվառման հասցե), լիցենզիայի գործունեության տեսակի, գործողության ժամկետի, գործողության ժամկետների երկարաձգման, լիցենզիայի, ներդիրի կամ հավաստագրերի վերաձևակերպման, գործողության կասեցման, գործողության դադարեցման և վարկանիշավորման վերաբերյալ տեղեկություններ, օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ տեղեկություններ.
35) սահմանում է լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի գնահատման չափորոշիչները.
36) հաստատում է կառուցվող, հիմնանորոգվող, վերակառուցվող, վերականգնվող, ուժեղացվող, ընդլայնվող, արդիականացվող, վերազինվող, նորոգվող, քանդվող կամ ապամոնտաժվող շենքերի, շինությունների, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշները.
37) մշակում և հաստատում է քաղաքաշինական գործունեության ապահովման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումներ, ուղեցույցներ, ձեռնարկներ և սահմանում (տեղայնացնում) է քաղաքաշինության բնագավառում կիրառվող տերմիններ.
38) մշակում է շենքերի և շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարելավման գործողությունների իրականացման ծրագիրը.
39) սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի ու շինությունների, այդ թվում` տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների շահագործման մատչելիությունն ապահովող քաղաքաշինական միջոցառումների համալիրը (նորմերը, կանոնները), դրանց կիրառման պայմանները.
40) վարում է քաղաքաշինության բնագավառի լիցենզավորված կազմակերպությունների և մասնագետների էլեկտրոնային գրանցամատյանները.
41) մշակում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը, ինչպես նաև դրանց նպատակային (գործառնական) նշանակության դասակարգման ցանկը (մեթոդաբանությունը), շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակության և դրանց փոփոխման կարգերը.
42) բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների տեխնիկական վիճակից ելնելով` մշակում է դրանք շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը.
43) մշակում և հաստատում է շենքերի ու շինությունների անձնագրերի օրինակելի ձևերը, անձնագրերի լրացման մեթոդաբանությունը.
44) մշակում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը.
45) մշակում է քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության կարգերը.
46) համակարգում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով սահմանված կառուցապատման և ներդրումային ծրագրերը.
47) ստեղծում է կոմիտեի նախագահին կից գործող Քաղաքաշինական խորհուրդը.
48) ստեղծում է կոմիտեի նախագահին կից գործող Գիտատեխնիկական խորհուրդը:
Քաղաքաշինական խորհուրդը ճարտարապետաճարտարագիտական, քաղաքաշինական համալիր խնդիրների կոլեգիալ քննարկման և գնահատման նպատակով ստեղծված խորհրդատվական մարմին է, որի կազմը և աշխատակարգը հաստատում է կոմիտեի նախագահը:
Գիտատեխնիկական խորհուրդը քաղաքաշինության բնագավառի օրենսդրությամբ սահմանված նորմերի կիրառման հետ կապված գիտականորեն հիմնավորված մասնագիտական դիրքորոշումներ, եզրակացություններ և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծված խորհրդատվական մարմին է, որի կազմը և աշխատակարգը հաստատում է կոմիտեի նախագահը:»:
Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստում «քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին», «քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմին» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին» բառերով:
Հոդված 4. Օրենքի ամբողջ տեքստում «նորմատիվ-տեխնիկական» բառերը փոխարինել «նորմատիվատեխնիկական» բառով:
i
Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասում «10-րդ հոդվածի «դ» կետին» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին» բառերով:
i
Հոդված 6. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 19. |
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտները |
1. Քաղաքաշինական գործունեությունը ենթակա է հատուկ կարգավորման, եթե տարածքների կառուցապատումը, հատակագծումը, օգտագործումը, քաղաքացիների, հասարակության, պետության շահերի ապահովումը պահանջում են օրենսդրական լրացուցիչ լուծումներ:
2. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքների առանձնացումը որոշվում է` ելնելով պետության և հասարակության անվտանգության ապահովման, սոցիալ-տնտեսական զարգացման, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների և բնապահպանական հիմնահարցերի փոխկապակցված լուծման, ազգային, պատմամշակութային, քաղաքաշինական, լանդշաֆտային և բնապատկերային արժեքների պահպանման, բնական և տեխնածին երևույթներից պաշտպանության, աղետների և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման անհրաժեշտությունից:
3. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները կարող են չհամընկնել վարչատարածքային միավորների սահմանների հետ:
4. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորումը կարող է իրականացվել հատուկ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, համաձայնեցման և հաստատման, ինչպես նաև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգեր սահմանելու միջոցով:
5. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ կարող են առանձնացվել`
1) Երևան քաղաքում.
2) Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, ինչպես նաև ջրային ռեսուրսների օգտագործմանն առնչվող հիդրոտեխնիկական կառուցվածքների տարածքներում.
3) ազատ և հատուկ տնտեսական գոտիների տարածքներում.
4) մեկից ավելի վարչատարածքային միավորների շահերին առնչվող քաղաքաշինական օբյեկտների տարածքներում.
5) օրենքով սահմանված հատուկ նշանակության և հատուկ պահպանվող հողերի տարածքներում.
6) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում:
6. Սույն հոդվածով սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների և տարածքների, այդ թվում` միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների պահպանման, ինչպես նաև հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում և առանձնացման գոտիներում քաղաքաշինական գործունեության, դրանց նկատմամբ վերահսկողության իրականացման և նախագծային փաստաթղթերի հաստատման կարգերը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Կառավարությունը և կոմիտեն ընդունում են`
1) մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը.
2) սույն օրենքի 1-ին հոդվածով խմբագրվող` Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի մասով` մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը.
3) սույն օրենքի 1-ին հոդվածով խմբագրվող` Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 21-23-րդ կետերի և սույն օրենքի 2-րդ հոդվածով խմբագրվող` Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 27-րդ, 31-րդ կետերի մասով` մինչև 2023 թվականի դեկտեմբերի 16-ը.
4) սույն օրենքի 1-ին հոդվածով խմբագրվող` Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 25-րդ կետերի և սույն օրենքի 2-րդ հոդվածով խմբագրվող` Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 28-30-րդ և 35-րդ կետերի մասով` մինչև 2024 թվականի դեկտեմբերի 16-ը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2023 թ. մայիսի 8 Երևան ՀՕ-139-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 11 մայիսի 2023 թվական: