29.07.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 404.1-ին հոդվածով.
| «Հոդված 404.1. |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքն ստանալը |
1. Վճռաբեկ բողոքի քննության ընթացքում Վճռաբեկ դատարանը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (սույն հոդվածում այսուհետ` ՄԻԵԴ)` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով (սույն հոդվածում այսուհետ` ՄԻԵԿ) սահմանված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ սկզբունքային հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով, եթե դա անհրաժեշտ է գործով որոշում կայացնելու համար:
2. Խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն կարող է ներկայացնել յուրաքանչյուր դատավոր, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում:
3. Խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը ներառում է`
1) բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար էական նշանակություն ունեցող փաստակազմն ու իրավական հիմքերը.
2) բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար վերաբերելի ներպետական օրենսդրությունը.
3) ՄԻԵԿ-ի վերաբերելի դրույթները, մասնավորապես վերաբերելի կոնվենցիոնալ իրավունքները և ազատությունները.
4) հնարավորության դեպքում և, եթե անհրաժեշտ է, բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ Վճռաբեկ դատարանի վերլուծություններն ու մեկնաբանությունները.
5) անհրաժեշտության դեպքում` դիմումն անհապաղ քննելու վերաբերյալ հիմնավորումներ.
6) անհրաժեշտության դեպքում` միջնորդություն` ապահովելու վարույթում ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց անանունությունը.
7) վերաբերելի լինելու դեպքում` բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ կողմերի փաստարկների ամփոփ շարադրանքը:
4. Դիմումին կարող են կցվել այն հիմնավորող անհրաժեշտ նյութեր:
5. Դիմումը պետք է համապատասխանի ՄԻԵԴ-ի սահմանած տեխնիկական պահանջներին:
6. ՄԻԵԴ-ի հետ փոխգործակցությունն ապահովում է գործով զեկուցող դատավորը, որը պատրաստում և ՄԻԵԴ է ներկայացնում դիմումով բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ ՄԻԵԴ-ի քարտուղարության կողմից հայցվող տեղեկությունը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2023 թ. հուլիսի 18 Երևան ՀՕ-235-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 19 հուլիսի 2023 թվական: