01.02.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 100-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին գլխով.
«ԳԼՈՒԽ 11.1
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 119.1. |
Սույն գլխի գործողության ոլորտը |
1. Սույն գլխի նորմերը տարածվում են էլեկտրոնային համակարգի (այսուհետ` Համակարգ) միջոցով դատարանի և դատավարության մասնակիցների, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ անձանց կողմից իրականացվող գործողությունների վրա:
2. Եթե սույն գլխով առանձնահատկություններ սահմանված չեն, ապա Համակարգի միջոցով իրականացվող գործողությունների վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները:
3. Համակարգի միջոցով պատշաճ կերպով և Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համապատասխան կատարված գործողությունն առաջացնում է նույն հետևանքները, որոնք կառաջացներ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով իրականացված համանման գործողությունը:
4. Համակարգի միջոցով չեն կարող կատարվել այնպիսի գործողություններ, որոնց կատարումը Համակարգի միջոցով տեխնիկական տեսանկյունից անհնարին է: Նման անհնարինությունը չի կարող գնահատվել որպես անձի դատավարական իրավունքների սահմանափակում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան գործողությունը կարող է կատարվել սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:
5. Սույն գլխի նորմերը կիրառելի չեն այն դեպքերում, երբ դատարանը գործը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու մասին որոշում է կայացրել:
Հոդված 119.2. |
Սույն գլխում օգտագործվող հասկացությունները |
1. Սույն գլխի իմաստով`
1) Համակարգը էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման և գործի քննության համար անհրաժեշտ` սույն գլխով նախատեսված այլ գործողությունների իրականացման համար Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից վարվող էլեկտրոնային համակարգն է.
2) էլեկտրոնային եղանակով վարվող գործը դատական գործի` Համակարգում գտնվող և Համակարգի միջոցով հասանելի նյութերի ամբողջությունն է.
3) Համակարգն օգտագործող անձ է (են) համարվում`
ա. այն ֆիզիկական անձը, որը քաղաքացիական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ Համակարգի միջոցով կատարել է որևէ գործողություն և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չի պահել Համակարգից օգտվելու անհնարինության մասին,
բ. իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, գնումների հետ կապված վեճերով վարույթում պատասխանողները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները և արտոնագրված հաշտարարները` անկախ Համակարգի միջոցով որևէ անգամ որևէ գործողություն կատարած լինելուց կամ չլինելուց:
2. Սույն գլխի իմաստով` Համակարգի միջոցով հասանելի դարձած փաստաթղթեր (նյութեր) են համարվում այն փաստաթղթերը (այդ թվում` դատավարական փաստաթղթերը, ապացույցները, դատական ակտերը, դատական ծանուցագրերը), որոնք առկա են էլեկտրոնային եղանակով վարվող գործի նյութերում և տեղադրվել են Համակարգն օգտագործող անձի անձնական էջում, որը հավաստվում է Համակարգի կողմից, և դրանք հնարավոր է դիտել ու ներբեռնել Համակարգի միջոցով: Համակարգն օգտագործող անձին որևէ փաստաթուղթ (նյութ) հասանելի դառնալու դեպքում Համակարգն օգտագործող անձն անմիջապես տեղեկացվում է Համակարգում մուտքագրված անձի բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով:
Հոդված 119.3. |
Էլեկտրոնային եղանակով վարվող գործը |
1. Քաղաքացիական գործի շրջանակներում դատարանը գործը վարում է էլեկտրոնային եղանակով, բացառությամբ այն փաստաթղթերի (նյութերի), որոնք ստացվել են սույն օրենսգրքի 119.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետով չսահմանված ֆիզիկական անձի կողմից կամ ուղարկվել են նրան, և սույն գլխով նախատեսված այլ դեպքերի:
2. Էլեկտրոնային եղանակով վարվող գործը ներառում է քաղաքացիական գործի բոլոր նյութերը, որոնք ստեղծվել կամ ներկայացվել են Համակարգի միջոցով, ինչպես նաև Համակարգից դուրս ստեղծված կամ ներկայացված գործի բոլոր նյութերի սկանավորված տարբերակները (ներառյալ` իրեղեն ապացույցների լուսանկարները և տեսագրությունները, դատական ծանուցագրերը և դատական նիստերի արձանագրությունները):
Հոդված 119.4. |
Դատավարական փաստաթղթերի ներկայացման հետ կապված առանձնահատկությունները |
1. Բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, պատասխան, դիրքորոշում, միջնորդություն և այլն) կազմվում և ներկայացվում են Համակարգի միջոցով` Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով:
2. Դատավարական փաստաթղթին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են դրանց սկանավորված տարբերակները Համակարգի միջոցով ուղարկելու եղանակով: Այն դեպքում, երբ դատավարական փաստաթղթին կից ներկայացվող փաստաթուղթը էլեկտրոնային է, այն ներկայացվում է առանց սկանավորման:
3. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը և դրան կից փաստաթղթերը համարվում են դատարան ներկայացված Համակարգի միջոցով դրանք ուղարկելու պահից:
4. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը և դրան կից փաստաթղթերը համարվում են դատարանի կողմից ստացված իրեն հասանելի դառնալու պահից:
5. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը և դրան կից փաստաթղթերը համարվում են Համակարգը չօգտագործող անձին ուղարկված, եթե Համակարգի միջոցով ներկայացվել է ուղարկելու մասին համապատասխան ապացույցի սկանավորված տարբերակը:
6. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը և դրան կից փաստաթղթերը համարվում են Համակարգն օգտագործող անձին ուղարկված, եթե համապատասխան փաստաթղթերը Համակարգի միջոցով հասանելի են դարձել Համակարգն օգտագործող անձին: Այդ դեպքում դատավարական փաստաթուղթը ներկայացնող անձը դրան չի կցում փաստաթուղթն ուղարկելու մասին լրացուցիչ ապացույց: Փաստաթուղթը հասցեատիրոջ կողմից համարվում է ստացված իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո:
7. Դատավարական փաստաթղթերը Համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում անձն ազատվում է համապատասխան փաստաթուղթը մի քանի օրինակից ներկայացնելու պարտականությունից:
8. Դատական ակտի դեմ Համակարգի միջոցով բողոք ներկայացվելու դեպքում բողոք բերող անձն ազատվում է բողոքի օրինակը դատական ակտ կայացրած դատարան ուղարկելու պարտականությունից:
9. Դատավարական փաստաթղթերը Համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում անձն ազատվում է համապատասխան փաստաթղթի էլեկտրոնային կրիչը ներկայացնելու պարտականությունից:
Հոդված 119.5. |
Դատարանի կողմից դատական ակտերի կայացման, հրապարակման և ուղարկման հետ կապված առանձնահատկությունները |
1. Առանձին ակտի ձևով կայացվող բոլոր դատական ակտերը կազմվում են Համակարգի միջոցով` Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան:
2. Առանձին ակտի ձևով կայացված բոլոր դատական ակտերը և դրանց վերաբերյալ ներկայացված հատուկ կարծիքները տեղադրվում են Համակարգում:
3. Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտը համարվում է հրապարակված (կամ կայացված), եթե այն Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին:
4. Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտը համարվում է վերջինիս ուղարկված, եթե այն Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին:
5. Դատական ակտերը համարվում են Համակարգն օգտագործող անձի կողմից ստացված դրանք իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո:
6. Դատարանի և դատարանի աշխատակազմի կողմից ուղարկվող (վերադարձվող) փաստաթղթերի, պարզաբանումների, տեղեկացումների և արձանագրությունների նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի կանոնները:
7. Համակարգում հրապարակված դատական ակտերի` դատարանների միջև շրջանառությունը կատարվում է Համակարգի միջոցով` ինքնաշխատ կամ դատավորի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով:
8. Դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկվող կատարողական թերթերը և այլ փաստաթղթեր ուղարկվում են Համակարգի միջոցով` ինքնաշխատ կամ դատավորի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով:
Հոդված 119.6. |
Դատական ծանուցումների հետ կապված առանձնահատկությունները |
1. Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձին ուղարկված, եթե այն կազմվել է Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, պարունակում է սույն օրենսգրքով սահմանված տեղեկատվությունը և Համակարգի միջոցով հասանելի է դարձել Համակարգն օգտագործող անձին:
2. Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձի կողմից ստացված այն իրեն հասանելի դառնալու պահից երեք աշխատանքային օր հետո:
3. Դատական ակտի հրապարակման ժամանակի և վայրի մասին ծանուցումների նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի կանոնները:
4. Համակարգն օգտագործող անձը կրում է իրեն հասանելի դարձած դատական ծանուցագիրը չկարդալու անբարենպաստ հետևանքները:
Հոդված 119.7. |
Դատավարական փաստաթղթերի ստորագրման հետ կապված առանձնահատկությունները |
1. Դատավարական փաստաթուղթը համարվում է ներկայացնողի կողմից ստորագրված, եթե այն վավերացվել է ներկայացնողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ` «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան, և ներկայացվել է Համակարգի միջոցով ներկայացնողի կողմից:
2. Համատեղ ստորագրված դատավարական փաստաթուղթը համարվում է ներկայացնողների կողմից ստորագրված, եթե այն վավերացվել է ներկայացնողների էլեկտրոնային թվային ստորագրություններով` «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան, և ներկայացվել է Համակարգի միջոցով ներկայացնողներից որևէ մեկի կողմից:
3. Դատավորի կայացրած դատական ակտը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված և կնքված նաև այն դեպքերում, երբ դատական ակտը կազմվել է Համակարգի միջոցով` Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, և վավերացվել է այն կազմող դատավորի էլեկտրոնային թվային ստորագրությամբ` «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան:
4. Դատարանի կոլեգիալ կազմի կայացրած դատական ակտը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված և կնքված նաև այն դեպքերում, երբ դատական ակտը կազմվել է Համակարգի միջոցով` Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, և վավերացվել է այն կազմող դատավորների էլեկտրոնային թվային ստորագրություններով` «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան:
5. Հատուկ կարծիքը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված և կնքված նաև այն դեպքերում, երբ այն կազմվել է Համակարգի միջոցով` Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, և վավերացվել է այն կազմող դատավորի էլեկտրոնային թվային ստորագրությամբ` «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան:
Հոդված 119.8. |
Ապացույցների ներկայացման հետ կապված առանձնահատկությունները |
1. Ապացույցներ ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացվում են դատավարական փաստաթղթերի համար նախատեսված կարգով:
2. Գրավոր ապացույցները ներկայացվում են դրանք սույն օրենսգրքով նախատեսված դատավարական փաստաթղթերին կցելու և Համակարգով ուղարկելու միջոցով:
3. Գրավոր ապացույցի բնօրինակը, կրկնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենը համարվում է ներկայացված, եթե համապատասխան փաստաթղթի սկանավորված տարբերակը ներկայացվել է Համակարգի միջոցով: Փաստաթղթի սկանավորված լինելու պահանջը չի տարածվում էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցով ստացված գրավոր ապացույցի վրա:
4. Սույն օրենսգրքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում դատարանն իրավունք ունի գրավոր ապացույցի բնօրինակի, կրկնօրինակի կամ պատշաճ վավերացված պատճենի սկանավորված տարբերակը ներկայացրած անձից բանավոր կամ գրավոր (այդ թվում` Համակարգի միջոցով ուղարկված հաղորդագրությամբ) պահանջելու ներկայացնել համապատասխան փաստաթղթի` նյութական եղանակով առկա օրինակը: Դատարանի պահանջի չկատարումը հանգեցնում է սույն օրենսգրքով նախատեսված հետևանքների:
5. Համակարգի միջոցով իրեղեն ապացույցի ներկայացմամբ իրեղեն ապացույց թույլատրելու մասին միջնորդությունը ներկայացվում է իրեղեն ապացուցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը ներկայացնելու միջոցով: Իրեղեն ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը համարվում է ներկայացված, եթե համապատասխան փաստաթղթի սկանավորված տարբերակը, լուսանկարը կամ տեսագրությունը պարունակող էլեկտրոնային ֆայլը ներկայացվել է Համակարգի միջոցով: Դատարանն իրավունք ունի համապատասխան ապացույցը ներկայացրած անձից բանավոր կամ գրավոր (այդ թվում` Համակարգի միջոցով ուղարկված հաղորդագրությամբ) պահանջելու ներկայացնել համապատասխան իրեղեն ապացույցի` նյութական եղանակով առկա օրինակը:
6. Լուսանկարները, ձայնագրությունները և տեսագրությունները համարվում են ներկայացված, եթե համապատասխան տվյալները պարունակող էլեկտրոնային ֆայլերը ներկայացվել են Համակարգի միջոցով:
7. Ծավալուն էլեկտրոնային ֆայլերը, ինչպես նաև այն էլեկտրոնային ֆայլերը, որոնք հնարավոր չէ ներկայացնել Համակարգի միջոցով, ներկայացվում են Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:
Հոդված 119.9 |
Ներկայացուցչի լիազորությունների հաստատման հետ կապված առանձնահատկությունները |
1. Այն դեպքում, երբ սույն օրենսգրքով պահանջվում է դատավարական փաստաթղթին կից ներկայացնել ներկայացուցչի (այդ թվում` օրինական և ի պաշտոնե) լիազորությունները հավաստող փաստաթուղթ, ապա այդ պահանջը համարվում է պահպանված, եթե նման փաստաթուղթը ներկայացվել է Համակարգի միջոցով` Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, և պարունակում է սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված բոլոր անհրաժեշտ վավերապայմանները:
2. Դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձի ներկայացուցչից (այդ թվում` օրինական և ի պաշտոնե) գրավոր (այդ թվում` Համակարգի միջոցով ուղարկված հաղորդագրությամբ) կամ բանավոր պահանջելու ներկայացնել լիազորությունները հավաստող փաստաթղթի կամ փաստաթղթերի` նյութական եղանակով առկա օրինակը: Դատարանի պահանջը չկատարելու դեպքում ներկայացուցչի լիազորությունները դատարանը չի ճանաչում:
Հոդված 119.10. |
Գործի քննության հետ կապված վճարումների առանձնահատկությունները |
1. Պետական տուրքը համարվում է վճարված, և պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը համարվում է ներկայացված, եթե պետական տուրքը վճարվել է Համակարգի միջոցով, և գործը քննող դատարանը Համակարգի միջոցով կարող է հավաստիանալ, որ վճարումը կատարված է:
2. Դատական ակտով բռնագանձման ենթակա գումարները (այդ թվում` դատական ծախսերը) համարվում են վճարված սույն հոդվածով սահմանված կանոններով:
Հոդված 119.11. |
Գործի նյութերին ծանոթանալու և գործի նյութերի հասանելիության հետ կապված առանձնահատկությունները |
1. Համակարգում առկա էլեկտրոնային գործի նյութերը (ներառյալ` դրանում կատարված փոփոխությունները և լրացումները) ամբողջ ծավալով պետք է հասանելի լինեն ոչ միայն գործը քննող դատավորին և նրա աշխատակազմին, այլև գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչներին:
2. Այն դեպքում, երբ անձը, սույն օրենսգրքի համաձայն, չի կրում իր ներկայացրած դատավարական փաստաթուղթը գործին մասնակցող մյուս անձանց նախապես ուղարկելու պարտականություն, սակայն օրենքով նախատեսված որոշակի դեպքերում նման պարտականություն կրում է դատարանը, ապա Համակարգում առկա էլեկտրոնային գործի նյութերը (այդ թվում` գործի առկայության մասին տեղեկատվությունը) գործին մասնակցող մյուս անձանց հասանելի են դառնում կամ դատարանի կողմից հասանելի են դառնում այն պահին, երբ դատարանի մոտ առաջանում է դատավարական փաստաթուղթը գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու պարտականությունը:
3. Գործին մասնակցող անձի կամ ներկայացուցչի փոխարինման դեպքում էլեկտրոնային գործի նյութերի հասանելիությունը դադարում է փոխարինված անձի կամ ներկայացուցչի համար, միաժամանակ ապահովվում է հասանելիություն նոր ներգրավված գործին մասնակցող անձի կամ ներկայացուցչի համար:
4. Գործին մասնակցող նոր անձի ներգրավման դեպքում էլեկտրոնային գործի նյութերի հասանելիությունն ապահովվում է նաև նոր ներգրավված գործին մասնակցող անձի համար:
5. Գործին մասնակցող անձի` գործին մասնակցող անձանց կազմից դուրս գալու դեպքում տվյալ անձի հասանելիությունն էլեկտրոնային գործի նյութերին դադարեցվում է:
6. Դատավարության մասնակից հանդիսացող վկայի, փորձագետի, մասնագետի և թարգմանչի հասանելիության ծավալը գործի նյութերին որոշում է գործը քննող դատարանը Համակարգի միջոցով:
Հոդված 119.12. |
Էլեկտրոնային գործի շրջանառության հետ կապված առանձնահատկությունները |
1. Էլեկտրոնային գործի (կամ դրա մասի) շրջանառությունը տարբեր դատարանների (այդ թվում` տարբեր ատյանների դատարանների) միջև կատարվում է Համակարգի միջոցով` ինքնաշխատ կամ դատարանի աշխատակազմի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով:
2. Դատարանը համարվում է էլեկտրոնային գործն ստացած այն պահից, երբ իրեն Համակարգի միջոցով հասանելի են դառնում էլեկտրոնային գործի նյութերը:
3. Եթե գործին մասնակցող բոլոր անձինք Համակարգն օգտագործող անձինք են, ապա սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դատարանների միջև շրջանառվում է միայն էլեկտրոնային գործը:
4. Համակարգի և էլեկտրոնային տեղեկատվական այլ համակարգերի միջև տվյալների փոխանցումն իրականացվում է Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
Հոդված 119.13. |
Դատավարական ժամկետների հետ կապված առանձնահատկությունները |
1. Դատավարական ժամկետը համարվում է պահպանված, եթե դատավարական փաստաթուղթը ներկայացվել է, կամ այլ գործողությունը կատարվել է Համակարգի միջոցով մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ն:»:
Հոդված 3. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Բարձրագույն դատական խորհրդի` էլեկտրոնային համակարգի գործարկման մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող` Օրենսգրքի 119.12-րդ հոդվածի 4-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Էլեկտրոնային համակարգի և էլեկտրոնային տեղեկատվական այլ համակարգերի միջև տվյալների փոխանցման կարգը Կառավարությունը սահմանում է սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող` Օրենսգրքի 119.12-րդ հոդվածի 4-րդ մասն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
ԻՐՏԵԿ |
Սույն օրենքի ուժի մեջ մտնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի` էլեկտրոնային համակարգի գործարկման մասին հայտարարությունը կատարվել է ԲԴԽ ֆեյսբուքյան էջում 22.01.2024 թվականին: |
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հունվարի 12 Երևան ՀՕ-11-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 12 հունվարի 2024 թվական: