ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
2 փետրվարի 2026 թվականի N 03-Ն
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3.5-րդ կետը`
Հրամայում եմ
1. Հաստատել երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության կազմակերպման և ավարտական քննությունների անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հրամանը ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 20-ից:
Նախարար` Ա. Մարտիրոսյան
/պարտականությունները կատարող/
2/2/2026
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2026 թվականի փետրվարի 2-ի
N 03-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող (Այսուհետ` Ծրագիր) երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (Այսուհետ` Դպրոց), անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից, դիմորդների ընդունելության և սովորողների ավարտական քննությունների անցկացման ընթացակարգը:
2. Կարգը նախատեսված է այն դպրոցների համար, որոնք առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատված «Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլաններ»-ով և համապատասխան առարկայական ծրագրերով:
3. Դպրոցում իրականացվող ծրագրերը նախատեսված են դպրոցահասակ տարիքից (մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ վեց կամ իննը տարին լրանալու դեպքում) սկսած` նպատակ ունենալով բացահայտել արվեստի բնագավառում շնորհալի և տաղանդավոր երեխաներին, զարգացնել նրանց ստեղծագործական ունակությունները, ապահովել ինքնադրսևորման, գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության համար անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաև նպաստել արվեստի ոլորտում մասնագիտական կրթության շարունակականությանն ու սերնդափոխության բնականոն ընթացքին:
4. Կարգը երաշխավորում է հաշմանդամություն ունեցող դիմորդների և սովորողների համար մատչելի կրթական միջավայրի ապահովում, նրանց ստեղծագործական ունակությունների գնահատման հարմարեցված պայմաններ և անհատական մոտեցում` հաշվի առնելով նրանց առանձնահատկությունները:
2. ՍՈՎՈՐՈՂԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
5. Դպրոցում ծրագրերի ընդունելությունն անցկացվում է անհատական ընտրության հիմքով` նպատակ ունենալով բացահայտել արվեստի հանդեպ հետաքրքրություն և ստեղծագործական ունակություններ ունեցող երեխաներին:
6. Ընդունելության գործընթացը կազմակերպելու նպատակով դպրոցում և նրա մասնաճյուղում ձևավորվում են մասնագիտացված հանձնաժողովներ` յուրաքանչյուր ծրագրի կամ բաժնի համար առանձին: Հանձնաժողովի կազմը, գործունեության ժամանակացույցը և լիազորությունները սահմանվում են դպրոցի տնօրենի (այսուհետ` տնօրեն) հրամանով:
7. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են տվյալ բաժնի մասնագիտացմանը համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ` դպրոցի աշխատակազմից: Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որը պարտադիր մասնակցում է ընդունելության որոշման գործընթացին:
8. Դպրոցում իրականացվող ծրագրերի ցանկը, ինչպես նաև յուրաքանչյուր ծրագրի համար նախատեսված ընդունելության տեղերի քանակը հաստատվում է տնօրենի հրամանով:
9. Դիմորդների ընդունելությունն իրականացվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում: Լրացուցիչ ընդունելություն կարող է կազմակերպվել միայն առկա ազատ տեղերի պարագայում` մինչև սույն կետով սահմանված վերջնաժամկետը:
10. Դիմորդների ընդունելությունը իրականացվում է տարիքային երկու խմբերի համար`
1) յոթամյա կրթության դեպքում` 6-ից 9 տարեկան երեխաներ,
2) հնգամյա կրթության դեպքում` 9-ից 12 տարեկան երեխաներ,
3) չորսամյա կրթության դեպքում` 9-ից 12 տարեկան երեխաներ:
11. Դիմորդները ներկայացնում են փաստաթղթերի փաթեթ, որը ներառում է`
1) դիմում (լրացված ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից),
2) դիմորդի ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճեն,
3) առողջության վերաբերյալ տեղեկանք` սպասարկող բուժհիմնարկից,
4) երկու լուսանկար (3x4 չափի),
5) կցորդ (առկայության դեպքում)` դիմորդի նախորդ ստեղծագործությունների նմուշներ (պորտֆոլիո, ձայնագրություն, նկարչական աշխատանքներ և այլն):
12. Ընդունելությունն անցկացվում է ստեղծագործական ընտրության ձևաչափով` ըստ ծրագրի ուղղվածության: Դիմորդների գնահատումն իրականացվում է հետևյալ հիմնական չափորոշիչներով`
1) Երաժշտություն - լսողություն, ռիթմի զգացողություն, հիշողություն,
2) Կերպարվեստ - գծագրություն, գունային զգացողություն, գեղագիտական մտածողություն,
3) Պարարվեստ - ֆիզիկական տվյալներ, ռիթմի զգացողություն, պարայնություն,
4) Թատերարվեստ - արտահայտչականություն (արտիստիզմ), ռիթմի զգացողություն, երևակայություն, բեմում ինքնազգացողություն և ազատություն, ինտերակտիվ հաղորդակցություն:
13. Յուրաքանչյուր բաժնի համար հաստատվում են համապատասխան առաջադրանքների ցանկը, բարդության մակարդակները և գնահատման ցուցանիշները: Դրանք մշակվում են դպրոցի կողմից և հրապարակվում ընդունելության նախաշեմին` ոչ ուշ, քան ընդունելության մեկնարկից 21 օր առաջ: Տվյալ տեղեկատվությունը տեղադրվում է դպրոցի տեղեկատվական վահանակում, պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում (առկայության դեպքում):
14. Ստեղծագործական առաջադրանքները դասակարգվում են ըստ բարդության` երեք աստիճանի: Դիմորդի առաջադրանքի մակարդակը ընտրվում է` ելնելով նրա տարիքից և կարողություններից:
15. Գնահատումն իրականացվում է տասը միավորային սանդղակով`
1) 9-10 միավոր` գերազանց տվյալներ, ակնհայտ ստեղծագործական ներուժ,
2) 7-8 միավոր` բավարարից բարձր արդյունքներ, ուսուցման լավ պոտենցիալ,
3) 5-6 միավոր` բավարար արդյունքներ,
4) 4 և ցածր միավոր` անբավարար, ընդունելությունը տվյալ տարում չի հաստատվում:
16. Դպրոցը երաշխավորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, այդ թվում` հաշմանդամություն ունեցող դիմորդների ներառական և հավասարապես որակյալ կրթություն ստանալու իրավունքը` նրանց համար ապահովելով համապատասխան մատչելի կրթական միջավայր, խելամիտ հարմարեցումներ և համապատասխան աջակցություն: Անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել հոգեբան կամ հատուկ մանկավարժ:
17. Դպրոցը հրապարակում է ընդունելության հետ կապված հետևյալ տեղեկատվությունը`
1) ընդունելության կազմակերպման կարգը,
2) ծրագրերի (մասնագիտությունների) ցանկը,
3) ծրագրերի համար նախատեսված տեղերի քանակը,
4) ընդունելության դիմումի ձևը (ըստ ձև 1-ի),
5) ընդունելության հարցերով կապ հաստատելու կոնտակտային տվյալները:
18. Այս տեղեկատվությունը տեղադրվում է դպրոցի տեղեկատվական վահանակում, պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում (առկայության դեպքում)` ընդունելության գործընթացի մեկնարկից ոչ ուշ, քան 21 օրացուցային օր առաջ:
19. Դպրոց ընդունելության համար փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր օրացուցային տարվա մայիսի 1-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ:
20. Դիմորդները, ովքեր հիմնավորված փաստաթղթերով (օրինակ` հիվանդության վերաբերյալ բժշկական տեղեկանք) հաստատել են, որ չեն կարողացել մասնակցել հիմնական ընդունելությանը, իրավունք ունեն մասնակցել ընդունելությանը այլ ժամանակ` պայմանով, որ այն տեղի կունենա մինչև ընդունելության վերջնաժամկետը` սահմանված սույն կարգի 9-րդ կետով:
21. Դիմորդի ծնողին (կամ օրինական ներկայացուցչին) դպրոցը տրամադրում է խորհրդատվական աջակցություն` ընդունելությանը վերաբերող հարցերի շուրջ:
22. Ընդունելության գործընթացում արգելվում է կողմնակի անձանց ներկայությունը:
23. Ընդունելության արդյունքների վերաբերյալ որոշումը կայացվում է հանձնաժողովի դռնփակ նիստում` նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում վճռորոշ է հանձնաժողովի նախագահի ձայնը:
24. Յուրաքանչյուր նիստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է բոլոր անդամների կողմից և ներկայացվում դպրոցի տնօրենին` ընդունելության վերաբերյալ պաշտոնական որոշում կայացնելու նպատակով:
25. Ընդունելության արդյունքները հրապարակվում են ոչ ուշ, քան որոշման ընդունումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում` դպրոցի պաշտոնական կայքում, սոցիալական ցանցերում (առկայության դեպքում) և տեղեկատվական վահանակում:
26. Ընդունելության արդյունքների հրապարակումից հետո ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը) կարող է մեկ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել գրավոր բողոք (ըստ ձև 2-ի)` դիմելով դպրոցի տնօրենի կողմից ձևավորված բողոքարկման հանձնաժողովին:
27. Բողոքարկման հանձնաժողովի կազմը հաստատվում է դպրոցի տնօրենի հրամանով: Բողոքարկման հանձնաժողովը կազմվում է առնվազն երեք անդամներից` դպրոցում աշխատող այն անձանցից, ովքեր չեն ընդգրկվել ընդունելության հանձնաժողովի կազմում:
28. Բողոքարկման հանձնաժողովը քննարկում է դիմումը երեք աշխատանքային օրվա ընթացքում և կայացնում վերջնական որոշում` դիմորդի կրկնակի ընտրության նպատակահարմարության վերաբերյալ:
29. Բողոքարկման հանձնաժողովի յուրաքանչյուր նիստի ընթացքում վարվում է արձանագրություն, որտեղ արտացոլվում են քննարկման ընթացքը և ընդունված որոշումները:
30. Բողոքարկման հանձնաժողովի որոշումը ստորագրվում է բողոքարկման հանձնաժողովի նախագահի կողմից և դպրոցի կողմից ծնողին (կամ օրինական ներկայացուցչին) ծանուցվում է գրավոր` էլեկտրոնային փոստի միջոցով կամ առձեռն, որոշման ընդունումից հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում:
31. Ընդունելության արդյունքները հաստատված լինելուց հետո դպրոցը նախաձեռնում է պայմանագրի կնքում դիմորդի ծնողի (կամ օրինական ներկայացուցչի) հետ:
32. Դպրոցը կարող է կազմակերպել ընդունելություն նախադպրոցական, հետդպրոցական և ընդհանուր գեղագիտական զարգացման ծրագրերով ուսուցման համար: Նշված ծրագրերի ընդունելությունը և իրականացումը հաստատվում են դպրոցի տնօրենի հրամանով:
33. Ըստ ենթակայության` դիմորդների ընդունելության տվյալները հաշվառվում են`
1) Համայնքային ենթակայության դպրոցների դեպքում` Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերի (Երևանի քաղաքապետարանի) համապատասխան բաժիններում կամ վարչություններում,
2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության դպրոցների դեպքում` նախարարության հանրակրթության վարչությունում:
3. ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
34. Դպրոցում ծրագրի ամբողջական ավարտից հետո սովորողը մինչև հունիսի 30-ը հանձնում է ավարտական քննություն (այսուհետ` քննություն), որը կազմակերպվում է ուսումնական տարվա ավարտին և նախատեսված է գնահատելու նրա ձեռք բերած գիտելիքները, հմտությունները և ստեղծագործական առաջընթացը:
35. Քննությունների անցկացման վայրն ու ժամանակացույցը հրապարակվում են դպրոցի տեղեկատվական վահանակում, ինչպես նաև պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերում (առկայության դեպքում)` առնվազն 10 օր առաջ:
36. Հաշմանդամություն ունեցող սովորողների համար քննությունները կազմակերպվում են անհատական մոտեցմամբ և հարմարեցված պայմաններով` հաշվի առնելով նրանց ֆիզիկական, զգայական կամ այլ առանձնահատկությունները:
37. Քննությունների կազմակերպման նպատակով դպրոցում ձևավորվում են մասնագիտացված հանձնաժողովներ` յուրաքանչյուր ծրագրի կամ առարկայական ուղղվածության համար առանձին: Հանձնաժողովի կազմը, գործունեության ժամանակացույցը և լիազորությունները սահմանվում են դպրոցի տնօրենի հրամանով:
38. Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ինչպես դպրոցի մանկավարժական կազմի ներկայացուցիչներ, այնպես էլ հրավիրված ոլորտային մասնագետներ` միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններից, ինքնազբաղ արվեստագետներ, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ համապատասխան կառույցների մասնագետներ:
39. Քննության արդյունքները գնահատվում են տասը միավորային սանդղակով`
1) 9, 10 միավոր - գերազանց,
2) 6, 7, 8 միավոր - լավ,
3) 3, 4, 5 միավոր - բավարար:
40. Վերջնական գնահատականը արձանագրվում է համապատասխան փաստաթղթում` հանձնաժողովի անդամների ստորագրությամբ: Անբավարար գնահատական (2 և ցածր) ստացած սովորողին տրվում է կրկնակի քննություն հանձնելու հնարավորություն` դպրոցի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:
41. Սովորողը պարտավոր է ներկայանալ քննություններին ժամանակին և համապատասխան հագուստով:
42. Քննությունների ընթացքում սովորողին արգելվում է արտաքին օգնություն ստանալ, ինչպես նաև օգտագործել բջջային հեռախոսներ կամ այլ էլեկտրոնային սարքեր:
43. Դիմորդի ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը) իրավունք ունի գրավոր բողոք ներկայացնել բողոքարկման հանձնաժողովին (ըստ ձև 3-ի)` քննությունների կազմակերպման ընթացակարգի կամ արդյունքների վերաբերյալ, ոչ ուշ, քան արդյունքների հրապարակումից հետո հաջորդ աշխատանքային օրը:
44. Բողոքարկման հանձնաժողովի կազմը հաստատվում է դպրոցի տնօրենի հրամանով և բաղկացած է առնվազն երեք անձից` բացառելով ավարտական հանձնաժողովի անդամներին:
45. Բողոքարկումը քննարկվում է հանձնաժողովի նիստում` ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Նիստին կարող է մասնակցել դիմորդի ծնողը (կամ օրինական ներկայացուցիչը):
46. Որոշումն ընդունվում է նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` հանձնաժողովի նախագահի պարտադիր ներկայությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը:
47. Բողոքարկման հանձնաժողովը որոշում է ընդունում քննության կրկնակի հանձնման նպատակահարմարության կամ աննպատակահարմարության վերաբերյալ:
48. Բողոքարկման հանձնաժողովի նիստերի ընթացքում վարվում է արձանագրություն, որտեղ արտացոլվում է քննարկման ընթացքը և ընդունված որոշումները:
49. Բողոքարկման հանձնաժողովի որոշումը ստորագրվում է բողոքարկման հանձնաժողովի նախագահի կողմից և դպրոցի կողմից ծնողին (կամ օրինական ներկայացուցչին) ծանուցվում է գրավոր` էլեկտրոնային փոստի միջոցով կամ առձեռն, որոշման ընդունումից հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում:
50. Դպրոցի ավարտական փաստաթուղթ ստանում են այն շրջանավարտները, որոնք հանձնել են ավարտական ստուգարքներն ու քննությունները: Քննությունը հանձնած են համարվում առնվազն 3 միավոր ստացած աշակերտները:
Ձև 1
ԴԻՄՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
(երաժշտական / արվեստի / գեղարվեստի / պարարվեստի դպրոցի սովորող
ընդունելու համար)
Դիմումատուի տվյալները
Ազգանուն, անուն, հայրանուն` __________________________
Հասցե` _______________________________________________
Հեռախոսահամար` _______________________________________
Էլ. հասցե (ըստ անհրաժեշտության)` _____________________
Սովորողի տվյալները
Ազգանուն, անուն, հայրանուն` __________________________
Ծննդյան թվական, ամիս, օր`_____________________________
Սեռ` [] Արական [] Իգական
Ծննդյան վկայականի/անձնագրի համարը`____________________
Կրթական հաստատություն (եթե հաճախում է)`_______________
Ընտրված բաժինը (նշել համապատասխան բովանդակային ուղղությունը)`
[] Երաժշտարվեստ [] Պարարվեստ [] Գեղարվեստ [] Թատերարվեստ
Ընտրված մասնագիտություն ՈՒսումնական ծրագիր (նշել տարիքին համապատասխան)
[] 7-ամյա [] 5-ամյա [] Այլ`___________________
Դիմումին կից ներկայացվում են.
1. Լուսանկար` 2 հատ (3x4):
2. Ծննդյան վկայականի/անձնագրի պատճեն:
3. Առողջության մասին տեղեկանք (սպասարկող բուժհիմնարկից):
Խնդրում եմ իմ երեխային (դիմորդին) ընդունել վերոնշյալ բաժինը` դպրոցի համապատասխան ուսումնական ծրագրով:
________________________________________________
(Ծնողի կամ օրինական ներկայացուցչի ստորագրություն)
Ամսաթիվ: _____/_______ /20____թ.
Ձև 2
ԴԻՄՈՒՄ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ
(Ընդունելության արդյունքների կամ ընթացակարգի վերաբերյալ)
Դիմումատու` _________________________________________________
(Ծնողի կամ օրինական ներկայացուցչի ազգանուն, անուն,
հայրանուն)
Հասցե` ______________________________________________________
Հեռախոս` ____________________________________________________
Էլ. հասցե` __________________________________________________
Ում` ________________________________________________________
(Դպրոցի տնօրենի անուն, ազգանուն)
Դիմում
Հարգելի՛_____________________________________________________,
Ես` ստորագրյալը, իմ որդու/դստեր`
Ազգանուն, անուն, հայրանուն __________________________________,
որը մասնակցել է ձեր կողմից կազմակերպված ընդունելությանը (բաժին`
_______________, ամսաթիվ`___/___ /20), սույնով ներկայացնում եմ
բողոք` ընդունելության գործընթացի [] ընթացակարգի / [] արդյունքների
վերաբերյալ:
Բողոքի պատճառը հետևյալն է`
___________________________________________________________________
___________________________________________________________________
(մեկնաբանել իրավիճակը, օրինակ` գնահատման անհամապատասխանություն,
հանձնաժողովի աշխատանքում թերացում, բացթողում, կարգի խախտում և այլն)
Խնդրում եմ վերանայել ընդունելության գործընթացը և արդյունքները` բողոքարկման կարգով, ինչպես սահմանված է դպրոցի ընդունելության կարգում:
Կից ներկայացնում եմ`
- Պաշտոնական փաստաթղթերի պատճեններ (եթե կան),
- Այլ հիմնավորող տեղեկանքներ կամ գրառումներ (ըստ անհրաժեշտության):
Հարգանքով`
_________________________________________________
(Ծնողի կամ օրինական ներկայացուցչի ստորագրություն)
Ամսաթիվ: ____/___/20____թ.
Ձև 3
ԴԻՄՈՒՄ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ
(Ավարտական քննությունների արդյունքների կամ ընթացակարգի վերաբերյալ)
Ում`
_____________________(դպրոցի տնօրենի անուն, ազգանուն)
Ումից`
Ես`__________________________________________________,
(ծնողի կամ օրինական ներկայացուցչի անուն, ազգանուն)
սովորող ___________________________________________
(աշակերտի անուն, ազգանուն)
_____________________________________ դասարանի,
ուսումնական ծրագիր`______________________ (օր.` երաժշտական, կերպարվեստի և այլն),
սույնով բողոքարկում եմ սույն թվականի____(ամսաթիվ)-ին անցկացված
ավարտական քննության արդյունքը` վերանայման նպատակով:
Բողոքարկման հիմք:
________________________________________________________________
(նշեք պատճառը` օրինակ` կողմնակալ գնահատում, ընթացակարգի խախտում,
թյուրիմացություն գնահատականում և այլն)
Խնդրում եմ ստեղծել բողոքարկման հանձնաժողով և վերանայել նշված քննության արդյունքը` սահմանված կարգով:
Հավելվում են`
1. Պաշտոնական տեղեկանք / գնահատականի արտացոլումը (այս անհրաժեշտության դեպքում):
2. Այլ ապացույցներ կամ հիմնավորումներ` ըստ բովանդակության: Ամսաթիվ`
Ստորագրություն`________________________
Հեռ. __________________________________
Էլ. փոստ` _____________________________
Պաշտոնական հրապարակման օրը` 4 փետրվարի 2026 թվական: