ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
16 փետրվարի 2026 թվականի N 06-Ն
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժ.9» կետի պահանջով`
Հրամայում եմ
1. Սահմանել «Մանկապատանեկան մարզական կազմակերպությունների անվանակոչության կարգը»` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` Ժ. Անդրեասյան
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2026 թվականի փետրվարի 16-ի
N 06-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ
1. ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Մանկապատանեկան մարզական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) անվանակոչության մասին որոշումները, սույն կարգի պահանջներին համապատասխան, ընդունում է Կազմակերպության հիմնադիրը (այսուհետ` Հիմնադիր)` ըստ ենթակայության:
2. Կազմակերպության անվանակոչության վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան Կազմակերպությունը, իրավաբանական և ֆիզիկական անձինք:
3. Առաջարկությունները պետք է պարունակեն հետևյալ տեղեկությունները`
1) Կազմակերպության հասցեն,
2) Կազմակերպության առաջարկվող և գործող անվանումները,
3) հիմնավորումը,
4) անվանումն առաջարկողի տվյալները (ֆիզիկական անձի անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները, կազմակերպության անվանումը),
5) Կազմակերպության (կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի, մարզչական խորհրդի) համաձայնությունը, որի բացակայության դեպքում անվանակոչության առաջարկությունը չի կարող քննարկվել,
6) ֆիզիկական անձի գործունեության վերաբերյալ տեղեկությունները, որի անունով առաջարկվում է իրականացնել անվանակոչությունը:
4. Անվանակոչության վերաբերյալ առաջարկը ստանալուց հետո Հիմնադիրը մեկամսյա ժամկետում քննարկում է ներկայացված առաջարկությունը և ընդունում Կազմակերպության անվանակոչության կամ գործող անվանումն անփոփոխ թողնելու մասին որոշում` գրավոր ներկայացնելով մերժման համար հիմք հանդիսացած պատճառները:
5. Կազմակերպության անվանակոչության մասին որոշում ընդունած հիմնադիրը որոշումն ընդունելուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում այն տրամադրում է Կազմակերպությանը` Կազմակերպության կանոնադրության փոփոխությունը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն` պետական գրանցման ներկայացնելու համար:
2. ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
6. Անվանումներ տրվում են`
1) նոր կառուցվող կամ հիմնադրվող Կազմակերպությանը,
2) Կազմակերպության անվանումը փոխելու որոշում կայացրած Կազմակերպությանը,
7. Կազմակերպությունները կարող են անվանակոչվել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ավանդ ունեցող մարզական գործիչների, օլիմպիական խաղերի հաղթողների և մրցանակակիրների, աշխարհի չեմպիոնների անուններով:
8. Սույն կարգին համապատասխան անվանակոչություն չի կարող իրականացվել հանցագործությունների համար դատապարտված անձանց անվամբ, եթե դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված չէ:
9. Կազմակերպություններն անվանակոչվում են Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվով` գրական հայերենով:
10. Եթե միավորվող (միաձուլվող) Կազմակերպություններն անվանակոչված են սույն կարգի պահանջներին համապատասխան, ապա միավորման (միաձուլման) արդյունքում ստեղծված Կազմակերպության անվանման մասին որոշումը կայացնում է լիազոր հիմնադիրը:
11. Անվանակոչված Կազմակերպության անվանումը կարող է փոփոխվել միայն այն անվանակոչելուց առնվազն 20 տարի հետո` համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:
12. Բացառիկ դեպքերում Կազմակերպության անվանակոչումը կամ անվանման փոփոխությունը կարող է քննարկվել ավելի վաղ ժամկետում, եթե անվանակոչման ներկայացված են պետական բարձրագույն պարգև ստացած, միջպետական համաձայնագրերով ամրագրված գործիչների անուններ:
Պաշտոնական հրապարակման օրը` 20 փետրվարի 2026 թվական: