ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
7 հունվարի 2025 թվականի N 02-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով`
Հրամայում եմ`
1. Սահմանել պետական և համայնքային թանգարանների հավաքածուի հասանելիության ապահովման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` Ժ. Անդրեասյան
1/7/2025
Հավելված
Հայաստանի Հանրապետության
Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2025 թվականի հունվարի 7-ի
N 02-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են պետական և համայնքային թանգարանների հավաքածուի հասանելիության ապահովման հետ կապված ընթացակարգերը:
2. Թանգարանների հավաքածուն հասանելի է հանրությանը, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերում կիրառվող սահմանափակումների:
3. Թանգարանների հավաքածուն հասանելի է գիտական, մշակութային, կրթական, ճանաչողական, ստեղծագործական-արտադրական (հուշանվերային արտադրություն) նպատակներով:
4. Թանգարանների հավաքածուների և թանգարանային առարկաների գիտահետազոտական, կրթական և ճանաչողական նպատակներով հասանելիությունն իրականացվում է թանգարանի հետ կնքվող պայմանագրով:
5. Թանգարանների հավաքածուի հասանելիության ապահովման ձևերն են`
1) թանգարաններում մշտական կամ ժամանակավոր ցուցադրություններ (ցուցահանդեսներ).
2) հրապարակային, հանրային ցուցադրություններ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս.
3) թանգարանների հավաքածուների և թանգարանային առարկաների տրամադրում կինոնկարահանման, տեսանկարահանման և լուսանկարահանման համար.
4) թանգարանների հավաքածուների և թանգարանային առարկաների պատկերների վերարտադրում տպագիր հրատարակություններում, էլեկտրոնային և այլ տեսակի հարթակներում ու զանգվածային լրատվամիջոցներում:
6. Թանգարանների հավաքածուների և թանգարանային առարկաների հասանելիության վերաբերյալ սահմանափակումներ կարող են կիրառվել միայն դրանց`
1) պահպանվածության ոչ բավարար վիճակի դեպքում.
2) վերականգնման ընթացքում գտնվելու դեպքում.
3) օրենքով սահմանված սահմանափակումների առկայության դեպքերում.
4) անվտանգային նկատառումներից ելնելով:
7. Բացառությամբ «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքով նախատեսված դեպքերի, պետական կամ համայնքային թանգարանի թանգարանային առարկաների և հավաքածուների, թանգարանի շենքերի կամ նրա համալիրի մասերի գծապատկերները, տեսապատկերները, կրկնօրինակները և դրանց վերաբերյալ տեղեկույթը գովազդային նպատակով որպես խորհրդանիշ հուշանվերների կամ այլ ապրանքների արտադրության համար տրամադրելը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կատարվում է լիազոր պետական մարմնի համաձայնությամբ` պայմանագրային հիմունքներով:
8. Հայաստանի Հանրապետության առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուում ընդգրկված թանգարանային առարկաների վերաբերյալ տեղեկությունները կարող են տրամադրվել միայն օրենքով սահմանված դեպքերում:
9. Թանգարանների հավաքածուներից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում է թանգարանի գործադիր մարմնի ղեկավարի հաստատած ներքին կանոնակարգով` լիազոր մարմնի հաստատած օրինակելի ձևին համապատասխան:
10. Թանգարանի գույքամատյանը (գլխավոր մատյան) հասանելի է միայն թանգարանի գործադիր մարմնի ղեկավարին և գլխավոր ավանդապահին (ֆոնդապահին): Գույքամատյանին երրորդ անձանց հասանելիություն կարող է տրվել միայն օրենքով սահմանված դեպքերում:
Պաշտոնական հրապարակման օրը` 9 հունվարի 2025 թվական: