ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
6 փետրվարի 2025 թվականի N 17-Ն
ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով`
Հրամայում եմ`
1. Հաստատել թանգարանի ներքին կանոնակարգի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար` Ժ. Անդրեասյան
2/6/2025
Հավելված
Հայաստանի Հանրապետության
Կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2025 թվականի փետրվարի 6-ի
N 17-Ն հրամանի
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ
1. Թանգարանի ներքին կանոնակարգի օրինակելի ձևը սահմանում է թանգարանից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները և ներառում է հետևյալ բաժինները`
1) ընդհանուր դրույթներ.
ա. թանգարանի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, նպատակը, առաքելությունը,
բ. գործունեության իրավական հիմքերը (հիմնադրի որոշման համարը, օրը, տարին, ամիսը):
2) Թանգարանի աշխատանքային օրերը և ժամերը:
3) Թանգարան այցելության պայմանները.
ա. մուտքի տոմսի ձեռքբերման պայմանները և արժեքը.
բ. թանգարանի կողմից կազմակերպվող միջոցառումների, ծրագրերի, ժամանակավոր ցուցադրությունների ցանկը և օգտվելու պայմանները (հակիրճ տեղեկույթ յուրաքանչյուրի մասին, յուրաքանչյուրի արժեքը` ներառյալ տարբեր սոցիալական և տարիքային խմբերի համար կիրառվող արտոնությունները):
4) Թանգարանից օգտվողների իրավունքները.
ա. այցելության համար սահմանված ժամերին` թանգարան այցելության իրավունք, եթե առկա է թանգարանի տոմս կամ անվճար մուտքի իրավունք (օրինակ` անվճար այցելության իրավունք ունեցող քաղաքացիներ),
բ. տեղեկույթ ստանալու իրավունք (իրավունք ունեն ստանալ տեղեկույթ թանգարանի կողմից կազմակերպվող ցուցահանդեսների, մշակութային, ժամանցային միջոցառումների, վարպետության դասերի, գիտաճանաչողական և կրթական ծրագրերի մասին),
գ. իրականացվող միջոցառումներին և ծրագրերին մասնակցության իրավունք (դրանց համար սահմանված պայմաններին համապատասխան),
դ. լուսանկարելու և տեսագրելու իրավունք (նշել դրանց համար սահմանված անվճար և վճարովի պայմանները և դա իրականացնելու համար թանգարանում հատուկ նշանակված վայրերը, ինչպես նաև լուսանկարելու և տեսագրելու համար կիրառվող սահմանափակումները),
ե. լրացուցիչ ծառայություններից օգտվելու իրավունք (առկայության դեպքում` հանդերձարան, սրճարան, խանութ),
զ. թանգարանի սահմանած վճարովի ծառայություններից օգտվելու իրավունք:
5) Թանգարանից օգտվողների պարտականությունները.
ա. պահպանել թանգարանի ներսում սահմանված կանոնները (պահպանել կարգուկանոն, չստեղծել անհարմարություններ այլ օգտվողների համար, չաղմկել),
բ. պահպանել անվտանգության կանոնները (պահպանել թանգարանի սահմանած անվտանգության կանոնները, հետևել աշխատակիցների ցուցումներին` ներառյալ տարհանման կամ արտակարգ իրավիճակների դեպքում),
գ. պահպանել ցուցանմուշները դիտելու կամ հաղորդակցվելու համար սահմանված պայմանները (արգելված է դիպչել ցուցանմուշներին, տեղափոխել դրանք կամ որևէ կերպ ազդել հավաքածուների անվտանգության վրա),
դ. պահպանել լուսանկարման և տեսագրման կանոնները (պահպանել լուսանկարման և տեսագրման սահմանափակումները, եթե այդպիսիք կան),
ե. բացառել թանգարանի ներսում սննդի և խմիչքի օգտագործումը,
զ. բացառել ցուցասրահներում ճամփորդական պայուսակներով, ուսապարկերով և այլ աքսեսուարներով տեղաշարժը, ինչը կարող է սպառնալ ցուցանմուշների անվտանգությանը (օրինակ` ինքնանկարվելու համար ձողեր, ծավալով մեծ անձրևանոցներ և այլն),
է. պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները` ներառյալ համաճարակների ժամանակ կիրառվող կանոնները:
6) Եզրափակիչ դրույթներ.
ա. թանգարանից օգտվողների կողմից պարտավորությունների խախտման դեպքում կիրառվում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
Պաշտոնական հրապարակման օրը` 10 փետրվարի 2025 թվական: